RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#009, 2014-04-24 > #010, 2014-05-02 > #011, 2014-05-09 > #012, 2014-05-16 > #013, 2014-05-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 09-05-2014



Տեղադրվել է` 2014-05-09 01:19:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2212, Տպվել է` 36, Ուղարկվել է էլ.փոստով` 31

ԽՈՇՈՐՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՈՒԴԻՏԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ` ՀԵՏԸՆԹԱՑ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Աուդիտը եւ այլընտրանքային ստուգումը տարբեր նպատակներ ունեն: Այլընտրանքային ստուգումը դա նպատակային ընտրանքային ստուգումներ են հարկային պարտավորությունների հաշվարկների համար, իսկ աուդիտի նպատակը ներկայացվող ֆինանսական հաշվետվությունների արժանահավատ լինել-չլինելու մասին է: Այսինքն, մեկը մյուսով չի փոխարինվում»: Սա հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի տեսակետն է խոշոր ընկերությունների համար պարտադիր աուդիտը այլընտրանքային հարկային ստուգմամբ փոխարինելու կառավարության մոտեցման առնչությամբ: Այդ մասին մեր զրույցի ժամանակ ասաց ասոցիացիայի խորհրդի անդամ Հովհաննես Պետրոսյանը :

Պարզաբանելով աուդիտի անցկացման անհրաժեշտությունը, աուդիտորներին եւ հաշվապահների ներկայացուցիչը նշեց, որ կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները սովորաբար ներկայացվում են երրորդ կողմին` ներդրողներին, բանկերին, աշխատողներին, հանրությանը: Դրանց հիմա վրա էլ նրանք որոշումներ են կայացնում իրենց ռեսուրսները` ֆինանսական, մարդկային եւ այլնՙ տեղաբաշխելու համար: «Երբ կազմվում են ֆինանսական հաշվետվություններ, ցանկալի է, որ անկախ կողմ գնահատի հաշվետվություններըՙ արժանահավա՞տ են, թե՞ չէ, կարո՞ղ են հավատալ այդ տեղեկատվությանը, ինչն էլ երեւում է աուդիտի կողմից», ասաց Հովհաննես Պետրոսյանը:

Հայաստանի աուդիտորների եւ հաշվապահների ասոցիացիան առաջարկում է փոփոխություններ կատարել պարտադիր աուդիտի ենթակա խոշոր ընկերության սահմանման մեջ: Ներկայումս միայն ակտիվների մեծությամբ է սահմանվում խոշոր ընկերությունը: Ասոցիացիան առաջարկում է հաշվի առն երեք հիմնական չափանիշներ` շրջանառության մեծությունը, ակտիվների մեծությունը, աշխատողների քանակը: Մասնավորապեսՙ եթե ակտիվների ընդհանուր գումարը տարեվերջին գերազանցում է 2 մլրդ դրամը, հասույթը` 4 մլրդ դրամը, տարեկան աշխատակիցների թիվը գերազանցում է 100 անձը: Այս երեքից երկուսի առկայության դեպքում միայն ընկերությունը պետք է ենթակա լինի պարտադիր աուդիտի:

«Մեզ համար կարեւոր է պարտադիր աուդիտի պահպանումը: Սակայն կարծում ենք, որ պետությունը նույնպես պետք է դրանում շահագրգռված լինի, որովհետեւ աուդիտ անցած ֆինանսական հաշվետվությունները նշանակում է թափանցիկություն», շեշտեց Հովհաննես Պետրոսյանը:

Մինչդեռ, եթե պարտադիր աուդիտը վերացվի, դա կնշանակի կտրուկ հետընթաց հաշվապահության եւ աուդիտի ոլորտի պետական քաղաքականության մեջ:

Տարիներ շարունակ կառավարությունը կարեւորել է անկախ աուդիտի միջոցով բիզնեսի հաշվառման որակի բարձրացման եւ տնտեսության վերաբերյալ արժանահավատ ֆինանսական եւ այլ տեղեկատվության ապահովումը: Վերջերս էլ աուդիտորական եզրակացությունը սկսվեց դիտարկվել որպես եւս մեկ չափորոշիչ պետական գնումների համար: Պարտադիր աուդիտի վերացմամբ զգալիորեն կնվազի որակյալ հաշվապահական հաշվառման, ֆինանսական եւ հարկային խորհրդատվության, ինչպես նաեւ այլ հարակից մասնագիտական ծառայություններից օգտվելու, հետեւաբար եւ որակյալ մասնագետների պահանջարկը: Կսահմանափակվի աուդիտորական ընկերությունների գործունեության դաշտը եւ դրանցում աշխատողների թիվը: Այս վտանգների մասին զգուշացնում են աուդիտորական կազմակերպությունների ներկայացուցիչները, առաջարկելով պահպանել պարտադիր աուդիտը` իրենց առաջարկած փոփոխություններով:

Այլընտրանքային ստուգումն ամենեւին էլ այլընտրանք չէ

Ինչ վերաբերում է այլընտրանքային հարկային ստուգումներին, ապա եթե այդպիսիք լինեն, ապա ճիշտ կլինի, որ դրանք իրականացվեն ոչ թե պետության, այլ մասնավորի կողմից: Այլապես, այնպես է ստացվում, որ պետությունը առեւտրային գործունեություն է իրականացնում եւ վճարովի ծառայություններ մատուցում, բացահայտ անհավասար պայմաններով մրցակցելով հաշվապահական-խորհրդատվական եւ աուդիտորական ընկերությունների հետ: Միաժամանակ, այլընտրանքային ստուգումից օգտվելու դեպքում գրեթե բացառվում է վերստուգումը: Դա նշանակում է, որ ընկերությունը կարող է ամբողջ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հաշվառում չվարել, չներկայացնել կամ ներկայացնել զրոյական կամ ոչ հավաստի հարկային հաշվետվություն, այնուհետեւ այլընտրանքային ստուգման միջոցով` համապատասխան վճարի դիմաց ապահովագրել իր հարկային պարտավորություններըՙ չվճարելով տուգանքներ: Դրանից կտուժի պետական բյուջեն, քանի որ եթե տուգանքները ուղղվում էին պետական բյուջե, ապա այլընտրանքային ստուգման վճարը պետք է ուղղվի պետեկամուտների կոմիտեի հաշվին:

Անհավասար մրցակցություն կառաջանա տնտեսվարողների միջեւ, քանի որ այն կազմակերպությունները, որոնք կանցնեն հարկային ստուգումներ, ենթակա կլինեն տուգանքների վճարման եւ այլ պատասխանատվության, իսկ այլընտրանքային ստուգում անցածները` կազատվեն պատժամիջոցներից: Փոքր ու միջին բիզնեսը կհայտնվի անբարենպաստ վիճակում խոշորի նկատմամբ, որովհետեւ ՓՄՁ-ների համար այլընտրանքային ստուգման 10 մլն դրամ վճարը բավականին մեծ գումար է:

Թափանցիկության նվազում, ստվերայնության ավելացում

Ինչպիսի՞ն է արտաքին աուդիտի վերացման եւ այլընտրանքային ստուգումների ներդրման վերաբերյալ գործարարների տեսակետը: Այս հարցի վերաբերյալ որոշակի պատասխան չունեին նաեւ գործարարներին միավորող երկու հիմնական կառույցները` Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը եւ Հայաստանի աեռւտրաարդյունաբերական պալատը: Այս կառույցներում տեղի ունեցած քննարկումների ժամանակ տեաակետները տարբեր են եղել:

Խոշոր գործարարները հիմնականում պարտադիր աուդիտի վերացմանը եւ այլընտրանքային ստուգումներին դրական վերաբերմունք ունեն: Նրանց մոտեցման հիմքում որոշակի գումար վճարելով, հետագա ստուգումներից ապահովագրված լինելն է: Թերեւս, նման մոտեցումը հասկանալի կարող է լինել` վերեւոմ նշված հանգամանքերից ելնելով: Բնական է, որ միջին եւ փոքր բիզնեսը հիմնականում բացասական վերաբերմունք ունի այս փոփոխության հանդեպ:

Միջազգային ֆինանսական կազմակերպությունները` Համաշխարհային բանկը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը, թեեւ պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն եկել, բայց բացասաբար են տրամադրված պարտադիր աուդիտի վերացման նոր կառավարության որոշման նկատմամբ, դիտարկելով դա որպես նահանջ բարեփոխումների քաղաքականությունից: Ամեն դեպքում, անկախ նրանից, թե ինչպիսին կլինի միջազգային կառույցների գնահատականը, ակնհայտ է, որ պարտադիր աուդիտի վերացումը էապես կհեշտացնի խոշոր ընկերությունների ստվերային գործունեությունը, կնվազեցնի նրանց թափանցիկությունը, հետեւաբար կնվազեցնի երկրի տնտեսության մրցունակությունը, կանխատեսելիությունը, կբարդացնի փոքր ու միջին բիզնեսի կացությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 09-05-2014

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ