RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 07-03-2014



Տեղադրվել է` 2014-03-06 23:48:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 2891, Տպվել է` 62, Ուղարկվել է էլ.փոստով` 55

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ

ՎԱԼԵՐԻ ՄԱԿԱՐՅԱՆ

Լուրերի հոսքի մեջ նկատեցի մի շատ հետաքրքրական հաղորդագրություն (http://news.mail.ru/politics/17242208), որում բերված են Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի խոսքերը, որ Ուկրաինայի համար պիտի շարունակի գործել Ռուսաստանի հետ դեռեւս 2009 թվականին ստորագրված պայմանագիրը, ըստ որի բնական գազի գինը պիտի լինի շուկայական, այլ ոչ թե ավելի ցածր:

Տիմոշենկոն դա բացատրում է նրանով, որ գազի «բարձր» գները կստիպեն Ուկրաինայի տնտեսությանը համակերպվել այդ իրողության հետ եւ տեղի կունենա տնտեսական ամբողջ կառուցվածքի հիմնային ձեւափոխում, եւ ժամանակ հետո Ուկրաինան դուրս կգա գազային կախվածությունից, ինչը իր հերթին կստեղծի պայմաններ, որ Ռուսաստանը չունենա ո՛չ տնտեսական, ո՛չ էլ քաղաքական լծակներ Ուկրաինայի վրա ազդելու համար: Բացի դրանից, Ուկրաինայի տնտեսությունը կհամապատասխանի ժամանակի պահանջներին եւ կլինի մրցունակ:

Ըստ էության, ոչ ոք չի էլ կասկածում, որ քաղաքական կախվածությունը Ռուսաստանից հիմնականում ձեւավորվում է տնտեսական կախվածությունից: Այն էլ այն տնտեսական հարաբերություններից, որոնք պարունակում են շուկայական գներից էական ցածր գներով ստացած գերկարեւոր ծառայություններ եւ ապրանքատեսակներ:

Հայաստանի դեպքում դա նույն գազն է, միջուկային վառելիքը, ռազմական տեխնիկան եւ այլն:

Գործող իշխանությունները, ունենալով ղարաբաղյան հիմնախնդիրը եւ մեր երկրի հայտնի հարաբերությունները Թուրքիայի հետ, գտնում են, որ Հայաստանը չունի այլընտրանք եւ ուղղակի պարտադրված է ունենալ բարեկամական եւ ռազմաքաղաքական բարձր հարաբերություններ Ռուսաստանի հետ: Ի դեպ, դրա հետ համաձայն է մեր երկրի բնակչության գերակշիռ մասը:

Ավելինՙ Ղարաբաղյան հիմնախնդիրը եւ Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունը անմիջապես անդրադառնում են մեր տնտեսության վրա: Չունենալով արդյունավետ ճանապարհային կապ աշխարհի հետ, մենք, ըստ էության, գտնվում ենք տրանսպորտային եւ էներգետիկ շրջափակման մեջ:

Օրինակՙ Հայաստանի ատոմային կայանը միակն է աշխարհում, որը գործում է մեկուսացված էներգետիկ համակարգում: Մասնագետները անշուշտ կհավաստիացնեն, որ իրականում նման իրավիճակը լրջորեն նվազեցնում է նույն ատոմակայանի տեխնիկական անվտանգությունը, քանի որ ՄԵՐ ՄԻԱԿ ատոմակայանի էներգետիկ մասնակցությունը տարվա ամենաթեժ ժամանակներում գերբարձր է: Նույնիսկ այն աշխատանքները, որոնք տարվում են, որպեսզի Հայաստանի էներգետիկ համակարգը ունենա կապ Իրանի հետ, ցույց են տալիս, որ կառավարությունը շատ լավ գիտակցում է գոյություն ունեցող վտանգները: Ցավոք, սակայն վերջերս ունեցանք էներգետիկ մի լուրջ վթար, որը միայն ապացուցեց, որ մեզ հարկավոր է ոչ թե «կիսատ-պռատ» էներգետիկ համագործակցություն այլ երկրի հետ, այլ լիարժեք եւ միասնական էներգետիկ համակարգեր: Օրինակ, նույն Ռուսաստանի հետ եւ/կամ Թուրքիայի հետ:

Սակայն շարունակենք հիմնական միտքը:

Եվ այսպես, իշխանությունները իսկապես կարողացան Հայաստանի համար ստեղծել իրական բարենպաստ տնտեսական հարաբերություններ Ռուսաստանի հետ:

Մենք ունենք ցածր գնով գազ, ունենք գործող ատոմակայան, ունենք զինտեխնիկայով հագեցած բանակ:

Սակայն դրա հետ մեկտեղ ունենք խորը տնտեսական կախվածություն Ռուսաստանից եւ անկախության որոշակի սահմանափակում:

Բացի դրանից, ուզում եմ հատուկ նշել եւս մեկ այլ հանգամանք:

Գազի եւ էլեկտրաէներգիայի ցածր գները իրականում ձեւավորել են մի տնտեսական համակարգ, որը չունի հնարավորություն միջազգային շուկայում լինելու մրցունակ: Եվ կարծես թե մեր կառավարությունը համակերպվել է այս «գնային դրախտի» հետ եւ միայն զբաղվում է նրանով, որ լավագույնս բարելավի մեր տնտեսական համակարգը այդ «դրախտի» պայմաններում:

Ակնարկի վերնագրից եկող տրամաբանությունը չկորցնելու համար ասեմ, որ ներկայումս Հայաստանում ձեւավորվել է որոշ բարեկեցության մակարդակ, որը նույնիսկ ավելի բարձր էր նախագահ Քոչարյանի ժամանակ: Կարելի է ենթադրել, որ այս բարեկեցությունը հասել է իր գագաթնակետին, եւ ներկա տարածաշրջանային եւ «գնային դրախտի» պայմաններում չունի զարգանալու լուրջ հնարավորություններ:

Նույնիսկ հանրության կողմից սպասվող ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ տեսլականը հանրապետության ներքին «գող ու ավազակների» հանդեպ խիստ միջոցների տեսքով չունի տնտեսական լուրջ հետեւանքներ եւ այդ պայքարը էականորեն չի բարձրացնի միջին կենսամակարդակը: Միայն հույզեր... եւ ինքնախաբեություն...

Ռուսաստանի հետ ունեցած «գնային դրախտը» տկարացնում է մեր անկախությունը, քանի որ ներքին քաղաքական միտքը ի սկզբանե չունի հնարավորություն այլ ճանապարհներ որոնելու, քան Ռուսաստանի հետ համագործակցության բարձրացումը նոր եւ նորանոր մակարդակների:

Եվ փաստորեն ներքին քաղաքական ընդդիմության համար մնում է օգտվել հանրության սոցիալական բողոքից եւ փորձել գալ իշխանության: Եվ ոչ մի նոր գաղափար: Ոչ մի նոր տնտեսական այլընտրանք:

Եվ ամենածիծաղելին այն է, որ իշխանության գալով, այսօրվա քաղաքական ընդդիմությունը, ուզի թե չուզի, պիտի անի, ավա՜ղ, հետեւյալը.

- գազի գինը բնակչության համար կբարձացնի,

- հասարակական ավտոտրանսպորտի գինը համապատասխանեցնի շուկայի սպասումներին,

- պետության մասնակցությունը սոցիալական հարցերում (թոշակ, աշխատավարձեր, սոցիալական ծրագրեր եւ այլն) կնվազեցնի,

- այո-այո, կմտցնի այն նոր թոշակային համակարգը, որի դեմ նա այսօր պայքարում է:

Եվ այս ցուցակով նա չի բավարարվի... Չի կարող բավարարվել...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 07-03-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ