RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#211, 2013-12-04 > #212, 2013-12-05 > #213, 2013-12-06 > #214, 2013-12-07 > #215, 2013-12-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #213, 06-12-2013



Տեղադրվել է` 2013-12-05 23:30:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 1221, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԱԾՆԵՐԻՆ ՀԱՅՐԵՆԻՔ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏՐՎՈՒՄ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Իսկ կենսաչափական անձնագիրը բավական թանկ արժե

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքը» երեկ խորհրդարանում կրկին երկարաձգեցին` գործողության ժամկետը սահմանելով մինչեւ դեկտեմբերի մեկը, իսկ դեկտեմբերի մեկից քսանն էլ զորակոչն է: Ըստ փոփոխությունը ներկայացրած սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի` փոփոխությամբ լուծվում են քաղաքական եւ իրավական հարցեր. առաջին դեպքում` Հայաստանի սահմաններից դուրս գտնվող, պարտադիր զինվորական ծառայություն չանցած, քսանյոթ տարին լրացած եւ քրեական հետապնդման մեջ գտնվող երիտասարդների` հայրենիք վերադառնալու հարցն է լուծվում, եւ երկրորդ դեպքում` նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հնարավորություն է ստեղծվում, քանի որ յուրաքանչյուր զորակոչի համար սահմանված գումարը մուծելով (դա մի հարյուր հազար դրամի կարգի է)` նրանք ազատվում են քրեական հետապնդումից: Արդյոք այդպիսով չի՞ խթանվում զինվորական ծառայությունից խուսափելը. Հ. Հակոբյանի խոսքով` սա բանակի առումով իհարկե լավագույն որոշումը չէ, բայց քաղաքական եւ բարոյական առումով հարցի լուծում է, հատկապես արտերկիր մեկնածներին հայրենիք վերադարձնելու առումով:

Ամեն տարի միջինը մոտ հազար մարդ օգտվում է այս օրենքի ընձեռած հնարավորությունից, անցած տարի 1241 մարդ է օգտվել ընդհանուր առմամբ 2 մլրդ դրամից ընդամենը 100 մլն դրամով պակաս մուծելով պաշտպանության նախարարության հատուկ հաշվեհամարին: Այս պահին սպասվում է դեռ հազար հոգու օգտվելն օրենքից:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի հրապարակած թվերն այլ էին: Ըստ նրա` անցած տարի 797 մարդ է օգտվել օրենքից, 1 մլրդ 47 մլն դրամ մուտքագրվել հատուկ հաշվեհամարին: Այս մուտքերը ծախսվում են ռազմատեխնիկական նշանակության ապրանքների ձեռքբերման վրա, օրենքը թույլ չի տալիս դրանք նպատակաուղղել պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը բարձրացնելուն կամ մի այլ նպատակի: Ընդհանրապես` կան կարծիքներ, որ եթե մեր բանակն անցնի պայմանագրային զինծառայության, զորակոչ չհայտարարի, զինծառայությունից խուսափողներ էլ չեն լինի եւ այս օրենքի կիրառման անհրաժեշտությունը չի լինի: Բայց այդպիսի տեսակետները դեռ ֆինանսապես պետք է հիմնավորել:

Երեկ առաջին ընթերցմամբ քննարկվեց նաեւ բոլորիս վերաբերող ՀՀ քաղաքացու անձնագրի, նույնականացման քարտի, հանրային ծառայության համարանիշի մասին օրենքների փոփոխությունների փաթեթը: Ըստ այն ներկայացնող փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի`մինչեւ եկող տարվա հունվարի մեկը տրված անձնագրերը վավերական կլինեն այնքան, որքան այդ անձնագրերում նշված ժամկետներն են, իսկ արդեն եկող տարվա հունվարի մեկից ժամկետանց անձնագրերի փոխարեն կտրվեն ճամփորդելու կենսաչափական անձնագիր, իսկ հանրապետության ներսում օգտագործման համար նույնականացման քարտ: Կենսաչափական անձնագրի համար 25 հազ. դրամ տուրք է սահմանված` դա վերաբերում է միայն ճամփորդական ծախսերի համար տրվող փաստաթղթին եւ պարտադիր չէ, իսկ անձնագրին եւ սոցիալական քարտին փոխարինող եւ երկրի ներսում օգտագործվող նույնականացման քարտի արժեքը երեք հազար դրամ է, այն շատ հարմար եւ պաշտպանված փաստաթուղթ է, ինչը տասնվեց տարեկաններն ու աղքատ խավերն անվճար են ստանալու: Ըստ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի` առ այսօր նույնականացման քարտ են ստացել 88 հազար, իսկ կենսաչափական անձնագիր` 4 հազար քաղաքացիներ:

Մեկ այլ փաթեթով երեկ առաջարկվում էր պետական պաշտոնյաների կենսաթոշակը հաշվարկել միասնական ձեւով:

Երեկ նստաշրջանի վերջին քառօրյան էր, որը վերջին օրով փաստորեն լարված վիճակներ ունեցավ եւ առանց քվեարկության թողեց մի շարք նախագծեր, որոնց քվեարկության, ինչպես նաեւ չքննարկված մնացած մի շարք օրինագծերի համար արտահերթ նիստ կհրավիրվի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #213, 06-12-2013

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ