RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 28-02-2014



Տեղադրվել է` 2014-02-28 15:10:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 2622, Տպվել է` 62, Ուղարկվել է էլ.փոստով` 50

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան

«Համաշխարհային հայկական կոնգրես» հայկական հասարակական միավորումների միջազգային միությունը, որպես սփյուռքյան կազմակերպություն, խստորեն դատապարտում է «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2013թ. դեկտեմբերի 17-ի որոշումը, որում մարդու իրավունքների պաշտպանության անվան տակ անարգանք է հասցվել Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերին եւ նրանց ժառանգներին:

Դատարանն իր որոշման մեջ թույլ է տվել ձեւակերպումներ («Ցեղասպանությունը իրավական հասկացության տեսանկյունից դժվար ապացուցելի է», «Դատարանը կասկածանք է հայտնում, որ տեղի ունեցած իրադարձությունների ընդհանրական բնութագրման շուրջ կարող է գտնվել փոխընդունելի վերաբերմունք, քանի որ պատմական հետազոտությունները բաց են քննարկումների համար առանց վերջնական եզրահանգման անհրաժեշտության...» եւ այլն), որոնցում կասկածի տակ է առել պատմական անհերքելի իրողությունը, ինչի վրա կառուցել է անիրավաչափ ու հիմնազուրկ, պատմական իրողությունը խեղաթյուրող իր դատական ակտը:

Իրականում «քննարկումներ» Հայոց ցեղասպանության փաստի առնչությամբ գոյություն չունեն:

Կա Ցեղասպանության իրողության ուրացման եւ ժխտման թուրքական պաշտոնական դիրքորոշումը եւ դրանից բխող քաղաքականությունը եւ աշխարհի քաղաքակիրթ հանրության, այդ թվումՙ եվրոպական պետությունների, միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների կողմից Ցեղասպանության փաստի աներկբա ճանաչման ու դատապարտման փաստը:

Հիշեցնենք, որ «ցեղասպանություն» եզրը իրավաբանորեն ձեւակերպված է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1948թ. ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայով, որի հոգեհայր Ռաֆայել Լեմկինը որպես վերոգրյալ հասկացության համար նախահիմք եւ ամփոփ բնութագրիչներ միարժեքորեն նշում է հենց Հայոց ցեղասպանության հատկանիշները:

Հայոց ցեղասպանության իրողության առնչությամբ առկա է հսկայական վավերագրական պահոց, սկսած բազմաթիվ երկրների 20-րդ դարասկզբի պետական պաշտոնական փաստաթղթերից մինչեւ քաղաքական, հասարակական գործիչների, զինվորականների, մտավորականների, դիվանագետների, բժիշկների, միսիոներների, ինչպես նաեւՙ հրաշքով փրկված զոհերի բանավոր ու գրավոր վկայություններ, լուսանկարներ, վավերագրեր եւ այլն:

Վերջապես Հայոց ցեղասպանության փաստը ներկայումս ճանաչված է աշխարհի ավելի քան հինգ տասնյակ պետությունների խորհրդարանների ու միջազգային կազմակերպությունների, երկրների հարյուրն անցնող վարչատարածքային միավորների, նահանգային, շրջանային եւ քաղաքային խորհուրդների, համաշխարհային կրոնական ու մասնագիտական կազմակերպությունների կողմից, այդ թվումՙ ՄԱԿ-ի ռազմական հանցագործությոնների հանձնաժողովի (28.05.1948թ.), Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (10.08.1983թ.), Ցեղասպանագետների ասոցիացիայի (13.06.1997թ.), Մարդու իրավունքների լիգայի (16.05.1998թ.), Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (24.04.1998թ., 24.04.2001թ.) եւ այլն:

Եթե Դատարանը կասկածներ ուներ պատմական փաստերի, այն էՙ Հայոց ցեղասպանության իրողության առնչությամբ, նա պարտավոր էր իրականացնել համապատասխան մասնագիտական ուսումնասիրություն, հենվելով տասնյակ անվանի ու միջազգային հեղինակություն ունեցող գիտնականների, ցեղասպանագետների, իրավապաշտպանների հետազոտությունների վրա, հետազոտել գիտական աշխատություններ, գրված միջազգային իրավունքի այնպիսի մասնագետների կողմից, ինչպիսիք են Յու.Բարսեղովը, Մ.Ներսիսյանը եւ այլք: Ի դեպ, Բարսեղովի հեղինակած աշխատությունը, որը կազմված է աշխարհի 65 երկրների արխիվային փաստաթղթերից, ստեղծվել է Ռուսաստանի հայերի միության հիմնադրած Մոսկվայի Միջազգային իրավունքի եւ քաղաքագիտության ինստիտուտումՙ Համաշխարհային հայկական կոնգրեսի աջակցությամբ եւ ֆինանսավորմամբ:

Գործի համակողմանի եւ օբյեկտիվ քննության փոխարեն Դատարանը հանդես է եկել կանխակալ, ցուցաբերել է ոչ կոմպետենտ եւ ոչ պրոֆեսիոնալ մոտեցումՙ վարկաբեկելով եվրոպական արդարադատությունը:

Մենք, որպես Հայոց ցեղասպանության հետեւանքով սփյուռքում հայտնված միլիոնավոր հայերի ժառանգների մի մասը ներկայացնող համահայկական կազմակերպություն, մեր զայրույթն ու վրդովմունքն ենք հայտնում Դատարանի կողմից կայացրած որոշման դեմ:

Մենք փաստում ենք, որ եվրոպական Բարձր ատյանն իրեն թույլ է տվել աղավաղելու պատմական փաստերն ու իրողությունները, պահանջում ենք, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանը պատշաճորեն կատարի իր առաքելությունը եւ իր վրա դրված պարտականությունները, այն է ՙ ռետրոակտիվ, իրավունքի հետադարձ ուժով իրականացնել մարդու իրավունքների պաշտպանություն:

Մենք պաշտպանում ենք 2014թ. փետրվարի 17-ին Քլարկի համալսարանի Հոլոքոստի եւ ցեղասպանության ուսումնասիրման կենտրոնի պրոֆեսոր Թաներ Աքչամի եւ ավելի քան քսան գիտնականների, ցեղասպանագետների, մտավորականների կողմից Շվեյցարիայի Արդարադատության եւ ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Սիմոնետտա Սոմարուգին ուղղված Բաց նամակում արտահայտած կարծիքն ու դիրքորոշումը, միանում ենք նրանց դիմումին:

Մենք համաձայն ենք անվանի ցեղասպանագետ Լիպշտադտի այն ձեւակերպման հետ, որ «ցեղասպանության ժխտումը պատմության վերագնահատման ակտ չէ, այն փորձ է երրորդ կողմին համոզելու, որ կա այլընտրանքային պատմություն, այն դեպքում, որ այդպիսի պատմություն գոյություն չունի»:

Մենք գտնում ենք, որ Դատարանի որոշումն ու փաստարկները նպաստում են ցեղասպանության, որպես մարդկության դեմ ուղղված հանցագործության ժխտման քաղաքականությանը, բարոյազրկում են արդարադատության գործընթացը եւ կարող են մեծապես վնասել թե ճշմարտության ու արդարության հաստատմանը, թե առկա հարաբերությունների կարգավորմանն ու հաշտեցմանը:

Մենք անհրաժեշտ ենք համարում, որ Բարձր ատյանը վերանայի իր որոշումը եւ հորդորում ենք Շվեյցարիայի կառավարությանը դիմել Դատարանին այդ խնդրանքով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 28-02-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ