RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#211, 2013-12-04 > #212, 2013-12-05 > #213, 2013-12-06 > #214, 2013-12-07 > #215, 2013-12-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #213, 06-12-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-12-05 23:30:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 974, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 24

ՇԱԽՄԱՏԻ ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՐԿԻՆ ԱՌԱՆՑ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՄՆԱՑ

Ռուսներն աշխարհի քառակի չեմպիոններ

Անթալիայում վերջնագիծը հատեց շախմատի աշխարհի թիմային առաջնությունը, որում Հայաստանի հավաքականն անհաջող հանդես եկավ: Մեր շախմատիստներին ոչ միայն չհաջողվեց պահպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը, այլեւ մրցանակակիր դառնալ: Բրոնզե մեդալներին արժանանալու համար ՀՀ հավաքականին ավարտական` 9-րդ տուրում անհրաժեշտ էր հաղթել ուկրաինացիներին: Սակայն հաջողությունը երես էր թեքել մեր շախմատիստներից, որոնք պարտվեցին 1,5-2,5 հաշվով եւ 10 միավորով զբաղեցրին 5-րդ տեղը:

Ուկրաինայի հավաքականին հաղթանակ պարգեւեց Անտոն Կորոբովը` պարտության մատնելով Վլադիմիր Հակոբյանին: Արոնյան-Իվանչուկ, Սարգսյան-Մոիսեենկո, Պետրոսյան-Արեշչենկո պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Ուկրաինացիները վաստակած 14 միավորով դարձան բրոնզե մեդալակիրներ:

Ինչպես սպասվում էր, Ռուսաստանի հավաքականը 2,5-1,5 հաշվով առավելության հասնելով մրցաշարի բացահայտ հետնապահ եգիպտացիների նկատմամբ, 15 միավորով նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նշենք, որ ՌԴ հավաքականը մարզում էր մեր հայրենակից Յուրի Դոխոյանը: Ռուսները բոլորից հաճախ` 4-րդ անգամ աշխարհի չեմպիոն հռչակվեցին: Նախկինում նրանք ուժեղագույնն էին ճանաչվել 1997-ին, 2005-ին եւ 2010-ին: Թիմի կազմում Ալեքսանդր Գրիշչուկը 3-րդ անգամ ոսկե մեդալի արժանացավ:

Արծաթե մեդալները բաժին հասան չինացի շախմատիստներին, որոնք 3-1 հաշվով հաղթելով թուրքերին, վաստակեցին 14 միավոր` ուկրաինացիներին գերազանցելով բոլոր պարտիաներում վաստակած միավորների ընդհանուր քանակով: 10 միավորով 4-րդ տեղը զբաղեցրեց ԱՄՆ-ի հավաքականը, որը ոչ-ոքի խաղաց հոլանդացիների հետ: Վարուժան Հակոբյանը պարտվեց Իվան Սոկոլովին: Հոլանդիայի հավաքականը 9 միավորով գրավեց 6-րդ տեղը: Հաջորդ տեղերում են Գերմանիայի (8 միավոր), Ադրբեջանի (7), Թուրքիայի (3) եւ Եգիպտոսի (0) հավաքականները: Ադրբեջանցիները 1-3 հաշվով պարտվեցին գերմանացիներին:

Այսպիսով, շախմատի Հայաստանի հավաքականը տարվա 2 գլխավոր մրցաշարերում էլ անհաջող հանդես եկավ: Անթալիայում մեր թիմի կազմում առավել հաջողը Լեւոն Արոնյանի ելույթն էր, որը 8 հնարավորից 6 միավոր վաստակեց` մնալով անպարտելի: Հաջող խաղի մեջ մտավ Տիգրան Պետրոսյանը` 4 պարտիաներում թիմին 3 միավոր պարգեւելով: Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը 9 հնարավորից 4,5-ական միավոր վաստակեցին: Իսկ Սերգեյ Մովսիսյանը 6 պարտիաներում ընդամենը 2 միավոր վաստակեց` հաղթանակ չտոնելով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #213, 06-12-2013

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ