RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#222, 2013-12-19 > #223, 2013-12-20 > #224, 2013-12-21 > #225, 2013-12-24 > #226, 2013-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #224, 21-12-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-12-20 23:20:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 1090, Տպվել է` 47, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՄԵԾ ԱՍՈՒԼԻՍԸ

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգի» հատուկ թղթակից

Դեկտեմբերի 19-ին Մոսկվայի Միջազգային առեւտրի կենտրոնի շենքում տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի թվով 9-րդ մեծ մամուլի ասուլիսը, որին մասնակցելու համար Ռուսաստանից եւ այլ երկրներից հավատարմագրվել էին զանգվածային լրատվության միջոցների ավելի քան 1.300 ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ` Մոսկվայում «Ազգի» հատուկ թղթակից Գոհար Բոտոյանը:

Ասուլիսը մեկնարկեց ժամը 12.00-ին եւ նախատեսված էր անցկացնել մեկուկես ժամից ոչ ավելի, սակայն աննախադեպ մեծ հետաքրքրություն առաջացրած այդ հանդիպումը տեւեց ավելի քան 4 ժամ, ինչը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անվանեց «նախագահի մեծահոգության արտահայտություն»:

Հատկանշական եւ, կարծում եմ, Հայաստանի համար եւս չափազանց ուսանելի եւ ընդօրինակման արժանի էր ոչ միայն երկրի նախագահի համար կազմակերպված ասուլիսի մասշտաբայնությունը, որին մասնակցում էին տարածաշրջանի եւ մի շարք այլ երկրների (առանց բացառության եւ խտրականության) լրատվամիջոցների ներկայացուցիչներ, այլ նաեւ հանդիպման օնլայն` առցանց ձեւաչափը, որը ուղիղ հեռարձակվում էր ինչպես ռուսական «Առաջին», «Ռոսիա-1», «Ռոսիա-24» ալիքներով, այնպես էլ youtube-ի ինտերնետային ցանցով:

Իսկ դահլիճում, հանդիպման սկզբից մինչեւ ավարտը, ավելի քան 4 ժամ շարունակ, ձեռքերի անտառ էր եւ հարցերի տեղատարափ, որոնց պատրաստակամորեն եւ համբերատար պատասխանում էր Ռուսաստանի նախագահը:

Վլադիմիր Պուտինին ուղղված հարցերը ընդգրկում էին ամենատարբեր ոլորտները` Ռուսաստանի ներքաղաքական կյանք, քաղաքական զարգացումներ, տարածաշրջանային հակամարտություններ... Մասնավորապես, հարցեր հնչեցին ռուս-ամերիկյան հարաբերությունների, ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի, սիրիական հակամարտության, Ուկրաինայում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի, Վրաստանի հետ հետագա հարաբերությունների, Սոչիում կայանալիք օլիմպիադայի, երկրի Սահմանադրության 20-ամյակի կապակցությամբ համաներման եւ շատ ու շատ այլ հարցերի վերաբերյալ:

«Ազգի» թղթակցին, ցավոք, այդպես էլ չհաջողվեց հնչեցնել հարցը, քանի որ Վլադիմիր Պուտինը դահլիճում «անկանխատեսելի» էր եւ ամեն անգամ «ձեռքերի անտառից» ինքն էր մատնացույց անում լրագրողներին: Իսկ մեր հարցն այսպիսին էր. «Մեծարգո պարոն նախագահ, դեկտեմբերի 12-ին Դաշնային Ժողովին ուղղված Ձեր ամենամյա ուղերձում անդրադառնալով աշխատանքային խմբերի կողմից «Ճանապարհային քարտեզի» նախապատրաստման աշխատանքներին, ինչին պետք է հաջորդի Հայաստանի` Մաքսային միությանն անդամագրվելու գործընթացը, վստահություն եք հայտնել, որ եվրասիական ինտեգրացիան ոչ միայն նոր հեռանկարներ կբացի անդամ-երկրների համար, այլ նաեւ` մեծ հետաքրքրություն կառաջացնի հարեւան երկրների համար, այդ թվում նաեւ Ուկրաինայի: Ասացեք, խնդրեմ, Մաքսային միության անդամ դառնալու հանգամանքը, կոնկրետ Հայաստանի դեպքում, որքանո՞վ եւ ի՞նչ քայլերով կբարելավի ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը: Կարո՞ղ եք մեկ-երկու խոսուն փաստեր մատնանշել, որոնք, կարծում եմ, տեսանելի եւ շոշափելի կլինեն հասարակ ժողովրդի, այդ թվում նաեւ` Ձեր մատնանշած հարեւանների համար» :

Ինչեւէ, Հայաստանին վերաբերող հարցը չհնչեց, բայց փոխարենը` Վլադիմիր Պուտինը անդրադառնալով ռուս-վրացական կնճռոտ խնդրին, նշեց, որ իր վերաբերմունքը Վրաստանի ղեկավարության հանդեպ փոխվել է, իսկ վրաց ժողովրդի հանդեպ` ոչ. «Վրաց ժողովրդի նկատմամբ նույնիսկ պատերազմական շրջանում վերաբերմունքը բարեկամական է եղել, որովհետեւ մենք խոր մշակութային եւ հոգեւոր կապեր ունենք»: Վլադիմիր Պուտինը չթաքցրեց, սակայն, որ երկու երկրների միջեւ կա խնդիր, որը ռուսական կողմի մեղքով չի ծագել: «Մենք չենք պատերազմը սկսել, դա այժմ արդեն բոլորն են ընդունում: Ձեւավորվել է մի իրականություն, որը մենք չենք կարող անտեսել: Բայց նաեւ չենք կարող անտեսել այն ազդակները, որ գալիս են վրացական նոր իշխանությունների կողմից»: Պուտինը հայտարարեց, որ հարաբերությունները վերականգնելու ճանապարհին արդյունավետ միջոց կարող է դառնալ վիզային ռեժիմի վերացումը. «Դա կօգնի մարդկանց շփվել մեկմեկու հետ, ինչպես նաեւ ՌԴ-ում գործող վրացական ձեռնարկություններին եւ պայմաններ կստեղծի հարաբերությունների հիմքային եւ վերջնական կարգավորման համար»:

Ասուլիսի ընթացքում Պուտինը բացատրել է նաեւ Ուկրաինային 15 միլիարդ դոլար տրամադրելու պատճառը. «Ռուսաստանը բազմամիլիարդանոց օգնություն է տրամադրել Ուկրաինային, քանի որ երկու երկրներին կապում են բարեկամական հարաբերությունները: Մենք Ուկրաինայի հետ համագործակցելու որոշում ընդունել ենքՙ մի կողմից ելնելով մեր առանձնահատուկ հարաբերություններից, մյուս կողմից առաջնորդվելով ուկրաինացի ժողովրդի շահերով եւ իրատեսական հաշվարկներով: Ինչո՞ւ ոչնչացնել մեր հիմնական գործընկերոջը: Եթե մենք Ուկրաինային եղբայրական երկիր ենք համարում, ապա պարտավոր ենք օգնել այդ դժվարին պահին, քանի որ տնտեսապես երկիրը շատ ծանր վիճակում է հայտնվել»:

Անդրադառնալով Իրանի միջուկային խնդրին եւ դրա վերջնական հնարավոր լուծմանըՙ ՌԴ նախագահը հայտարարել է. «Իրանական միջուկային հարցում գրանցված առաջընթացը կապված է մեծապես ԱՄՆ ադմինիստրացիայի պրագմատիկ դիրքորոշման հետ: Չի կարելի մոռանալ, որ Միացյալ Նահանգների ադմինիստրացիան ներկա պահին գտնվում է տարբեր ուժերի ճնշման տակ, այդ թվումՙ ԱՄՆ Կոնգրեսի, որն այս հարցում հակված է Իսրայելի դիրքորոշմանը»: Պուտինի խոսքովՙ Իրանը տարածաշրջանի առաջնահերթային գործընկերներից մեկն է Ռուսաստանի համար: «Մենք նպատակ ունենք բոլոր ուղղություններով զարգացնել հարաբերություններն Իրանի հետ: Ինչ վերաբերում է Իրանի դեմ գործող պատժամիջոցներին, ապա դրանց կիրառման վերաբերյալ որոշումը շատ անարդյունավետ որոշում է: Այն խնդրի լուծման հարցում ոչ մի լավ բանի չի բերի: Հույս ունեմ, որ իմ հայտարարությունները չեն խանգարի մեզ իրանական խնդրի լուծման տարբերակներ գտնելուն: Իրանցի ժողովուրդն իրավունք ունի զարգացնել իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներով, եւ միջազգային հանրությունն իրավունք չունի Իրանից խտրական բնույթի սահմանափակումներ պահանջել»:

Ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահին հարց ուղղվեց նաեւ տպագիր մամուլի առջեւ ծառացած դժվարությունների մասին` մամուլն այսօր մի կերպ է դիմակայում էլեկտրոնային լրատվամիջոցներին ու հեռուստատեսությանը, առանց պետական հոգածության եւ աջակցության թերթերն այլեւս ի վիճակի չեն հոգալու իրենց ծախսերը, մամուլի կրպակները չեն ցանկանում թերթեր վերցնել իրացնելու համար, փորձառու եւ տաղանդավոր լրագրողները մնում են անգործ... ցավոտ խնդիրներ, որոնք, ըստ «Собеседник» շաբաթաթերթի լրագրողուհու` ներկայումս համընդհանուր են ամբողջ աշխարհում: «Բայց չէ որ Ռուսաստանը տպագիր մամուլի մեծ ավանդույթներ ունեցող երկիր է, որտեղ շատերը, ցավոք արդեն` ավագ սերնդի ներկայացուցիչները, սիրում են կարդալ հատկապես տպագիր խոսքը»: Ի դեպ, լրագրողուհին նաեւ մի հետահայաց դիպված հիշեց. «Собеседник»-ը գունավոր շաբաթաթերթ է, սակայն 30 տարի առաջ ստեղծված թերթի առաջին համարը լույս է տեսել սեւ-սպիտակ, քանի որ այդ օրը մահացել էր Անդրոպովը:

ՌԴ նախագահը որոշ նշումներ կատարեց եւ խոստացավ վերստին ուսումնասիրել տպագիր լրատվամիջոցներին առնչվող հարցերն ու դժվար կացությունը մեղմելու ելքեր գտնել:

Հուսանք, որ մի գեղեցիկ օր էլ Հայաստանում նույնպես բարձր մակարդակով կբարձրաձայնվեն նման ելքեր գտնելու տարբերակները...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #224, 21-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ