RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-12-03 16:49:29Թուրքիայի ԱԳՆ. Համաձայնագիրը կարող է դրականորեն ազդել Հայաստանի հետ հարաբերությունների վրա
2020-12-03 14:20:12«Ազգային օրակարգը» պահանջում է քրեական գործ հարուցել Փաշինյանի նկատմամբ
2020-12-02 00:14:47Բաքուն հաստատեց իր մտադրությունը՝ փոխանակել գերիներին «բոլորին բոլորով» սկզբունքով
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
#008, 2014-04-18 > #009, 2014-04-24 > #010, 2014-05-02 > #011, 2014-05-09 > #012, 2014-05-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 02-05-2014



ՊԵՏԲՅՈՒՋԵ

Տեղադրվել է` 2014-05-02 00:52:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 2115, Տպվել է` 40, Ուղարկվել է էլ.փոստով` 32

ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՐԿԱՏՈՒՆ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱՆ» Է

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ի՞նչ կփոխի պարտադիր աուդիտի վերացումը խոշորների համար

Պետական եկամուտների հրապարակած 2014-ի հունվար-մարտին առաջին խոշոր 1000 հարկատուների ցանկում առաջին տեղը, ինչպես եւ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում, զբաղեցնում է «Գազպրոմ Արմենիան» (նախկին «Հայռուսգազարդը»): Ընկերությունը վճարել է 17,7 մլրդ դրամի հարկեր, զգալիորեն առաջ անցնելով երկրոդ տեղը զբաղեցնող ընկերությունից: Անցյալ տարվա այս նույն ժամանակահատվածում «Գազպրոմ Արմենիան» վճարել էր 13,2 մլրդ դրամ: Մոտ 4,5 մլրդ դրամով հարկային վճարումների ավելացումը պայմանավորված է նաեւ անցյալ տարվա հուլիսից գազի գնի բարձրացմամբ: Այդուհանդերձ, վերջերս հիմնականում անհարկի քննադատության թիրախում հայտնված այս ընկերությունը մշտապես եղել է խոշոր հարկատուների առաջին հորիզոնականներում:

Երկրորդ տեղում գտնվող «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որը պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, վճարել է 5,2 մլրդ դրամ: Անցյալ տարվա հունվար-մարտին եւս այս ընկերությունը երկրորդն էր` սակայն 3,8 մլրդ դրամ վճարած հարկերով: Առաջ անցնելով նշենք, որ նրան պատկանող «Նատալի ֆարմ» ընկերությունը նույնպես խոշոր հարկատուների ցանկում է, զբաղեցնելով 46-րդ տեղը` 604 մլն դրամ վճարած հարկերով:

Երրորդը «Արմենտել» ընկերությունն է` 4,2 մլրդ դրամ` անցյալ տարվա 3,8 մլրդ դրամի եւ 4-րդ տեղի փոխարեն: Չորրորդը հանքարդյունաբերության խոշորագույն ընկերությունն է` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որի հարկային վճարումները կազմել են 2,9 մլրդ դրամ: Անցյալ տարի այդ ցուցանիշը 3,4 մլրդ դրամ էր: Առաջատար դիրքերում են նաեւ հանքարդյունաբերական մյուս ձեռնարկությունները` «Դանդի փրեշս մեթալս Կապանը»` 11-րդ տեղ եւ 1,4 մլրդ դրամ, «Գեո պրո մայնինգ գոլդը»` 13-րդ տեղ եւ 1,3 մլրդ դրամ, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը` 26-րդ տեղը եւ 865 մլն դրամ, «Թեղուտը»` 55-րդ տեղ եւ 509 մլն դրամ եւ այլն: Սակայն նրանք բոլորն էլ նախորդ տարվա նույն ժամանակվա համեմատ ավելի քիչ վճարումներ են կատարել:

Հինգերորդ տեղում վառելիք ներմուծող «Ֆլեշ» ընկերությունն է` 2,5 մլրդ դրամ: Անցյալ տարվա առաջին եռամսյակում այդ ցուցանիշը 2,7 մլրդ դրամ էր: Վառելիք ներմուծող մյուս ընկերությունը` «ՍիՓիԷս քորփորեյշնը» հաջորդն է 2,2 մլրդ դրամով` անցյալ տարվա 1,6 մլրդ դրամի փոխարեն:

«Տրանսգազ» ընկերությունը վճարել է 1,8 մլրդ դրամ (7-րդ տեղ), «Հայաստանի էլեկտրական ցանցերը» դարձյալ նույնքան (8-րդ տեղ), «Գրանդ Տոբակոն»` 1,7 մլրդ դրամ (9-րդ տեղ): Առաջ անցնելով նշենք, որ վերջերս վախճանված Հրանտ Վարդանյանի հիմնադրած մյուս ընկերությունները նույնպես խոշոր հարկատուների ցանկում են: Այսպես` «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը» 15-րդն է` 1,2 մլրդ դրամ վճարած հարկերով, «Գրանդ Քենդին» 34-րդն է` 729 մլն դրամ պետբյուջե կատարած վճարումներով, «Մասիս տոբակոն»` 65-րդը` 441 մլն դրամով եւ այլն:

Վերադառնալով խոշոր հարկատուների առաջին տասնյակին, տեղեկացնենք, որ այն եզրափակում է «Օրանժ Արմենիան»` 1,4 մլրդ դրամ վճարումներով:

Բանկերից ամենախոշոր հարկատուն «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկն» է, որը 17-րդն է եւ վճարել 1,1 մլրդ դրամ: «ՎՏԲ-Հայաստան բանկը» 22-րդն է` 1 մլրդ դրամով, «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստանը» 28-րդը` 850 մլն դրամ:

Սննդարդյունաբերական ձեռնարկություններից ամենախոշոր հարկատուն Երեւանի կոնյակի գործարանն է` 1,4 մլրդ դրամով եւ 12-րդ տեղով: «Բջնի հանքային ջրերի գործարանը», որը պատկանում է Ռուբեն Հայրապետյանին, 24-րդն է` 881 մլն դրամ հարկային վճարումներով:

Բուհերից ամենախոշոր հարկատուն Երեւանի պետական բժշկական համալսարանն է` 534 մլն դրամ եւ 51-րդ տեղ, ապա Երեւանի պետական համալսարանը`58-րդ տեղում եւ 471 մլն դրամ: Հաջորդը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն է` 122-րդ տեղ եւ 228 մլն դրամ:

Ընդհանրապես, առաջին 1000 խոշոր հարկատուները այս տարվա առաջին եռամսյակում վճարել են ընդհանուր հարկերի մոտ 70 տոկոսը, իսկ անցյալ տարվա համեմատ մոտ` 8 մլրդ դրամով ավելի են եղել:

Խոշոր հարկատուների ցանկում բավականին համեստ տեղ են զբաղեցնում Գագիկ Ծառուկյանին պատկանող ըներությունների վճարած հարկերը: «Արարատցեմենտը» զբաղեցնում է ընդամենը 120-րդ տեղը 231 մլն դրամ հարկային վճարումներով, Երեւանի կոնյակի-գինու-օղու կոմբինատն էլ 126-րդ տեղը` 214 մլն դրամով: Նրան պատկանող մյուս ընկերությունները ընդհանրապես բացակայում են գոնե առաջին 300 խոշորների մեջ: Խոշոր գործարարներինց կամ ինչպես ընդունված է ասել օլիգարխներից Գագիկ Ծառուկյանն այսօր ամենամեծ ստվերային գործունեությունը ծավալողն է: Դատելով նոր կառավարության գործունեության առաջին քայլերից, նրա եւ մյուս օլիգարխների համար նման գործունեություն ծավալելու համար ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվելու:

Խոսքը ամենամեծ շրջանառություն ունեցող 500 ընկերությունների համար Տիգրան Սարգսյանի կառավարության կողմից ընդունված պարտադիր աուդիտ անցնելու եւ դրա արդյունքները հրապարակելու որոշման վերացումն էր նոր կառավարության առաջին իսկ նիստում: Հիշեցնենք, որ պարտադիր աուդիտի անցկացումը եւ արդյունքների հրապարակումը ստիպում էր խոշոր ընկերություններին ավելի թափանցիկ գործել: Ինչը չես ասի կառավարութան նոր որոշման մասին, որով պարտադիր աուդիտի փոխարեն մտցվում է այլընտրանքային ստուգման համակարգ պետական եկամուտների կոմիտեում: Սա լայն հնարավորություններ է բացում կոռուպցիոն ռիսկերի համար, քանի որ աուդիտի փոխարեն նույն խոշոր տնտեսավարողները որոշակի «ձախ» գումար վճարելով, պետեկամուտների կոմիտեի կողմից կստանան «մաքուր» աշխատող ընկերության կարգավիճակ: Ակնհայտ է, որ խոշորների ստվերային գործունեությունը խոչընդոտող որոշման վերացումը իր բացասական ազդեցությունը կթողնի նրանց վճարած հարկային մուծումների վրա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 02-05-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ