RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 07-03-2014



ԶԵԿՈՒՅՑ

Տեղադրվել է` 2014-03-06 23:48:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 3821, Տպվել է` 100, Ուղարկվել է էլ.փոստով` 76

ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ. «ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՆԵՐ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ»... ՄԻԱՅՆ ՆՇՎԱԾ ՉԷ «ԱԳՐԵՍՈՐ» ՈՐԱԿՈՒՄԸ

ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Թուրքիան ու Ադրբեջանը` ո՛ւր, մարդու իրավունքները` ո՛ւր

Աշխարհի յուրաքանչյուր անկյունում «մարդու իրավունքներում ազատ եւ հավասար արժանապատվության» ապահովման ուղղությամբ «մտահոգ» Միացյալ Նահանգները ամենամյա զեկույցներ է պատրաստում մարդու իրավունքներին առնչվող իրավիճակի վերաբերյալ աշխարհի մոտ 200 երկրների ու տարածքների կտրվածքով: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի մատուցմամբ, այս զեկույցները հիմնված են «ԱՄՆ դեսպանատների փաստացի զեկույցների վրա», եւ հիմք են դառնում ամերիկյան տարբեր հաստատությունների կայացրած որոշումների համար:


Թուրքիայի մասին զեկույցը, նախորդ տարեվերջից այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունների, կոռուպցիոն սկանդալների, զանգվածային ոստիկանական ազատումների, ընդհուպ վարչապետ Էրդողանի անօրինական միլիոնների ֆոնինՙ բազմաթիվ խնդիրներ է հիշատակում:

Մասնավորապես, 2013-ի կտրվածքով Թուրքիայում դեռ ազատազրկված են մնում տասնյակ լրագրողներ, գրաքննությունն առավելապես արտահայտվում է ինքնագրաքննությամբ (ինչպես մեզ մոտ), ձերբակալությունների ֆոնին էլ երկրի կառավարությանը քննադատելը վտանգավոր է համարվում:

Թուրքիայում խաղաղ հավաքները ոչ խաղաղ մեթոդներով ցրում են, հավաքների մասնակիցներին կալանավորում, Գեզիի զբոսայգու բողոքի ակցիաների ժամանակ էլ եղել են զոհեր:

Դատական համակարգը գործադիրի կամայականություններն է իրականացնում, կաշառակերությունն էլ, ինչպես տեսանք, բերեց մեծ սկանդալի, հարյուրավոր ոստիկանների աշխատանքից ազատելուն:

Ադրբեջանում էլ ժամանակները խաղաղ չեն: Զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ ավելացել են սահմանափակումները խոսքի, հավաքների ազատության առումով, ձերբակալություններ, ուժի կիրառում լրագրողների եւ մարդու իրավուքնների ակտիվիստների դեմ «օնլայն եւ օֆլայն»:

«Տարվա ընթացքում մարդու իրավունքների հիմնական նշանակալի խնդիրներ» շարքում նշվում են նաեւ ադրբեջանական բանակում չարաշահումների առկայությունն ու ոչ մարտական պայմաններում 69 մահվան դեպքերը: Տեղական հասարակական կազմակերպությունների տվյալներով բանակում առնվազն 81 մահվան դեպք է գրանցվել, որից 69-ը ոչ մարտական գործողությունների ժամանակ, որոշ դեպքերում` «զինվորներ, որ սպանվել են ավագ սպաների կողմից կամ գհործել ինքնասպանություն»:

Հարեւանների` մարդու իրավունքների ոլորտում խնդիրների շարքը բավականին ընդգրկուն է: Դրանցից նշենք նաեւ, որ զեկույցի հեղինակների ներկայացմամբ` ադրբեջանական կառավարությունը «շարունակում է սահմանափակել խոսքի ազատությունն ու մամուլի անկախությունը, լրագրողներին ահաբեկում են, ծեծում եւ ձերբակալում»: Ըստ ադրբեջանական ՀԿ-ների տվյալների, առնվազն 12 լրագրող ու բլոգեր քաղաքական բանտարկյալ կամ կալանավոր են: Եվ եթե 2012-ին Ադրբեջանում լրագրողներին ֆիզիկական կամ բանավոր վիրավորանք հասցնելու 71 դեպք էր գրանցվել, ապա 2013-ին` 61:

Զեկույցում «Ազգային, ռասայական, էթնիկ փոքրամասնություններ» բաժնի ներքո անդրադարձ է արված «երկրում հայկական ծագմամբ մոտավորապես 20,000-ից 30,000 քաղաքացիների նկատմամբ խտրականությանը աշխատանքում, կացարանների հարցում, սոցիալական ծառայություններից օգտվելիս»: Ադրբեջանում դեռեւս հայերի բնակվելու պարագայի իսկությունը մի կողմ թողնելով, այդուհանդերձ հետաքրքրական է, որ զեկույցի այս հատվածը առավելապես հայերի մասին է, թեեւ Ադրբեջանում այլ ազգային փոքրամասնություններ եւս ապրում են, այն էլ` ավելի մեծաթիվ:

Այդուհանդերձ, հայերի մասով ամերիկյան զեկույց գրողները նշել են, թե «էթնիկ հայ քաղաքացիները հաճախ թաքցնում են իրենց ազգությունը` անձնագրերում փոխելով էթնիկ պատկանելությունը»: «Տարվա ընթացքում հայերի նկատմամբ խախտումներ չեն արձանագրվել», ասվում է փաստաթղթում:

Զեկույց գրելիս էլ հարկ է մտածել, որ եթե մարդ իր ծագումը թաքցնելու խնդիր ունի, ապա դժվար թե իր իրավունքների խախտումների մասին բողոքելով ման գա:

Հայաստան. մարդու իրավունքնե՞ր

Ադրբեջանի եւ Թուրքիայի պարագայում մարդու իրավունքների անմխիթար վիճակը ներկայացնելու նպատակը բնավ էլ այդ երկրների հետ համեմատությունը չէ, քանի որ կողմնակից չեմ վատի հետ համեմատվելով ինչ-որ բան շահելու մոտեցմանը:

Հայաստանում որպես մարդու իրավունքների ամենանշանակալի խնդիրներ նշել են կոռուպցիան եւ կառավարության աշխատանքի թափանցիկության բացակայությունը, ընդ որում` կոռուպցիա կառավարության բոլոր օղակներում ու մակարդակներում: Սրան ավելանում է դատարանների`գործադիր իշխանության ճնշումներին ենթակա լինելը, անցկացված նախագահի ընտրություններում վարչական ռեսուրսի օգտագործումը, ընտրակաշառք բաժանելը եւ այլն:

Հայաստանի պարագայում էլ զեկույցում տեղ են գտել դիտարկումներ, ըստ որոնց հայկական բանակում եւս ոչ մարտական պայմաններում կասկածելի մահեր են եղել, շարունակվում են նորակոչիկների նկատմամբ ավագ սպաների նվաստացումները: Ընդ որում, զեկույցի համաձայն այս դեպքերում բացակայում է նման միջադեպերի համար պատասխանատվությունը: Պատասխանատվության բացակայության առնչությամբ մտահոգություն է հայտնվում նաեւ ոստիկանության համակարգի առումով:

Մամուլի եւ խոսքի ազատության առումով զեկույցի հեղինակները նշել են, որ լրատվամիջոցների զգալի մասը վերահսկվում է կառավարության կողմից կամ «արտահայտում կառավարության համար հաճելի տեսակետներ»: Ի տարբերություն վերահսկվող լրատվամիջոցների, զեկույցը նշում է, թե հայաստանյան համացանցը ազատ է, թեեւ որոշ կայքեր ենթարկվել են կիբերհարձակումների:

Զեկույցում մարդու իրավունքների տարբեր ոլորտների շատ այլ խախտումների ոչ բավարար վիճակ է նշվում, որոնց պարագայում ի՞նչ կարիք ունենք դրսի զեկույցների, երբ ինքներս անընդհատ առնչվում ենք այդպիսի իրավիճակների հետ:

Ինչեւէ, ընդհանրական եզրակացությունն այն է, որ թեեւ պետքարտուղարության զեկույցները ասում են ինչ-որ բան, սակայն դա իրապես մարդու իրավունքների հարթակում չէ, ինչը կարող էր օգուտ բերել բարեփոխելու իրավիճակը: Անգամ մարդու իրավունքների զեկույցները այսօր ավելի շուտ քաղաքական գործիք են, քան ժողովրդավարության բարելավման նպատակին ծառայող փաստաթուղթ, քանի որ այն պատրաստվում է սեփական վերլուծությունների ու հետազոտությունների գրեթե բացակայության պայմաններում:

Ի՞նչ նպատակի են ծառայում զեկույցները

Մարդու իրավունքներին առնչվող իրավիճակի վերաբերյալ Միացյալ Նահանգների պետքարտուղարության ամենամյա զեկույցները տարեցտարի իրարից մեծամասամբ արտատպված անորակ աշխատություն են հիշեցնում, որոնք կազմելիս մասնագետ կոչվածներն իրենց առանձնակի նեղություն չեն տալիս:

Կա եւ կիրառվում է մշակված մի ձեւ, որի հիմնական մասը, նաեւ մեր երկրներում առանձնակի չփոփոխվող իրավիճակի պատճառով նախորդ տարիների նույն ձեւակերպումներով է դրվում: Պետքարտուղարության զեկույցների հրապարակումից հետո Հայաստանում որոշ գնահատականներ հնչեցին, դատողություններ, թե Միացյալ Նահանգներն էլ են ցանկանում վերաբերմունք արտահայտել Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու ցանկության առնչությամբ, դրա համար էլ խստացրել են գնահատականները:

Մինչդեռ ամենապարզ համեմատությունը նախորդ տարիների զեկույցների հետ ցույց է տալիս, որ գնահատականների առանձնակի խստացում չկա:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրին ու դրա առնչությամբ ձեւակերպումներին, ապա նախ, ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի պարագայում, յուրաքանչյուր տարի այդ ձեւակերպումները նույնությամբ կրկնվում են: Բացի այդ, այս տարի տառացիորեն նույն ձեւով է ներկայացված զեկույցի այդ հատվածը, ինչպես 2012-ի զեկույցում, թեեւ տարբեր է 2011-ի համեմատությամբ:

«Անջատողականները, Հայաստանի աջակցությամբ, շարունակում են վերահսկողության տակ պահել Լեռնային Ղարաբաղի զգալի մասն ու ադրբեջանական մյուս 7 տարածքները: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելության առարկա` Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ համանախագահությամբ», նշվում է զեկույցում:

Եվ սա նույնությամբ կրկնում է այն, ինչ զեկույցում:

Մնում է շնորհակալ լինել, որ ԱՄն պետքարտուղարությունում Հայաստանին «ագրեսոր» չեն կոչել, քանի որ «անջատողականներին» աջակցելը այլ կերպ չես էլ անվանի:

Ադրբեջանի կողմից սահմանին ու շփման գծում սադրանքների ժամանակ մի երկու գերտերություն, ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ միասին, հայտարարություններ են տարածում, թե պետք է պահպանել զինադադարի ռեժիմը: Այդպիսի իրավիճակներում մեր քաղաքական միտքը հաճախ է փորձում անհասցե այդ դատողությունները բացատրել նրանով, թե բոլոր կողմերին է ասվում, բայց Ադրբեջանում հասկանում են, որ իրենց է ուղղված: Եթե ելնենք այդ տրամաբանությունից, ստացվում է, որ ամերիկյան պետքարտուղարության զեկույցում էլ թեեւ չի ասվում «ագրեսոր», բայց փաստորեն պետք է այդպես էլ հասկանալ:

Հիշեցնենք, որ 2011-ին ձեւակերպումը փոքր-ինչ այլ էր: Մասնավորապես, նշվում էր. «Ազգությամբ հայ անջատողականները, Հայաստանի աջակցությամբ, շարունակում են վերահսկողության տակ պահել Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղ տարածաշրջանն ու շրջապատող ադրբեջանական 7 տարածքները»:

Եթե զուտ լեզվական փոխատեղումները չհաշվենք, իմաստային առումով ամերիկյան զեկույցների մոտեցումը փաստացի չի փոխվել, ուրեմն եւ ավելորդ ու անտեղի են մեկնաբանությունները, թե հիմա էլ ամերիկյան մահակն են փորձում Մաքսային միությանը միանալու համատեքստում Հայաստանի դեմ օգտագործել:

Հայաստանի եւ Ադրբեջանի պարագայում նույնությամբ կրկնվող այս ձեւակերպումների տեղը զեկույցում հետաքրքրական տարբերություն ունի. Ադրբեջանի պարագայում ԼՂ հատվածը ընդգրկված է ներածական ընդհանուր սեղմագրում այն դեպքում, երբ Հայաստանին վերաբերող զեկույցում նույն պարբերությունը հայտնվել է մարդու անձեռնմխելիությանը վերաբերող առաջին բաժնի պարբերությունների արանքում` որեւէ իմաստային կապ չունենալով այդ բաժնի հետ:

Թերեւս սա էլ եւս մեկ ապացույց է, որ զեկույց կազմելիս տարիներով օգտագործված տարբերակները չեն վերանայվում, մեկ տարբերությամբ, որ ամերիկյան կողմից այսօրինակ ձեւակերպումը, ըստ էության, «տարածքների վերադարձ» կոչվող սցենարի ամրապնդումն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 07-03-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ