RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#218, 2013-12-13 > #219, 2013-12-14 > #220, 2013-12-17 > #221, 2013-12-18 > #222, 2013-12-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #220, 17-12-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-12-17 20:23:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 1024, Տպվել է` 52, Ուղարկվել է էլ.փոստով` 21

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍՙ ՎԵՐՋԻՆ 2 ՏԱՐԻՆԵՐԻՆ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ինչպե՞ս են փոխվել ցուցանիշները Հայաստանում, Ադրբեջանում, ԱՊՀ եւ ԵՄ մի քանի երկրներում

Այս կամ այն երկրի տնտեսական վիճակի մասին պատկերացում տվող հիմնական ցուցանիշը նախ եւ առաջ համախառն ներքին արդյունքն է (ՀՆԱ), իսկ տնտեսության կառուցվածքի եւ կենսունակության մասին վկայող հիմնական ցուցանիշը` արդյունաբերության զարգացումը: Ինչպիսի՞ն են եղել Հայաստանի, մեր հարեւան երկրների, ԱՊՀ եւ ԵՄ նոր անդամ դարձած մի քանի այլ երկրների ցուցանիշները 2013-ին նախորդող 2 տարիներին:

Հայաստանի տնտեսական (ՀՆԱ) աճի ցուցանիշը 2011-ին կազմել է 4,7 տոկոս, 2012-ին` 7,2 տոկոս: Մշտապես իր զարգացման տեմպերի մասին աղմկող Ադրբեջանի տնտեսական աճի ցուցանիշը 2011-ին կազմել է 1 տոկոս, 2012-ին 4,5 տոկոս: Հասկանալի է, որ հարեւան երկրի ՀՆԱ ծավաներն զգալիորեն ավելի են Հայաստանի համեմատ, բայց նախորդ երկու տարվա ցուցանիշները վկայում են, որ նախ տնտեսական աճի տեմպի ցուցանիշով Ադրբեջանը հետ է մնում Հայաստանից, երկրորդ` այդ աճի տեմպի նվազումն էլ պայմանավորված է նավթի արդյունահանման ծավալների` 2011-ից սկսված նվազման հետ: Հայտնի է, որ այդ տնտեսությունը հիմնված է հենց նավթային գործոնի վրա:

Հայաստանից ավելի բարձր տնտեսական աճի տեմպեր են 2011-ին ունեցել ԱՊՀ գրեթե բոլոր երկրներըՙ Ռուսաստանից եւ Ադրբեջանից բացի, սակայն 2012-ին Հայաստանից ավելի մեծ աճ են արձանագրել միայն միջինասիական 3 երկրները: Բելառուսը, Ղազախստանը, Ուկրաինան, Ռուսաստանը ունեցել են աճի ավելի ցածր տեմպեր, իսկ Ղրղզստանն ու Մոլդովան տնտեսական անկում են արձանագրել:

Հետաքրքրական են Եվրոմիության նոր անդամակցած երկրների ՀՆԱ աճի ցուցանիշները վերջին 2 տարիներին: Հաճախ է խոսվում Ռումինիայի, Բուլղարիայի եւ Հունգարիայի մասին, որոնք ԵՄ-ին անդամակցելուց հետո բախվել են լուրջ տնտեսական մարտահրավերների եւ կորուստներ կրել` արտահանման նվազման, դեպի ԵՄ ավելի զարգացած երկրների արտագաղթի ուժեղացման եւ այլ առումներով: Ռումինիայում 2011-ին գրանցվել է 2,5 տոկոս տնտեսական աճ, 2012-ին` 3,7 տոկոս, Բուլղարիայում 2011-ին տնտեսական աճը կազմել է 1,8 տոկոս, 2012-ին` 0,8 տոկոս, Հունգարիայում 2011-ին արձանագրվել է 1,6 տոկոս տնտեսական աճ, իսկ 2012-ին1,7 տոկոս տնտեսական անկում:

Այժմ ներկայացնենք, թե ինչպե՞ս են փոխվել արդյունաբերական արտադարանքի ծավալները մեր եւ վերոնշյալ երկրներում, ինչը որոշակի ենթադրությունների տեղիք կտա, թե ինչի՞ հաշվին է ավելացել կամ նվազել ՀՆԱ-ն:

Հայաստանի արդյունաբերությունը թե 2011-ին, թե 2012-ին ունեցել է բարձր աճ: 2011-ին արդյունաբերական արտադարանքի ծավալը մեր երկրում ավելացել է 13,9 տոկոսով, 2012-ին` 8,8 տոկոսով: Ընդ որում, 2011-ին ունեցել ենք արդյունաբերական արտադրանքի ծավալների ամենաբարձր աճը ԱՊՀ-ում, իսկ 2012-ին 2-րդն ենք եղել այդ ցուցանիշով:

Մեր հարեւան Ադրբեջանի արդյունաբերության արտադրանքի ծավալները 2011-ին անկում են ունեցել` 5 տոկոսով, նույնը նաեւ 2012-ին` 2,3 տոկոսով: Այս ցուցանիշները առավել հստակ են դարձնում այն իրողությունը, որ նավթի արդյունահանման նվազումն անմիջականորեն եւ էապես ազդում է այդ երկրի արդյունաբերության եւ տնտեսության ընդհանուր ցուցանիշի վրա:

Արդյունաբերության արտադրանքի ծավալների ցուցանիշները ԵՄ-ին նոր անդամակցած Ռումինիայում, Բուլղարիայում եւ Հունգարիայում հետեւյալ կերպ են փոխվել` Ռումինիայում 2011-ին գրանցվել է արդյունաբերական արտադրանքի 7,6 տոկոս աճ, իսկ 2012-ին` 2,8 տոկոս աճ, Բուլղարիայում` 2011-ին արդյունաբերության ծավաներն աճել են 5,6 տոկոսով, իսկ 2012-ին նվազել 1,4 տոկսով, Հունգարիայում 2011-ին 5,6 տոկոսով ավելի արդյունաբերական արտադրանք է թողարկվել, իսկ 2012-ին` 1,4 տոկոսով պակաս:

Ինչպես արդեն նշեցինք, սրանք 2011 եւ 2012 թվականների ցուցանիշներն են: Ակնհայտ է, որ 2013-ն ավելի դժվար տնտեսական տարի է համարվում եւ բոլոր միջազգային ֆինանսական կազմակերպությունների կանխատեսումներով տնտեսական աճի տեմպերի նվազում է սպասվում թե ամբողջ աշխարհում, թե մեր մյուս երկրում եւ մեզ համար հետաքրքրություն ներկայացնող երկրներում: Քիչ ժամանակ է մնացել մինչեւ տարվա ավարտը, որից հետո կանդրադառնանք նաեւ 2013-ի ՀՆԱ եւ արդյունաբերական արտադրանքի ցուցանիշներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #220, 17-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ