RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 28-02-2014



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2014-02-28 15:10:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 3334, Տպվել է` 120, Ուղարկվել է էլ.փոստով` 93

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԸՆԴՎԶՈՒՄԸ

Դողու Փերինչեքի հարցով Եվրոդատարանի որոշման առիթով հայկական շրջանակներում առաջացած ընդվզումներին միացել է Թուրքիայում Մարդու իրավունքների Ասոցիացիայի նախագահը:

«Որպես Թուրքիայում մարդու իրավունքների Ասոցիացիայի ներկայացուցիչներ գրում ենք Ձեզ այս նամակը արտահայտելու մեր հիասթափությունը մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2013 թվի դեկտ. 17¬ի որոշման նկատմամբ, որով մերժվում էր Շվեյցարական դատարանի 2007 թվի որոշումըՙ քրեականացնելու Դողու Փերինչեքի ժխտողական մոտեցումը հայերի ցեղասպանության հանդեպ: Մենք հաստատակամ եւ անվերապահորեն պաշտպանում ենք Շվեյցարիայի արդարադատության իրավունքը վերանայման ենթարկելու Եվրոպական դատարանի որոշումը», ասված է Շվեյցարական կոնֆեդերացիայի Արդարադատության եւ ոստիկանության նախարարՙ տիկին Սիմոնետտա Սոմմարուգային եւ Արդարադատության դաշնային գրասենյակի, մարդու իրավունքների միջազգային պաշտպանության եւ եվրոպական օրենքների բաժանմունքի տնօրեն դոկտ. պրոֆ. Ֆրենկ Շուրմանին ուղղված Թուրքիայում մարդու իրավունքների ասոցիացիայի նախագահՙ Օզթուրք Թուրքդողանի երկար նամակում:

Այնուհետեւ մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է.

Որպես Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպաններ, մենք անմիջականորեն ականատես ենք լինում, թե ինչպես Փոքր Ասիայում հայերի եւ այլ քրիստոնեական փոքրամասնությունների հանդեպ գործադրված ցեղասպանության ժխտումը սկզբից եւեթ առաջացրել է հակա¬ժողովրդավարական մի գործընթաց, որով թույլատրվում է ռասիստական ատելություն սերմանել, այդ ատելության հիման վրա ոճրագործություններ կատարել եւ ազատ արտահայտվելու եւ ընդհանրապես մարդու իրավունքների խախտումներ իրականացնել:

Թուրքիայի հաջորդական կառավարությունների, ծայրահեղ ազգայնականների եւ երկրի պաշտոնական դիրքին հավատարիմ քաղաքացիների համար ժխտումը չի նշանակում սոսկ «մենք չենք կատարել այն» կամ «ինչ¬որ կատարել ենքՙ ցեղասպանություն չէ»: Այստեղ Թուրքիայում ժխտումը նշանակում է քրեականացնել զոհերին եւ խրախուսել ատելությունը հայերի նկատմամբ: Այլ խոսքերովՙ ժխտումը դառնում է ցեղասպանության եւ Թուրքիայում ցեղասպանական մտադրությունների շարունակությունը: Ցեղասպանությունը ժխտելու համար կառավարությունը առաջ է քաշում եւ հանրությանը ստիպում հավատալ.

(I) որ հայերն են մեղավոր, եւ հուսկ ուրեմն արժանի են դրան, ինչն ստացել են,

(II) որ հայերը թուրք ժողովրդի թշնամիներն են,

(III) որ հայերը թիկունքից հարվածեցին օսմանցիներին եւ թուրքերին: Նրանք դավաճան են եւ ինչ կատարվել է նրանց հետ պատերազմի ժամանակ, անհրաժեշտություն էր Թուրքիայի վերապրումի համար,

(IV) որ հայերը, երկրի ներսում թե դրսում, դեռեւս սպառնալիք են Թուրքիայի հանրապետության եւ թուրքերի համար:

Այնպես որ, ժխտումը սոսկ պասսիվ դիրքորոշում չէ, այլ ակտիվ գործողություն, ագրեսիա, որն ստեղծում է ռասիստական մթնոլորտ եւ որը հղի է բռնություններով: Սա ճանապարհ է հարթել այն բանի համար, որ հայերին Թուրքիայում դիտեն որպես «հինգերորդ շարասյուն» հանրապետության ամբողջ պատմության ընթացքում, որ նրանց խտրականության ենթարկեն եւ ստիպեն նրանց ապրելու հավիտենական վախի մթնոլորտում: «Հայ» բառը անեծք է դարձել, եւ այնքան տարածվել, որ 1997¬ին անգամ ներքին գործերի նախարարն է օգտագործել այն (խոսքը Մերալ Աքշենետի մասին է): «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր եւ մարդու իրավունքների պաշտպան Հրանդ Դինքը սպանվեց սառնասրտորեն 2007-ին, չնայած նա միշտ ատելության դեմ էր եղել եւ համերաշխության պաշտպան»:

Նամակում օրինակները շարունակվում են, հիշատակվում շարքային Սեւակ Շահին Բալիքչիի անունը, ով սպանվեց 2011 թվի ապրիլի 24-ին, եւ մանրամասներ 2012-ի փետրվարի 26-ին Թաքսիմ հրապարակում տեղի ունեցած հակահայկական ցույցից, որտեղ հակահարված էր տրվում «Մենք բոլորս հայ ենք» կարգախոսին, եւ վերջում ահազանգ հնչեցնում, որ Դողու Փերինչեքի արդարացումը հայերի հանդեպ ատելություն է առաջացրել Թուրքիայում: «Թալեաթ փաշա կոմիտեն» երկար տարիներ հետո 2014 թվի հունվարի 19-ին (Հրանդ Դինքի սպանության օրը) առաջին անգամ նիստ է գումարել, որի հաղորդագրության մեջ ասված է. «Սա միայն սկիզբն է: Նոր հաղթանակները ճանապարհին են»: Հաղորդագրությունը ապատեղեկատվության պատճառ է դարձել: Ընթերցողներն այնպես են հասկացել, թե իբր Եվրոդատարանի որոշմամբ հերքվել է հայերի ցեղասպանության փաստը:

«Այս բոլորը հաշվի առնելով, մենք ցանկանում ենք հավաստել, որ Շվեյցարիայի դատարանի որոշումը մի քայլ էր պաշտանելու մեզ բոլորիս, ամբողջ մարդկությանը ռասիզմից, եւ մենք ի սրտե պաշտպանում ենք նրա իրավունքը հակադրվելու Եվրոդատարանի 2013 թվի դեկտ. 17¬ի որոշմանը», եզրակացնում է Թուրքիայում Մարդու իրավունքների ասոցիացիայի նախագահ Օզթուրք Թուրքդողանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 28-02-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ