RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#224, 2013-12-21 > #225, 2013-12-24 > #226, 2013-12-25 > #227, 2013-12-26 > #228, 2013-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #226, 25-12-2013



Տեղադրվել է` 2013-12-24 23:11:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 1394, Տպվել է` 32, Ուղարկվել է էլ.փոստով` 24

Ո՞Վ Է ԼՐԱԳՐՈՂԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Ես կնախընտրեի քաղաքական պաստառների փոխարեն տեսնել ավելի որակյալ լրագրություն, լրագրողական հետաքննություններ նույն գազային համաձայնագրերի մասին», առաջիններից մեկը Ազգային ժողովում լրագրողների քաղաքացիական ակտիվությանն արձագանքեց Media.am-ի լրագրող Գեղամ Վարդանյանը : Հրապարակմանն արագ արձագանքեցին այլ լրագրողներ եւ փորձագետներ ու բազմաթիվ տեսակետներ հայտնվեցին: Լրագրողների ու փորձագետների մի մասը պնդում էր, որ այն պահից, երբ լրագրողը քաղաքականությամբ է զբաղվում, այլեւս լրագրող չէ, մյուս մասը գտնում էր, որ լրագրողը եւս քաղաքացի է, ու երբ երկրի քաղաքացիների ճակատագիրն է որոշվում, նա անտարբեր լինել չի կարող:

Ուրախալի է փաստը, որ սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներով երեկ բավական քննարկվեց լրագրողների պահվածքն Ազգային ժողովում, գազային համաձայնագրի քվեարկության ժամանակ: Խոսակցությունը բազմաշերտ ստացվեց, ինչը եւս ուրախալի է, քանի որ անկախ լրագրողական էթիկայի վարքականոններից եւ օրենքներից` երեւի պետք է բախվել կյանքի համանման իրավիճակների, հասկանալու համար, թե ո՞ր բովանդակությունն է քեզ մոտ ավելի ընդգծված` լրագրողական-մասնագիտական, թե՞ քաղաքացիական: Եվ միգուցե այդպիսի իրավիճակը ճակատագրական դառնա լրագրողի համար, քանի որ կմղի որոշում կայացնելու` լրագրությունն իր համար նեղ է հարցեր լուծելու համար, ինքը պետք է քաղականությամբ զբաղվի, իսկ երկուսը համատեղելը ճիշտ չէ:

Ճիշտ ասած` ես էլ եմ համաձայն երիտասարդ ժառանգական Դավիթ Սանասարյանի հետ (իր տեսակետը նա արտահայտել էր սոցցանցում), թե լրագրությունը չի բացառում ողնաշարով քաղաքացի լինել: Սակայն մի դեպքում ողնաշարով քաղաքացին քաղաքականների համար նրանք են, որոնք իրենց տեսակետներն են առաջ մղում, եւ նրանք չեն, ովքեր այդ տեսակետները սխալական են համարում: Այստեղ շատ հեռու մնացին քաղաքացին էլ, լրագրողն էլ, առաջինն այն առումով, որ բոլորը նույն բանի մասին միատեսակ չեն կարող մտածել, երկրորդն այն պատճառով, որ լրագրությունը բավարար չի համարում ճշմարտությունը բացահայտելու եւ տեղ հասցնելու, ու այդպե՛ս ազդելու որոշումների կայացման վրա:

Ու ասեմ, որ Ազգային ժողովում բողոքի պաստառներ պարզած լրագրողներից մի քանիսին անձամբ ճանաչում ու հարգում եմ (կարելի է ասել` անգամ սիրում եմ` Նարինե Իրիցյանին , Գրիշա Բալասանյանին , Տիգրանուհի Մարտիրոսյանին ): Բայց, իրոք, միթե ավելի կարեւոր չէր Արփի Մախսուդյանի արածը, որն ուղիղ եթերում էր ապահովում բոլոր քաղաքացիների տեղեկացված լինելու եւ քննարկվող հարցի վերաբերյալ տեսակետ ունենալու հնարավորությունը: Ու այս ուղիղ հարցին ուղիղ պատասխան էլ ակնկալվում է` երկրորդը, փաստորեն, ա՛յդ կերպ դրսեւորեց իր ողնաշարով քաղաքացի լինելը` մնալով լրագրող:

Ու արժե, որ այս պահն առանձնացվի, զատվի իրարից` ո՞վ է ուզում քաղաքացի լինել, ով` լրագրող, դրանք երկուսն էլ պատվաբեր են, ուղղակի պետք է ընտրել, համատեղել հնարավոր չէ, որ ոչ լրագրողը տուժի, ոչ քաղաքացին:

Մյուս կողմից` կան բացառիկ հարցեր, որոնց ժամանակ մի պահ կարող է սահմանը ջնջվել, երբ հարցը վերաբերի բոլորին ու ամենքի ճակատագրին, ու այդ բոլորի մեջ նաեւ լրագրողի: Ու գազային համաձայնագրի վավերացումը կարելի էր երկրի համար բացառիկ այդ պահը համարել` գուցե թե մի փոքր թուլանալով ու չօգտագործելով «լրագրողական էթիկա» արտահայտությունը, քանի որ ներսում պաստառ պահած լրագրողներին կարելի է հասկանալ, սակայն միեւնույն է, հարգելով, ու անգամ սիրելով նրանց` միանշանակ պատասխան կա, թե նրանցից ինչը սպասելն է ավելի լավ` մասնագիտորեն լուսաբանո՞ւմը, թե՞ քաղաքացիական ակտիվության դրսեւորումը: Այս առումով մի հետաքրքրական շեշտադրում արել էր Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը ` նշելով, թե երբեմն էթիկայի փոքրիկ խախտումը ստվերում է օբյեկտիվորեն շարադրված նյութը, ու դա շատ ավելի քննարկման թեմա է, մինչդեռ երեւի ԱԺ-ում զգացմունքային է եղել պահը, լրագրողները տրվել են զգացմունքներին եւ էթիկայի որոշ խախտումներ թույլ տվել: Բայց եւ` «լրագրողները քաղաքականությամբ չպետք է զբաղվեն` ի վերջո հավատարմագրված է որպես ԱԺ գործունեությունը լուսաբանող լրագրող»:

Իհարկե, պետք չէ ամեն ինչ ծայրահեղացնել, քանի որ լրագրողը եւս մարդ է ու ոչ թե մեքենա, ու ասենքՙ եթե այդ պահին սպանություն է կատարվում, միշտ կարող է ընտրություն կատարել` նկարահանե՞լ, թե՞ կասեցնել մարդասպանին. «Ձեր մատնանշած էթիկայի նորմերը եթե խախտել եմ, ապա արել եմ ԳԻՏԱԿՑՎԱԾ, որովհետեւ ինձ համար ավելի գերակա է պետության եւ հասարակության շահը, քան տաքուկ սենյակում փափուկ բազկաթոռի մեջ մխրճված էթիկայից խոսելը: Ներողություն եմ խնդրում, որ ձեր` լրագրության ոլորտի փորձագետներիդ ու էթիկայի մասնագետներիդ անունն ու հեղինակությունն այսօրվա իմ գործողություններով «խայտառակել» եմ: Իսկ ձեր խորհուրդներից, ցավում եմ, բայց չեմ կարող օգտվել», գրել էր «Հետքի» լրագրող Գրիշա Բալասանյանը:

Այս բացառիկ դեպքն, ի վերջո, կարելի է հասկանալ: Բայց առիթը չօգտագործել եւ ընդհանրապես ընդհանրացումներ անելու համար չենք կարող: Արդյո՞ք այս մի դեպքն է լրագրողներին մղել դուրս գալ լրագրողի կաշվից, եւ առհասարակ` Հայաստանի մեդիա դաշտում եւ նրան կից քաղաքական դաշտում իշխող բարքերը չե՞ն այս նախադեպը սնող հողը. էլ ինչու են մեր քաղաքական գործիչները բարկանում լրագրողների վրա:

Չէ՞ որ մաքուր մեդիա դաշտ Հայաստանում որպես այդպիսին, գոյություն չունի, անգամ` որպես մաքուր բիզնես գոյություն չունի: Մեր լրատվամիջոցները եւ այդպիսով նաեւ նրա լրագրողները կողմ են: Կողմ են, քանի որ համարյա բոլոր լրագրողների թիկունքում կողմեր կան` այս կամ այն քաղաքական ուժը կամ քաղաքական գործիչը: Ու դա այսպես է արդեն շատ տարիներ: Կողմերը մի կերպ են պատկերացնում կամ չեն պատկերացնում լրագրությունը` որպես այդպիսին: Նրանց կարծիքով` լրագրողը պետք է պաշտպանի իրեն սնող քաղաքական ուժի տեսակետները եւ մյուսներին ջարդի: Ու այս կացնային մեթոդներով աշխատում է ողջ լրագրողական դաշտը` չնչին բացառություններով: Լրատվամիջոցմերին պատվեր են իջեցնում այս կամ այն քաղաքական ուժի ու քաղաքական գործչի դեմ, հետո դիմացի քաղաքական ուժն է պատվեր իջեցնում այս մի քաղաքական ուժի դեմ իրեն հարող լրատվամիջոցներով, հետո այն առաջինը կանգնում ու լրագրողների մոտ բողոքում է պատվեր իջեցնողներից ու պատվեր կատարողներից: Հիմա այս պատվեր կատարողները կո՞ղմ են, թե՞ լրագրող, քաղաքականությա՞մբ են զբաղվում, թե՞ լրագրությամբ: Ու պատկերացրեք, հենց այդպիսիք են ամենից բարձր գոռում անաչառ լրատվության մասին: Առողջացրեք քաղաքական բարքերը, եւ կառողջանա լրագրողը, կմտածի ոչ թե պայքարելու, այլ միայն ու միայն մասնագիտորեն բարձր լրագրություն մատուցելու մասին, կողմ չլինելու մասին: Հիմա համատարած կողմ դարձած լրագրողներից անբնական բան է պահանջվում` չպաշտպանել, ասենք, ընդդիմության կամ իշխանության, կամ այս կամ այն օլիգարխի շահերը, պահպանել լրագրողական էթիկայի կանոնները. հավատո՞ւմ եք ձեր ասածին:

Առհասարակ` կողմ լինելու վատ սովորույթը հայ լրագրության մեջ վաղուց է առկա, եւ դրա իմպուլսը գալիս էր հենց քաղաքականությունից: Ժամանակին, երբ ընդդիմությունը առաջին նախագահի ու նրա վարչակազմի դեմ էր պայքարում` ամեն մամուլի ասուլիսի, ամեն առիթով դատափետում էր լրագրողներին, թե` ձեր օգնությամբ միայն կարող ենք հաղթանակի հասնել: Այսինքն` բացահայտ պատվեր էր իջեցնում, երբեմն չխորշելով դատապարտել այն լրագրողներին, ովքեր իրենց կողմնակիցը չէին: Եղբայր, դու դարձի՛ր գործոն, լրագրողն այդ դառնալուդ մասին կպատմի, բայց դու ուզում ես, որ չեղած տեղը լրագրողը քեզ դարձնի գործոն: Ու այդ մտայնությունը եկել է ու եկել է, ստեղծվել են «մեր» եւ «ձեր» լրագրողներ, «ընդդիմադիր» եւ «իշխանամետ» լրագրողներ, ու հավասարապես երկուսի սխալները քննադատող լրագրողը սպիտակ ագռավ է մեր մեդիա-քաղաքական սերտաճած դաշտում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #226, 25-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ