RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#211, 2013-12-04 > #212, 2013-12-05 > #213, 2013-12-06 > #214, 2013-12-07 > #215, 2013-12-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #213, 06-12-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-12-05 23:30:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 1110, Տպվել է` 36, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ԼՅՈՒՑԵՐՆԻ ՓԱՌԱՏՈՆԻ ԶԱՐԴԸ` ՆԱՐԵ ԱՐՂԱՄԱՆՅԱՆ

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Վիեննա-Պրահա

Աշնան վերջին ամիսը հիրավի հիշարժան կարելի է համարել ոչ միայն վիեննաբնակ տաղանդավոր դաշնակահար Նարե Արղամանյանի, այլեւ նրա բազմաթիվ երկրպագուների համար, ովքեր այսօր բնակվում են ոչ միայն Եվրոպայում, այլեւ նրա սահմաններից շատ հեռու: Ողջ նոյեմբեր ամիսը Նարեն հանդես եկավ եվրոպական ամենատարբեր քաղաքներում: Հոկտեմբերի վերջին Բեռլինի Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում հանդես եկավ գերմանական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի եւ աշխարհահռչակ ֆրանսահայ դիրիժոր Ալան Արթինօղլուի հետՙ վարպետորեն կատարելով Արամ Խաչատրյանի «Դաշնամուրի կոնցերտ»ը: Հանդիսատեսը երկար ժամանակ չէր թողնում հայ դաշնակահարուհուն հեռանալ դահլիճից: Ստիպված Նարեն երեք անգամ այլ ստեղծագործություններ կատարեցՙ դահլիճի անդադար ծափերի ներքո: Համերգից հետո, Անգլիայից ժամանած խաչատրյանական երաժշտության սիրահար զույգերից մեկը խոստովանել է, որ 40 տարի շարունակ սպասել են Խաչատրյանի «Դաշնամուրի կոնցերտի» կենդանի կատարմանը, եւ այժմ, երբ իրենց երազը կատարվել է, հիացած ու լիցքավորված մեկնելու են Բեռլինից: Այս համերգին հաջորդեցին նաեւ Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի հետ ձայնագրությունները, որոնք կթողարկվեն առանձին ձայներիզի տեսքով:

Այնուհետեւ հետեւեց Շտուտգարտի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթը: Նոյեմբերի 9-ին Շտուտգարտի Լիդեր Հալեի Բեթհովենի անվան դահլիճում Նարեն կատարեց Լիստի ստեղծագործություններից եւ Մոցարտի դաշնամուրի կոնցերտը: Նույն ծրագիրը կատարեց նաեւ հաջորդ օրը Լահր քաղաքի «Շտաս հալե» դահլիճում:

Անմոռանալի էին նաեւ նոյեմբերյան երեք համերգները Ֆինլանդիայի Կոտկա, Կոուվոլա եւ Հելսինկի քաղաքներում, ուր նա հանդես եկավ «Կիմի սիմֆոնիետտա» սիմֆոնիկ նվագախմբի եւ ճապոնացի հանրահայտ դիրիժոր Յասուո Շինոզակիի ղեկավարությամբ: «Նարեի կատարած Ռավելը հիասքանչ էր: Ես կրկին կնվագեի նրա հետ»,- գրել է հայտնի ճապոնացի դիրիժորը համերգից հետո:

Իսկ նոյեմբերի 21-ին Շվեյցարական Լյուցերնի դաշնամուրային հանրահայտ փառատոնում ունեցած նրա ելույթի հաջողությունը կարծես թե կանխորոշել էր փառատոնային թերթը: 75-ամյա տարեգրություն ունեցող երաժշտական ստուգատեսում Նարեի մենահամերգ-դեբյուտն ըստ էության դարձավ փառատոնի զարդերից մեկը: Նախօրեին, Լյուցերնի փառատոնի թերթն իր շապիկին ամբողջ էջով տպագրել էր Նարեի մեծ լուսանկարը, իսկ «Մշակույթ եւ արվեստ» թերթը հարցազրույց էր տպագրել հայ դաշնակահարի հետՙ «Դաշնամուրն իմ համար հայտնություն էր» վերնագրով: Լյուցերնի Սուրբ Լուկասի եկեղեցում նրա կատարմամբ հնչեցին Բախի, Շումանի եւ Ռախմանինովի անմահ ստեղծագործությունները:

Նոյեմբերյան ելույթների շարքը պսակվեց Վիեննայում Ավստրիական ռադիոյի համերգային դահլիճում Ֆրանց Վերֆելի անմահ գրքիՙ «Մուսա լեռան 40 օրը» վեպի 80-ամյակին նվիրված երեկոյում հայ դասական երաժշտության արղամանյանական վիրտուոզ ներկայացմամբ, որն արժանացավ դահլիճի բուռն ընդունելությանը:

Իսկ նոր համերգներն առջեւում են: Առաջինըՙ մոտ օրերսՙ Մյունխենում:

Հիշեցնենք, որ վիեննաբնակ երիտասարդ դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Նարե Արղամանյանը, ով Ցյուրիխի, Բեռլինի, Վիեննայի, Դորտմունդի, Տոկիոյի, Թել-Ավիվի, Հայաստանի եւ այլ հայտնի համերգասրահներում մենահամերգներ է ունեցել ամերիկյան, կանադական, գերմանական եւ այլ նվագախմբերի հետ, դեռ 2006 թվականին արժանացել էր Հերբերտ ֆոն Կարայանի անվան մրցանակին, իսկ 2008-ինՙ Մոնրեալի հեղինակավոր միջազգային մրցույթի երեք գլխավոր մրցանակներին, այդ թվումՙ Գրան Պրի մրցանակին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #213, 06-12-2013

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ