RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#008, 2014-04-18 > #009, 2014-04-24 > #010, 2014-05-02 > #011, 2014-05-09 > #012, 2014-05-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 02-05-2014



ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ

Տեղադրվել է` 2014-05-02 00:52:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 1940, Տպվել է` 39, Ուղարկվել է էլ.փոստով` 32

«ԿԱՐՄԻՐ ԳԻԾՆ» ՈՒ «ԱՌՆԵՏԻ ՈՒՂԻՆ»

ՍԵՅՄՈՒՐ Մ. ՀԵՐՇ

«London Review of Books» պարբերական հանդեսից վերցված Սեյմուր Մ. Հերշի թարգմանաբար (որոշ կրճատումներով) ներկայացվող հոդվածը քննարկում է Սիրիայում ասպտամբների գործողությունները, ինչպես նաեւ Օբամայի եւ Էրդողանի դերակատարությունները: Հերշը միջազգային ճանաչման արժանացած հետազոտող լրագրող է: Աշխատակցում է «New Yorker»-ին եւ անդրադառնում հատկապես տարբեր երկրներում իրականացվող ռազմական գործողություններին եւ անվտանգության հարցերին: Վիետնամական պատերազմի մասին իր հոդվածների համար նրան շնորհվել է միջազգային լրագրության Պուլիտցերյան մրցանակը: Արժանացել է նաեւ (2004-ին)

Ջորջ Օրուելի անվան մրցանակին:

«Կարմիր գիծը»

Առանց կոնգրեսի հավանությունն ստանալու 2011-ին Բարաք Օբաման, դաշնակիցների աջացկությամբ, ռազմական գործողություններ ծավալեց Լիբիայում: Անցյալ տարվա օգոստոսին Դամասկոսի Ղութա (Գուտա) արվարձանում զարին քիմիական գազի գրոհից հետո, նա պատրաստվում էր, դարձյալ դաշնակիցների աջակցությամբ, օդային հարձակումներ իրականացնել պատժելու համար այս անգամ Սիրիայի կառավարությանը, քիմիական զենք օգտագործելու վերաբերյալ 2012-ին իր սահմանած «կարմիր գիծն» իբր անցնելու համար: Բայց նշանակված ժամկետից մի փոքր առաջ նա հայտարարեց, որ կփորձի կոնգրեսի հավանությունը ստանալ դրա համար: Հարձակումները հետաձգվեցին, քանի որ կոնգրեսը լսումներ պետք է անցկացներ այդ առնչությամբ, իսկ հետագայում ընդհանրապես չեղյալ համարվեցին, երբ Օբաման, Մոսկվայի միջնորդությամբ, համաձայնվեց ընդունել քիմիական իր զինանոցի ոչնչացման վերաբերյալ Ասադի առաջարկը: Ինչո՞ւ Օբաման, ի տարբերություն Լիբիայի, Սիրիայի դեպքում նախ հետաձգեց, իսկ հետո ընդհանրապես մտափոխվեց: Պատասխանը այն տարաձայնության մեջ է, որ գոյություն ունի վարչակազմի այն անդամների, որոնք անպայմանորեն ցանկանում են կիրառել «կարմիր գծի» քաղաքականությունը եւ զինվորական առաջնորդների միջեւ, որոնք պատերազմական գործողությունները համարում են ե՛ւ չարդարացված, ե՛ւ աղետալի:

Օբամայի մտափոխությունը տեղի ունեցավ Պորտոն Դաունի (Վիլտշիրումՙ Անգլիա) պաշտպանության լաբորատորիայում կատարված ստուգումների արդյունքում: Հետախուզության բրիտանացի գործակալները պարզել էին, որ օգտագործված զարին գազը մաս չի կազմում սիրիական բանակի քիմիական զինանոցին: Նրանք անմիջապես տեղեկությունը փոխանցել էին Պենտագոնին, որտեղից էլ Օբամային էին զգուշացրել, որ որեւէ հարված Սիրիայի ենթակառույցներին կարող էր լայնածավալ պատերազմի պատճառ դառնալ ամբողջ Միջին Արեւելքում:

Ամերիկայի զինվորական վերնախավն ու հետախուզության ղեկավարությունը ամիսներ շարունակ մտահոգված էին Սիրիայի հարեւանների, հատկապես Թուրքիայի դերակատարությամբ: Տեղյակ էին, որ Էրդողանը պաշտպանում է ապստամբների «Ան-Նուսրա» ճակատի ջիհադիստներին եւ այլ իսլամիստ խմբավորումներին: «Նրանցից որեւէ մեկը կարող էր զարին գազ օգտագործել Սիրիայի ներսում եւ ապա Օբամային հարկադրել իրագործելու իր «կարմիր գծի» սպառնալիքը», ասաց ինձ ամերիկյան հետախուզության նախկին մի աշխատակից, որ լավատեղյակ է ներկա իրադարձություններին:

Ամերիկայի եւ Բրիտանիայի հետախուզական գործակալությունները դեռ 2013-ի գարնանից տեղյակ էին, որ Սիրիայում որոշ ապստամբ խմբավորումներ քիմիական զենք էին ձեռք բերել: Հունիսի 20-ին վերլուծաբանները Մ. Նահանգների պաշտպանության Հետախուզական վարչության (ՊՀՎ) փոխտնօրեն Դեյվիդ Շեդին հինգ էջանոց զեկուցագիր ներկայացրին այն մասին, որ «Ան-Նուսրան» զարինի արտադրության նախաբջիջ էր ձեռք բերել: «Ծրագիրը կարող էր ամենաառաջնակարգ դավադրությունը լինել Ալ-Ղաիդայի սեպտեմբերի 9-ի ահաբեկչությունից հետո: Թուրքիայում եւ Սաուդյան Արաբիայում գործող քիմիական գործարաններ փորձում են տասնյակ տոննաներով զարինի նախաբջիջներ պատրաստել, որոնք հետագայում Սիրիայում զանգվածային արտադրության մեջ կօգտագործվեն», տեղեկացնում էր զեկուցագիրը:

Անցյալ տարվա մայիսին հարավային Թուրքիայում ավելի քան մեկ տասնյակ «Ան-Նուսրա» ճակատի անդամներ ձերբակալվեցին, որոնց մոտ, ըստ թուրքական ոստիկանության տվյալների, երկու կիլոգրամ զարին էին հայտնաբերել: Նրանցից հինգին կարճ ժամանակ անց ընդհանրապես բաց էին թողել. մյուսներին, որոնց մեջ նաեւ պարագլուխ Հայթամ Քասսաբին, որի համար հայցվորը 25 տարվա բանտարկություն էր նախատեսել, ազատ էին արձակել մինչեւ դատավարությունը: Թուրքական մամուլը լի էր ենթադրություններով, որ Էրդողանի վարչակարգը փորձում է քողարկել ահաբեկիչների հետ իր առնչությունները: ՊՀՎ-ն ձերբակալության լուրը առ ի գիտություն ընդունեց: Ճշտվեց նաեւ, որ Քասսաբը ոչ միայն «Ան-Նուսրայի» անդամ է, այլ նաեւ անմիջական կապ ունի նրա ռազմական արդյունաբերության Էմիրիՙ Աբդ-էլ-Ղանիի հետ, որի ծրագիրն էր երկու հոգու պատրաստել եւ ուղարկել Սիրիա, որպեսզի այնտեղ մեծաքանակ զարին արտադրեին անհայտ մի գործարանում:

Անցյալ տարվա մարտ եւ ապրիլ ամիսներին մի քանի քիմիական հարձակումների քննությունը կատարելու առաքելությամբ Սիրիա ժամանեցին ՄԱԿ-ի փորձագետները, որոնք թեեւ լիազորված չէին պատասխանատուներին հայտնաբերելու, այդուհանդերձ նրանց մոտ կանգնած աղբյուրները տեղեկացրին, որ «գազն ակներեւաբար օգտագործված էր ապստամբների կողմից»: Լուրը չհրապարակվեց, որովհետեւ ձեռնտու չէր:

Փորձագետների զեկուցագիրը խիստ կրճատված ձեւով ներկայացվեց Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Դենիս Մակդոնոյի հրամանով:

Հետախուզության նախկին պաշտոնյայի փոխանցմամբՙ Մ. Նահանգների ազգային անվտանգության վարչության շատ աշխատակիցներ մտահոգ էին եւ ցանկանում էին ավելի հստակ պատկերացում ունենալ նախագահի «կարմիր գծի» մասին: Ի՞նչ էր դա նշանակում: Ինչպե՞ս պետք է ձեւակերպվեր ռազմական հրամանը: Հետեւակային հարձակո՞ւմ էր լինելու այդ գիծը խախտելու դեպքում, թե՞ զանգվածային, կամ սահմանափակ հարձակում: Նրանց հարցերը այդպես էլ անպատասխան մնացին:

Օգոստոսի 21-ի հարձակումից հետո Օբաման հրամայեց Պենտագոնին ռմբակոծման թիրախների ցուցակ կազմել: Ըստ դարձյալ նախկին հետախուզության պաշտոնյայի տվյալների, աշխատակազմի ղեկավարների համատեղ կազմած ցուցակի 35 թիրախները Ասադի իշխանության համար «ոչ բավարար ցավոտ» նկատվեցին, որովհետեւ այնտեղ միայն ռազմական տեղանքներ էին ներառված եւ ոչ մի քաղաքացիական ենթակառույց: Սպիտակ տան ճնշումների տակ թիրախների այդ ցուցակը վերածվեց «հրեշային հարվածների» մի ցուցակի: Օրեցօր ցուցակը մեծանում էր: Այն կանխատեսում էր «ամբողջովին ոչնչացնել Ասադի բոլոր ռազմական եւ հետախուզական կարողությունները»: Դրան պետք է մասնակցեին նաեւ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան: Օգոստոսի 29-ին Անգլիայի խորհրդարանը դեմ քվեարկեց վարչապետ Կամերոնի ծրագրին: Բայց «Գարդիան» թերթը հաղորդեց, որ նա արդեն իսկ հրամայել էր Կիպրոսում տեղակայել 6 «RAF Typhoon» տիպի ռեակտիվ կործանիչ ինքնաթիռներ եւ «Թոմահոուք» հրթիռներ արձակող մեկ սուզանավ: Ըստ «Le Nouvelle Observateur»-իՙ Ֆրանսուա Օլանդը նույնպես պատրաստ էր: Հարձակման օրը սեպտեմբերի 2-ին էր նշանակված, բայց օգոստոսի 31-ին Սպիտակ տան «Ռոուզ Գարդենում» Օբաման հայտնեց, որ հարձակումը հետաձգվում է: Նրա թեզն այն մասին, թե միայն սիրիական բանակը կարող էր զարին օգտագործած լինել, հիմնավոր չէր: Ռուսական ռազմական հետախուզության աշխատակիցները Ղութայից (Գուտա) վերցրած քիմիական նյութերի ստուգման հետեւանքով պարզել էին զարինի գոյությունը եւ հայտնել բրիտանացի իրենց գործընկերներին: Վերջիններս Ասադի զինանոցի նյութերի հետ համեմատելով հաստատել էին տարբերությունը: Ամերիկյան հետախուզությունը նման բան չէր հայտնաբերել: Բայց այդ լուրը հասել էր ընդդիմադիր ահաբեկիչներին, որոնք անմիջապես օգտագործել էին եւ շրջանառության մեջ գցել այն, որ Ասադն էր օգտագործել զարինը: Սպիտակ տունը հավատացել էր, որովհետեւ որոշ մարդկանց այն ձեռնտու էր:

Սեպտեմբերի 2-ի համար նախատեսված հարձակման իրագործումը դրված էր գեներալ Մարտին Դեմպսիի վրա, ով միշտ զգուշացնում էր Սպիտակ տանը ռիսկի չդիմել: Բրիտանական «Պորտոն Դաունի» զեկույցը եւս եկավ հաստատելու, որ հարձակումը արդարացված չէր: Սա էլ ստիպեց Օբամային փոխել իր մտադրությունը: Չկրկնելու համար Ջորջ Բուշ կրտսերի Իրաք ներխուժելու սխալը, որի պատասխանատվությունը կոնգրեսն ու Սպիտակ տունը ստիպված էին ստանձնել միասնաբար, բայց մեղքը բարդել «սխալ հետախուզական տվյալների» վրա: Կոնգրեսն այս անգամ հստակ հասկացրել էր, որ հարձակման հարցը մանրակրկիտ լսումների առարկա կդառնա եւ մինչեւ որոշակի ապացույցներ չլինեն, հավանություն չի տա:

Բայց Օբամայի մտքափոխությամբ հարցը դեռ չէր կարելի փակված համարել: Լոնդոնում սեպտեմբերի 9-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պետքարտուղար Քերրին դեռեւս չէր բացառում ներխուժման հնարավորությունը, ասելով «չգործելու ռիսկը ավելի մեծ է, քան գործելու ռիսկը»: Բայց մի լրագրողի այն հարցին, թե ռմբակոծումը կանխելու համար Ասադը որեւէ բան կարո՞ղ էր անել, Քերրին պատասխանեց. «Իհարկե: Նա միջազգային վերահսկողության տակ կարող է դնել իր քիմիական զինանոցի ամեն մի մասնիկը: Բայց նա այդ քայլին չի գնա»: «Նյու Յորք Թայմսը» հաջորդ օրն իսկ տպագրեց լուրը, որին հետեւեց անմիջապես ռուսական կողմի նախաձեռնությունը:

«Առնետի ուղին»

Այս ամենին զուգահեռ դեռ պետք է պարզվեր Սիրիայի ապստամբ ահաբեկիչներին թիկունք կանգնելու գործում Մ. Նահանգների համագործակցությունը Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի եւ Քաթարի հետ: Օբամայի վարչակազմը երբեք հրապարակայնորեն չի ընդունել իր դերակատարությունը այսպես կոչված «առնետի ուղու» ստեղծման գործում: «Առնետի ուղին», ինչպես կենտրոնական հետախուզական վարչությունում են անվանում, հետնախորշային մի ճանապարհ է դեպի Սիրիա: Ստեղծվել է 2012-ի սկզբներին եւ օգտագործվել է Լիբիայից զենք ու զինամթերք մատակարարելու (Հարավային Թուրքիայի եւ սիրիական սահմանով) Սիրիայի ապստամբներին: Ստացողների մեծ մասը ջիհադիստներն էին, որոնց որոշ հատվածը կապ ունի Ալ-Ղաիդայի հետ: Պաշտպանության դեպարտամենտից անշուշտ այս լուրը հերքում են:

Հունվարին Սենատի Հետախուզական կոմիտեն զեկուցագիր հրապարակեց Բենգազիում (Լիբիա) Ամերիկյան հյուպատոսարանի եւ մոտակայքում գտնվող ԿՀՎ-ի թաքուն մի կառույցի վրա 2012-ի սեպտեմբերին տեղական միլիցիայի կատարած հարձակման մասին: Չորս հոգի սպանվել էին, այդ թվում նաեւ Մ. Նահանգների դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը: Զեկույցը լրատվամիջոցների գլխավոր լուրը դարձավ: Այն քննադատում էր առաջին հերթին պետքարտուղարությանըՙ հյուպատոսարանին համապատասխան անվտանգություն չապահովելու համար, եւ երկրորդ, հետախուզության համակարգինՙ այդ տարածքում ԿՀՎ-ի կառույցի մասին Մ. Նահանգների զինվորականությանը տեղյակ չպահելու համար:

Զեկույցը թշնամական մթնոլորտ ստեղծեց Վաշինգտոնում: Հանրապետականները Օբամային եւ Հիլարի Քլինթոնին մեղադրեցին թաքուն գործունեություն ծավալելու մեջ:

Զեկուցագրի խիստ գաղտնի հավելվածում, որը հանրությանը չներկայացվեց, նշված էր գաղտնի մի համաձայության մասին, որը ձեռք էր բերվել 2012-ի առաջին ամիսներին Օբամայի եւ Էրդողանի վարչակազմերի միջեւ: Համաձայնությունը վերաբերում էր «առնետի ուղուն»: Համաձայնության կետերից պարզ էր դառնում, որ ֆինանսավորումը հոգալու էին Թուրքիան, Սաուդյան Արաբիան եւ Քաթարը: ԿՀՎ-ն պատասխանատու էր Քադդաֆիի զինանոցից զենքեր փոխադրելու Սիրիա: Այդ նպատակով մի քանի երեւութապես օրինական ընկերություններ բացվեցին Լիբիայում, որոնցից մի մասըՙ որպես ավստրալիական միավորումներ:

Զենքերի հայթայթումն ու նավերով առաքումը իրականացնելու համար աշխատանքի վերցվեցին թոշակառու ամերիկացի զինվորականներ, որոնք հաճախ չգիտեին, թե ովքեր են իրենց աշխատանքով ապահովում: «Օպերացիայի» իրականացումը հանձնարարված էր ԿՀՎ-ի տնօրեն Դեյվիդ Պետրայուսին, որը շուտով պետք է հրաժարվեր պաշտոնից իր կենսագրի հետ ունեցած սիրային սկանդալի հետեւանքով: Պետրայուսի ներկայացուցիչը ժխտել է «օպերացիայի» գոյությունը:

Որպես «փոխգործողության կապ» (liaison operation) դասակարգված «օպերացիան» հնարավորություն էր տվել նախաձեռնողներին խուսափել կոնգրեսական հետախուզությանը այդ մասին տեղյակ պահելու օրենքով սահմանված անհրաժեշտությունից: Օրենքը բացառություն էր անում միայն «փոխգործողության կապ» անվան տակ ներկայացվող «օպերացիաներին», բայց ԿՀՎ-ի մյուս բոլոր գաղտնի գործողությունները որպես «տվյալ» (finding) պարտադիր կարգով պետք է գրավոր ներկայացվեին կոնգրեսի ավագ ղեկավարությանը հաստատման համար: Զեկուցագրի հավելվածը բաժանվել էր միայն սահմանափակ թվով մարդկանց, որոնց թվում էին նաեւ կոնգրեսի եւ կոնգրեսի հետախուզության ութ բարձրաստիճան պատգամավորներ (ինչպես դեմոկրատական, այնպես էլ հանրապետական առաջնորդներ): Հարցն այն է, որ այդ ութ ղեկավար անձնավորությունները գրեթե երբեք չեն հավաքվում քննարկելու իրենց ստացած գաղտնի տեղեկությունները:

Շարունակությունըՙ հաջորդիվ

Թարգմանեցՙ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 02-05-2014

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ