RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#212, 2013-12-05 > #213, 2013-12-06 > #214, 2013-12-07 > #215, 2013-12-10 > #216, 2013-12-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #214, 07-12-2013



Տեղադրվել է` 2013-12-06 23:25:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1437, Տպվել է` 33, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ «ՊՈՌՆԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾՈ՞ՒՄ»

Վ. Ա.

Հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության մամուլի խոսնակ Նաթիկ Ադիլովը «հրավիրվել է» ոստիկանության Բաքու քաղաքի գլխավոր վարչություն: Նրան «ընդունել էր» Բաքվի ոստիկանապետը` դատախազության հատուկ կարեւոր գործերով քննիչի մասնակցությամբ:

Մի քանի ժամ տեւած «զրույցից» հետո Ադիլովն ազատ էր արձակվել: Նա հայտնել էր, որ իրեն «գրավոր զգուշացում է արվել սոցիալական ցանցերում արտահայտած կարծիքների կապակցությամբ»:

ԱԺՃ մամուլի պատասխանատուն հրապարակել էր նաեւ «զգուշացման» բնօրինակը եւ ավելացրել, որ «ոստիկանությունը եւ դատախազությունը սպառնացել են հետագայում քրեական վարույթ նախաձեռնել»: Ադիլովն ասել էր, որ «այդ ամենը քաղաքական բազմակարծությունը խախտելու, խոսքի իրավունքը սահմանափակելու նպատակ է հետապնդում, եւ իշխանությունները ձգտում են փակել ընդդիմախոսների բերանը»:

Երեկ այդ թեման անսպասելի դրսեւորում է ունեցել: Ադրբեջանի դատախազության մամուլի քարտուղար Էլդար Սուլթանովը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի «Ադիլովն զգուշացվել է սոցիալական ցանցերում պոռնկագրություն եւ մարդկանց պատիվն ու արժանապատվությունը վիրավորող տեղեկություններ տարածելու անթույլատրելիության մասին, որը օրենքի շրջանակներում է»:

Իրոք, անցյալ մայիսին Ադրբեջանի խորհրդարանը փոփոխություններ է կատարել համապատասխան օրենքում եւ քրեական պատասխանատվություն սահմանել նաեւ համացանցում «անձի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող նյութեր տարածելու» համար: Այդ երկրում այդպես էլ չի ընդունվել «Դիֆամացիայի մասին» օրենք:

Բայց շատ արտառոց է, որ դատախազությունը ԱԺՃ մամուլի խոսնակին մեղադրել է նաեւ «սոցիալական ցանցերում պոռնկագրություն տարածելու» մեջ: Ստացվում է, որ ընդդիմադիր քաղաքական ուժի մամուլի հարցերով պատասխանատուն այնքան անգործ է մնացել, որ սոցիալական ցանցերում «պոռնկագրությու՞ն է տարածում»:

Իրականության հետ որքանո՞վ կապ ունի դատախազության պնդումը, ԱԺՃ մամուլի խոսնակից արձագանք չի հնչել: Հավանաբար ինչ-որ բան իրոք այնպես չէ, ինչպես ավելի վաղ ներկայացրել էր Նաթիկ Ադիլովը: Ուրեմն ի՞նչ, հարեւան երկրի քաղաքական գործիչները նաեւ «պոռնկագրություն տարածելու միջոցո՞վ» են փորձում ինքնահաստատվել հասարակության աչքում:

Ոչինչ չես ասի, «լավ» միջոց է: Ամենայն հավանականությամբ, իշխող կուսակցությունը կխլի ԱԺՃ «նախաձեռնությունը»: Ադրբեջանում սկսվել են չափազանց դժվար ժամանակներ` կապված աննախադեպ գնաճի եւ սոցիալական դժգոհության ալիքի սպասումների հետ: Նման իրավիճակում պոռնկագրության տարածումը կարող է դիտվել «հանրային գերակա շահ», որպեսզի այդ ձեւով մարդկանց ուշադրությունը շեղվի օրեցօր ահագնացող սղաճից...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #214, 07-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ