RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#219, 2013-12-14 > #220, 2013-12-17 > #221, 2013-12-18 > #222, 2013-12-19 > #223, 2013-12-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #221, 18-12-2013



Տեղադրվել է` 2013-12-17 23:38:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 937, Տպվել է` 32, Ուղարկվել է էլ.փոստով` 21

ԳՈՌ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՐՎԵՍՏԸ` ՊԱՏԿԵՐԱԳՐՔՈՎ ԵՎ InterArtGalleryGor ՑՈՒՑԱՍՐԱՀԻ 15-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՁԵՌՆԱԿՈՎ

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ, Լուսանկարներըՙ Օրեր-ի եւ Վիկտորիա Մխիթարյանի

Դեկտեմբերի 14-ին Պրահայի InterArtGalleryGor ցուցասրահում տեղ ունեցավ չեխաբնակ հայտնի նկարիչ Գոռ Ավետիսյանի պատկերագրքի շնորհանդեսը եւ ցուցասրահի 15-ամյա հոբելյանի նշումը, որը համընկավ նաեւ արվեստագետի ծննդյան 50 ամյակի հետ: Ցուցասրահում ներկայացված էին անվանի նկարչի վերջին տարիների ստեղծագործությունները: Նկարչի քույրըՙ ցուցասրահի գեղարվեստական տնօրեն Նունե Ավետիսյանը ողջունելով ներկաներին, նշեց, որ իրենց ցուցասրահն այն հազավագյուտներից է Պրահայում, որ արդեն 15 տարի անընդմեջ գործում է: Այդ առթիվ հրատարակված պատկերագիրքը նույնպես համատեղ աշխատանքի արդյունք է, որին աջակցել են «Մարլենկա» ապրանքանիշըՙ «Միկո Ինթերնեշընլ» ընկերության տնօրեն Գեւորգ Ավետիսյանը եւ լուսանկարիչ Գարիկ Ավանեսյանը: Ճաշակով ու վառ աշխատանքներով ձեւավորված պատկերագրքում տեղ են գտել Նունե Ավեստիսյանի եւ արվեստաբան Ռուբեն Արեւշատյանի հոդվածները նկարչի ստեղծագործության մասին:

Գոռ Ավետիսյանը սերում է նկարչական ընտանիքից, նա հասակ է առել իր հարազատների արվեստանոցներում, նկարների ու արեւաշող գույների շրջապատում: Տեղափոխվելով Պրահա, 1998 թվականին նա առաջին ցուցահանդեսը բացեց, որին հաջորդեց սեփական ցուցասրահի բացումը, եւ Գոռը մնաց չեխական մայրաքաղաքումՙ շարունակելով հայկական վառ գույներով կերպարվեստը ներկայացնել նաեւ եվրոպական տարբեր ցուցասրահներում: Անցած տարիներին InterArtGalleryGor ցուցասրահը մասնակցել է նաեւ տասնյակի հասնող եվրոպական հեղինակավոր արվեստի փառատոների, տարբեր ընկերությունների կազմակերպած ցուցահանդեսների, համատեղ պատկերագրքերի տպագրությանը: Այս ցուցասրահում տարբեր տարիների կազմակերպվել են հայ նկարիչների ցուցահանդեսներ, նշվել են Հայոց ցեղասպանության օրն ու այլ հիշարժան տարեթվեր:

Գոռ Ավետիսյանի ցուցասրահը վերածվել է մի յուրահատուկ մշակութային կենտրոնի: Այս ամենն էր վկայում նաեւ ցուցադրված պատմական տեսաշարը, թե ինչպիսի ձեռնարկներ են տեղի ունեցել անցած 15 տարիներին ցուցասրահում կամ թե ինչպիսի ցուցահանդեսների է մասնակցել Գոռ Ավետիսյանը: Ու թեեւ միջոցառման ընթացքում հնչում էր մեղմիկ հայկական երաժշտություն, բայց մթնոլորտն ավելի աշխուժացավ, երբ կիթառով նվագեցին ու երգեցին նրա որդիներըՙ Արմանը եւ Միհրանը, ինչպես նաեւ հմայիչ ձայնով Սոնա Քոլոյանը:

Տոնական ձեռնարկին ներկա էին նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, բազմաթիվ հյուրեր Հայաստանից ու սփյուռքից, չեխ եւ հայ արվեստագետներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #221, 18-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ