RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#212, 2013-12-05 > #213, 2013-12-06 > #214, 2013-12-07 > #215, 2013-12-10 > #216, 2013-12-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #214, 07-12-2013



Տեղադրվել է` 2013-12-06 23:25:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1034, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ՎԱԽՃԱՆՎԵՑ ՆԵԼՍՈՆ ՄԱՆԴԵԼԱՆ

Պ. Ք.

Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) Յոհաննեսբուրգ քաղաքում գտնվող իր տանը երեկ վախճանվեց այդ երկրի առաջին սեւամորթ նախագահ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելան: Նա մահացավ երկարատեւ հիվանդությունից հետո, 95 տարեկան հասակում: Այդ մասին դեկտեմբերի լույս 6-ի գիշերը հայտարարեց պետության ներկայիս ղեկավար Ջեյկոբ Զուման: Ռոյթեր գործակալությունը հաղորդում է, որ հանրահայտ իրավապաշտպան, ՀԱՀ նախկին նախագահ Մանդելան տառապում էր թոքային վարակից:

Նախագահ Զուման լրատվամիջոցներին հայտնել է, որ Մանդելային հուղարկավորելու են պետական պատիվներով: Նախագահը կարգադրել է ի հիշատակ հանգուցյալ ղեկավարի երկրում խոնարհել դրոշները:

Նելսոն Մանդելան ծնվել է 1918 թ. ՀԱՀ հարավ-արեւելքում: 1943 թվականին նա սկսել է համալսարանում իրավունք ուսումնասիրել, բայց իրավագիտության բակալավրի աստիճան ստացել է միայն 1989-ինՙ իր բանտարկության վերջին ամիսներին, երբ հեռակա սովորում էր Հարավային Աֆրիկայի համալսարանում:

1944 թ. Մանդելան դարձել է Աֆրիկյան ազգային կոնգրեսի (ԱԱԿ) Երիտասարդական լիգայի անդամ: Կոնգրեսը պայքարում էր երկրում ռասիզմի դրսեւորմանՙ ապարթեիդի դեմ: 1953-ին ՀԱՀ կառավարությունը նրան արգելեց ելույթներ ունենալ հանրային միջոցառումների ժամանակ: 1956-ին նրան մեղադրեցին պետական դավաճանության մեջ, բայց հետո արդարացրին:

1960-ին, երբ իշխանություններն արգելեցին ԱԱԿ գործունեությունը, Մանդելան արդեն կազմակերպության ճանաչված առաջնորդն էր: 1961-ին նա սկսեց գլխավորել ԱԱԿ ռազմական կազմակերպությունը, իսկ մեկ տարի անց ձերբակալվեց եւ դատապարտվեց ցմահ բանտարկության: 1985 թվականին Մանդելան մերժեց քաղաքական պայքարից հրաժարվելու դիմաց ազատ արձակվելու ՀԱՀ նախագահ Պիտեր Բոտայի առաջարկությունը: Հինգ տարի անց նրան ազատ արձակեցին:

1993 թվականին Նելսոն Մանդելան եւ ՀԱՀ նախագահ Ֆրեդերիկ դե Քլերկը խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացան ապարթեիդի վերացմանն ուղղված իրենց ջանքերի համար: 1994-ին աֆրիկացի մեծամասնության մասնակցությամբ ՀԱՀ-ում անցկացված առաջին համազգային ընտրություններում Մանդելան ընտրվեց ՀԱՀ առաջին սեւամորթ նախագահ: Նա պետության ղեկավարի պաշտոնում մնաց մինչեւ 1999 թվականը:

2013-ի ամռանը Մանդելային հիվանդանոց տարան «թոքային վարակ» ախտորոշմամբ: Շուտով նրա վիճակը կտրուկ վատացավ, եւ բժիշկները թոքերի արհեստական օդափոխման սարք միացրին: Սեպտեմբերին նախկին նախագահին դուրս գրեցին եւ ուղարկեցին տուն, որտեղ ստեղծվեցին բուժման համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Աշնանը քանիցս հաղորդումներ տարածվեցին Մանդելային կայուն օրհասական վիճակի մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #214, 07-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ