RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-12-03 16:49:29Թուրքիայի ԱԳՆ. Համաձայնագիրը կարող է դրականորեն ազդել Հայաստանի հետ հարաբերությունների վրա
2020-12-03 14:20:12«Ազգային օրակարգը» պահանջում է քրեական գործ հարուցել Փաշինյանի նկատմամբ
2020-12-02 00:14:47Բաքուն հաստատեց իր մտադրությունը՝ փոխանակել գերիներին «բոլորին բոլորով» սկզբունքով
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
#008, 2014-04-18 > #009, 2014-04-24 > #010, 2014-05-02 > #011, 2014-05-09 > #012, 2014-05-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 02-05-2014



Տեղադրվել է` 2014-05-02 00:52:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 2244, Տպվել է` 44, Ուղարկվել է էլ.փոստով` 44

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Քաղաքական որոշ վերլուծաբաններ, անգամ գործիչներ, ՀՀ նոր կառավարության կազմին անդրադառնալիս միաբերան նշում են` «Սա Քոչարյանի կառավարությունն է»: Դե, քանի որ, նախ Հովիկ Աբրահամյանը նրանց համար ընկալելի է որպես «Քոչարյանի մարդ», հետո վաղուց արդեն «Քոչարյանի մարդ» են փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, էներգետիկայի, բնական պաշարների նորանշանակ նախարար Երվանդ Զախարյանը, էկոնոմիկայի նախարար նշանակված Կարեն Ճշմարիտյանը, եւ բոլոր նրանք, որոնք բարձր պաշտոններ են զբաղեցրել պետական համակարգում` Քոչարյանի ժամանակ:

Այս տրամաբանությամբ, «Քոչարյանի մարդ» է նաեւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, եւ, ամենակարեւորը, Քոչարյանի օրոք ընդհուպ վարչապետ աշխատածՙ գործող նախագահ Սերժ Սարգսյանը:

Հետեւաբար, քանի Հայաստանում բարձրագույն իշխանության կրողը Սերժ Սարգսյանն է, այնքան Հայաստանում շարունակելու են իշխել «Քոչարյանի մարդիկ»: Ինքը Քոչարյանը, մի առիթով, երբ իրենից հետաքրքրվել էին, թե ԲՀԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկվածները այս կամ այն կերպ կապված են իր հետ, պատասխանել էր` հորդորելով լավ ծանոթանալ ՀՀԿ-ի համամասնական ցուցակին, եւ տեսնել, որ այնտեղ էլ նույն տրամաբանությամբ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր կապված են իր հետ. «Եթե ԲՀԿ-ի գործունեության մեջ տեսանելի է իմ ազդեցությունը, ապա նույն տրամաբանությամբ այն տեսանելի պետք է լինի ՀՀԿ-ի մեջ»,- ասել էր երկրորդ նախագահը` վերջին խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանում:

Ուրեմն այսօրվա իշխանությունը «Քոչարյանի իշխանությունն է», ընդ որում այդպիսին էր նաեւ Տիգրան Սարգսյանի կառավարությունը:

Մյուս կողմից, իսկ ո՞ւմ «մարդն է» Քոչարյանը: Տրամաբանական է, որ նրաՙ ով բերեց նրան: Այսինքն Ռոբերտ Քոչարյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի «մարդն է», եթե անգամ առաջին նախագահը Քոչարյանին վարչապետ նշանակեց երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի հարկադրանքով, որովհետեւ, Վազգեն Սարգսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի «մարդն էր», համենայն դեպս Սարգսյանը Տեր-Պետրոսյանի բոլոր նախագահական ընտրություններում արդյունավետ սատարել է վերջինիս ընտրմանը:

Ընդ որում, արդեն վերջերս, իր հանրահավաքներից մեկում, Տեր-Պետրոսյանը հրապարակավ ներողություն խնդրեց հավաքված ժողովրդից` «Ռոբերտ Քոչարյանին բերելու համար», կնշանակիՙ Տեր-Պետրոսյանը եւս խոսոտվանում է, որ Քոչարյանին «բերողը» ինքն է եղել, ինչն իր հերթին նշանակում է, որ Քոչարյանը Տեր-Պետրոսյանի «մարդն է», գոնե` էր:

Այսինքն, այս կառավարությունը, իշխանությունն առհասարակ, ոչ միայն, ավելի ճիշտ այնքանով, որքանով Քոչարյանի կառավարությունն է, կամ իշխանությունը, այլեւ, կամ նույնքանով Տեր-Պետրոսյանինն է. եթե հիմնադիր ես, ապա` ամեն ինչի:

Իսկ եթե մենք որոշենք, թե ո՞ւմ «մարդն է» Տեր-Պետրոսյանը, ապա գուցե հասնենք երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանին, այն տրամաբանությամբ, որ եթե չլիներ Դեմիրճյանի` հնարավորինս ազատական կառավարման տարիները, ապա հենց այդպիսի գաղափարախոսությամբ չէր առաջանա Տեր-Պետրոսյանի, շեշտում եմ` քաղաքական սերունդը: Հետո կպարզենք Դեմիրճյանի` «ո՞ւմ մարդը» լինելը, կպարզվի, որ Դեմիրճյանը չէր լինի, եթե չլիներ նրա նախորդը, եւ այդպես շարունակ:

Կհասնենք` Հայկին... Կեզրակացնենք, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունն իրականում «Հայկ նահապետի կառավարությունն է», ավելի ճիշտ` Նոյի, Նոյն ո՞ւմ որդին էր...

Հասկանալի է, որ այս ամենը լուրջ չէ. լուրջ այս ամենում երկու բան կա. Հայաստանի Հանրապետությունն ու մեր կյանքը` այս երկրում: Հետեւաբար հետաքրքրական ու կարեւոր չէ, թե գործող կառավարությունն ո՞ւմն է իրականում, կարեւորն այն է, որ այն գիտակցի Հայաստանի Հանրապետության շահն ու իր գործունեության արդյունքում բարելավի կյանքը` մեր երկրում:

Եթե հնարավոր է` շատ եւ շուտ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 02-05-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ