RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 28-02-2014



Տեղադրվել է` 2014-02-28 15:10:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 2706, Տպվել է` 62, Ուղարկվել է էլ.փոստով` 53

ԱՌԱՆՑ ՀԱՆՑԱԳՈՐԾ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԴԱՏԵԼՈՒ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ ԵՆ

Զորի ԲԱԼԱՅԱՆ

1988 թվականի մարտի 2-ի վաղ առավոտյան Հայաստանի կոմկուսի Կենտկոմ հրավիրեցին «մտավորականության մի քանի ներկայացուցիչների»։ Հեռախոսով հայտնեցին, թե մեզ հետ ցանկանում են հանդիպել իրՙ Գորբաչովի կողմից գործուղված Վ.Ի.Դոլգիխը եւ Ա.Ի.Լուկյանովը։ Հանդիպումը կայացավ Կենտկոմի առաջին քարտուղար Կ.Ս.Դեմիրճյանի աշխատասենյակում։ Աշխույժ, առանց որեւէ նախերգանքների, սկսեց Վլադիմիր Իվանովիչ Դոլգիխը. «Դե, ի՛նչ, ա՞յս էիք ուզում»։ Հավանաբարՙ մենք առաջինն էինք, ովքեր իմացան «սումգայիթի» մասին։ Դոլգիխը ներկայացրեց ահավոր թվեր։ Ես մտածեցի այն մասին, որ ոչ մի կերպ չեմ կարողանում խորանալ այդ տեղեկատվության իմաստի ու էության մեջ։ Առանձնապեսՙ «ա՞յս էիք ուզում» լկտի հարցի իմաստի ու էության։ Սակայն շփոթմունքս վայրկյանից էլ քիչ տեւեց։ Չէ՞ որ մեզ հետ խոսում էր ոչ թե ինչ-որ պատահական մեկը, այլՙ Քաղբյուրոյի անդամության թեկնածուն, ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարը. «Երեկ չէ առաջին օրը,- ասաց նա,-Սումգայիթում, որ Բաքվի արվարձանում է, սկսվել են անկարգություններ, որոնց արդյունքում կան մարդկային զոհեր։ Մոտ քսան մարդ սպանված է, տասներկուսըՙ բռնաբարված։ Հրկիզվել, ավերվել, թալանվել են ավելի քան երկու հարյուր բնակարաններ։ Այրվել են հարյուրավոր ավտոմեքենաներ, խանութներ, կրպակներ»։ Եվ զայրույթի, կարեկցանքի, ցավակցության կարծես թե բնական ցուցաբերման փոխարենՙ ահա նման մեղադրանք. «Ա՞յս էիք ուզում»։ Ասես այդ ողջ մղձավանջը մեր ընդհանուր պետության մեջ չէր տեղի ունեցել։

Նույն օրը Երեւան սկսեցին ժամանել վիրավոր, բզկտված, հաշմված փախստականներ Սումգայիթից։ Երեկոյան կողմ մենք արդեն 20-րդ դարավերջի հերթական հայոց ցեղասպանության շատ մանրամասների տեղեկացանք։ 72 ժամ շարունակ, ամբողջ երեք օր, գիշեր ու ցերեկ իրագործվել էր հայերի կազմակերպված ցեղասպանություն, ինչպես որ դա արվել էր 1915 թվականին, Օսմանյան կայսրությունում։ Ինչպես որ դա եղել էր 19-րդ հարյուրամյակի 90-ական թվականներին, Կոստանդնուպոլսում, 1909 թվականինՙ Ադանայում։ Սումգայիթում սպանել, ողջակիզել, բռնաբարել, թալանել էին բացառապես ըստ ազգային պատկանելության սկզբունքի։ Իսկ ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղարը մեկ ամիս անց, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1988 թվականի հուլիսի 18-ի նիստում ողջ երկրով մեկ կրկնեց, թե «Սումգայիթում խուլիգանների կողմից կազմակերպված ողբերգությունը տեղի չէր ունենա, եթե զորքերը չուշանային երեք ժամով»։

Ականատեսները պատմում են, որ անպատժելիությունը մարդասպաններին ժամառժամ ավելի լկտի ու ավելի «թուրքաբարո» էր դարձնում։ Պատահական չէ, որ ամենից շատ զոհեր եւ ջարդեր գրանցվեցին հենց չորրորդ օրըՙ փետրվարի 29-ին։ Եթե Տուլայի օդադեսանտային դիվիզիայի 137-րդ ռյազանյան գունդը փետրվարի 29-ին վերջապես չհասներ Սումգայիթ, ապա զոհերի թիվը անհաշվելիորեն կաճեր։ Գնդապետ Ալեքսանդր Լեբեդը, որ մարտի սկզբին դիվիզիայի հրամանատարն էր, Սումգայիթ ժամանեց, երբ օդում դեռ խանձրահոտ էր կանգնած։ Գեներալ Լեբեդի առաքելությանը մենք դեռ կանդրադառնանք։

Սումգայիթյան ջարդերին հաջորդած առաջին օրերին Ադրբեջանական ԽՍՀ-ի ղեկավարությունը շոկի մեջ էր։ Տրամաբանությունից ելնելով, նրանք սպասում էին գոնե ինչ-որ քաղաքական գնահատականիՙ կազմակերպական եւ իրավական եզրակացություններով։

Սակայն բառացիորեն մեկ օր անց, ասես պայմանավորված, կենտրոնական թերթերն սկսեցին շնչակտուր գրել բացառապես «Լեռնային Ղարաբաղի եւ նրա շուրջ իրադարձությունների մասին»։ Ավելի շատ գրում էին ժողովուրդների բարեկամության մասին։ Կենտրոնական հեռուստատեսությամբ ցուցադրեցին այսպես կոչված «ուրախ» հարսանիք։ Փեսան ադրբեջանցի էր, հարսըՙ հայուհի։ Նորապսակ «արտիստները» խցիկի առջեւ արտասանում էին բոցաշունչ ինտերնացիոնալ ճառեր։ Հանցագործության հետքերը քողարկելու առումով առանձնակի ակտիվություն հանդես բերեց ԽՍՀՄ Դատախազությունը։ Ավելի ու ավելի հաճախ էին կրկնում. «Եղել են զոհերՙ տարբեր ազգերի ներկայացուցիչներից»։ Զանգվածային սպանությունների օրը «Սումգայիթի կոմունիստ » թերթը (1988թ. փետրվարի 28) առաջնորդող հոդվածում գրում էր. «Ինչպես սումգայիթցիների, այնպես էլ մեր հանրապետության բոլոր աշխատավորների շրջանում ջերմ արձագանք գտավ ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Գորբաչովի դիմումը աշխատավորներին, Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդներին։ Հազարավոր մարդիկ լսեցին այն աշխատանքային օրվա կեսինՙ քննարկելով աշխատավայրում եւ տանը, գործընկերների եւ բարեկամների հետ։ Բառացիորեն մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ հաղորդվեց Միխայիլ Գորբաչովի դիմումը, սկսեցին խմբագրություն գալ տարբեր ազգությունների մարդիկ»։ Այդ փարիսեցիությունն ու ցինիզմը շարունակվեցին բոլոր հաջորդ օրերին։ Իսկ 1988 թվականի մարտի 4-ին նույն թերթը տեղեկատվություն հրապարակեց այն մասին, որ ստեղծվել է կառավարական հանձնաժողովՙ Ադրբեջանական ԽՍՀ-ի Մինիստրների խորհրդի նախագահ Սեիդովի գլխավորությամբ։ Լուծվում են բոլոր հարցերըՙ կապված «բնակելի շենքերի (որտեղ արդեն չկային հայ տանտերերը) եւ հասարակական շինությունների վերանորոգման հետ կապված»։ Ահա այդ «բոլոր հարցերն» էին լուծվում այն ժամանակ, երբ քաղաքի ասֆալտի վրա դեռ չէր չորացել անմեղ զոհերի արյունը։

Բաքվի կուսակցական եւ կոմերիտական թերթերում տպագրվում էին նյութեր, որտեղ հայի կերպարը ներկայացվում էր որպես Ադրբեջանի երդվյալ թշնամի։ Իսկ ջարդերի մասնակիցների մեղքը բացատրվում էր նրանով, որ «Սումգայիթը վերածվել էր էկոլոգիական դժոխքի»։ Եվ արդեն բոլորովին սանձարձակվեցին, երբ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նիստում Գորբաչովը, ամբողջովին մերժելով «ցեղասպանություն» տերմինի գործածումը «սումգայիթի» նկատմամբ, ողջ երկրով մեկ արտաբերեց. «Ցեղասպանությունը կազմակերպված հանցագործություն է, իսկ Սումգայիթում գործել են միայն հասարակության թափթփուկներ»։ Եվ սա ասում է մի պետության ղեկավար, որը վավերացրել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած համաձայնագիրը «Ցեղասպանության հանցագործության կանխման եւ դրա համար պատիժ կրելու մասին»։ Իսկ չէ՞ որ այնտեղ ընդգծվում է, որ «ցեղասպանություն ասելով հասկացվում են հետեւյալ գործողությունները, որոնք կատարվում են որեւէ ազգային, ռասայական կամ կրոնական խմբի լիակատար կամ մասնակի ոչնչացման նպատակով. նման խմբի անդամների սպանություն, լուրջ մարմնական վնասվածքների կամ մտավոր խանգարման պատճառում նման խմբի անդամներին»։

Որպես փաստարկ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահը վկայակոչում էր նաեւ զոհերի թիվը։ Իբր, երեսուներկու սպանվածները քիչ են։ Մինչդեռ, համաձայն Գլխավոր ասամբլեայի հռչակագրի, «քանակական բնութագիրը որոշիչ չէ ցեղասպանության սահմանման համար։ Ցեղասպանություն է համարվում ազգային խմբի մի քանի ներկայացուցիչների սպանությունը, եթե այդ սպանությունը կատարված է տվյալ ազգային խումբը որպես այդպիսին ոչնչացնելու նպատակով»։ Այնպես որՙ հայերի զանգվածային սպանությունները, զանգվածային ճնշումները եւ արտաքսումները պատմական հայրենիքից, որն ընդգրկված էր Խորհրդային Ադրբեջանի կազմում, ինչպես նաեւ Սումգայիթից եւ Բաքվից, համաձայն բոլոր միջազգային օրենքների որակվում է որպես ցեղասպանություն։ Իսկ դա նշանակում է, որ պետք էր դատել հայերի ցեղասպանության կազմակերպիչներին եւ կատարողներին։

1988-1989 թվականների Բաքվի հակահայկական ցույցերում կոչ էին անում. «Պետք է ողջ Ադրբեջանը, Նախիջեւանը, Ղարաբաղը մաքրել հայերից, որպեսզի նրանց զրկենք վրեժ լուծելու հնարավորությունից»։ Ահա այսպիսի համամտություն հանդես բերեցին «սումգայիթի» կազմակերպիչները երիտթուրքական գաղափարախոսության ջատագովներից մեկիՙ Բահաէդդին Շաքիրի հետ, որը 1915 թվականի հայերի ցեղասպանության հրեշավոր ծրագրի քննարկման ժամանակ նախազգուշացրել էր. «Մենք ստանձնել ենք շատ ծանր, պատասխանատու պարտավորություն եւ եթե չկատարենք այն մինչեւ վերջ, ապա վստահ եղեք, մենք չենք խուսափի հայերի վրեժխնդրությունից»։ Ինչպես հայտնի է, հենց այդ չարաղետ միտքը ուսումնական ձեռնարկ դարձավ հիտլերականների համար, որոնք կազմակերպեցին հոլոքոստը։

Ինչ վերաբերվում է գորբաչովյան ուշացմանը Սումգայիթում ընդամենը երեք ժամով, ապա կբերեմ փաստեր, որոնք ինձ է փոխանցել գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Լեբեդը 1996 թվականին, նախագահ Ելցինին կից Անվտանգության խորհրդի քարտուղարի իր աշխատասենյակում։ Աշխատելով «Տերության համար եմ ցավում» գրքի վրա, նա մանրակրկիտ հավաքել է մեծաքանակ նյութեր Բաքվի եւ Սումգայիթի իրադարձությունների վերաբերյալ։ Ահա այդ փաստերը։

Արդեն փետրվարի 26-ի կեսօրին ԽՍՀՄ ՆԳՆ հաղորդագություն հասավ այն մասին, որ Սումգայիթի ցույցին, որն, ի դեպ, կազմակերպված էր Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների կապակցությամբ Գորբաչովի դիմումի առիթով, չգիտես ինչու հավաքվել են բացառապես ադրբեջանական բնակչության ներկայացուցիչներ։ Եվ դա այն դեպքում, երբ քաղաքում բնակվում էր մոտ քսան հազար հայ։ Հենց այդտեղ էլ կուսակցության քաղկոմի երկրորդ քարտուղարի ներկայությամբ հնչեցին կոչերՙ «Մահ հայերին»։ Ուրեմն, ի՞նչ է ստացվում։ Եթե, ըստ Գորբաչովի, զորքն ուշացել էր ընդամենը երեք ժամով, ապա դա նշանակում է, որ փետրվարի 26-ի երեկոյան արդեն կարելի էր կանխել ողբերգությունը։ Սակայն արդեն փետրվարի 27-ի վաղ առավոտյան մեկը մյուսի հետեւից սկսեցին «օպերատիվ տեղեկատվություններ» մտնել ՆԳՆ։ Եվ, իհարկե, կասկած չկա, որ այդ ամենն անմիջապես հասնում էր Կրեմլ։ Ցույցերին ելույթ ունեցող յուրաքանչյուրը վերջում անպայման կոչ էր անում. «Մենք հավաքվել ենք, որպեսզի կատարենք մահմեդականի պարտքը։ Իսկ դա նշանակում էՙ համախմբվել ընդդեմ անհավատների դեմ պատերազմի»։ Եվ իրազեկողները բազմիցս հաղորդումների տեքստերն ավարտում էին հետեւյալ բառերով. «Կրքերը շիկացած են ծայրաստիճան, եւ իրավիճակը դուրս է գալիս օպերատիվ վերահսկողությունից»։

Ի դեպ, հետագայում էր հայտնի դառնալու, որ այդ ժամերին հայերի բնակարաններում արդեն արյուն էր հեղվում։ Այդ ամենը փետրվարի 27-ի ցերեկն էր տեղի ունենում։ Իսկ նույն օրվա երեկոյան ահա թե ինչ կկարդայի. «Սումգայիթյան հարյուրավոր ադրբեջանցիներ, բորբոքված ցույցերի կոչերով, տաքացած սպիրտային խմիչքներով, որոնք անվճար բաժանվում էին բեռնատար մեքենաներից (հետագայում այդ փաստերը հաստատվել են), անարգել սկսեցին հայերի բնակարանների գրոհումը, նրանց ծեծի ենթարկելը, սպանելը, ինչը շարունակվեց մինչեւ ուշ գիշեր»։

Եվ այնուամենայնիվ, ինչի՞ վրա էր հույս դրել Գորբաչովը, հայտարարելով այն մասին, թե «զորքն ուշացել է ընդամենը երեք ժամով»։ Չէ՞ որ նա այդ խոսքերն աշխարհով մեկ ասաց արդեն փետրվարի 29-ից հետո, մինչդեռ փետրվարի 27-ին Մոսկվա հասած օպերատիվ տեղեկատվությունը հետեւյալն էր. «Քաղաքի եւ հանրապետության պետական, կուսակցական եւ իրավապահ մարմինները չարձագանքեցին աննախադեպ անկարգություններին։ Սումգայիթը հայտնվեց ջարդարարների իշխանության տակ»։ Արդյոք գիտեի՞ն Կրեմլում, որ «փետրվարի 28-ին, հայ բնակչության դեմ անկարգություններին դիմադրության չհանդիպելով, ադրբեջանցիները դուրս եկան Սումգայիթի փողոցներՙ զինված մետաղաձողերով, կացիններով ( !-Զ.Բ.), մուրճերով, բաժանվելով մի քանի տասնյակ հոգուց բաղկացած խմբերի, ներխուժեցին հայերի բնակարանները, որոնք նշված էին նախապես։ Մարդկանց սպանում էին նրանց սեփական տներում, բայց ավելի հաճախ նրանց դուրս էին հանում փողոցներ եւ բակերՙ հրապարակավ ծանակելու համար»։

Միայն փետրվարի 29-ի կեսօրին մոտ խորհրդային զորքերը մտան Սումգայիթ։ Հիշենք, որ նույն օրը երկոյան Քաղբյուրոյի նիստում (որի աշխատանքի մասին ես հաճախ եմ գրել, այդ թվում եւ նախագահ Վ.Վ.Պուտինին ուղղված բաց նամակում) Շիբաեւը բոլորի ներկայությամբ խնդրեց պաշտպանության մինիստր Յազովին պատմել, թե ինչպես էին Սումգայիթում սպանում հայերին։ Իսկ չէ՞ որ պաշտպանության մինիստրը պատմել էր Քաղբյուրոյի անդամներին այն մղձավանջների մասին, որ տեղի էին ունեցել Սումգայիթում եւ՛ փետրվարի 27-ին, եւ՛ 28-ին։ Եվ նա, Դմիտրի Տիմոֆեեւիչ Յազովը, գիտեր, որ իր զորքերը ուշացել են ոչ թե երեք ժամով, այլ երեք օրով։ Գիտեր նաեւ այն, որ այդ երեք օրվա ընթացքում Քաղբյուրոյում կացուկամ էինՙ զորք ուղարկե՞լ Սումգայիթ, թե՞ ոչ։

Տուլայի ռազմաօդային դիվիզիայի Ռյազանի 137-րդ գունդը տեղ հասավ միայն փետրվարի 29-ին։ Դիվիզիայի հրամանատար Ալեքսանդր Լեբեդը իր գրքում գրել է. «Այն ժամանակ, 1988 թվականի փետրվար-մարտ ամիսներին սկսեց գրվել անկանխատեսելի, անսպասելի, վայրի, արյունալի ծայրահեղորեն ստոր էջը եւ՛ օդա-դեսանտային զորքերի, եւ՛ հայրենիքի պատմության, եւ՛ իմ անձնական կենսագրության մեջ։ Սումգայիթում Աֆղանստանից հետո առաջին անգամ ես իմ հայրենի հողում (ինչպես այն ժամանակ էի կարծում) տեսա հրկիզված բեռնատարներ եւ ավտոբուսներ, վառվող տներ, բնականից սեւ, բայց վերապրած սարսափից մարդկանց ճերմակած մազեր եւ աչքեր, աչքեր։ Եվ օդը լցված էր միջնադարյան սադիզմով, գազանային, անմարդկային դաժանությամբ»։ Այն օրն իր աշխատասենյակում Լեբեդն ասաց, որ իր տղաների հետ, որոնցից շատերն անցել էին Աֆղանստանի միջով (այն ժամանակ խորհրդային զորքերը դեռ դուրս չէին բերվել այդ երկրից) մշտապես տեղեկատվություն էին ստանում այն մասին, թե ինչ է կատարվում Սումգայիթում, եւ նրանք հազիվ էին զսպում արցունքներն այն պատճառով, որ իրենց հրաման չէին տալիս մեկնել Սումգայիթ եւ փրկել մարդկանց։ Լեբեդն, իհարկե, չէր կարող իմանալ, որ երկու տարի անց, միայն այն պատճառով, որ «սումգայիթը» չպատժվեց, ադրբեջանցիները հայերի ցեղասպանություն էին իրագործելու արդեն Բաքվում, ինչպեսեւ չէր կարող իմանալ, որ, լինելով Տուլայի այդ նույն դիվիզիայի հրամանատարը, Գորբաչովի մեղքով Բաքու էր հասնելու արյունալի ջարդերն սկսվելու միայն յոթերորդ օրը։ Ահա թե ինչ է գրել Լեբեդը. «Սպաներն ամեն օր իրենց զարմանքն էին հայտնում. «Ախր, ո՞նց կլինի. Բաքվում կոտորած է, իսկ մենք դեռ Տուլայում ենք»։ Ջարդերը սկսվեցին հունվարի 13-ին, բայց միայն հունվարի 18-ին դիվիզիան ոտքի հանվեց տագնապով եւ Բաքու մտավ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը»։

Բայց չէ՞ որ զորքը ոչ միայն ուշացավ երեք օրով, այլեւ, մտնելով քաղաք, գործողությունների չդիմեց։

Մեջբերում եմ փաստաթղթից. «Զորքերը Սումգայիթ մտցվեցին փետրվարի 29-ին, սակայն նրանք չկարողացան միանգամից վերահսկել քաղաքը։ Հայերի սպանություններն ու ջարդերը շարունակվում էին զինվորների աչքի առաջ։ Բանն այն է, որ զորքը հրաման չուներ ուժ եւ զենք կիրառել բռնացողների նկատմամբ։ Օգնության հասնելու զոհերի կոչերին սպաները եւ զինվորները, հոգու ցավով, չէին կարող արձագանքել։ Տեսնելով զորքերի անմասնությունը, ջարդարարները սկսեցին արդեն նրանցՙ զինծառայողների վրա հարձակվել։ Օպերատիվ տվյալների համաձայն, տուժեցին 270 զինծառայողներ։ Եվ միայն երկոյան, թույլտվություն ստանալով «գործել», բանակային ստորաբաժանումներն անցան վճռական գործողությունների, եւ հայերի ջարդերն իսկույն դադարեցվեցին»։

Լեբեդի փաստաթղթից ես իմացա, որ ադրբեջանցիները հենց սկզբից հաղորդում էին տվելՙ մշուշոտ տեղեկատվությամբ, իբր «զոհերը եղել են տարբեր ազգությունների»։ Շուտով հայտնել էին թվերըՙ «36 հայ եւ վեց ադրբեջանցի»։ Հետո 36-ը դարձրել էին 32, ընդամենը այն մարդկանց թվով, որոնց դիարաններ էին տարել։ Իրականում ամբողջ երեք օր ու երեք գիշեր, ձեռքին ունենալով հայերի հազարավոր հասցեներ, ադրբեջանցիներն անարգել ներխուժել էին այնտեղՙ զինված կացիններով եւ ամրանային ձողերով եւ սպանել էին ամբողջ ընտանիքներ իրենց իսկ տներում։ Ալեքսանդր Լեբեդի նյութերում բերված են տվյալներ. «Երեք օրվա ընթացքում սպանվել են մի քանի հարյուր հայեր։ Զոհվածների ճշգրիտ թիվը պարզել չհաջողվեց։ Ադրբեջանական իշխանությունների կողմից պաշտոնապես հայտարարվել էր ընդամենը 36 հայերի եւ 6 ադրբեջանցիների զոհվելու մասին։ Սակայն ադրբեջանցիները չեն զոհվել հայերի կամ զինվորների ձեռքով։ Վկաների ցուցմունքներով ամրագրված է, որ բանակային զրահամեքենայի հրկիզման հետեւանքով վարորդ զինվորը ծխից կորցրել է գիտակցությունը, եւ ռազմական մեքենան, կորցնելով կառավարումը, մխրճվել է ամբոխի մեջ եւ ճզմել ադրբեջանցիներին»։

Առաջին իսկ օրերից ոչ միայն մենք Հայաստանում եւ Ղարաբաղում, այլեւ ողջ երկրում (Սախարովը, Նույկինը, «Իզվեստիա»-ն, «Մոսկովսկիե նովոստի»-ն, «Էխո Մոսկվի» ռադիոն եւ ուրիշներ) հարց էինք տալիս, թե այդ ինչո՞ւ հանկարծ հրեշավոր ջարդերը, ավերմունքը, հրկիզումները, բռնաբարությունները եւ ամենը, որ ընտրողաբար, նպատակաուղղված իրագործվում էր «Մահ հայերին» կոչերի ներքո, ահռելի երկրում, բոլոր զանգվածային լրատվամիջոցներում մատուցվում էին որպես խուլիգանական դրսեւորումներ եւ ոչ թե ցեղասպանություն։ Ավելին, Կրեմլն ընդհանուր առմամբ արդարացրեց «խուլիգաններին» նրանով, որ, գիտե՞ք, պարզվում է Սումգայիթում «էկոլոգիական վիճակը ահավոր է»։

Պետք չէ մտածել, թե դատախազությունը լռում էր։ Այն քրեական գործեր հարուցեց Սումգայիթում։ ԽՍՀՄ իրավապահ մարմինների միացյալ խումբը ղեկավարում էր ԽՍՀՄ Գլխավոր դատախազության հատուկ կարեւորության գործերի քննիչ Կ.Գալկինը։ Սակայն սումգայիթյան ահռելի թվով հանցագործներից դատական պատասխանատվության կանչվեցին միայն 94 մարդՙ առավելապես դեռահասներ եւ երիտասարդներ։ Նրանց ներկայացվեցին սպանությունների եւ բռնաբարությունների մեղադրանքներ, ընդ որումՙ բոլոր դեպքերում նրանց հանցագործությունները բացատրվում էին «խուլիգանական դրդապատճառներով»։ Գորբաչովը այդպես էլ չհասկացավ (իսկ գուցե շատ էլ լավ հասկանում էր), որ իր ախտածին ձեւակերպումը բոլոր մակարդակներով խստիվ ընդունվում էր որպես դոգմա, կուսակցական ցուցում։ Լայն հասարակությունն այդպես էլ չիմացավ, որ ԽՍՀՄ Գլխավոր դատախազության որոշմամբ, որն, իհարկե, համաձայնեցված էր երկրի ղեկավարության հետ, միասնական ընդհանուր դատավարություն տեղի չունեցավ։ «Խուլիգանական դրդապատճառներով» հիմնավորված գործը տրոհվեց 80 դրվագների։ Հետաքննության կազմակերպման ողջ ընթացքը եւ այդ նույն դրվագավորումը կանխամտածված բացառում էին հանցագործության իրական կազմակերպիչների եւ կատարողների բացահայտումը։ Բացառում էին նաեւ դատարանի կողմից հանրապետության ղեկավարների պատասխանատվության չափի սահմանումը։

Կրեմլը չգիտե՞ր նաեւ այն մասին, որ նույնիսկ լրագրային այն քննադատական նյութերում, որոնք տպագրվում էին հանուն կուսակցական հաշվետվության, անպայման մեջբերում էին նրա «խուլիգանական տարրեր» ձեւակերպումը։ «Սումգայիթի կոմունիստ» թերթը 1988 թվականի մայիսի 13-ին գրում է. «Կուսակցության Սումգայիթի քաղկոմի բյուրոն 1988 թվականի մայիսի 10-ին քննադատության ենթարկեց Ադրբեջանական խողովակագլանման գործարանի ղեկավարությանը եւ կոլեկտիվին նրա համար, որ ծանր իրավիճակի օրերին գործարանի արտադրամասերում պատրաստվել էին կացիններ (!-Զ.Բ.), դանակներ եւ այլ իրեր, որոնք կարող էին օգտագործվել խուլիգանական տարրերի կողմից»։

Ահա արդեն քսանվեց տարի աշխարհն անկեղծ, մարդկային հարց է տալիսՙ ի վերջոՙ ի՞նչ է կատարվել Սումգայիթում։ Առաջին իսկ օրից Գորբաչովը որպես պետության ղեկավար, անաստված կերպով ընկնավորվելով ցեղասպանություն տերմինից, հրեշավոր հանցագործություն կատարեց։ Ինչ էլ չլիներ, նա որպես իրավաբան լավ գիտեր, որ խոսքը ցեղասպանության մասին է, ինչպեսեւ գիտեր, որ այդ փաստն ընդունելով ստիպված էր լինելու ձեռնարկել բոլորովին այլ, վճռական քայլեր։ Նա լավ գիտեր, թե ինչու է Թուրքիան այդպես վախենում հայոց ցեղասպանությունն ընդունելուց։ Ի դեպ, վերջերս Թուրքիայի վարչապետ Էրդողանը, ի պատասխան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ակնհայտ կշտամբանքիՙ Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը չընդունելու կապակցությամբ, խղճուկ եւ արդարանալովՙ առաջարկեց ծանոթանալ արխիվային նյութերի, որոնք, իբր, բաց են բոլորի համար։ Հերթական լկտիություն։ Լավ հայտնի է, որ քսանական-երեսնական թվականներին վագոններով արխիվներ են հանել եւ վառել։ Թուրքիայի վարչապետը հիանալի գիտի, որ առանց թուրքական արխիվի էլ կբավականացնեն թե՛ ողջ, թե՛ մեռած ականատեսների բերած անվերջանալի թվով փաստերը։ Այս թեմային բոլորովին էլ ինքնանպատակ չանդրադարձա։ Բանն այն է, որ Անկարան ամբողջ թուրքական տարածքում ոչնչացրել է հայերի ցեղասպանության վերաբերյալ իր համար վտանգավոր բոլոր փաստաթղթերը։ Ինչ վերաբերվում է «սումգայիթին», ապա այստեղ կարող եմ ասել հետեւյալը. ես ինքս, լինելով ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր, օգտվելով պատգամավորական մանդատից, Մոսկվայում այցելել եմ այն դահլիճը, որտեղ ընթանում էին ԽՍՀՄ Գերագույն դատարանի դատալսումները։ Ես գրել եմ այն սարսափների մասին, որ տեսել եմ սեփական աչքով։ Անհնար էր հանգիստ նայել երկու բռնաբարված աղջիկների ահով լցված աչքերին, երիտասարդ կնոջ ալանդակված դեմքին։ Այնտեղ ես իմացա, որ ԽՍՀՄ-ի տասներկու քաղաքներում ընթանում են եւ ընթանալու են դատավարություններ Սումգայիթի գործով։ Սակայն, ինչպես հետո պարզվեց, դատավարությունները շարունակվել էին միայն Մոսկվայի Գերագույն դատարանում, Վորոնեժի, Վոլգոգրադի եւ Կույբիշեւի մարզային դատարաններում։ Շուտով անսպասելիորեն պարզվեց, որ մնացած բոլոր գործերը (իսկ դրանք հարյուրից ավելի էին) ԽՍՀՄ Գլխավոր դատախազությունն ուղարկել էԱդրբեջանի դատարաններ։ Աստված իմ, իսկ չէ՞ որ դրա թույլտվությունը հաստատ տրվել է Քաղբյուրոյի կողմիցՙ Գորբաչովի գլխավորությամբ։ Իսկ գուցե հենց բուն նախաձեռնությունն էլ նրանցն էր։ Մտածեք միայնՙ Ադրբեջանին է հանձնարարվում վարել դատական գործեր ադրբեջացիների դեմ, որոնք սպանել են հայերին։ Մեկնաբանություններն ավելորդ են։

Այն փաստաթղթում, որին ծանոթացա Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Լեբեդի մոտ, նշվում է, թեՙ այն բանից հետո, երբ ԽՍՀՄ Գլխավոր դատախազությունը Ադրբեջան ուղարկեց դատական գործերի մեծամասնությունը (մեջբերում եմ), «դատալսումներն ընթացան Բաքվում եւ Սումգայիթում։ Ոչ բոլոր մարդասպաններն ու ջարդարարները հայտնվեցին մեղադրյալի աթոռին»։ Եվ այդ ողջ սարսափեցնող ցինիզմի հիմքը գորբաչովյան այն նույն, ոչ պակաս ցինիկ անհեթեթությունն է «խուլիգանական դրդապատճառների» մասին, նրա դողդոջուն վախըՙ Սումգայիթում եւ Բաքվում հայերի ցեղասպանության փաստի հրապարակման առջեւ։

1990 թվականի մարտի 5-ին ԽՍՀՄ Գրագույն խորհրդի նստաշրջանի ամբիոնից անհամաձայնությունս հայտնելով Գորբաչովի հետ, ես բարձրաձայնեցի հետեւյալ բացատրությունը. «Խուլիգանությունը ընդամենը այն դիտավորյալ գործողությունն է, որը խաթարում է հասարակական կարգը, ակնհայտ անհարգալից վերաբերմունք հանդես բերելով հասարակության նկատմամբ»։ Գորբաչովը, որն այդ օրը վարում էր Գերագույն խորհրդի նիստը Բաքվի իրադարձությունների վերաբերյալ, թիկունքիցս կիսաձայն նետեց. «Դա արդեն ինչ-որ մտացածին բան է»։ Շրջվելով նրա կողմը, նույնպես կիսաձայն պատասխանեցի. «Դա վերցված է Սովետական մեծ հանրագիտարանից»։

Այդ օրը ընդմիջման ժամանակ բոլոր պատգամավորները ձգտում էին մոտենալ ամբիոնինՙ Գորբաչովի հետ խոսելու համար։ Ես մոտիկ էի եւ հասցրեցի շուտասելուկի պես դիմել, որ եթե դուք երկու տարի առաջ ընդունեիք «սումգայիթը» որպես ցեղասպանություն, այսօր չէր լինի «բաքուն» եւ ոչ միայն «բաքուն»։ Գորբաչովը խոր շունչ քաշեց եւ հազիվ լսելի պատասխանեց. «Ինչպե՜ս եմ ես հոգնել ձեզանից»։ Դե, ի՞նչ կարող էի ասել նման մարդուն։ Պարզապես մեկ ավելորդ անգամ համոզվեցի, որ Խորհրդային Միությունն ուր-որ է փլուզվելու է։ Ի դեպ, ուղիղ մեկ շաբաթ անց Գերագույն խորհուրդն այդ մարդուն ընտրեց Ռուսաստանի նախագահ։ Ինչ վերաբերվում է Սումգայիթում հայերի ցեղասպանությունը նրա կողմից չընդունելուն, ապա իմաստ չունի նորից ու նորից մեջբերել ցաղասպանության վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հստակ սահմանումները։ Հիշեցնեմ միայն, որ «գենոցիդ» բառը հունարենից եւ լատիներենից թարգմանվում է «տոհմի ոչնչացում»։ Այսինքնՙ հենց այն, ինչ 1988 թվականի փետրվարի 29-ին կատարվեց Սումգայիթում Սողոմոն Մարգարի Մելքումյանի տոհմի հետ (հարյուրավորներից մեկի)։ Ես կցանկանայի, որ այդ մարդու, այդ ընտանիքի, այդ տոհմի ճակատագրի մասին իմանային ղարաբաղյան կարգավորման գծով Մինսկի խմբի համանախագահները եւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահները։

Սումգայիթի դիարաններում ռուսերենով ընդամենը երեսուներկու մահվան վկայական է լրացվել։ Միանման ախտորոշումներով. «Գանգոսկրի փշրանքային կոտրվածքներ, որովայնի կտրած-ծակած վերքեր, այրվածքներ»։ Նույնն է առանց բացառության Մելքումյանների ընտանիքի հինգ անդամների պարագայում։ Նրանք ապրում էին Սումգայիթի 42-Ա թաղամասի 26 շենքի 21-րդ բնակարանում։ Հայրըՙ Սողոմոն Մարգարի, ծնված 1931 թվականին, մայրըՙ Ռաիսա Արսենի, ծնված 1934 թվականին, որդինՙ Իգորը, ծնված 1957 թվականին, ծառայել է Խորհրդային բանակում, երկրորդ որդինՙ Էդվարդը, ծնված 1960 թվականին, դուստրըՙ Իրինան, ծնված 1961 թվականին։ Բոլոր հինգին էլ դուրս բերեցին փողոց եւ մի քանի ժամ շարունակ կտտանքների ենթարկեցին։ Մեզ մանրամասներով հայտնի է ահավոր, անմարդկային, ստոր նատուրալիզմը, որի մասին չես կարող խոսել առանց անտանելի ցավի։ Բերեմ միայն մի քանի տող պաշտոնական փաստաթղթից. «Սումգայիթում, Վորոնեժում, Մոսկվայում ընթացող դատավարությունների ժամանակ վկաները տվել են ցուցմունքներ, որոնց համաձայն Մելքումյանների ընտանիքի բոլոր հինգ անդամները ծեծից ու ծանակումներից հետո ողջ-ողջ այրվել են ուղղակի փողոցում։ Բոլոր հինգը։ Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի հայկական փոքրիկ Ջիլան գյուղից սերող ողջ տոհմը։ Ինչպես պարզվեց, այդ օրերին մոտ երկու հարյուր հայ ընտանիքներ նախապատրաստվում էին հարսանիքների, այդ թվում եւ Մելքումյանները։ Եվ ահա միանգամից ոչնչացված է տոհմը (կրկնում եմ, Սումգայիթում նման ընտանիքները շատ էին)։ Ոչնչացված է Մելքումյանների եւ շատ-շատերի ապագան։ Հենց սա է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Իսկ չէ՞ որ ըստ Գլխավոր ասամբլեայի Համաձայնագրի առաջին հոդվածի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու» բառերին հաջորդում է պարտադիր ճշգրտումՙ « եւ դրա համար պատիժ կրելու մասին»։ Այսինքնՙ ցեղասպանություն իրագործելու համար։ Իսկ դա նշանակում է, որ առանց Սումգայիթում, Բաքվում, Բուդապեշտում կատարված հանցագործությունների համար պատժելուՙ անհեթեթ են դառնում Մադրիդի առաջարկած երաշխիքները «կողմերի համագոյակցության» եւ «անվտանգության ապահովման» համար։

Եվ ես կարծում եմ, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման գծով Մինսկի խմբի մեծարգո համանախագահները, որոնք վերջին, համարյա քառորդ դարի ընթացքում այնքան բան են արել տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար, հաստատ գիտեն, որ նախքան ղարաբաղյան վերջնական կարգավորմանն անցնելը պետք է, ելնելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Համաձայնագրից, անվերապահորեն պատժել Սումգայիթի, Բաքվի, Բուդապեշտի ցեղասպանությունների բոլոր կազմակերպիչներին եւ կատարողներին։ Միայն այդ ժամանակ կարելի է գործուն եւ սփոփիչ համոզման գալ, որ մեծագույն խստությունն էլ հենց մեծագույն գթությունն է։ Եվ որՙ միայն չպատժված չարիքն է ծնում ավելի ահավոր չարիք։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 28-02-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ