RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#220, 2013-12-17 > #221, 2013-12-18 > #222, 2013-12-19 > #223, 2013-12-20 > #224, 2013-12-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #222, 19-12-2013



Տեղադրվել է` 2013-12-18 23:05:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 1915, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 21

ՊԱՌԱՎԱՔԱՐՑՈՒ ՀՈԳԻՆ Է ՄԵԾ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Տավուշի սահմանամերձ Պառավաքար գյուղում ապրում է հորեղբորս դուստր Մարինե Խաչատրյանը: Ու ես վերջերս հա ուզում էի Հայաստանի սահմանի այդ գյուղը գնալ ու պատմել նրա դժվար կյանքի մասին` չէր ստացվում, ժամանակ չէի գտնում: Մանավանդ` նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Ազգային ժողովի այս էլ քանի քառօրյայի կառավարությանը հարցնում էր գյուղի շրջանցիկ ճանապարհի ու գյուղի մոտով անցնող հիմնական մայրուղին կառուցապատելու մասին, օպտիմալ տարբերակ առաջարկում, կարծես ինձ հիշեցնելով այդ գյուղ գնալու իմ ցանկության մասին: Ու մինչ ես ժամանակ չէի գտնում` գործընկերներիցս մեկը մի հետաքրքրական հարցազրույց արեց Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանի հետ, որից իմացանք, որ մի տասն օր փտած ու հին խողովակաշարի պատճառով Պառավաքարում ջուր չի եղել, մարդիկ սեփական հնարավորություններով հեռվից են ջուր հասցրել գյուղ: Հեռախոսով փորձեցինք պարզել` հիմա ջուր կա՞, ու այդ առիթով էլ Մարինեից հեռախոսով տեղեկացա, թե ո՞նց են Նոր տարին դիմավորելու սահմանի բերան, ադրբեջանական դիրքերի պարբերական կրակոցների տակ գտնվող այս գյուղում:

«Մի տասը հազար դրամ կա ձեռքիս` կգնամ շրջկենտրոն մի քանի կարեւոր բաներ կառնեմ: Մի խոզ ունենք, հավեր` կմորթենք, Նոր տարի կանենք: Խնձոր կա, խաղողը չենք կարողանում պահել-հասցնել Նոր տարուն, հասցրածն էլ լավ տեսք չունի: Դե` ոնց որ մնացածները: Իսկ մնացածներն էլ մեր պես են` մի քիչ լավ, մի քիչ վատ կդիմավորենք», ասաց Երեւանից մի երկու տասնամյակ առաջ Պառավաքար հարս գնացած Մարինեն:

Կանխիկ դրամ չլինելու առումով զրուցակիցս նշեց, թե գյուղում աշխատանք չկա: Կոնկրետ իր ընտանիքը երեխաների նպաստն է ստանում` 22 հազար դրամ, սկեսուրի թոշակը: Ու մեկ էլ խաղողի այգին է իրենց հույսը` ողջ տարին չարչարվում են, տարվա վերջին խաղողը հանձնում, յոլա գնում. «Էն էլ ամբողջ տարին էնքան պարտք է կուտակվում, որ խաղողի փողը ստանում-պարտք ենք փակում»: Այս տարի խաղողի բերքի տեսակետից բացառիկ հրաշք տարի է եղել` մոտ 8 տոննա բերք է հանձնել Մարինեի եւ Արշակի ընտանիքը, մինչդեռ ամեն տարի 3 տոննա, 4 տոննա հազիվ էին հանձնում: Այս տարի մթերման գինը 130 դրամ է եղել. «Ինչ գին էլ որոշեն` հանձնում ենք, որովհետեւ ուրիշ էլ ի՞նչ պիտի անենք»:

Խաղողից բացի` ժողովուրդը վարունգ, պոմիդոր է աճեցնում, ընկույզի ու պնդուկի ծառեր կան, խնձորի այգիներ: Մի մասը ժամանակին խաղողի այգիները կտրեց` ծխախոտ էր աճեցնում, նրանց որոշակի մասը հետո այդ այգին կտրած տեղում փորձում է ցորեն աճեցնել, բայց ոռոգման ջրի ու դրա վարձի հետ կապված խնդիր կա:

Պառավաքարում 1725 մարդ է ապրում, 367 ծուխ է: Կրակի գծում գտնվող հիմնական ճանապարհը միշտ խնդիր է եղել: Այն մի որոշ ժամանակ փակ էր` ադրբեջանցիների կրակոցից զոհ եւ վիրավորներ էին եղել, դրանից հետո գյուղի հիմնական ճանապարհը փակել էին, թե` վտանգավոր է: Կա մի ճանապարհ էլ` Կարմիրով, դրան Սարի ճանապարհ են ասում, բայց դա շատ վատ ու անհարմար ճանապարհ է. «Մեր հիմնական ճանապարհով էինք ուզում գնալ, ու ժողովուրդը զոռով էդ փակ ճանապարհով սկսեց նորից տեղաշարժվել: Մերոնք ասում էին` էս քսան տարի էդ ճանապարհը վտանգավոր է, էնքան միջադեպեր են եղել, այն ժամանակ ինչո՞ւ չէիք փակում: Մեզ արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է, որով Իջեւան, Դիլիջան ու Երեւան ենք գնում-գալիս:Հիմա ձյուն չկա համարյա` մի քիչ է նստած, ճանապարհը բաց է, ուղղակի շատ որ ցուրտ է, սառույց է, բայց մենք գնում ենք: Ուզում էին մեր գյուղերի արանքով մի ճանապարհ բացեին` բոլոր գյուղապետերը ստորագրեցին, մերը` ոչ, ապրի մեր գյուղապետը: Ասաց` գոնե մեր գյուղի ժողովուրդը թող դրսի հարմար ճանապարհով գա-գնա: Առանց դրա էլ` Կարմիրի ճանապարհը որ ձյունը փակում է` մյուս գյուղերն էլ, որ համաձայնել էին ներքին ճանապարհով գնալ, իրենք էլ են մեր ճանապարհից օգտվում»:

Ջուրը հիմա երկու օրը մեկ տալիս են, հայտնեց Մարինեն, սառել էր մի 10 օր. «Մենք ջուր չեղած օրերին անտառից սարերի ջուրն էինք բերում, որ մաքուր է, իսկ խողովակաշարի ջուրը նստվածքով է, խողովակաշարը շատ հին է, նորոգում են` ծակվում է», պատմում է Մարինեն:

Գյուղը գազիֆիկացված է, բայց շատերը փայտ են վառում, փայտն էլ դժվարությամբ է գտնվում: Գյուղում տները մեծ են սարքված, գազով հնարավոր չէ տաքացնել, ծախսի տակից գյուղացին չի կարող դուրս գալ. «Մի տարի ձմեռը գազի վառարան էինք դրել` ամեն ամիս 27-30 հազար մուծում էինք, դեռ չէր էլ տաքացնում: Մեծամանությունը փայտ է վառում»:

Առեւտուրը գյուղի խանութներից են անում` ահագին խանութներ կան. «Մի տասը խանութ ունենք` գյուղի հյուրերը միշտ զարմանում են խանութների առատությունից:

Բայց նպաստի, թոշակի օրերին ժողովուրդը գնում է Բերդ շրջկենտրոն, առեւտուր անում եմ մի 15 օրվա համար»:

Աշխատանք որ չկա գյուղում` փակ դռներ շատ կան, գյուղի աշխատունակ բնակչության մեկ երրորդը երեւի արտագնա աշխատանքի է, երեք-չորս տնից մեկում մեկնած կա: Մարինեի ամուսնու եղբայրը հենց նախորդ օրն էր վերադարձել ՌԴ մայրաքաղաքից, ուր շինարարության վրա էր աշխատել: Ու դեռ չէին էլ վճարել, ասել էինՙ դու գնա, երբ գումար եղավ` կուղարկենք: Ջահելությունը, որ աշխատանք չունի` աչքը դուրսն է: Այ, որ գյուղում թեկուզ չրի արտադրության մի գործարան լիներ` այդքան գուցե դեմ չընկնեին: Այն ընտանիքներն են շահեկան վիճակում, որտեղ մի քանի աշխատող կա` նրանց ձեռքին գումար կա: Գյուղում աշխատատեղերը գյուղապետարանում, դպրոցում, մանկապարտեզում են ու այդքան...

Գյուղն աշխարհին կապողը տաքսիներն են. մինչեւ շրջկենտրոն մի «Գազել» երբեմն աշխատում է, տաքսիները 1500 դրամով են տանում- բերում, 3500 դրամով տաքսին Երեւան է գալիս:

Դե, մի խոսքով` Մարինեի պատմածով Պառավաքարն իր տեղում է` ոչ մի տեղ չի փախել, նրա պրոբլեմներն իրենց տեղում են, լավով-վատով ապրում են, իսկ Նոր տարին կդիմավորեն նրանով, ինչ ունեն, առանց մայրաքաղաքին պատած շռայլությունների ու սեղանները մեծ առատությամբ լցնելու մրցավազքի: Պառավաքարցու հոգին է մեծ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #222, 19-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ