RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-12-03 16:49:29Թուրքիայի ԱԳՆ. Համաձայնագիրը կարող է դրականորեն ազդել Հայաստանի հետ հարաբերությունների վրա
2020-12-03 14:20:12«Ազգային օրակարգը» պահանջում է քրեական գործ հարուցել Փաշինյանի նկատմամբ
2020-12-02 00:14:47Բաքուն հաստատեց իր մտադրությունը՝ փոխանակել գերիներին «բոլորին բոլորով» սկզբունքով
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
#008, 2014-04-18 > #009, 2014-04-24 > #010, 2014-05-02 > #011, 2014-05-09 > #012, 2014-05-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 02-05-2014



Տեղադրվել է` 2014-05-02 00:52:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 2353, Տպվել է` 37, Ուղարկվել է էլ.փոստով` 32

ԱՐԴՅՈՔ ՈՎՔԵ՞Ր ԵՆ` ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Միասնական թիմի, գաղափարի շուրջ համախմբվածության բացակայություն

Կառավարության նոր կազմի ձեւավորումը սովորաբար Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենաուշագրավ եւ քննարկվող իրադարձություններից է: Բացառությամբ պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունների պետեր Սեյրան Օհանյանի եւ Էդուարդ Նալբանդյանի արագ վերանշանակմանը, որոնք անմիջականորեն ղեկավարվում են երկրի նախագահի կողմից, այս անգամ նոր կառավարության անդամների նշանակումը ձգվեց Սահմանադրությամբ սահմանված ամբողջ ժամկետում` 20 օր:

Եթե փորձենք ընդհանրական գնահատական տալ նոր կառավարությանը, ապա առաջինը, որ աչքի է զարնում` միասնական թիմի բացակայությունն է: Դա ճշգրտորեն համապատասխանում է նոր կառավարության բովանդակությանը` համախմբվածության բացակայությունը ինչ-որ գաղափարի, նպատակի կամ բարեփոխումների շուրջ: Եթե նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ուներ թիմ` համախմբված կոնկրետ ծրագրի եւ բարեփոխումների իրականացման շուրջ, ապա նման բան նոր կառավարությունում չի նշմարվում: Այն, որ նախարարների նշանակումը բավականին երկար տեւեց, դրա եւս մեկ, անուղղակի վկայությունն էր:

Ֆինանսների նոր նախարար, պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը հիմնականում բացասական վարկանիշ ունի` սկսած դեռեւս մաքսային կոմիտեի փոխնախագահ եղած ժամանակ «Ռոյալ Արմենիա» ընկերության հետ ունեցած սկանդալով եւ վերջացրած մի շարք խոշոր բիզնեսներին նրա մասնակցությամբ: Նա մշտապես դիմադրել է նախորդ վարչապետի կողմից ձեռնարկվող հարկային եւ մաքսային բարեփոխումներին: Արդեն նոր կառավարության առաջին իսկ նիստում Գագիկ Խաչատրյանն էր խոշոր տնտեսվարողների համար պարտադիր աուդիտի անցկացման եւ արդյունքները հրապարակելու որոշումը չեղյալ համարող որոշման ներկայացնողն ու հիմնավորողը: (Այս մասին տեսնել նաեւ էջ 4):

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի նշանակումը, թերեւս, կարելի է բնականոն համարել, քանի որ նա երկար տարիներ ղեկավարել է այս նախարարությունը, լավատեղյակ է ոլորտին: Սակայն նա եւս բարեփոխիչ չի եղել: Մնում է հուսալ, որ Կարեն Ճշմարիտյանը կշարունակի իրագործել հատկապես 2011-ին հաստատված արտահանմանն ուղղված արդյունաբերության աջակցության ռազմավարական ծրագիրը, որը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման եւ արդյունաբերության զարգացման համար:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նույնպես նոր դեմք չէ: Նախկինում եղել է արդարադատության նախարար եւ նրա իրավագիտական գիտելիքները կարեւոր դեր կունենան նոր վարչապետի համար: Նախկին աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանի` վարչապետի գլխավոր խորհրդական նշանակումը հավանաբար պայմանավորված է նրա` կուտակային կենսաթոշակային համակարգի կարեւոր մասնակիցներից մեկը լինելով եւ ամբողջական տեղեկատվությանը տիրապետելով: Սա վերաբերվում է նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի վերանշանակմանը:

Արտեմ Ասատրյանի պաշտոնավարման ժամանակ սոցիալական ծառայությունների ոլորտում մի շարք նոր մոտեցումներ են սկսվել կիրառվել: Նա նաեւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մշակման անմիջական մասնակիցներից է, ինչը հույսեր է ներշնչում, որ մեր երկրի համար կարեւորագույն նշանակություն ունեցող այս համակարգը, հակառակ դրա սուբյեկտիվ մեկնաբանություների, հիմնական սկզբունքները պահպանելով, կյանքի կկոչվի:

Արմեն Աշոտյանը եւս կշարունակի պաշտոնավարել որպես կրթության եւ գիտության նախարար: Այս ոլորտը արմատական բարեփոխումների կարիք ունի: Թեկուզ մի շարք ուղղություններով դրանք սկսվել են, բայց դրանցում առավելապես գերակշռում է ձեւը, որը անհրաժեշտ է լրացնել բովանդակությամբ: Հատկապես գիտության ոլորտում ոչ մի կառուցվածքային բարեփոխում տեղի չի ունեցել` ինչպես ամողջ հետխորհրդային, այնպես էլ վերջին մի քանի տարիներին: Չի ստեղծվել մեխանիզմ գիտելիք-տնտեսություն կապն ունենալու եւ ըստ այդմ` գիտության ֆինանսավորման ուղղությամբ:

Տարածքային կառավարման նախարար եւ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի վերանշանակումները տեղավորվում են տրամաբանության մեջ` նրանք իրենց ոլորտներում պրոֆեսիոնալներ են:

Նույնը չի կարելի ասել Գագիկ Բեգլարյանի վերանշանակման մասին, այնպես ինչպես 2008-ին նրա նշանակման մասին տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնում: Երեւանի քաղաքապետի պաշտոնից նրա սկանդալային պաշտոնանկությունից հետո, անընդունելի է նման վարքագիծ դրսեւորած մարդուն նախարար նշանակելը եւ վերանշանակելը: Առավել եւս, որ Գագիկ Բեգլարյանը առանձնահատուկ մասնագիտական գիտելիքներ չունի տրանսպորտի կամ հեռահաղորդակցության ոլորտներում:

Քաղաքաշինության նոր նախարար Նարեկ Սարգսյանը մինչ այս նշանակումը նորաստեղծ ճարտարապետության պետական կոմիտեի նախագահն էր: Նարեկ Սարգսյանի նկատմամբ հասարակության մոտեցումը միանշանակ չի եղել: Նրան քննադատել ենք նաեւ մեր թերթում: Սակայն, հարկ է նկատի ունենալ, որ երեւանցիների սիրելի վայր դարձած Հյուսիսային պողոտայի գաղափարի վերակենդանացումը եւ իրականացումը հենց նրա նախաձեռնությամբ տեղի ունեցավ, ինչն այն ժամանակ քաղաքական կամք եւ անձնական պատասխանատվություն էր պահանջում: Նարեկ Սարգսյանը համապատասխանում է նոր պաշտոնին ինչպես մասնագիտական առումով, լինելով ճանաչված ճարտարապետ ոչ միայն Հայաստանում, այնպես էլ նոր նախագծեր իրականացնելու վճռականությունն ունենալու առումով:

Վերանշանակվեցին նաեւ երկու կին նախարարները` մշակութի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Դժվար է միանշանակ դրական կամ բացասական գնահատել նրանց գործունեությունը` քանի որ երկուսն էլՙ դրականն ու բացասականը եղել են նրանց աշխատանքում:

Առողջապահության նախարարությունը նոր նախարար ունեցավ` Արմեն Մուրադյան: Նա հայտնի չէ լայն հասարակությանը, բայց ճանաչված է բժշկական աշխարհում: Արժե հիշատակել, որ երիտասարդ նախարարը մասնագիտացման խորացման ամերիկյան ու եվրոպական դասընթացներ է ավարտել, ինչն անշուշտ բավարար չէ նախարարական արդյունավետ գործունեության համար: Կտեսնենք:

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այս պաշտոնին տեղափոխվեց Արարատի մարզպետի պաշտոնից: Նախկինում նա եղել է գյուղատնտեսության նախարար Դաշնակցությունից: Այդ ժամանակվա կուսակցական պատկանելիության մասին, սակայն, նրա կենսագրությունում նշված չէ, իսկ որպես գյուղանախարար նրա գործունեությունը արդյունավետությամբ աչքի չի ընկել, եթե չասենք հակառակը:

Երվանդ Զախարյանի նախկին պաշտոնները թվարկելն արդեն իսկ մեծ տեղ կզբաղեցնի: Նա խորհրդային շրջանի ղեկավարին բնորոշ հատկություներ ունի` կոշտ մոտեցում ենթակաների նկատմամբ, անառարկելի որոշումներ, միայն հավատարիմ մարդկանց առկայություն սեփական շրջապատում` անկախ նրանց մասնագիտական պատրաստվածությունից: Երվանդ Զախարյանը համարվում է Ռոբերտ Քոչարյանի կադր, ինչպես եւ ներկայիս կառավարության կազմից ոմանք (Արմեն Գեւորգյան, Կարեն Ճշմարիտյան, Դավիթ Հարությունյան, Հովհաննես Մանուկյան եւ այլն):

Արդարադատության նոր նախարար Հովհաննես Մանուկյանը նախկինում եղել է Վճռաբեկ դատարանի նախագահ, իսկ մինչ այս նշանակումը` Հայաստանի դեսպանն էր Վրաստանում: Այդ նրա անմիջական ջանքերով են դատավորների աշխատավարձերը կտրուկ բարձրացվել, հասնելով մի քանի հարյուր հազար դրամից մինչեւ 1 մլն դրամի: Ինչին էլ համապատասխան ձեւավորվում են նաեւ նրանց կենսաթոշակները, ստեղծելով բավականին աննորմալ եւ անհասկանալի խզում Հայաստանի միջին աշխատավարձերի ու կենսաթոշակների համեմատությամբ, արդարացի դժգոհություն առաջացնելով մնացած բոլոր մասնագիտությունների տեր մարդկանց մոտ: Կոռուպցիայի դեմ պայքարի պատճառաբանությամբ կատարված այս քայլի արդյունավետությունը զրոյական է: Դատական համակարգում կաշառքների չափերի մասին իրականությանը մոտ տեղեկություններ վերջերս հրապարակեց մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Գուցե հենց դատավորների լոբբիինգի արդյո՞ւնք է Հովհաննես Մանուկյանի նշանակումն այս պաշտոնում, հակառակ իրական բարեփոխումներ սկսած նախկին նախարար Հրայր Թովմասյանի:

Հավանական է, որ գյուղնախարար Սերգո Կարապետյանը կպահպանի իր պաշտոնը: Իսկ ահա սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, հայկական սպորտի լեգենդներից Յուրի Վարդանյանը, ամենայն հավանականությամբ, հրաժեշտ կտա իր պաշտոնին: Նրա փոխարեն շրջանառվում է ԲՀԿ-ական Գաբրիել Ղազարյանի` մարզական աշխարհում քիչ հայտնի եւ հանրությանն անհայտ անունը: Այս դեպքում կարեւոր դեր է ունեցել նրա հենց կուսակցական պատկանելիությունը: Եվ ընդհանրապես, ԲՀԿ-ական պատգամավորների` նախկին կառավարության հանդեպ բոցաշունչ ելույթների եւ ֆեյսբուկյան գրառումների ֆոնին, ԲՀԿ-ի մեղմ կեցվածքը նոր վարչապետի եւ կառավարության նկատմամբ պարզապես աչք է ծակում:

Վերադառնալով նոր կառավարության բնորոշմանը, «յուրաքանչյուր նորը լավ մոռացված հինն է» արտահայտությունը միանգամայն համապատասխանում է նրան: Միեւնույն ժամանակ, հարկ է նշել, որ մասնագիտական պատրաստվածության, իրավիճակի ճիշտ գնահատակման եւ համարժեք քաղաքականության իրականացման առումով նոր կառավարությունը կարգով էապես զիջում է նախորդ կառավարությանը: Նրան մնում է գործողությունների կոնկրետությամբ եւ վճռականությամբ ձգտել արդյունքներ արձանագրել: Կապրենք, կտեսնենք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 02-05-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ