RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 07-03-2014



ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՄԱՄՈՒԼ

Տեղադրվել է` 2014-03-06 23:48:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 2793, Տպվել է` 64, Ուղարկվել է էլ.փոստով` 54

ԵՐԵՎԱՆԸ ԿՀԵՏԵՎԻ՞ ԿԻԵՎԻՆ

Երվանդ Ազատյան, The Armenian Mirror-Spectator

Եթե որեւէ մեկը փորձի համոզել, որ սառը պատերազմը ավարտված է, կասկածանքով ընդունեք ասվածը, որովհետեւ ճիշտ չէ։ Սառը պատերազմը ոչ միայն շարունակվում է, այլեւ է՛լ ավելի սաստկանում։ Խորհրդային Միության փլուզումից հետո կենտրոնացված ռեժիմի բացակայության պայմաններում առաջացած իշխանության բացը արեւմուտքը շտապեց լրացնել նոր անկախացած Արեւելյան Եվրոպայի երկրներին ընդգրկելով Եվրոմիության եւ ՆԱՏՕ¬ի կառույցներում։ Նախկին Հարավսլավիան մասնատելուց հետո արեւմուտքը նույնիսկ փորձեց սահմանափակել Ռուսաստանի առաջխաղացումը։

2008ին Ռուսաստանն ինքը իր կամքը թելադրեց հարձակվելով եւ «ազատագրելով» Վրաստանի որոշ մասեր։ Ուկրաինան մնաց կռվախնձորի կարգավիճակում Ռուսաստանի եւ արեւմուտքի միջեւ, առնվազն երեք անգամ փոխելով հավատարմությունը մեկի կամ մյուսի նկատմամբ։ 2004ի նարնջագույն հեղափոխությունը իշխանության գահին բարձրացրեց Վիկտոր Յուշչենկոյին եւ Յուլիա Տիմոշենկոյին, որոնք երկիրը շրջեցին դեպի արեւմուտք։ Մինչեւ 2010 թվականը, սակայն, երբեմնի դաշնակիցները հասցրեցին թշնամանալ եւ նախագահական ընտրությունների արդյունքում նախկին վարչապետ Վիկտոր Յանուկովիչը հաղթանակ տարավ եւ երկիրը դարձյալ ուղղորդեց դեպի Մոսկվա։ Այսպիսով, Ուկրաինան իշխանության երկու տեկտոնական կենտրոնների միջեւ սկսեց ճոճվել մինչեւ որ վերջերս Կիեւի Մայդանում կատարված ապստամբությունը վերջ տվեց Յանուկովիչի վարչակազմին։ Նա հազիվ էր հասցրել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Լեհաստանի արտգործնախարարների ներկայությամբ համաձայնության գալ ընդդիմադիրների հետ, որով կոչ էր արվում վերադառնալու 2004ի սահմանադրությանը, սահմանափակելու նախագահի լիազորությունները եւ դեկտեմբերին անցկացնելու նոր նախագահական ընտրություններ։ Մայդանի ցուցարարները չբավարարվեցին այդ համաձայնությամբ, եւ կառավարությունը ստիպված եղավ հրաժական տալ։ Յանուկովիչը պաշտոնանկ արվեց Ուկրաինական Ռադայի (խոհրդարանի) կողմից։ Նրան ժամանակավորապես փոխարինելու եկավ Ալեքսանդր Տուրչինովը։

Զարգացումները բնականաբար տարբեր մեկնաբանությունների առիթ տվեցին։ Արեւմուտքի համար կատարվածը ուկրաինացի ժողովրդի հաղթանակն էր, իսկ Ռուսաստանի համարՙ իշխանության բռնի զավթում փողոցային հրոսակախմբերի եւ ավազակների կողմից։ Անցումային այս շրջանում առանցքային դերակատարություն ունեցավ ծագումով հայ Արսեն Ավակովըՙ ներքին գործերի նախարարը։

Կասկած չկա, որ հակամարտությունը շարունակվելու է։ Նախագահ Օբամայի վարչակազմի ազգային անվտանգության ղեկավար Սյուզան Ռայսը նախազգուշացրել է Մոսկվային զերծ մնալու որեւէ ռազմական միջամտությունից։

Ուկրաինան 46 միլիոն բնակչությամբ լայնածիր երկիր է, որի առեւտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ հասնում է 70 տոկոսի։ Նախադեպ եղել է, որ Մոսկվան ընդհատել է Ուկրաինա մուտք գործող գազի հոսքը, երբ իրերն իր սրտով չեն ընթացել։

Երկրի արեւելյան մասերը արդյունաբերական առումով ամենազարգացած շրջաններն են, որոնք բնակեցված են ռուսախոս եւ ռուսամետ ուրկաինացիներով։ Նրանք ցնցված են։ Հովհաննես Այվազովսկու ծննդավայր Ղրիմի թերակղզին, ի դեպ, ամբողջովին, կամ գերակշիռ մեծամասնությամբ ռուսներով է բնակեցված։ Հետաքրքրական է, որ մինչ նախկին Քաղբյուրոյի անդամ Հեյդար Ալիեւը ազգյանամոլ էր համարում բոլոր հայերին, ովքեր Ղարաբաղի եւ Նախիջեւանի վերամիավորումն էին տենչում Հայաստանին, ծագումով ուկրաինացի Նիկիտա Խրուշչեւը 1954 թվին Ղրիմը միակցեց Ուկրաինային, եւ ոչ ոք նրան չմեղադրեց ազգայնամոլության մեջ։ Այդ ժամանակ, անշուշտ, սահմանային վերադասավորությունները Խորհրդային Միությունում միեւնույն քաղաքական հնչեղությունն ու նշանակությունը չունեին, ինչ դրանք ունեն այսօր, քանի որ Ղրիմում է տեղավորված Ռուսաստանի սեւծովյան նավատորմը։

ՆԱՏՕ¬ին միանալու հեռանկարով թշնամի հարեւան ունենալը անպայմանորեն զայրացնելու է Մոսկվայում քաղաքական որոշումներ մշակողներին, ստիպելով նրանց իրավապաշտպանական գործողություններ ձեռնարկել նախքան իրավիճակի հետագա վատթարացումը։ Դա կարող է երկիրը (Ուկրաինան) մասնատման առաջնորդել։

Քաղաքական մեկնաբան Իգոր Մուրադյանը հավատացած է, որ «իրականում դաշնություն կստեղծվի, բայց Ուկրաինան կմնա որպես միջազգայնորեն ճանաչված մեկ պետություն, որը կպահպանի երկրի բյուջեի, արտաքին հարաբերությունների, բանակի, ժողովրդի կենսասպասարկման, տեղաշարժի եւ իհարկե օրենքի կիրառման կառույցների գործունեությունները։ Միաժամանակ կսկսվի Ղրիմը Ուկրաինայից բաժանելու գործընթացը, որն անխուսափելի է»։

Զարմանալի զուգահեռներ կան Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ, հատկապես այն բանից հետո, երբ երկուսն էլ շրջադարձ կատարեցին դեպի ռուսական Մաքսային միությունը, միաժամանակ ընդհատելով, առնվազն ժամանակավորապես, բանակցությունները Եվրոմիության հետ, ենթադրաբար ռուսական ճնշումների ներքո։

Նախքան իրադարձությունները, Մոսկվան 15 միլիարդ դոլարի օգնություն էր խոստացել Ուկրաինային։ Այժմ երբ երկրի նոր ղեկավարների հաշվարկներով Ուկրաինան 60-70 միլիարդ դոլարի օգնության կարիքն ունիՙ վերականգնելու համար իր տնտեսությունը, կասկածելի է, որ Մոսկվան տեր կանգնի իր խոստմանը։ Մ. Նահանգներն ու Եվրոմիությունը մի քանի անորոշ խոստումներ տվել են, բայց կգոհացնե՞ն դրանք նոր ղեկավարներին, թե՞ ոչ, պարզ կդառնա ապագայում։

Հայաստանում բարյացակամ վերաբերմունք կա ռուսների հանդեպ, որոնք գնալով ավելի գոռոզամտաբար են վերաբերվում մեր երկրին։ Հայկական քաղաքական խմբավորումներ համերաշխություն ցուցաբերեցին Մայդանի ցուցարարներին եւ որոշներ էլ նույնիսկ մինչեւ Կիեւ մեկնեցին զորավիգ կանգնելու ցուցարարներին։

Որոշ քաղաքագետներ Մայդանի ցույցերը համեմատում են 2008-ի մարտի 1-ի հայաստանյան ցույցերի հետ, որոնց ընթացքում տասը հոգի զոհվեց։

Ընդդիմադիր բոլոր կուսակցությունները ցանկանում են Հայաստանում էլ տեսնել նման իրադարձություններ։ Բարեբախտաբար, կամ դժբախտաբար, ընդդիմությունն այնքան մասնատված է, որ ոչ մի երկու խմբավորում չի կարողանում ընդհանուր լեզու գտնել մյուսի հետ։ «Լավ յուղոտված» զանգվածային լրատվամիջոցները գրեթե ամբողջությամբ ֆինանսավորվում են օտար կառավարությունների կամ կառույցների կողմից, որոնք էլ փորձում են հակառուսական տրամադրություններ առաջացնել երկրում։ Հայաստանի բարօրությունը նրանց չի մտահոգում։

Նրանք ֆինանսավորում են լրատվամիջոցներին հանուն իրենց անձնական շահերի։ Շատ լրագրողներ ծառայում են այդ օտար գործակալություններին պարզապես ապահովելու համար իրենց անձնական գոյությունը, մոռանալով դրա ազդեցությունը երկրի ճակատագրի վրա։ Քաղաքականության ասպարեզում որեւէ նորելուկ, կամ վետերան, իր հռետորական ելույթները սկսում է վարչակազմի փոփոխություն պահանջելով։ Բայց արդի պատմությունը քանիցս ցույց է տվել, որ որեւէ փոփոխություն ընդամենը օլիգարխների մի խմբին պաշտոնից հեռացնելու է եւ մեկ այլ խմբին բերելու իշխանության ղեկին։ Կաշառակերությունը բնորոշ է նախկին Խորհրդային Միության բոլոր հանրապետություններին։ Տարածաշրջանում ոչ մի երկիր դրանից չի կարող ազատվել, քանի դեռ շարունակվում են նախկին տնտեսական եւ գործարարական հարաբերությունները միմյանց միջեւ։

Վրաստանը, Կովկասի այդ ամենաամերիկամետ պետությունը, հպարտորեն բարձրաձայնում էր, որ Միխայիլ Սաակաշվիլու օրոք արմատախիլ էր արել կաշառակերությունը, եւ օրինականությունը հաստատել երկրում, մինչդեռ երբ «Վրացական երազանք» կուսակցությունը եկավ իշխանության ղեկին, նախկին վարչապետ Իվան Մերաբիշվիլուն դատապարտեց հինգ տարվա ազատազրկմանՙ կաշառակերության համար։

Նարնջագույն հեղափոխությունը Յուլյա Տիմոշենկոյին էր շռնդալից կերպով իշխանության ղեկին բարձրացրել Ուկրաինայում, մինչդեռ նա հետագայում կաշառակերության մեղադրանքով հայտնվեց բանտում։ Նույնիսկ Հունաստանը, քաղաքակրթության, ժողովրդավարության այդ օրրանը եւ Եվրոմիության անդամ երկիրը խրված է կաշառակերության ճիրանների մեջ։ Սա նշանակում է, որ Եվրոպայի հետ ասոցիացումով ամեն հարց չի լուծվում եւ ամեն բան ավելի լավը չի դառնում։

Կաշառակերությունը լուրջ մտահոգության հարց է Հայաստանում։ Այն պետք է քննադատել եւ արմատախիլ անել։ Բայց դա պետք է անել հանուն ժողովրդի բարեկեցության եւ ոչ թե հանուն օտար իշխանությունների հաշվարկների, որոնք իրենց շահերից ելնելով կուզենային Հայաստանը տեսնել առանց կենտրոնական ուժեղ կառավարության։

Դեպքերն Ուկրաինայում ցնցեցին աշխարհը, եւ դրանց արձագանքներն ավելի բարձր են հնչում Հայաստանում, քանի որ նույն անախորժություններն առկա են նաեւ այնտեղ։ Բայց հաստատ կարելի է ասել, որ Մայդանի իրադարձությունների կրկնությունը Երեւանում միայն ու միայն քաոս կառաջացնի երկրում։

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 07-03-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ