RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#211, 2013-12-04 > #212, 2013-12-05 > #213, 2013-12-06 > #214, 2013-12-07 > #215, 2013-12-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #213, 06-12-2013



Տեղադրվել է` 2013-12-05 23:30:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 1054, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՆԵՐԿԱ ՄԵՐՁԵՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՕԲՅԵԿՏԻՎ ԳՈՐԾՈՆ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք այցի կապակցությամբ մեր երկրի նախկին նախարարներից մեկը մամուլում հայտարարել էր, թե այդ այցը շոու է, Ռուսաստանի կողմից PR քայլ, որ որպես գերտերություն Ռուսաստանի վերականգնման ճիգերը դատապարտված են կործանման: Պրոֆեսիոնալ դիվանագետին ոչ վայել մտքեր: Նախ, դուր է գալիս մեզ, թե՞ ոչ, Պուտինը էժան քաղաքագետ չէ, եւ մեր ներքին խնդիրներից խեղճացած պետության, կյանքից հոգնած, զանգվածաբար Ռուսաստան արտագաղթող մեր ժողովրդի առջեւ շոու սարքելը նրա համար վերջին գործը կլիներ: Նա դրա կարիքը բնավ չունի: Եվ հետո, ինչպես կարելի է չտեսնելու տալ Ռուսաստանի (Պուտինի) իրական հաջողությունները հատկապես միջազգային ասպարեզում (մի կողմ թողնենք բանակի աննախադեպ հզորացումը): Բայց չէ՞ որ այսօր Ռուսաստանի հետ հաշվի են նստում նույն ամենահզոր Ամերիկան, Եվրոպան: Ինչու ամերիկացիները սսկվեցին, երբ ռուսական բանակը մտավ Վրաստան: Ինչու Օբաման չհարվածեց Սիրիային: Ինչու է կատաղել Բրյուսելը, որ չկարողացավ իր թաթը դնել Ուկրաինայի վրա: Արդյոք սրանք գերտերություն տանող ճանապարհի փուլեր չե՞ն: Եթե Պուտինը ուզենար շոու սարքել, դա կգերադասեր անել Սիրիայում, Իրանում, Ուկրաինայում եւ ոչ թե մեր փոքրիկ Հայաստանում: Սաՙ ի դեպ:

Հազիվ թե իմաստ ունի մանրամասն անդրադառնալու, թե Ռուսաստանում ինչ արձագանք գտավ Պուտինի հայաստանյան այցը: Բնական է, որ շատ հարցեր այստեղ դիտվում էին Վիլնյուսում, այնուհետեւ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնի վրա: Գերազանցապես շեշտադրվում էր այն պարագան, որ Ռուսաստանը Հայաստանում իր դիրքերն ամրապնդում է տնտեսական միջոցներով, ինչից Հայաստանը չի կարող հրաժարվել. գազ, նավթամթերքներ, չմշակված ադամանդներՙ էժան գնով, զենքՙ ներռուսաստանյան գներով:

«Հայաստանն ստանում է այն, ինչի մասին մեր շատ հարեւաններ պարզապես կերազեին», գրում է ռուսական թերթերից մեկը: Համեմատություն է բերվումՙ այդ նույն ռուսական գազը Եվրոպայում արժե 500 դոլար, Ուկրաինայումՙ 400, Հայաստանում կլինի 189 դոլար: Ավելորդ չէր համարվում նշել, թե Ռուսաստանի պետբյուջեն դրանից միլիոնավոր դոլարների կորուստ կկրի:

Քաղաքական առումով առանձնացվեց Պուտինի այն հայտարարությունը, որ Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Անդրկովկասից: Հազիվ թե Պուտինը իրեն թույլ տար նման հայտարարություն անել, եթե վստահ չլիներ, որ իր ղեկավարած պետությունը իրապես վերածվում է գերտերության:

Այստեղ հանգիստ ընդունեցին նաեւ երեւանյան հակապուտինական «արեւմտամետ» ելույթները: Այն իմաստով, որ դրանք իրենց փոքրամասնությամբ էական ազդեցություն չեն կարող ունենալ թափ առնող ռուս-հայկական հարաբերությունների վրա:

Ուկրաինայի եւ Հայաստանի մոտեցումների համեմատություններ առանձնապես չանցկացվեցին, չափից դուրս տարբեր են նրանց քաշային կատեգորիաները: Սակայն հաճախ էին հիշատակվում, այդ թվում նկատի ունենալով նաեւ Հայաստանին, Եվրոմիության անդամ դարձած Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի եւ որոշ այլ արեւելաեվրոպական երկրների օրինակները, երբ երբեմնի արդյունաբերական ու հատկապես գյուղատնտեսական առումով զարգացած երկրները «եվրոպականանալով» վերածվեցին սոսկ շուկայի եւ էժան աշխատուժի արեւմտաեվրոպացիների համար եւ շուտով ստիպված էին ներմուծել նույնիսկ նրանց գյուղատնտեսական արտադրանքը: Այդ իմաստով հատկապես ողբերգական վիճակում է հայտնվել Բուլղարիան:

Ռուս-հայկական ներկա մերձեցումից առավելապես գոհ էին մոսկվացի հայերը, որոնց մի քանի աչքի ընկնող ներկայացուցիչներ հանդես եկան ռուսաստանյան լրատվամիջոցներում: Շատերի կարծիքովՙ տնտեսական, ռազմական առումով Ռուսաստանին ապավինելու քաղաքականությունը Հայաստանի ներկա ղեկավարության «ամենաիմաստուն» քայլն է: Եթե կան նաեւ եվրոպասերներ, դա էլ նորմալ երեւույթ է, սակայն մոտ 3 միլիոնի հասնող ռուսահայությունը շատ ավելի արդյունավետորեն կարող է նպաստել երկու պետությունների բազմակողմ հարաբերությունների զարգացմանը:

Եղան նաեւ իրոնիկ, բայց ոչ չար մեկնաբանություններ: Նման նյութերից մեկը վերնագրված էր այսպես. «Գյումրիում Պուտինի այցի կապակցությամբ արգելվել էր... մեռնել»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #213, 06-12-2013

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ