RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#218, 2013-12-13 > #219, 2013-12-14 > #220, 2013-12-17 > #221, 2013-12-18 > #222, 2013-12-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #220, 17-12-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-12-17 20:23:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 1195, Տպվել է` 29, Ուղարկվել է էլ.փոստով` 21

ԲԱՐՁՐ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԿՅԱՆՔԻ ԱՐԳԱՍԱԲԵՐ ՈՒՂԻ

ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, Պատմական գիտությունների թեկնածու

Նրբագծեր Ֆերդինանդ Ղազարյանի դիմանկարինՙ ծննդյան 75-ամյակի առթիվ

Մեր երկրի, նրա ժողովրդի համար բարեբախտություն եւ թանկագին հարստություն է, երբ արժանապատիվ քաղաքացին ու պետական ազնիվ նկարագրով պաշտոնյան նույնանում են նույն անձի մեջ: Այդպիսի անհատներ եզակի չէին նախորդՙ խորհրդային դարաշրջանում: Այդպիսի արժանապատիվ նկարագրով, վատի ու չարի դեմ ընդվզող բնավորությամբ անհատ է Վայոց ձորի լավագույն զավակներից Ֆերդինանդ Կարապետի Ղազարյանը:

Ծնվել է 1938 թ. դեկտեմբերի 16-ին Վայքի շրջանի Ազատեկ գյուղում: Սկզբնական կրթությունը ստացել է հայրենի գյուղի յոթնամյա դպրոցում, որն ավարտելուց հետո ուսումը շարունակել է հարեւան Զառիթափի միջնակարգ դպրոցում: Ապա ընդունվել է Գորիսի մանկավարժական ուսումնարան, որն ավարտել է 1958 թվականին եւ նույն տարում ուսումնառությունը սկսել Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետում:

Վերոնշյալ բարձրագույն կրթօջախը ավարտելուց հետո աշխատանքի է անցել Վայք քաղաքի թիվ 1 միջն. դպրոցում որպես ուսումնական մասի վարիչ: 1965 թ. ընտրվել է ՀԼԿԵՄ Վայքի շրջկոմի առաջին քարտուղար եւ այդ պաշտոնում մնացել մինչեւ 1967 թվականը:

Հենց այդ տարիներին նա հեռակա կարգով ուսումնառությունը շարունակել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրայում:

1967-1974 թթ. աշխատել է Հայաստանի կոմկուսի Վայքի շրջանային կոմիտեի կազմակերպական բաժնի վարիչ: 1974 թ. ընտրվել է ՀԿԿ Վայքի շրջկոմի քարտուղար, իսկ 1976 թվականինՙ երկրորդ քարտուղար: 1985 թ. դեկտեմբերից մինչեւ 1991 թվականը բեղուն ու արդյունավետ գործունեություն է ծավալել առողջարանային քաղաքիՙ Ջերմուկի քաղխորհրդի գործկոմի նախագահի պաշտոնում: Ջերմուկցիները վերոնշյալ տարիները համարում են իրենց քաղաքի զարգացման ու բարգավաճման ամենաշքեղ շրջանը:

Եկավ անկախության դարաշրջանը: 1990 թ. Ֆ. Ղազարյանը արժանացավ ջերմուկցիների միահամուռ վստահությանը եւ ընտրվեց ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: Նրա կյանքի եւ գործունեության մեջ սկսվեց մի նոր շրջան: Գերագույն խորհրդում ընդգրկվեց իրեն համար շատ հոգեհարազատՙ կրթության, գիտության, լեզվի եւ մշակույթի հանձնաժողուվի կազմում:

Աչքի ընկավ վերոնշյալ ոլորտին վերաբերող բոլոր կարեւոր օրինագծերի եւ օրենսդրական նախաձեռնությունների քննարկումների եւ մշակման գործընթացներում: Լայն հասարակայնությունը հիացած էր նրա խոր գիտելիքներից, իրազեկվածությունից, ներքին բարձր կուլտուրայից, սկզբունքային ու հաստատակամ դիրքորոշումից: Նույնքան սկզբունքային ու աննահանջ պայքար էր տանում այդ տարիներին հանրապետությունում արմատացող ծայրաստիճան բացասական երեւույթների, հանրային ունեցվածքի փոշիացման, համատարած քայքայման եւ ալան-թալանի դեմ: Հասարակական-քաղաքական ակտիվ, եռանդուն եւ արդարադատ գործունեության շնորհիվ նա ձեռք բերեց աննախադեպ ժողովրդականություն ու անբասիր հեղինակություն:

Պատգամավորական գործունեությունը Ֆ. Ղազարյանը ներդաշնակորեն համատեղել է գիտական ու մանկավարժական գործունեության հետ: Դեռեւս 1978 թվականին նա պաշտպանել էր թեկնածուական ատենախոսություն եւ ստացել մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Գիտական մամուլում հրապարակել է մի շարք գիտական հոդվածներ, ինչպես նաեւ հրապարակախոսական հարյուրավոր հոդվածներ: Դեռեւս խորհրդային տարիներին լույս է տեսել նրա «Դպրոցականների դաստիարակության կոմպլեքսային մոտեցում» ուշագրավ մենագրությունը: Համահեղինակ է «Ջերմուկ» շքեղ ու բովանդակալից գիրք-ուղեցույցի, որը լավագույնն է համարվում առողջարանային հրաշագեղ քաղաքը ներկայացնող մինչ այդ եղած բոլոր հրապարակումների մեջ:

Թողնելով պատգամավորական գործունեությունըՙ Ֆերդինանդ Ղազարյանը, սակայն, երբեք չթողեց հասարակական ակտիվ ասպարեզը եւ իր բանավոր ու գրավոր խոսքը մշտապես ի նպաստ դրեց երկրին ու ժողովրդին հուզող մեծ ու փոքր խնդիրների բարձրացման ու լուծման ուղիների որոնմանը: 1990-ական թթ. Հայաստանի բազմաթիվ պարբերականներում լույս տեսան սուր եւ արդիական հարցադրումներով լեցուն հոդվածներն ու հարցազրույցները, որոնցում նա հանդես է գալիս որպես իր ժողովրդին անսահմանորեն նվիրված իսկական ու ճշմարիտ հայրենասեր, արդարության ոճով ու շնչով տոգորված բարձր քաղաքացի եւ հայոց դարավոր խիղճն ու արժանապատվությունը իր մեջ ամբարող ու խտանող հայ անհատ: Երկրի քաղաքական ճակատագրից մինչեւ հայ գյուղացուն հուզող խնդիրներն ու հիմնահարցերը ընկած էին տաղանդավոր հրապարակախոսի հասարակական-քաղաքական գործունեության առանցքում: Առաջադեմ մի խումբ անհատների հետ համախորհուրդ հիմնադիրներից մեկը հանդիսացավ «Գերագույն խորհուրդ. Պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպության, որն ակտիվ դերակատարություն ստանձնեց երկրի հասարակական մթնոլորտն ու բարքերը առողջացնելու գործում:

Պատասխանատու տեւական աշխատանքն ու հոգեկան լարվածությունը լրջորեն վնասել էին նրա առողջական վիճակին:

Նա հանկարծամահ եղավ 1997 թ. դեկտեմբերի 26-ին, հիսունինը տարեկան հասակում, երբ այնքան իմաստալից ծրագրեր եւ գեղեցիկ մտահղացումներ ուներ իրագործելու: Հայրենի Վայոց ձորի ժողովուրդը մեծագույն խոնարհումով ու ակնածանքով անմար է պահում նրա հիշատակը եւ խնկարկում այն ամենը, ինչը կապված է ազնվագույն հայորդու կյանքի ու գործունեության պայծառ էջերի հետ:

1999 թ. Ջերմուկ քաղաքի համայնքի ավագանու որոշմամբ Ջերմուկի հանրահայտ ըմպելասրահից մինչեւ Սառնաղբյուր ձգվող ճեմուղին անվանակոչվել է Ֆերդինանդ Ղազարյանի անունով: Ճեմուղու սկզբնամասում կանգնեցված է նրա հիշատակը հավերժացնող հուշաքարը:

Ահա այսպես է ազնիվ ու սկզբունքային, անսակարկելի ու անշահադետ հայրենասեր հայորդու հիշատակն անթառամ ապրում հայրենի ժողովրդի հավաքական հիշողության մեջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #220, 17-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ