RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#216, 2013-12-11 > #217, 2013-12-12 > #218, 2013-12-13 > #219, 2013-12-14 > #220, 2013-12-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #218, 13-12-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-12-12 23:29:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 984, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 21

«ԲՈՐՈՒՍԻԱՆ» ՄԵԾ ԴԺՎԱՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՋՈՐԴ ՓՈՒԼԻ ՈՒՂԵԳԻՐ ՆՎԱՃԵՑ

Ութ հանդիպումներով վերջնագիծը հատեց ֆուտբոլի չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարը: Դորտմունդի «Բորուսիան» Մարսելում տեղի համանուն թիմի հետ չափազանց ծանր մրցապայքարում խաղավերջում կարողացավ կորզել հաղթանակը (2-1) եւ հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց: Ուրախալի է, որ խփած հաղթական գոլում իր մեծ ներդրումն ունեցավ Հենրիխ Մխիթարյանը, որի ձախ եզրով անցումից սկսվեց գոլային ավարտ ունեցած կոմբինացիան:

Խաղից հետո Հենրիխ Մխիթարյանն իր տպավորություններն է հայտնել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին. «Մենք շատ հպարտ ենք: Հիանալի հանդիպում անցկացրինք, թեեւ չիրացրինք գոլային մի շարք պահերը: Խաղի ընթացքում տեղեկացանք, որ «Նապոլին» հաղթում է «Արսենալին» 1-0 հաշվով, ուստի մեր ողջ ուժերը ներդրեցինք ցանկալի արդյունքի հասնելու համար: Կարող էինք խմբային փուլն ավարտել 3-րդ տեղում, սակայն լավ կատարեցինք մեր աշխատանքն ու դարձանք F խմբի հաղթող:

Միշտ էլ դժվար է խաղալ մի թիմի դեմ, որը թեեւ 10 հոգով էլ հուսալիորեն էր պաշտպանվում, նաեւ հարձակվում էր ու գոլ խփելու հնարավորություն ուներ: Կարողացանք ազատ տարածություններ գտնել ու 2-րդ գոլը խփել: Այս տարի շատ դժվար խմբում էինք հայտնվել, ինչպես նախորդ տարի: Կային մարդիկ, որ կասկածում էին մեր հաջողությանը: Գուցե անհնարինն արեցինք: 2-րդ գոլից հետո շատ ուրախ էի, քանի որ հաջողվեց խաղը հաղթական ավարտի հասցնել ու շարունակել պայքարը 1/8 եզրափակիչում: Մեր թիմում կան ֆուտբոլիստներ, որոնք կարող են հիանալի հանդիպում անցկացնել»:

Իսկ ահա թե ինչպիսի կարծիք են հայտնել թիմերի մարզիչները:

Յուրգեն Կլոպ («Բորուսիա») - Ընդհանուր առմամբ ամեն ինչ ճիշտ արեցինք, սակայն շատ սխալներ թույլ տվեցինք, չկարողացանք գոլային մի շարք պահերն օգտագործել: Շատ դժվարին խաղ ստացվեց: Գնդակը համառորեն չէր հայտնվում մրցակցի դարպասում: Իմ սաները հսկայածավալ աշխատանք կատարեցին եւ ի վերջո հասան իրենց նպատակին:

Ժոզե Անիգո («Մարսել») - Երբ թիմն ամբողջովին ներդնում է ուժերը, այլ որակի խաղ է ստացվում: Հասկանում էինք, որ նույնիսկ լրիվ կազմով դժվար է դիմագրավել «Բորուսիային», իսկ 10 հոգովՙ առավել եւս: Սակայն մենք այսօր ամաչելու ոչինչ չունենք: Այսօր մեր ֆուտբոլիստներն արժանի խաղ ցուցադրեցին:

«Բորուսիայի» հաղթանակը զրկեց «Նապոլիին» հաջորդ փուլի ուղեգրից: Իտալական ակումբը սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Արսենալին» եւ միավորներով հավասարվեց առաջատարներին: «Նապոլիին» ընդամենը մեկ գոլ չբավականացրեց «Արսենալին» շրջանցելու համար: Իտալացիները պայքարը կշարունակեն Եվրոպայի լիգայում:

E խմբից պայքարը կշարունակեն «Չելսին» ու «Շալկե-04-ը»: «Չելսին» 1-0 հաշվով հաղթեց «Ստյաուային», գերմանացիները 2 անպատասխան գնդակ խփեցին «Բազելի» դարպասը:

G խմբում ժամկետից շուտ 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճած Մադրիդի «Ատլետիկոն» 5-րդ հաղթանակը տոնեցՙ 2-0 հաշվով պարտության մատնելով «Պորտոյին»: Դրանով իսպանացիները մեծապես նպաստեցին «Զենիթի» հաջողությանը, որը թեեւ Վիեննայում 1-4 խոշոր հաշվով պարտվեց «Աուստրիային», սակայն 6 միավորով գրավեց 2-րդ տեղը եւ իրավունք ստացավ հանդես գալու 1/8 եզրափակիչում:

H խմբում «Բարսելոնը» «Կամպ Նոու» մարզադաշտում ջախջախեց «Սելթիկին» (6-1): Այդ խաղում Պիկեն բացեց հաշիվըՙ դառնալով միջազգային պաշտոնական մրցումներում «Բարսելոնի» հոբելյանականՙ 1000-րդ գոլի հեղինակը: Իսկ հանդիպման հերոսը բրազիլացի Նեյմարն էր, որը ոչ միայն բացեց գոլերի հաշիվը չեմպիոնների լիգայում, այլեւ դարձավ հեթ տրիկի հեղինակ: «Բարսելոնը» նախորդ տուրում էր ապահովել հաջորդ փուլի ուղեգիրը: Իսկ ահա 2-րդ ուղեգրի համար համառ պայքար էր ծավալվել «Միլանի» եւ «Այաքսի» միջեւ: Գոլազուրկ ոչ-ոքին «Միլանին» ուղեգիր պարգեւեց:

Խաղից առաջ «Այաքսի» մոտ 500 ֆանատներ հարձակվել են «Միլանի» խանութի վրա: Իտալական ոստիկանության հետ բախումների ընթացքում 2 մարդ դանակով վիրավորվել է: Նրանցից մեկի վիճակը բավականին լուրջ է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #218, 13-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ