RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 07-03-2014



Տեղադրվել է` 2014-03-06 23:48:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 2847, Տպվել է` 63, Ուղարկվել է էլ.փոստով` 56

ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆԸՙ ՀԱՐՑ, ԹԵ՞ ՀԻՄՆԱՀԱՐՑ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Ընկեր-բարեկամներս ու ծանոթ-հարազատներս արդեն որերորդ ամիսը միմյանց հետեւյալ հարցով են դիմում. լավ, ասենք, մեր երիտասարդներին համոզեցինք կենսաթոշակային պարտադիր կուտակումների արդյունավետության խնդրում ու սիրահոժար մասնակցեցին դրան, 40 տարի անց ամիսը ի՞նչ գումար են ստանալու: Ցավոք, ոչ գործընթացի ջատագովները, ոչ էլ ընդդիմացողները որեւէ թիվ չեն հնչեցնում, որը պարզություն կմտցնի խնդրում, կհանդարտեցնի կրքերը: Եթե այսօր ընտանիքի բարեկեցիկ ապրուստի համար պահանջվում է ամիսը միջինը 500 հազար դրամ, չորս տասնամյակ անց այս գումարը կկազմի առնվազն 1,5 մլն դրամ:

Նրանք, ովքեր կասկածի տակ կառնեն աս թիվը, թող մտաբերեն, թե ինչ գներ էին ՀՀ-ում ընդամենը 10 տարի առաջ, երբ միջին կենսաթոշակը հազիվ 15 հազար դրամ էր, աշխատավարձըՙ 25-30 հզար դրամ: Համանման զարգացումների արդյունքում հարկ է ակնկալել, որ ապահով ու բարեկեցիկ ծերութուն ունենալու համար 2050-ականներին կպահանջվի առնվազն 600 հազար դրամ կենսաթոշակ, եթե գրանցվի բանական արժեզրկում ու գնաճ: Արդյո՞ք այսօրվա ՀՀ տնտեսության պարագայում խնդիրը լուծելի է. հարցը ոչ քննարկվում է, ոչ էլ, առավել եւս, հիմնավորվում, որի արդյունքում առաջացող անորոշությունն էլ կրքերի առավել բորբոքման պատճառ է դառնում: Տողերիս հեղինակն իր երիտասարդ բարեկամներից մի քանիսին խնդրեց իրենց հաշվարկները ներկայացնել 30-40 տարվա կտրվածքով 200-300 հազար դրամ աշատավարձերի պարագայում: Առաջին տարբերակի դեպքում 30 տարի անց կուտակված գումարը մոտենում է 10 մլն դրամի, երկրորդի դեպքումՙ 12 մլն դրամի, որը արտարժույթով ստացվում է 25 հազար դոլար, նվազագույն արժեզրկման պարագայումՙ 20 հազար դոլար: Անգամ այսօր այս չափի գումարը բանկային ավանդի տեսքով էական ոչինչ չի տալիս, ամիսը հազիվ 70-80 հազար դրամ, այսօրվա ոչ մի հիմնախնդիր չլուծող կենսաթոշակի կրկնակին:

Մի պահ ընդունենք, որ ներկայացված թվաբանությունը շատ պարզունակ սիրողական մոտեցման արդյունք է, որ այն անգամ գործընթացի մեկ-տասերորդ պատկերը չի արտահայտում: Այդ դեպքում բարի եղեք առավել մասնագիտական ու փաստարկված հիմնավորումներով հանդես գալ, հուսապնդել երիտասարդներին, որ իրենք 30-40 տարի անց յուրաքանչյուր ամիս նվազագույնը 2000 դոլար, առավելագույնըՙ 3,500 դոլար կենսաթոշակ կստանան: Ցավոք, այսօրվա նվազագույն մեկնարկային գումարների պարագայում որեւէ լավատեսության հիմք չկա, որն էլ գործընթացի հանդեպ անվստահության մթնոլորտ է ստեղծում: Այն առավել է խորանում ՀՀ տնտեսության վերջին տարիների վիճակագրությանը ծանոթանալով: Ասենք, 2008-2012 թթ. ՀՀ կառավարության ծրագրում կանխատեսվում էր 2006-ի 26,5 տոկոս աղքատությունը 2012-ին իջեցնել 11,2 տոկոսի, երբ փաստացի ունեցանք 35 տոկոս աղքատներ: Որպես բարեկեցիկության չափանիշ ՀՀ կառավարությունը սահմանել էր միջին ընտանիքի կողմից բնակարան ու ավտոմեքենա ձեռք բերելու հնարավորության ստեղծում, որն այսօր բնակչության բացարձակ մասի համար երազանքների ոլորտ է: Հիշեցնենք նաեւ, որ գերակա նպատակներ էին հռչակված արտագաղթի կասեցումն ու ներգաղթի խրախուսումը, որոնց հակադարձ պատկերներն ենք այսօր տեսնում: Ավելորդ ենք համարում հիշել փոքր ու միջին գործարարության խթանման առումով տրվող խոստումները, աշխատատեղերի ստեղծման պարտավորությունները:

Այսուհանդերձ հուսանք, որ իրոք սիրողական մակարդակով արված հաշվարկներն ու դրանց շուրջ ելած մտորումներն անհրաժեշտ մասնագիտական գնահատականի կարժանանան, որն էլ պարզություն կմտցնի հանրությանը հուզող հիմնահարց դարձած այս հարցում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 07-03-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ