RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#218, 2013-12-13 > #219, 2013-12-14 > #220, 2013-12-17 > #221, 2013-12-18 > #222, 2013-12-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #220, 17-12-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-12-17 20:23:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 1105, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆԻ 85-ԱՄՅԱԿԻՆ

Մ. Հ.

«Արվեստը շատացնում է Աստծու տված գեղեցիկը. քարին աչքեր է պարգեւում, որ նայի մեզ, ջութակին ձայն, որ լսելի դառնա մեր ներսի լռությունը, բեմում վերստեղծում է մարդու ապրած կյանքը, որ նա տեսնի իր վերելքներն ու անկումները: Արվեստագետներ են բոլոր նրանք, ովքեր շատացնում են կյանքի գեղեցիկը», մի առիթով ասել է Հովհաննես Չեքիջյանը:

Դեկտեմբերի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա հոբելյանական համերգ` նվիրված անվանի դիրիժոր եւ խմբավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես Չեքիջյանի 85-ամյա տարեդարձին:

Համերգային ծրագրում կատարումներով հանդես կգան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը, իսկ որպես մենակատարներ` Բարսեղ Թումանյանը, Իրինա Զաքյանը, Պերճ Քարազյանը, Սոնա Մովսեսյանը, Մանուշ Հարությունյանը, Սարգիս Աղամալյանը, Պողոս Բեազբեկյանը եւ Զոհրաբ Զոհրաբյանը:

ՀՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը հայկական երգչախմբային արվեստը դուրս է բերել համաշխարհային ասպարեզ:

Սովորել է ծննդավայր Ստամբուլի Մխիթարյան եւ ֆրանսիական Սեն Միշել վարժարաններում, ապա ավարտել է տեղի կոնսերվատորիան, հետագայում կատարելագործվել է Փարիզի Էկոլ նորմալ դը մյուզիք կոնսերվատորիայում, պրոֆեսոր Ժան Ֆուռնեի դիրիժորական դասարանում:

Ի դեպ, Հովհաննես Չեքիջյանը 5 տարեկանից է սկսել նվագել դաշնամուր: Ղեկավարել է Ստամբուլի հայկական եկեղեցու «Դուրյան» եւ բարեգործական հաստատությունների այլ երգչախմբեր, ինչպես նաեւ եղել է Ստամբուլի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը, ապա իր ստեղծած «Չեքիջյան» երգչախմբի խմբավարը, իսկ հետագայումՙ օպերային թատրոնի երաժշտական ղեկավարն ու պետական երգչախմբի գլխավոր դիրիժորը:

Հ. Չեքիջյանը հայրենադարձել է եւ նշանակվել Հայաստանի պետական երգչախմբի (1969 թ-ից ակադեմիական) գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր: 1975 թ.-ին Չեքիջյանի ղեկավարությամբ Երեւանում կատարվել է Մոցարտի «Ռեքվիեմը», որը համարվել է տարվա երաժշտական երեւույթ: Չեքիջյանը եղել է նաեւ Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը, ինչպես նաեւ դասավանդել է Երեւանի կոնսերվատորիայում:

Չեքիջյանը հրաշալի տիրապետում է դասական եւ ժամանակակից խմբերգային արվեստին, աչքի է ընկնում ինքնատիպ գեղարվեստական մտածողությամբ, կատարողական վարպետությամբ եւ արտիստիզմով: Նրա ղեկավարությամբ Հայաստանի պետական երգչախումբն ստեղծել է բազմազան ու հարուստ երգացանկ (ավելի քան 800 ստեղծագործություն) հայ եւ օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործություններից, հանդես է եկել ավելի քան 4000 համերգով:

Չեքիջյանը ղեկավարել է աշխարհի շուրջ 56 նշանավոր սիմֆոնիկ նվագախմբեր (ԽՍՀՄ պետական հեռուստառադիոյի, Մեծ թատրոնի, Սանկտ Պետերբուրգի ակադեմիական, Բուդապեշտի ֆիլհարմոնիայի, Մարսելի օպերային թատրոնի եւ այլն): Հեղինակ է մի շարք վոկալ-սիմֆոնիկ երկերի եւ բազմաթիվ երգչախմբային մշակումների:

Հ. Չեքիջյանն արժանացել է ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ Պետական մրցանակների, ՀՀ Մովսես Խորենացու մեդալի, ԽՍՀՄ «Ժողովուրդների բարեկամություն», Հայ եկեղեցու Սբ Սահակ-Սբ Մեսրոպ, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Մեսրոպ Մաշտոց, Համաշխարհային հայկական կոնգրեսի «Ոսկե խաչ» շքանշանների:

Էկոլոգիական, Մոնրեալի տեղեկատվական, Բնության եւ հասարակության միջազգային ակադեմիաների անդամ է:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դիրիժորԳենադի Ռոժդեստվենսկին Հ. Չեքիջյանի մասին ասել է. «Դիրիժոր պետք է ծնվել: Դա կարելի է ասել Չեքիջյանի երաժշտական ճակատագրի մասին. նա ծնվել է դիրիժոր»:

Հոբելյանական գալա-համերգի ծրագրում միայն Վերդիի գործերն ենՙ «Նաբուկո» օպերայի նախերգանքից մինչեւ «Ստաբատ Մատեր» ու «Ռեքվիեմ»: Սկիզբըՙ ժամը 19:00-ին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #220, 17-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ