RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#210, 2013-12-03 > #211, 2013-12-04 > #212, 2013-12-05 > #213, 2013-12-06 > #214, 2013-12-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #212, 05-12-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-12-04 23:13:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 700, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՈՐ ՀԱՅՏԵՐ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության պատվավոր ցուցակում ընդգրկված են մարդկության առավել մեծ արժեք ներկայացնող հուշարձաններ եւ հուշահամալիրներ` թե՛ հնադարյան, թե՛ ճարտարապետական ժամանակակից գլուխգործոցներ: Հայաստանն ակիտվորեն քայլեր է ձեռնարկում մշակութային իր գոհարները այս ցանկում ներկայացնելու ուղղությամբ: Անվանապես մեր երկիրը մշակութային երեք կոթող ունի ընդգրկված այդ ցանկում. Հաղպատի ու Սանահինի վանական համալիրները` իբրեւ մեկ կոթող, Էջմիածնի Մայր տաճարը, Հռիփսիմե, Գայանե, Շողակաթ եկեղեցիները եւ Զվարթնոցի տաճարի ավերակները` իբրեւ մեկ կոթող, ինչպես նաեւ Գեղարդն ու Ամադու կիրճը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը նշեց, որ մինչեւ տարեվերջ նախարարությունը նպատակ ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտե ներկայացնել ցուցակում արդեն ընդգրկված Սանահինի վանական համալիրի ընդլայնման եւ Երեւանում տեղակայված իրանական Կապույտ մզկիթի ընդգրկման հայտերը:

«Մտածել ենք Սանահինի վանական համալիրը ընդլայնելու մասին` մեկ հայտում ներառելով նաեւ դրան հարակից, 13-րդ դարի կամուրջը եւ 1233 թվականի առանձին կառույց հանդիսացող Կայանաբերդը, որը նախկին հայտում գրանցված չէ»,- տեղեկացրեց Սամուելյանը:

Նրա խոսքով` ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության ցուցակում» հայկական մշակութային կոթողները ներկայանում են նաեւ այլ երկրի հայտերի միջոցով:

«Իրանից ցուցակում կա հայկական եղեկեցիների անվանակարգ, որտեղ ներկայացված են երկու վանական համալիր եւ մեկ եկեղեցի, այս նախաձեռնությունը շարունակելի է»,- նշեց փոխնախարարը` ավելացնելով, որ Իրանն այն եզակի երկրներից է, որտեղ հայկական եկեղեցիների, դպրոցների եւ կրթամշակութային օջախների նկատմամբ մեծ հոգածություն է ցուցաբերվում:

Հայկական կողմը` որպես բարի կամքի արտահայտություն եւ յուրահատուկ պատասխան քայլ Իրանին, նպատակ ունի մինչեւ 2013 թվականի ավարտը հայտ ներկայացնել նաեւ Երեւանի Կապույտ մզկիթը ցուցակում ընդգրկելու համար, եւ այս ուղղությամբ նախարարությունն արդեն աշխատանքներ է տանում: Որպես երկու ազգերի հանդուրժողական ու ակնածալի վերաբերմունքի ապացույց` մզկիթի ցուցասրահում հայկական եկեղեցին եւ պարսկական մզկիթը կողք կողքի են տեղադրված:

«Բոլոր հուշարձանները, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում կան, հիմնականում մեր միջնադարյան քրիստոնյա հավատալիքին են վերաբերում: Չնայած հայտեր կազմելու տեսանկյունից փոքր-ինչ դժվար է, սակայն փորձարարական տեսանկյունից շատ հետաքրքրական կլինի որպես մեկ հայտ ներկայացնել Ուխտասարի ժայռապատկերները եւ Զորաց քարերը: Հայտը բավական ծավալուն է, եւ այն նախնական ցուցակում ներառելու համար հայտը կուղարկենք 2014 -ի ընթացքում»,- պատմեց փոխնախարարը:

Առաջիկայում մշակույթի նախարարությունը բնապահպանության նախարարության հետ քայլեր է ձեռնարկելու նաեւ հայտ ներկայացնելու Նորավանքի վանական համալիրի եւ Ամաղուի կիրճը ցանկում ընդգրկելու համար: Միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր քաղաքներից մեկը` Անին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու համար հայտ է ներկայացնում Թուրքիան, առաջիկայում Անիի քաղաքային ճարտարապետական զարգացման կենտրոն եւ հայկական քաղաք լինելու նպատակով հայկական կողմը նախաձեռնելու է «Անի-Շիրակ» խորագրով հայտ, որը, սակայն, դեռ հստակեցման փուլում է:

«Այս հայտերի դեպքում մենք խոսում ենք հնագիտական հետաքրքրության մասին, սակայն առաջիկայում մենք մի նոր ուղղություն ենք որոշել ներառել մեր հայտերում. դա արդյունաբերակական ճարտարապետությունն է: Խոսքը «Հարավկովկասյան երկաթուղու» մասին է, Երեւան-Բաթում երկաթգծի, որը ռուսական ցարի ժամանակներում կառուցած եւ առ այսօր գործող նախկին կայսրության միակ ճանապարհն է: Հայտը ներկայացնելիս երկաթգիծը կընդգրկվի իր բոլոր ենթակառուցվածքներով` կայարաններով, կամուրջներով, թունելներով»,- նոր նախաձեռնությանն անդրադառնալով` ասաց Սամուելյանը: Նա ավելացրեց, որ այս առնչությամբ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել «Հարավկովկասյան եկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության տնօրենության հետ, որը հայտնել է գաղափարի իրականացմանն աջակցելու իր պատրաստակամությունը:

Համաշխարհային ժառանգության հարցերով զբաղվող հիմնական մարմինը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կենտրոնն է, որը հիմնվել է 1992 թվականին: Համաշխարհային ցուցակի մեջ ընդգրկելու վերջնական որոշումը պատկանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեին: Յուրաքանչյուր հայտի ժամկետը եւ ցանկում ընդգրկվելու գործընթացը նվազագույնը պահանջում է մոտ երեք տարի ժամանակ, որը ենթադրում է համապատասխան մասնագետների մանրակրկիտ աշխատանք եւ սահմանված ընթացակարգերի պահպանում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #212, 05-12-2013

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ