RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#218, 2013-12-13 > #219, 2013-12-14 > #220, 2013-12-17 > #221, 2013-12-18 > #222, 2013-12-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #220, 17-12-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-12-17 20:23:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 1081, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ԴԱՎԻԹ ՍԱՖԱՐՅԱՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿ

Ավանդույթի համաձայն, մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիան որոշեց մրցաշրջան-2013-ի Հայաստանի 10 լավագույն մարզիկներին: Հարցմանը մասնակցել են մարզական 22 լրագրողներ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացրել է տասնյակի իր տարբերակըՙ ելնելով ֆեդերացիայի հաստատած թեկնածուների ցանկից:

Ինչպես եւ սպասվում էր, 2013-ի Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել ազատոճային ըմբիշ Դավիթ Սաֆարյանը , որը վաստակել է 220 միավոր: Դա նշանակում է, որ բոլոր 22 լրագրողներն էլ հարցաթերթիկում նրան նշել են առաջինը: Այլ կերպ լինել չէր կարող, քանի որ Դավիթը գերազանց ելույթներ ունեցավ աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններումՙ նվաճելով չեմպիոնի տիտղոսները, իսկ համաշխարհային Ունիվերսիադայում էլ արժանացավ արծաթե մեդալի:

187 միավորով 2-րդ տեղը գրավել է հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը : Նա այս տարի 2-րդ անգամ անընդմեջ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, իսկ աշխարհի առաջնությունում եւ համաշխարհային Ունիվերսիադայում արժանացավ արծաթե մեդալների:

Սպասվում էր, որ լավագույն եռյակը պետք է եզրափակի սամբիստ Աշոտ Դանիելյանը , որն աշխարհի առաջնությունում շահելով բոլոր 5 գոտեմարտերը, ոսկե մեդալի էր արժանացելՙ 2-րդ անգամ ուժեղագույնը ճանաչվելով աշխարհում: Սակայն նա 109 միավորով միայն 5-րդ տեղն է զբաղեցրել: Դանիելյանին վաստակած միավորներով գերազանցել են հունահռոմեական ոճի ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանը (155) եւ Ռոման Ամոյանը (119): Արսենը բրոնզե մեդալներ էր նվաճել ըմբշամարտի աշխարհի առաջնությունում եւ համաշխարհային Ունիվերսիադայում, իսկ Ռոմանը 3-րդ տեղն էր գրավել աշխարհի առաջնությունում:

6-րդ տեղը 88 միավորով զբաղեցրել է մարմնամարզիկ Արթուր Դավթյանը , որը Եվրոպայի առաջնության հենացատկերի բրոնզե մրցանակակիր է, մոսկովյան մրցաշարում առանձին գործիքների վրա մեդալներ է նվաճել, իսկ բազմամարտում գրավել է 2-րդ տեղը:

Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, բռնցքամարտիկ Արամ Ավագյանը (75 միավոր), հունահռոմեական ոճի ըմբիշ, համաշխարհային Ունիվերսիադայի արծաթե մրցանակակիր Մաքսիմ Մանուկյանը (52), ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի փոխչեմպիոն Մուսա Մուրթազալիեւը (49) եւ հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արթուր Շահինյանը (49):

Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են նաեւ շախմատիստներ Զավեն Անդրեասյանի եւ Լիլիթ Մկրտչյանի, բռնցքամարտիկներ Արթուր Քիրաջյանի եւ Հենրիկ Մոքոյանի, սամբիստներ Տիգրան Կիրակոսյանի, Սոսե Բալասանյանի, Մավրիկ Նասիբյանի, Երջանիկ Կարապետյանի եւ հունահռոմեական ոճի ըմբիշ Վաչիկ Եղիազարյանի անունները:

Լավագույն թիմ է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկով 3-րդ տեղը գրաված Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը:

Այս տարի մարզիկների լավագույն տասնյակի որոշման հատուկ կարգ է մշակել եւ լրագրողներին ներկայացրել է նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: Այդ կարգի համաձայն լրագրողներին մնում է միայն թվաբանական հաշվարկ կատարել եւ որոշել առավել շատ միավորներ վաստակած 10 մարզիկներին: Այսինքն, լրագրողները զրկված են ազատ ընտրություն կատարելու հնարավորությունից, քանի որ սխալ հաշվարկով կազմված քվեաթերթիկները քվեարկությանը չեն մասնակցելու: Ավելի մանրամասն նախարարության մշակած կարգին կանդրադառնանք «Ազգի» հաջորդ համարում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #220, 17-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ