RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#211, 2013-12-04 > #212, 2013-12-05 > #213, 2013-12-06 > #214, 2013-12-07 > #215, 2013-12-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #213, 06-12-2013



Զրույց հրատապ թեմայով

Տեղադրվել է` 2013-12-05 23:30:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 1080, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ԻՐԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ

Զրույց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանի հետ

Արամ Սաֆարյան - Պարոն Թավադյան, մինչեւ սեպտեմբեր մեր քաղաքական եւ հասարակական շրջանակները լրջորեն քննարկում էին եւ Մաքսային միության, եւ Եվրոպական միության հետ համագործակցությունը համատեղելու հնարավորությունը: Հետո պարզվեց, որ դա հնարավոր չէ: Ավելի ուշ տեղի ունեցավ Վիլնյուսի գագաթաժողովը, որի արդյունքները դեռ խորապես չընկալած եւ չմարսածՙ մենք Հայաստանում դիմավորեցինք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Կարծում եմՙ կարիք կա գնահատելու այդ երկու իրադարձությունները Հայաստանի տնտեսական շահերի տեսանկյունից:

Աշոտ Թավադյան - Կարծում եմՙ Հայաստանին ներկա իրավիճակում հաջողվեց ոչ միայն զարկ տալ Մաքսային միության հետ ինտեգրման գործընթացին, ընդ որումՙ ներկրվող էներգակիրների գների իջեցմամբ, այլ նաեւ հասնել այն բանին, որ Վիլնյուսի գագաթաժողովում ընդունվի համատեղ հայտարարություն այն ոլորտների մասով, որտեղ Եվրոմիությունը մեզ կարող է առավել օգտակար լինել: Դա ե՛ւ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումն է, ե՛ւ դատական համակարգի հետագա բարելավումը, ուշադրությունը մարդու իրավունքներին եւ օրենքի գերակայությանը, աջակցությունը կոռուպցիայի դեմ պայքարին, նաեւ` առեւտրի եւ ներդրումների պայմանների բարելավումը:

Չգիտես ինչու, այս միասնական հայտարարությանը պատշաճ ուշադրություն չի դարձվել: Մինչդեռ ես համոզված եմ, որ այս կարեւորագույն ասպարեզներում մենք կունենանք նույն աջակցությունը, ինչ որ ասոցիացման պայմանագիր ստորագրած երկրները: Ինչ վերաբերում է զուտ տնտեսական խնդիրների լուծմանը` հատկապես համակարգող ոլորտներում, որոնք ապահովում են տնտեսության կայուն եւ անվտանգ զարգացում, նաեւ զբաղվածության աճ, ապա մենք ընտրեցինք օպտիմալ ուղղություն:

Վստահ եմ, որ կայուն տնտեսություն ունեցող Հայաստանը, որը կկարողանա ապահովել իր տնտեսական անվտանգությունը, ավելի մեծ հետաքրքրություն կներկայացնի աշխարհի, այդ թվում եւ Եվրոմիության համար: Եթե երկիրն ավելի ուժեղ է եւ ավելի ամուր, ապա լավ հիմքեր են ստեղծում նաեւ արդյունավետ զարգացման համար: Դրա համար էլ սկզբում անհրաժեշտ է ամրապնդվել Մաքսային միությունում, զարգանալ եւ ցուցանիշները մոտեցնել միջազգային չափորոշիչների, իսկ դրան ավելի հեշտ է հասնել հզոր եւ կարող գործընկերոջ հետ: Հայկական տնտեսության կայուն եւ անվտանգ աճն էապես կբարձրացնի հավանականությունն այն բանի, որ Հայաստանը վերածվի կապող օղակի ՄՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ:

- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցը Հայաստան, անկասկած, տարվա կարեւորագույն քաղաքական իրադարձություններից մեկն էր: Մեր հասարակության մեծ մասը էական սպասելիք ունի հայ-ռուսական տնտեսական համագործակցության զարգացումից: Այցի արդյունքում ձեռք բերված սկզբունքային պայմանավորվածությունները այդ լավատեսության համար տեղ են թողնում: Ինչպե՞ս կգնահատեք հայ-ռուսական երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները եւ հռչակված շարժումը Մաքսային միության ուղղությամբ:

- Մաքսային միությանը մեր անդամակցությունը հզոր ազդակ կհանդիսանա ոչ միայն առանցքային ոլորտների զարգացման համար, այլ նաեւ գրեթե բոլոր շրջանների կենսամակարդակի բարձրացման: Ինչն, իհարկե, կնպաստի գործազրկության աստիճանական կրճատմանը: Ի դեպ, ինձ համար շատ հաճելի է, որ ՌԴ նախագահն իր ելույթը սկսեց նրանով, որ, նախապես քննարկել է ՀՀ նախագահի հետ այն, որ հայաստանյան փորձագետները հստակորեն հաշվարկել են օգուտները եւ առավելությունները, որոնք կստանա Հայաստանըՙ ինտեգրվելով Մաքսային միությանը: Դա կարեւոր է մեր ժողովրդի համար, քանի որ մեր հետազոտությունում մենք նշել ենք այն առանցքային ոլորտները, առանց որոնցում Ռուսաստանի մասնակցության հնարավոր չէ լիարժեք իրացնել ինտեգրացիոն գործընթացների ամբողջ ներուժը:

- Գյումրիում եւ Երեւանում անցած «Հայաստան. Ռուսաստան. Մաքսային միություն» միջտարածաշրջանային երրորդ համաժողովում Դուք զեկուցեցիք Ձեր գլխավորած խմբի հետազոտությունների ու եզրակացությունների մասին: Ինչպե՞ս կբանաձեւեիք Հայաստանի կոնկրետ սպասելիքը Մաքսային միությանը անդամակցությունից: Այս հարցը Ձեզ տալովՙ ուզում եմ տեղեկացնել «Ազգ»-ի ընթերցողներին, որ էկոնոմետրիկական հաշվարկների վրա հիմնված Ձեր եզրակացությունները գլխավոր հարցերում ամբողջովին համընկել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի Շուկայի հիմնախնդիրների ինստիտուտի փոխտնօրեն, ՌԳԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վալերի Ցվետկովիՙ ավելի ընդհանուր տնտեսագիտական հաշվարկների հիման վրա արված հետազոտության արդյունքների հետ: Եվ այսպեսՙ մեր կոնկրետ սպասելիքը:

- Մաքսային միության օգտին են խոսում թվերը, մեր հաշվարկները եւ տնտեսամաթեմատիկական վերլուծությունը: Դրանք հստակ ցույց են տվել ՄՄ անդամակցությունից ակնկալվող իրական տնտեսական էֆեկտի առկայությունը: Իհարկե, այստեղ շատ կարեւոր է, որ հասարակությունը տեսնի, թե ինչ օգուտ կբերի ինտեգրումը Մաքսային միության երկրների հետ: Հայաստանը, օրինակ, կստանա ՀՆԱ 2% հավելյալ աճ համակարգաստեղծ կարեւոր ճյուղերի գծովՙ էներգետիկա, տրանսպորտ, որոշ այլ ռազմավարական ոլորտների զարգացում: Հայկական նոր աէկի կառուցման պարագայում նվազագույնի կհասցնի էներգակիրների ներմուծումից կախվածությունը: Էժան բնական գազի հասանելիությունը Հայաստանի տնտեսությանը թույլ կտա զարգանալ արտոնյալ ռեժիմով եւ բարձրացնել բնակչության կենսամակարդակը: Օրինակՙ ցեմենտի արտադրության, ջերմոցային գյուղատնտեսական արտադրանքի, էներգիայի արտադրության շահութաբերությունը ուղղակիորեն կախված են գազի գնից: «Նաիրիտ» քիմիական գործարանի եւ ռազմավարական մի շարք օբյեկտների բացումը, հաշվի առնելով կումուլյատիվ էֆեկտը, կնպաստի տնտեսության աճին եւ էապես կբարձրացնի զբաղվածության մակարդակը: Մենք հաշվարկել ենք, որ էներգակիրների նկատմամբ Ռուսաստանի կողմից արտահանման մաքսային տուրքի վերացումից ՀՆԱ հավելյալ աճը կարող է հասնել կարճաժամկետ առումով մոտ 2%-ի, իսկ միջնաժամկետ առումով, էներգակիրների գների համահարթեցման պարագայում եւ ներդրումների աճի պարագայում, որը նախատեսված է` հավելյալ աճը կհասնի 4 %-ի:

Հիշեցնեմ, որ միայն գազի արտահանման մաքսատուրքի վերացումից մենք տարեկան կստանանք 140 մլն դոլար: Ընդգծեմ, որ մենք մեր հաշվարկների մեջ հաշվի չենք առել նոր ատոմակայանի կառուցումը, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը, աբխազական երկաթուղու վերագործարկումը, ինչի հավանականությունը նույնպես այդ դեպքում աճում է:

- ՌԴ նախագահի պետական այցի եւ դրա շրջանակներում ընթացող միջոցառումների ժամանակ բազմիցս արծարծվեց աբխազական երկաթուղու վերագործարկման կենսական անհրաժեշտության հարցը: Մեր փորձագետները եւ քաղաքագետները փորձում են հասկանալ, թե ինչպես է հնարավոր մեկտեղել այս հարցի լուծման համար Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, ինչու չէ, եւ Աբխազիայի շահերն ու մոտեցումները: Ինչո՞ւ պետք է Վրաստանին հետաքրքրի մասնակցելն այս հարցի լուծմանը:

- Տվյալ հարցին պատասխանելու համար համեմատենք Հայաստանի եւ Վրաստանի ապրանքաշրջանառության կառուցվածքը: Վրաստանի համար հիմնական առեւտրային գործընկերները բնավ եվրոպական երկրները չեն: Վրաստանն իր արտադրանքի 14%-ը արտահանում է Թուրքիա, 12%-ը` Ադրբեջան, ընդ որում, տվյալ ուղղություններով զարգացման հնարավորությունը մեծ չէ: Եվրոմիություն նա արտահանում էր իր արտադրանքի 16%-ը, այժմ` 19%-ը: ԱՊՀ երկրներ Վրաստանն արտահանում էր 47%, սակայն Ռուսաստանի կողմից արգելքների նվազեցմամբ այդ ցուցանիշը միանգամից աճեց մինչեւ 55%` ընդ որում, պատրաստի արտադրանքի գծով, ինչն ունի ավելի մեծ ավելացված արժեք եւ աշխատատարություն: Այնպես որ, ոչ թե պայմանագրերը, այլ առաջին հերթին տնտեսական շահերն են ցույց տալիս զարգացման ուղղությունը: Կարծում եմ, որ Վրաստանը կկարողանա իրարից զատել քաղաքական ու տնտեսական խնդիրները: Տվյալ պարագայում առկա է հայկական շահերի հետ համընկնելու մեծ հավանականություն: Մեր երկու ժողովուրդներըՙ հայերն ու վրացիները, հենց իրենց շահերից ելնելով, պետք է հստակ համագործակցեն միաժամանակ Եվրոմիության եւ Մաքսային միության առավելություններից օգտվելու համար:

Մի հետաքրքրական փաստ եւս` ԱՄՆ եւ Գերմանիա Վրաստանն արտահանում է իր արտադրանքի ընդամենը 4%ը, ինչքան եւ Հայաստանը, ընդ որում, Հայաստանը տվյալ երկրներ արտահանում է ավելի շատ ապրանքներ (ԱՄՆ` 6%, Գերմանիաՙ 11%):

- Մոսկովյան գործընկերների «թեթեւ ձեռքով» Հայաստանում կարծես սկսել է քննարկվել ռազմավարական նոր զարգացման ծրագիր ունենալու հարցը: Մեր տնտեսության զարգացման լավագույն սցենարի ընտրության հարցում հնարավոր համարո՞ւմ եք արդյոք նոր, թարմ մոտեցումները քննարկել: Ինչպիսի՞ն կլինի լավագույն սցենարի ընտրությունը:

- Հայաստանում առեւտրային հաշվեկշռի տեսանկյունից վիճակը բարվոք չէ` ներմուծումը գերազանցում է արտահանմանը գրեթե 4 անգամ: Հենց դա էլ հուշում է ինտեգրացիայի սցենարը` միայն ներքին շուկայի զարգացում` ակնհայտ կառուցվածքային անհավասարակշռությամբ: Ընդ որում, վարկերի, գրանտների եւ աշխատուժի արտահանման հաշվին: Թե՞ արտահանման աճի հստակ ուղղվածությունՙ երաշխավորված էժան էներգակիրներ ստանալով, ազատ մուտք դեպի հսկա շուկա, որտեղ մեր ապրանքների հստակ պահանջարկ կա: Դա է նաեւ գործազրկության խնդրի լուծման ուղին:

- Հայաստանում քննարկում են Մաքսային միությանը Թուրքիայի անդամակցության հնարավորությունը: Իրականում որքանո՞վ է դա հավանական: Ես նկատի ունեմ թեկուզ այն, որ չնայած ռուս-թուրքական առեւտրի ծավալները գերազանցում են տարեկան 50 մլրդ դոլարը, սակայն Ռուսաստանն ու Թուրքիան օբյեկտիվորեն աշխարհաքաղաքական մրցակիցներ են:

- Ռուսաստանի եւ Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերի տարբերությունն ակնհայտ է, սակայն հարցը միայն դա չէ: Ռուսաստանը, մասնավորապես, Թուրքիա է արտահանում 45 մլրդ խորանարդ մետր գազ: Եվ ինչու պետք է 30% էժանացնի այն Թուրքիայի համար` նվիրելով նրան միանգամից մոտ 10 մլրդ դոլար: Դա հնարավոր չէ: Այո` Հայաստանը միայն գազի արտահանման մաքսատուրքի վերացումից տարեկան կստանա 140 մլն դոլար, եւ լավ է, որ այստեղ մեր քաղաքական, ռազմական շահերը համընկնում են Ռուսատանի շահերի հետ, եւ դա տալիս է բացառիկ հնարավորություն լուծելու մեր տնտեսական հիմնախնդիրնեը:

- ՌԴ նախագահի պետական այցը լուսաբանող ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցներն ընդգծեցին, որ քննարկումների հիմնական թեմաներից մեկը ներդրումների հարցն էր: Հայ-ռուսական երրորդ միջտարածաշրջանային համաժողովի երկրորդ օրվա բոլոր քննարկումները այս կամ այն կերպ անդրադառնում էին այդ հարցին: Այս իմաստով մեր երկրում կարծես սկսված են Հայաստանի տնտեսական զարգացման լրացուցիչ ռեսուրսների փնտրտուքը եւ մինչ այժմ չօգտագործված ներուժի բացահայտմանն ուղղված քաղաքատնտեսական եւ քաղաքագիտական քննարկումները:

Զրույցը վարեց

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #213, 06-12-2013

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ