RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#210, 2013-12-03 > #211, 2013-12-04 > #212, 2013-12-05 > #213, 2013-12-06 > #214, 2013-12-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #212, 05-12-2013



Ցնցիչ

Տեղադրվել է` 2013-12-04 23:13:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1049, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԲԱՑ ՆԱՄԱԿ

ԼՄՓՎ նախկին աշխատակցուհի, Վանաձորի բնակչուհի Ալիսա Խաչիկյանից

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին,

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին,

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ղեկավարությանը

Մոտենում է դեկտեմբերի 7-ը... Անցել է շուրջ 25 տարի այն սեւ օրից...

25 երկարուձիգ տարիներ, որոնք ինձ համար եղել են սոսկ համակերպման տարիներ... Իմ յուրաքանչյուր օրն սկսվել է ու ավարտվել դառը հիշողություններով...

...Շատ երիտասարդ էի, երբ վրա հասավ արհավիրքը... Ես, ամուսինս ու երեք երեխաներս մնացինք փլատակների տակ... Բժիշկներին մի կերպ հաջողվեց փրկել միայն իմ կյանքը: Ամիսներ շարունակ կյանքի ու մահվան միջեւ կռիվ տալուց հետո, վերջապես ոտքի կանգնեցի` խաթարված ճակատագրով ու առողջությամբ, ընտանիքիս կորստի անբուժելի ցավը սրտիս մեջ: Սա դեռ քիչ էր, շատ շուտ կորցրեցի նաեւ հորս: Այժմ ապրում եմ մորս հետ, որը ծանր վիրահատությունից հետո դարձել է հաշմանդամ: Մեր ապրուստի միակ միջոցը մորս կենսաթոշակն է, որը չի բավականացնում նույնիսկ դեղորայքին: Միակ բանը, որն ապրեցնում էր ինձ, օգնում էր մի քանի ժամով կտրվել իրականությունից, աշխատանքս էր: 2003թ.-ից աշխատել եմ Լոռու մարզային փրկարարական վարչությունում, սակայն 2012թ.-ի օգոստոսի 15-ի թիվ 829 Ա հրամանով դարձա հաստիքների կրճատման զոհ:

Աշխատանքն ինձ համար ոչ միայն ապրուստի միջոց էր, այլ նաեւ տալիս էր ինձ ուժ, կյանքիս` իմաստ ու հետաքրքրություն: Բայց չէ, երեւի սա էլ պետք է ինձնից խլեին...

Եվ դա կատարվեց արդեն ոչ բնության ուժերով, այլ մարդու: Ավելի ճիշտ` «չինովնիկի», որովհետեւ ՄԱՐԴԸ դա չէր անի, որովհետեւ ՄԱՐԴԸ, մինչեւ «հաստիքների կրճատում» գերանդին ձեռքը կվերցներ ու հունձ կաներ, կնայեր, կուսումնասիրեր այն մարդկանց կենսագրությունը, ում պատրաստվում է ազատել աշխատանքից... Մանավանդ որ սա տեղի է ունենում այն կառույցում, որը կոչվում է «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ»: Այս կառույցի բարձր ամբիոններից հաճախ են լսվում ամպագոռգոռ խոսքեր իրենց մարդասիրական ծրագրերի վերաբերյալ, հեռուստաալիքները ողողված են այս ու այն երկրներում աղետյալներին իրենց կողմից ցուցաբերվող օգնության մասին ռեպորտաժներով... Իսկ ԻՐԵՆՑԸ չեն ուզում տեսնել, թե իրենց քթի տակ ինչ է կատարվում, ինչ վիճակում են հայտնվել իրենց աղետյալները, չեն էլ ուզում նկատել... Մենքՙ հայերս, սիրում ենք ցույց տալ աշխարհին, որ մենք լավն եք, բարի ենք, հարեհաս, օգնության ձեռք ենք մեկնում նույնիսկ օտարերկրացիներին, աշխատանքով ապահովում անգամ հաշմանդամներին, բայց անտեսում ու անուշադրության ենք մատնում մեր մեջ գտնվողին, որը միգուցե ավելի, քան որեւէ մեկը, ունի օգնության կարիք: Ես աշխատել եմ մի համակարգում, որի առաքելությունն է փրկել աղետից տուժածներին, իսկ հիմա անօգնական վիճակում եմ: Այսօր ոչ միայն չեն օգնում ինձ, այլեւ բառիս բուն իմաստով սովի ու հուսահատության գիրկն են գցում իրենց աշխատողին...

«Հարգելի» պարոնայք ղեկավարներ, բազմիցս բանավոր եւ գրավոր խնդրանքով դիմել եմ ձեզ, ստացել եմ անհեթեթ պատճառաբանություններով մերժում. «Հաստիք չկա»: Կարծես հաստիք լինելու-չլինելու հարցը ձեր իրավասության սահմաններում չի լուծվում: Կարո՞ղ եք ինձ ասել, իմ ճակատագրով ու կենսագրությամբ քանի՞ մարդ կա Հայաստանում, եւ եթե կան, նրանցից քանի՞սն են աշխատել ձեր համակարգում: Ասացեք, է՞լ ինչ պիտի անեմ, որ արժանանամ ձեր ուշադրությանն ու գթասրտությանը: Ես էլ գնա՞մ Կիեւյան կամրջի վրա շոու սարքեմ, որ մեր «փրկարար-նախարարը» ինձ օգնության ձեռք մեկնի:

Այժմ դիմում եմ ձեզ բաց տեքստով, պարոնայք չինովնիկներՙ դուք ԽԻՂՃ չունե՞ք, դուք ՀՈԳԻ չունե՞ք, դուք ԱՍՏՎԱԾ չունե՞ք: Թե՞ ձեզ թվում է, թե պաշտոնը տրված է միայն «փիար» ստեղծելու եւ հարստանալու համար... Հիշեք` ոչինչ հավերժ չէ, ձեր դարն էլ է վերջանալու: Եվ կմնաք մի օր ձեր խղճի հետ մեն-մենակ...

Մոտենում է դեկտեմբերի 7-ը... Այդ օրը կառավարության մի շարք անդամների հետ դուք եւս, ձեր «տխուր դեմք» դիմակները հագած, ծաղկեպսակներ կդնեք աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին կանգնեցրած գեղեցիկ խաչքարերի մոտ, դուդուկի տխուր մեղեդու ներքո կարտասանեք սրտաճմլիկ ճառեր եւ ցույց կտաք աշխարհին, թե ինչքան շատ եք ցավում անմեղ զոհերի ու նրանց ողջ մնացած հարազատների համար: Իրականում դուք չգիտեքՙ ինչ բան է ՑԱՎԸ:

Եթե իմ այս խոսքերը, իմ այս հոգու ճիչը հասան ձեր ականջներին, ու դուք մի քիչ անհարմար զգացիք, ուրեմն դեռ մի քիչ ՄԱՐԴ եք...

...Ուրեմն` ես դեռ կարող եմ մի քիչ ՀՈւՅՍ ունենալ...

ԱԼԻՍԱ ԽԱՉԻԿՅԱՆ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #212, 05-12-2013

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ