RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#008, 2014-04-18 > #009, 2014-04-24 > #010, 2014-05-02 > #011, 2014-05-09 > #012, 2014-05-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 02-05-2014



ՃՆՇՈՒՄՆԵ՞Ր

Տեղադրվել է` 2014-05-02 00:52:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 2072, Տպվել է` 36, Ուղարկվել է էլ.փոստով` 32

ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՄԱՔՍԱՅՆԱՑՈՒՄԸ» ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մինսկում ապրիլի 29-ին մեկնարկած Եվրասիական տնտեսական համագործակցության գագաթաժողովին` Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս կազմով, նախատատեսվում էր նաեւ Հայաստանի բարձր մակարդակի մասնակցությունը: Ավելին, Հայաստանի արդեն նախկին էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը ապրիլի 17-ին հայտարարեց, որ` «չնայած Մաքսային միությանը Հայաստանի միանալու բոլոր հարցերը դեռեւս համաձայնեցված չեն, բայց դա չի խոչընդոտի, որպեսզի ապրիլի 29-ին, Մինսկի գագաթաժողովի ժամանակ, Հայաստանը ստորագրի Մաքսային միությանը միանալու համաձայնագիր»: Ավանեսյանը այս առումով վստահություն էր հայտնել:

Հաջորդ օրը, սակայն, ապրիլի 18-ին, էկոնոմիկայի նախկին նախարարը հերքեց իր իսկ խոսքերը` այն մասով, որ ապրիլի 29-ի գագաթաժողովի ժամանակ ոչ թե կստորագրվի Հայաստանի` Մաքսային միությանը միանալու համաձայնագիր, այլ «Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի եւ Հայաստանի նախագահները կքննարկեն ՄՄ-ին միանալու Հայաստանի «ճանապարհային քարտեզի» կատարողականը»: Նկատենք, որ այս գործընթացից հիմնականում ռուս պաշտոնյաները հայտնում են իրենց «հիացմունքը», այն առումով, որ «Հայաստանը բավականին արագորեն կատարում է ճանապարհային քարտեզով» նախատեսված գործողությունները»:

Հետեւաբար, ապրիլի 29-ին Մաքսային միությանը մեր երկրի միացումը խնդրահարույց չէր, համենայն դեպս, նախքան Մինսկի գագաթաժողովը: Ուշագրավ է, որ ապրիլին նախարար Նալբանդյանի` Մինսկ կատարած այցելության շրջանակներում նրա եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպման շրջանակներում վերջինս հայտարարեց, թե` «շուտով այստեղ (նկատի ունի` Մինսկում), տեղի կունենա գագաթաժողով, որին նաեւ Հայաստանը մասնակցություն կունենա...», իսկ այդ գագաթաժողովի մեկնարկի նախորդ օրը, Երեւան ժամանած ՌԴ տրանսպորտի նախարար, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի ղեկավար Մաքսիմ Սոկոլովը, փաստորեն, վերահաստատեց, որ «Մինսկում կայանալիք գագաթաժողովին նախատեսվում է նաեւ Սերժ Սարգսյանի մասնակցությունը», եւ, որ այդ գագաթաժողովի ժամանակ Հայաստանն ամենայն հավանականությամբ կընդգրկվի Մաքսային միության կազմում:

Փաստորեն, ՌԴ տրանսպորտի նախարար, հայ-ռուսական մրջկառավարական հանձնաժողովի ղեկավար Սոկոլովը տեղեկացված չէր Մինսկի գագաթաժողովի հյուրերի կազմից. փաստն այն է, որ նույն օրը ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ «Մինսկի գագաթաժողովին Հայաստանը չի նախատեսում բարձր մակարդակի մասնակցությունը». «Նախարար Էդվարդ Նալբանդյանը Մինսկ չի մեկնի», ասել էր Բալայանը, իսկ նախագահ Սարգսյանի մասնակցության առումով հորդորել էր սպասել նախագահականի մամուլի քարտուղարի պատասխանին: Այդ պատասխանը չեղավ, ավելին, նախագահի պաշտոնական կայքում, մինչեւ ապրիլի 28-ի ուշ գիշերը ներառյալ (Մինսկի գագաթաժողովի նախորդ օրը) չհայտնվեց որեւէ տեղեկատվություն այն մասին, թե մեկնելո՞ւ է արդյոք Սերժ Սարգսյանը Մինսկ, թե՞ ոչ:

Հասկանալի է, որ եթե ոչ նախագահը, ոչ ԱԳ նախարարը Մինսկ չեն մեկնում, ուրեմն ապրիլի 29-ին Բելառուսի մայրաքաղաքում Հայաստանին ամենեւին էլ չեն ընդգրկում Մաքսային միության կազմում, քանի որ նման համաձայնագիր Հայաստանից կարող է ստորագրել բացառապես նախագահը:

Սերժ Սարգսյանն այդպիսով, Մինսկ չմեկնեց: Եւ, քանի որ ոչ նախագահն անձամբ, ոչ նախագահականից որեւէ մեկը հստակ պարզաբանում չի տվել ՀՀ նախագահի այս որոշման մասին, մեզ մնում է ենթադրություններ անել:

Եթե հիշում եք, նախորդ տարվա դեկտեմբերի 24-ին, Մաքսային միության անդամ երկրների ղեկավարների հերթական հանդիպման շրջանակներում, Ղազախսատնի նախագահ Նորսուլթան Նազարբաեւը հայտարարեց, որ իր երկիրը «հատուկ կարծիք» ունի ՄՄ-ին Հայաստանի միանալու կապակցությամբ` «կապված ԼՂ հակամարտության հետ» (այս մասին «Ազգը» գրել էր իր անցյալ տարվա դեկտեմբերի 25-ի համարում): Ավելի վաղ, մեկ այլ «մաքսային»` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր. «Մաքսային միությանը Հայաստանի միանալու հարցում մենք պետք է հաշվի առնենք այդ թվում Ադրբեջանի կարծիքը»: Միեւնույն ժամանակ, Եվրասիական տնտեսական համագործակցության նախագահ Վիկտոր Խրիստենկոն հայտարարել էր, որ «Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը կնպաստի ԼՂ հակամարտության լուծմանը»:

Հասկանալի է, որ եթե ՄՄ անդամ երեք երկրներից մեկի ղեկավարը «հատուկ կարծիք» ունի մեր երկրի` այդ միությանը անդամակցելու առումով, իսկ մյուսի ղեկավարը «պետք է» հաշվի առնի այդ թվում Ադրբեջանի դիրքորոշումը` հարցի հետ կապված, ուրեմն դժվար է ասել, թե ինչպե՞ս կնպաստի ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունը ԼՂ հիմնահարցի լուծմանը, արդյոք այդ լուծումը բխելո՞ւ է հայկական շահից:

Ուրեմն, շատ հավանական է, որ Հայաստանը Մինսկում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական համագործակցության գագաթաժողովին բարձր մակարդակի ներկայացվածություն չի ապահովել, հետեւաբար եւ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ համաձայնագիր չի ստորագրել, որովհետեւ ՄՄ անդամ երկրները լուրջ տարաձայնություններ ունեն Հայաստանի անդամակցության վերաբերյալ, կոնկրետՙ ԼՂ հակամարտության հետ կապված:

Այս համատեքստում բավականին ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը: Նա մասնավորաբար ասել է. «ԵՄ-ի հետ Ադրբեջանի ասոցիացման համաձայնագրի տեքստում բացակայում է դրույթը` Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության վերաբերյալ, ինչն ուղղակի անթույլատրելի է, եւ ինչը մեզ մտորելու տեղիք է տալիս, թե արդյոք մենք ճի՞շտ ենք ընտրություն կատարել` ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագիր ստորագրելու պատրաստակամություն հայտնելով»: Այստեղ անչափ կարեւոր է Մամեդովի արտասանած «ընտրություն» բառը: Հասկանալի է, որ ադրբեջանցի պաշտոնյան խոսում է ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագրի եւ ՄՄ-ին Ադրբեջանի անդամակցության միջեւ իր երկրի կատարած ընտրության մասին: Եւ, եթե Մամեդովն ակնարկում է, որ Բաքվի համար գուցե ճիշտ չէր հօգուտ Ասոցիացման համաձայնագրի ընտրությունը, հետեւաբար, հասկացնում է, որ Բաքուն դեմ չէ վերանայել իր ընրությունը` հօգուտ Մաքսային միությանը: Այս առումով, կարող է ստեղծվել բավականին ուշագրավ մի իրադրություն, երբ ՄՄ անդամ երկրները կքննարկեն ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի հայտը` միանալու Միությանը: Հասկանալի է, որ նման իրադրությունը կարող է լուրջ մարտահրավեր լինել մեզ համար` կապված ԼՂ հակամարտության հետ, եւ չի բացառվում, որ Վիկտոր Խրիստոնեկոն հենց այս իրավիճակը նկատի ուներ, երբ հայտարարում էր, թե` «ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունը կնպաստի ԼՂ հակամարտության լուծմանը»: Ինչպիսի՞ լուծմանը...

Ուրեմն կարելի է ասել, որ Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելը հետաձգվում է ոչ թե Հայաստանի կողմից այդ Միությանը միանալու «ճանապարհային քարտեզի» կատարման թերացումների պատճառով, այլ հենց ԼՂ հակամարտության առնչությամբ ՄՄ երկրների ունեցած դիրքորոշումների, եւ Ադրբեջանին եւս այդ միության մեջ ներքաշելու նրանց ցանկությամբ: Քանի որ ակնհայտ է. այլ բան է, երբ ՄՄ-ին անդամակցում է միայն Հայաստանը, եւ բոլորովին այլ բանՙ երբ Հայաստանն ու Ադրբեջանը, առանց որի, Հարավային Կովկասում քաղաքական, տնտեսական եւ ռազմական վերջնական ներկայացվածության հարցը Մոսկվան լուծել չի կարող:

Ուրեմն մինչեւ հունիսի 1-ը կարող ենք ականատեսը լինել Բաքվի կողմից Մաքսային միությանն ուղղված ազդանշանների կրկնապատկմանը, եթե ոչ այդ ազդանշանների առավել հստակեցմանը, պարզեցմանը: Քանի որ Մինսկում կայացած Եվրասիական տնտեսական համագործակցության երկրների ղեկավարների գագաթաժողովի արդյունքում Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահները, համաձայն Բելատռուսի նախագահի մամուլի քարտուղարության պաշտոնական հաղորդագրության, որոշում են կայացրել, որ «Հայաստանի` Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին անդամակցության պայմանագիրը պատրատ կլինի մինչեւ հունիսի 1-ը եւ կներկայացվի պետությունների ղեկավարների քննարկմանը Աստանայում մայիսի 29-ին կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում»: Ավելին, ըստ նույն հաղորդագրության, «Հայաստանի` ՄՄ-ին անդամակցելու ճանապարհային քարտեզի 126 ընդհանուր կետերից 111-ն արդեն իրագործվել են Հայաստանի կողմից, իսկ մնացած 15-ը կներառվեն ՄՄ-ին եւ Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության պայմանագրի մեջ` որպես Հայաստանի հետագա պարտավորություն»:

Ավելորդ չէ նշել, որ Եվրասիական տնտեսական համագործակցության նախագահ Վիկտոր Խրիստենկոն, Մինսկի գագաթաժողովի արդյունքների հիման վրա, չորեքշաբթի օրը վերահաստատելով Բելառուսի նախագահի մամուլի քարտուղարության տարածած հիշյալ հայտարարությունը, ընդգծել էր. «Հայաստանի` Միասնական տնտեսական տարածք ընդգրկելու պայմանագրի ծրագրի շուրջը բոլոր հիմնական տարաձայնությունները կարգավորվել են»:

Նախ, փաստորեն, տարաձայնություններ եղել են իրականում, բայց դա այլեւս կարեւոր չէ. կարեւորն այն է, թե ինչպե՞ս են այդ տարաձայնությունները կարգավորվել: Այլ կերպ ասածՙ ի՞նչ գնով է Հայաստանը միանում ՄՄ-ին ու Միասնական տնտեսական տարածքին: Չմոռանանք, որ անցյալ տարվա սեպտեմբերի 3-ին, Մոսկվայում նախագահ Սարգսյանի հայտնած «Հայաստանի որոշումը»` միանալու ՄՄ-ին, հետագայում հիմնավորվեց «անվտանգության շարժառիթներով», որոնք, ստացվում է, մեր երկիրը ստացել է հենց ՄՄ անդամ երկրներից, կամ հենց ՄՄ-ում, թե՞ ԵՄ անդամներից, կամ ԵՄ-ում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 02-05-2014

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ