RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#221, 2013-12-18 > #222, 2013-12-19 > #223, 2013-12-20 > #224, 2013-12-21 > #225, 2013-12-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #223, 20-12-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-12-19 23:35:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 982, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ԼԻԲԱՆԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂԸՙ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑԻ ՄԱՍԻՆ

Հ. Ծ.

Ռամկավար Ազատական կուսակցության «ՌԱԿ մամուլ» օնլայն պաշտոնական կայքը հրատարակել է լիբանանցի սննդաբան Քերոլ Սաադի «Հայաստանի համը» խորագրով հոդվածը, որտեղ նա հիացմունքով է արտահայտվում հայկական խոհանոցի ամենատարբեր արժանիքների մասին:

Նա իր հոդվածը սկսում է Ջորջ Բեռնարդ Շոուի «Չկա ավելի անկեղծ սեր, քան սերը ուտելիքի նկատմամբ» խոսքերով եւ մեկ առ մեկ քննարկում հայկական ճաշատեսակների բաղադրամասերը, բուրմունքն ու անմոռանալի համը: Նա չի մոռանում նաեւ նշել սեղանի շուրջը ստեղծված ջերմ, ընկերական մթնոլորտի մասին: Ինչպես որոշ այլ վայրերում, Հայաստանում եւս տան պատրաստված ճաշը անգերազանցելի է, ըստ նրա: Ոչ մի ռեստորան չի կարող մրցել դրա հետ: Սեղանը լի է ճաշատեսակներով եւ վիրավորական կարող է համարվել, եթե ամեն ինչ չհամտեսես: Ճաշատեսակները պատրաստվում են ըստ եղանակների, օգտագործելով թարմ միսը, բանջարեղենը, մրգերը եւ կանաչեղենը: Իսկ դրանք զարմանալիորեն առատ են Հայաստանում, գտնում է նա, առանձնացնելով մրգերի մեջ հատկապես դեղձն ու ծիրանը: «Այս վերջինը Մեծն Ալեքսանդրը մ.թ.ա. 4-րդ դարում Հայաստանից Հունաստան է բերել, որտեղից էլ հետագայում անցել է Հռոմ», գրում է նա:

Սաադը հիացմունքով է խոսում հատկապես ընկույզով եւ սխտորով համեմված սմբուկի, խաշի եւ տոլմայի մասին: Իսկ որպես յուրահատուկ հայ առանձնացնում է լավաշը, որն «ունի 12 հազար տարվա անփոփոխ պատմություն»:

«Շատ բանաստեղծներ գովերգել են հայերի կենսունակությունը, հյուրասիրությունը եւ աշխատասիրությունը: Այս բոլորը կարելի է գտնել հայկական խոհանոցում: Հակառակ տեղահանությունների եւ ողբերգական իրադարձությունների, նրանք պահպանել են իրենց բարոյական արժանիքներն ու ավանդույթները եւ ստեղծել փոքրիկ Հայաստաններ աշխարհի տարբեր ծայրերում», եզրակացնում է հոդվածագիրը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #223, 20-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ