RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2014-04-24 > #010, 2014-05-02 > #011, 2014-05-09 > #012, 2014-05-16 > #013, 2014-05-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 09-05-2014



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2014-05-09 01:19:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2025, Տպվել է` 34, Ուղարկվել է էլ.փոստով` 30

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ ԴԱՌՆԱԼՈՒ ԿԱՄՔԸ

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

Բորիս Պաստեռնակն իր «Դոկտոր Ժիվագո» նշանավոր վեպի անգլերեն առաջին հրատարակության նախաբանում, խոսելով Երկրորդ աշխարհամարտում Կարմիր բանակի մարտիկների անօրինակ սխրանքների ու դրանց պատճառների ու մղումների մասին, այն միտքն է արտահայտում, որ սովետական ժողովուրդը, որը մինչ այդ ավելի քանի երկու տասնամյակ զրկված էր երկրի, հետեւաբար նաեւ աշխարհի քաղաքական կյանքում որեւէ դեր կատարելու իրավունքից, նույն այդ պատերազմին իր սխրալի մասնակցությամբ փաստորեն իր ցանկությունն ու կամքը արտահայտեց վերջապես մասն ու մասնակիցը դառնալու երկրի կառավարմանն ու աշխարհի քաղաքական կյանքին:

Կարծում եմՙ ճշմարտություն կա մեծ գրողի այդ դիտարկման մեջ, անկախ այն հանգամանքից, որ պատերազմի հաղթական ավարտից գրեթե անմիջապես հետո, մանավանդ 1947-ի եւ 1949-ի բռնադատություններով, մինչեւ Ստալինի մահը եւ այնուհետեւ, հաղթական այդ ժողովրդին դաժանորեն զլացվեց որեւէ դերակատարություն ունենալ սեփական երկրի եւ աշխարհի քաղաքական կյանքում:

Միեւնույն դիտարկումը կարելի է անել նաեւ մեր ազգային քաղաքական զարթոնքի, ազգային-ազատագրական պայքարի, Անկախության հռչակման եւ այնուհետեւ Արցախյան հերոսամարտի, համաժողովրդական կամաարտահայտության մյուս դրսեւորումների համար:

Ով ապրել է այդ սխրալի ժամանակահատվածը Հայաստանում, կարող է վկայել ազգային-քաղաքական այդ հրաշալի արթնացման մասին, որի ներքին մղումը ոչ միայն հայրենիքի, սեփական հողի եւ օջախի պաշտպանությունն էր, այլեւ դրանից անդինՙ վերջապես քաղաքական գործոն դառնալու կամքն ու ցանկությունը: Այդ կամքի արտահայտությունն էր նաեւ Շուշիի ազատագրումը, որը անվտանգության, սեփական հողին վերատիրանալու իր նշանակությունից անդինՙ հանդիսացավ բարձրակետը մեր պատմության վերջին 600 տարիների նմանօրինակ ոգորումների:

Շուշիի ազատագրումը դարձակետը հանդիսացավ մեր նորագույն պատմության մեջ նաեւ ինքնահաստատման, սեփական կյանքը տնօրինելու, ազգային ձգտումները դրսեւորելու, վերջապեսՙ աշխարհին սեփական խոսքն ասելու տեսակետից: Շուշին վերամկրտեց մեր ազգը: Մեզ դարձրեց նոր ազգՙ աշխարհում իր սեփական խոսքը ասելու, իր ուրույն երանգն ու բույրը ունենալու, ու վերջապես քաղաքական քարտեզի վրա իրեն արժանի տեղը գրավելու պատրաստ:

Այսօր, երբ նշում ենք Հայրենական Մեծ պատերազմի հաղթական ավարտի 69-ամյակը եւ փառապանծ Շուշիի ազատագրումը, մենքՙ ազգ եւ պետություն, ժողովուրդ եւ իշխանավոր, ու վերջապեսՙ քաղաքացիները այս երկրի, պիտի հիշենք նաեւ, որ հարյուրհազարավոր մեր զոհերի ձգտումն էր ստեղծել, պահել եւ ամրացնել մեր տեղն ու դերը այս աշխարհում, որտեղ դեռ կատարելիք գործ եւ առաքելություն ունենք: Անկասկա՛ծ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 09-05-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ