RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 07-03-2014



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2014-03-06 23:48:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 3737, Տպվել է` 101, Ուղարկվել է էլ.փոստով` 87

ԴԱԼԱՐԻԿԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՀՐԱՇՔԻ, ՈՐ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԻ ԻՐԱԳՈՐԾՎՈՒՄ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Անիծվածների մայլա» կամ չորրորդ փողոց: Այս հասցեում է բնակվում Դալարիկի շուրջ 200 բնակիչ: Փողոցը որեւէ տեղ գրանցված չէ, բնակվելն էլ պետք է ընկալել հարաբերական իմաստով: Փողոցի 20 բազմաբնակարան շենքեր տասնամյակներ առաջ համարվել են երրորդ եւ չորրորդ կարգի վթարային: Դա նշանակում է, որ ամենաաննշան ցնցումը շենքերը գետնին կհավասարեցնի:

Շենքերը կառուցվել են 60-ականներին եւ երբեւէ չեն նորոգվել, ամրացվել: Պատերի վրա հսկայական ճեղքեր են գոյացել, քայլելիս աստիճանները ցնցվում են, իսկ բազմաթիվ բնակարանների սենյակներում պատերը երկու մասի են բաժանված, ճեղքերի լայնությունն էլ գերազանցում է 10 սանտիմետրը:

«Մի թեթեւ քամուց առաստաղը ճոճվում է, քնում ենք վախով, ամեն վայրկյան սպասում ենք, որ տանիքը փուլ կգա մեր վրա: պատերն այնքան թույլ են, որ անգամ մեքենանների անցուդարձից ջահը օրորվում է, պատուհանները` ցնցվում,- «Ազգ»-ի հետ զրույցում ասում է Դալարիկի բնակչուհի տիկին Ալվարդը` հավելելով, որ ամեն անգամ շենքի աստիճանները վախենալով է բարձրանում. տպավորությունն այնպիսին է, որ աստիճանը երկու մասի կբաժանվի:

Բազմաբնակարան շենքի տանիքը կաթում է ու տարվա մեծ մասը բնակիչները տանն անձրեւանոցով են քայլում: Հատակին ու կահույքին ցելոֆաններ են, որպեսզի անձրեւից փայտը չփտի: Տուն չկա, որտեղ պատերը բորբոսած ու ճաքած չլինեն, իսկ բնակիչները հոդերի հետ կապված խնդիրներ ունեն: Բնակիչների խոսքերով, փողոցի գրեթե բոլոր երիտասարդ կանայք էլ առողջական պրոբլեմներ ունեն եւ միայն բուժումից հետո են կարողանում երեխա ունենալ: Բնակիչները համոզված են, որ պատճառը խոնավ տունն է: Բացի նրանից, որ շենքերը վթարային են, կոյուղի էլ չունեն: Ընդհանուր բաղնիք-զուգարանները գտնվում են շենքերից ահագին հեռուՙ գոմերի հարեւանությամբ: Իսկ ջուր կրում են դիմացի աղբյուրից: Գյուղի հարսների օրվա մեծ մասն անցնում է շենքի դիմաց միակ աղբյուրի մոտ: Օրական 10-20 դույլ ջուր կրելն է դարձել է օրվա սովարական զբաղմունքը:

«Արդեն 15 տարի այսպես ապրում եմ: Ձեռքերիս մեջ էլ ուժ չկա, առողջություն էլ չունենք,- ասում է Գոհարըՙ հավելելով, որ ցանկանում են տունը վաճառել եւ տեղափոխվել այլ բնակարան, սակայն գնորդները տան պայմանները տեսնելուցՙ հրաժարվում են: «Ո՞ր կինը կհամաձայնվի 10 օրը մեկ լողանալ, այն էլ այսպես կոչված ընդհանուր բաղնիքում, որտեղ ընդամենը մի երկաթից տաշտ կա, կամ ունենա խոհանոց, որտեղ ջուր չկա, պետք է ամեն օր 20 դույլ ջուր կրի, որ գործերը հասցնի»,- դժգոհում է տիկին Գոհարը` հավելելով, որ ամեն օր սպասում է հրաշքի, երբ գյուղապետարանից կհայտնեն, որ շենքերը կառուցվում են:

Հարեւանները հիշում են, որ մի քանի տարի առաջ ջուր կրելուց 65-ամյա Հասմիկի ոտքը սայթաքեց ու նա ընկավ: Տարեց կնոջ ոտքը ջարդվել էր ու հիմա ձեռնափայտով է քայլում: Տան ջուրը կամ ամուսինն է կրում, կամ էլ հարեւան Կամոյի ընտանիքի անդամները: Տիկին Հասմիկի երկու որդիներն էլ գնացել են Ռուսաստան ու մոռացել ծնողներին: Վերջին հեռախոսազանգը չորս տարի առաջ էր: Որդիները խոստացան, որ աշխատանք գտնելուց հետո կօգնեն նաեւ ծնողներին: Խոստումն այդպես էլ իրականություն չդարձավ:

Վերջին տարիներին գյուղացիները մեկ այլ մտավախություն էլ ունեն: Փողոցի սյուները, որոնց ամրացված են էլեկտրական լարերը, թեքվել են, ուժեղ քամիների ժամանակ ճոճվում են ու չի բացառվում, որ մի օր սյուները կընկնենՙ կրակի մատնելով շուրջբոլորը: Դալարիկի սարսափելի վիճակի մասին տեղյակ են նաեւ գյուղապետարանում: Եկել են, զրուցել բնակիչների հետ եւ հաստատել, որ գյուղապետարանի բյուջեով անհնար է նման լայնածավալ շինարարություն իրականացնել:

Արմավիրի մարզպետարանից նույնպես տեղեկացրեցին, որ Դալարիկի բնակիչների խնդիրը օրակարգային է, սակայն կառավարությունը պետք է գումար տրամադրի շինարարության համար: Քաղաքաշինության նախարարություն կապվելու մեր բազմաթիվ փորձերը զուր անցան. գերատեսչությունում հեռախոսը վերցնող չգտնվեց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 07-03-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ