RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#218, 2013-12-13 > #219, 2013-12-14 > #220, 2013-12-17 > #221, 2013-12-18 > #222, 2013-12-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #220, 17-12-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-12-17 20:23:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 1088, Տպվել է` 37, Ուղարկվել է էլ.փոստով` 21

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸՙ ՆՈՐ ԳՈՐԾԻ ՍԿԻԶԲ

ՕՎՍԱՆՆԱ ՄԱԴԱԹՅԱՆ

Այս տարի Հայ առաքելական սուրբ եկեղեցին Սբ Հակոբի, Մարուգե ճգնավորի եւ Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության տոնը հիշատակել է դեկտեմբերի 15-ին, Հիսնակաց 3-րդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը:

Ավանդույթի համաձայն` արդեն 4-րդ տարի Ներքին Դվին գյուղի կիսակառույց, փայտակերտ, չգործող Սուրբ Հակոբ եկեղեցում պատարագ է մատուցվում` ի հիշատակ սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի: Պատարագիչն Արարատյան հայրապետական թեմի Արտաշատի Ներքին Դվին գյուղի Ս. Հարություն եկեղեցու հոգեւոր հովիվ Երվանդ քհն. Բաբայանն էր:

Ավանդույթի համաձայն` Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հավատացյալները, ձմռան ցուրտն ու առատ ձյունը, ճանապարհի դժվարություններն անտեսելով, Հակոբ Մծբնա Հայրապետի հիշատակության տոնին` Վահրամ եւ Գեղամ սարկավագների հետ ուխտի գնացին Ներքին Դվինի Սուրբ Հակոբ փայտակերտ եկեղեցի: Ուխտագնացությունն սկսվեց Վահրամ սարկավագի Տերունական աղոթքով: Ուխտագնացները երգում էին «Առավոտ լուսո»-ն եւ յուրաքանչյուրն իր սրտում փնտրում էր մեծ սրբի բարեխոսությունը: Խնկաբույր եկեղեցին հոգեւոր դասի աղոթքներով եւ երգչախմբի գեղեցիկ երգերով, բազմաթիվ հավատացյալներով միանգամից լցվել էր, ջերմացել, կարծես հրաշագործ սրբի ոգին էր թեւածում, ուժ տալիս բոլորին ու ոգեշնչում:

Հոգեւոր կառույցը տարեցտարի նորոգվում է: Եկեղեցին կառուցվել է 1885 թվականին, ինչպես գրված է հնամաշ մուտքի դռան վերնամասում: Պատմում են, երբ Ակոռիում երկրաշարժ է եղել, գյուղացիները եկեղեցու սուրբ մասունքներից մի քանի խաչքար վերցրել, բերել են Ներքին Դվին եւ կառուցել Սուրբ Հակոբ եկեղեցին: Այդ մասունքներն ամրացված են եկեղեցու դրսի պատերին: Կառուցման ընթացքում մայրաքաղաք Դվինի ավերակներից գյուղաբնակները բերել են եկեղեցու սրահի վեց սյուների հիմքերը: Երկու 20 մետրանոց գերաններն էլ իրար են ագուցում այդ սյուները: Ցավոք, աստվածամերժության տարիներին եկեղեցին մյուսների բախտին է արժանացել` դարձել գինու, պանրի եւ ալյուրի պահեստ: Հետո քայքայվել է, համարյա կիսափլվել: Գյուղացիները շատ են մտահոգվել: Եվ ահա գյուղի երախտավորիների` Վիրաբ Դերմոյանի, Միշա Թադեւոսյանի եւ շնորհալի բնակիչների ջանքերով նորոգվում է Սուրբ Հակոբ եկեղեցին: Հիմնական բարերար չունեն: Փայտակերտ տանիքը նորոգելու համար դիմել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, պատասխանը չի ուշացել, անմիջապես աջակցել է: «Ում դիմում ենք, մարզպետարան, գյուղապետարան, ծանոթ կամ բարեկամ` չեն մերժում, օգնում են` ինչով հնարավոր է: Այսօր եկեղեցու ներսն ապահով է, ոչ մի ջրի կաթիլ չի կարող ներս թափանցել: Դրսի պատերի հիմքն էլ շարված է: Իսկ խորանն ընդամենը մի օր առաջ ենք կառուցել, համոզված էինք, անպայման ուխտավորներ եւ շատ հավատացյալներ կգան այս հիշարժան տոնին, թող որքան հնարավոր է, պատշաճ լինի»,- ասում է Վիրաբ Դերմոյանը:

Ս. Հակոբ Մծբնա հայրապետն ընդհանրական եկեղեցու հեղինակավոր սիրված սրբերից է: Ծնվել եւ ապրել է Մծբին քաղաքում (այժմ` Նուսեյպին, Թուրքիայի հարավարեւելյան սահմանի մոտ): Եղել է ճգնավոր, համաքրիստոնեական սուրբ, Մծբինի ասորի եպիսկոպոսը: Ըստ հայոց ճառընտիրների` Գրիգոր Ա Լուսավորչի հորաքրոջ որդին էր: Ըստ պատմական աղբյուրների` Հայոց Խոսրով Ա Մեծ (211-259) թագավորի սպանությունից հետո, երբ Անակ Պարթեւի տոհմը բնաջնջվել է, դայակները մանուկ Սուրենին եւ Հակոբին գաղտնի տարել են Կեսարիա, ուր նրանք դաստիարակվել են քրիստոնեական հավատքով: Հետո Հակոբն իր քրոջ հետ տեղափոխվել է Պարսկաստան, ապրել արքունիքում: Սակայն թողել է այդ ճոխ կյանքը, դարձել ճգնավոր: Սուրբ հոգու ներգործությամբ մեկնել է Մծբինի վանքերից մեկը` Մարուգե ճգնավորի մոտ: Նրանից լսելով, որ մարդկանցից շատերը թեեւ հավատքի են եկել, բայց թերահավատ են Նոյյան տապանի գոյությանը, որոշել է բարձրանալ լեռը` տապանից մի մասնիկ բերելու, բայց Մասիսի լանջին հոգնել է եւ ննջել: Տեր հայրն իր քարոզի ժամանակ եկեղեցու հավատացյալաներին պատմեց, որ ըստ ավանդության` Աստծո հրեշտակը նրան մատուցել է Նոյյան տապանից փայտի մի կտոր: Հակոբ Մծբնացին որտեղ հրեշտակից ստացել է Նոյյան տապանի կտորը, այդ վայրում սառնորակ աղբյուր է բխել, բուժիչ, հրաշագործ հատկություններ ունեցել, հետո նույն տեղում հիմնվել է Ակոռիի Ս. Հակոբ վանքը, ուր պահվել են հայրապետի մատի ոսկրը եւ Նոյյան տապանի փայտի կտորը` միմյանց շղթայով ամրացված (առ այսօր այդ սրբությունը պահվում է Ս. Էջմիածնում): 338-ին Հակոբ Մծբնացին կազմակերպել է պարսից Շապուհ II-ի զորքերից պաշարված Մծբինի 70-օրյա պաշտպանությունը: Մասնակցել է Նիկիայի Ա տիեզերական ժողովին (325), եղել Եփրեմ Ասորու ուսուցիչը:

Ըստ ավանդությունների` սուրբը հրաշքներ է գործել` մեռցրել է մեռած ձեւացողին, ապա կենդանացրել նրան, Հիսուս Քրիստոսի անունով բուժել անդամալույծների, հարություն տվել մի մեռած մանկան եւ այլն: Սբ Հակոբ Մծբնա հայրապետն իր ջերմեռանդ աղոթքների ու ճգնությունների համար իբրեւ վարձատրություն Աստծուց ստացել է մարգարեության, հրաշագործության շնորհներ: Սբ Հակոբը 320-ական թթ. Ամիդայում ձեռնադրվել է եպիսկոպոս, ստանձնել Մծբինի առաջնորդությունը: Դարձի է բերել շատերին, հիմնել բազում եկեղեցիներ, դպրության օջախներ: Սբ Հակոբն իր սրբակենցաղ վարքով նմանվել է հրեշտակներին, կոչվել «մարմնավոր հրեշտակ»: Նրա կյանքը լեցուն է հրաշագործ դրվագներով: Մի անգամ սուրբը աղբյուրի մոտ տեսել է մի խումբ աղջիկների, որոնք իրենց հանդերձներն էին լվանում, տեսնելով երանելիին, չեն պատկառել: Սբ Հակոբը, կամենալով խրատել նրանց, անիծել է աղբյուրը, եւ այն ցամաքել է, իսկ աղջիկների մազերը սպիտակել են: Երբ տեսել են այդ ամենը` սրբի հետեւից գնալով, աղաչել են վերադառնալ եւ աղբյուրի ջուրը բխեցնել: Սուրբ Հակոբը վերադարձել է, աղոթել, ջուրը բխել է, սակայն աղջիկների մազերը չի սեւացրել, որ Աստծուն չմոռանան: Կատարած բազում հրաշքների շնորհիվ նրան կոչել են «Սքանչելագործ»: Սիրելի սրբի անունով գործում են բազմաթիվ եկեղեցիներ` Երեւանի Քանաքեռավանում, Արարատի մարզի Արարատ, Մրգավան եւ Ներքին Դվին գյուղերում: Վերջինս դեռ չգործող է, բայց ինչպես գյուղաբնակներն են ասում` հույս ունեն, առաջիկայում անպայման կգործի: «Գյուղն ունի մոտ 1000 տնտեսություն: Միահամուռ ուժերով գարնանը կսկսենք եկեղեցու ներսի հարդարման աշխատանքները: Հատակը սալիկապատելու ենք, նորոգելու ենք պատերը, մկրտության ավազանը, ձեւավորելու խորանը: Նախատեսել ենք կառուցել նաեւ զանգակատուն եւ մատաղատուն: Հիշարժան սրբին նվիրված մատաղը եփել ենք հարեւան գյուղացիների տանը: Պետք է համապատասխան պայմաններ ստեղծել: Համոզված ենք, որ ամեն ինչ անում ենք մեր ապագա սերնդին քրիստոնեավայել դաստիարակելու համար»,- ասում է Դերմոյանը: Հիրավի, եկեղեցի կառուցելով հարթում ենք նոր սերնդի ճիշտ ու միակ ճանապարհը, զերծ պահում աղանդավորներից: Իսկ ուխտագնացությունը ոչ միայն սրբություններին հաղորդակցվելու, հոգու մաքրագործման, ինքնակատարելագործման ճանապարհ է, այլեւ այդ հոգեւոր ճանապարհը նորոգող, մաքրող, մարդկանց սուրբ նպատակներն իրար միացնող, նոր գործեր սկսելու, ոգեշնչելու նախապայման...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #220, 17-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ