RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 07-03-2014



Տեղադրվել է` 2014-03-06 23:48:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 3903, Տպվել է` 85, Ուղարկվել է էլ.փոստով` 76

«ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ ՈՒՆԵՆԱԼ, ՈՐՊԵՍԶԻ ՄԵԶ ՆԵՐՔՈՒՍՏ ՀԱՆԳԻՍՏ ԶԳԱՆՔ»

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հայերից շատերն այսօր մեծ գումարներ են ծախսում` ունենալու օտար երկրների անձնագրեր, մինչդեռ կան մարդիկ, որոնք ձգտում են ունենալ Հայաստանի քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ:

93-ամյա Վազգեն Հովհաննիսյանը, կնոջ` Լուսյա Հովհաննիսյանի հետ ավելի քան 17 տարի Ռուսաստանում ապրելուց հետո, ի վերջո վերադարձել են հայրենիք եւ մոտ երկու տարի է, ինչ ապրում են Երեւանում:

Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած 93-ամյա Վազգեն Հովհաննիսյանը եւ տիկինը ցանկություն են հայտնել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ:

«Մենք սովետական անձնագրերով գնացինք Ռուսաստան, հայկական անձնագիր երբեք չենք ունեցել: Գալով Երեւան` դիմում ներկայացրինք. շատ էինք ցանկանում կապույտ կազմով անձնագիր ունենալ», հուզված պատմում է տիկին Լյուսյան եւ ավելացնում. «Ռուսական անձնագիրը մեզ համար օտար է, ցանկանում էինք հայկականը ունենալ, որպեսզի մեզ ներքուստ հանգիստ զգանք, հանգիստ շնչենք ու ապրենք» :

Ի դեպ, ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունն իր վրա է վերցրել համապատասան վճարումներ կատարելը` պետտուրքը:

«Ազգի» հետ զրույցում անդրադառնալով վիճակագրությանը եւ այն հարցին, թե մեծահասակները հաճա՞խ են դիմում` ՀՀ քաղաքացիություն ստանալու, նույն վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Համբարձումյանն ասաց. «Ոչ, ըստ վիճակագրության, մեծամասամբ երիտասարդ տարիքի մարդիկ են դիմում: Սա գրեթե աննախադեպ է»:

Վազգեն պապը մեծ հպարտությամբ ցույց էր տալիս երկու տասնյակից ավելի շքանշաններն ու մեդալները` Վարշավայի ազատագրումից մինչեւ Բեռլինի գրավումը ստացած:

Թբիլիսիի հրետանային ուսումնարանն ավարտելուն պես նա լեյտենանտի կոչումով միանգամից մեկնել է ռազմաճակատ, իսկ այժմ ունի կապիտանի կոչում:

«Հայրենական մեծ պատերազմի մասնակից եմ եւ այդ ընթացքում անցել եմ պատերազմական բոլոր փուլերով` գերի եմ ընկել, պարտիզան եմ եղել, ապա նորից եկել եմ հետ` կոչումս վերականգնելու եւ շարունակել եմ մասնակցել պատերազմին: Մասնակցել եմ Բեռլինի գրավմանը, Ժուկովի հրամանատարության տակ գտնվող առաջին ճակատում էի: Ես գերի եմ եղել ոչ թե Գերմանիայում, այլ սովետական տարածքում, ապա պարտիզան` Բրյանսկի անտառում, Շեպետովկայում: Բախտս բերեց ու ողջ մնացի: Ես հիմա չպետք է ողջ լինեի, չորս կողմն ընկան, մահացան, ես ողջ մնացի, դա էլ իմ ճակատագիրն էր»,- ասում է Վ. Հովհաննիսյանը:

Արմատներով Ղարսից, Վազգեն Հովհաննիսյանն ունեցել է մեծ ընտանիք, որի անդամներից շատերին` պապին, հորեղբորը, հորը թուրքերն են սպանել:

Կյանքի դաժան թոհուբոհով Վազգեն պապը դեռ մանուկ հասակից է անցել, մայրը իրենով հղիՙ Ղարսից գաղթել է եւ ողջ մնացել, իսկ մոր քույրերին ու եղբայրներին սպանել են:

«Ահա թե ովքեր են թուրքերը, իրենցից ինչ են ներկայացնում: Իմ կոչն է, որ յուրաքանչյուր հայ պետք է 100 թուրքի դեմ կանգնի»:

Վազգեն պապը հետաքրքրական մի դրվագ առանձնացրեց իր կյանքից. «Տղաս ծառայել է Բաքվի այն զորամասում, որտեղ ես եմ ծառայել 40 տարի առաջ, պատերազմի ժամանակ: Ի՞նչ զարմանահրաշ դեպքեր են պատահում կյանքում»:

Լյուսյա Հովհաննիսյանը` Վազգեն պապի կինը, զրույցում ժպիտով հիշելով երիտասարդ տարիները նշեց. «Վազգենը ինձնից 14 տարով մեծ է, սակայն այն ժամանակ ինձ խաբեց ու չասաց տարիքը: Դե ինչ ասեմ, կյանք է...»:

Այս ամիս լրանում է Վազգեն Հովհաննիսյանի եւ կնոջ` Լյուսյա Հովհաննիսյանի ամուսնության 50-ամյակը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 07-03-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ