RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#009, 2014-04-24 > #010, 2014-05-02 > #011, 2014-05-09 > #012, 2014-05-16 > #013, 2014-05-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 09-05-2014



ՄԵԾԵՐԻ «ՇՓՄԱՆ ԳԻԾԸ»

Տեղադրվել է` 2014-05-09 01:19:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2574, Տպվել է` 36, Ուղարկվել է էլ.փոստով` 31

ԶԻՆԱԴԱԴԱՐԻՑ ՔՍԱՆ ՏԱՐԻ ԱՆՑ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մի՛ անցեք «կարմիր գիծը», այն մեր արյունով է գծված

Արցախյան պատերազմի զինադադարի քսանամյակը մի քանի օր հետո կլրանա` 1994 թվականի մայիսի 14-ին Բիշքեկում հակամարտող կողմերը հրադադարի պայմանագիր կնքեցին: Շուշիի ազատագրման օրը Արցախյան պատերազմում հայոց հաղթանակի տոնի օրն է դարձել, այն սիրում ենք տոնել, հնարավորության դեպքում Արցախ մեկնել, շնչել ազատագրված հայկական այս հողի անկախության հոտը:Այսօրը Արցախի ժողովրդի եւ ղեկավարության հետ տոնական միջոցառումներին ներկա է լինում նաեւ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը: Բոլոր հայերս ենք այսօրը Արցախի հետ` ամեն մեկս մեր նախընտրելի հերոսներին հիշելով, «Շուշիի ազատագրում» բառերը մեր մտքի բոլոր դրական ազդակներով շուլալելով, բայց եւ` տագնապ ունենալով բանակցությունների ընթացքի, Արցախի հարցի լուծման ոչ հայանպաստ պարտադրանքի, առհասարակ` Արցախի ապագայի հանդեպ:

Ստեփանակերտի եւ Շուշվա փողոցներում ամենուր այս պահին բովանդակային առումով անկախությունն ու ինքնորոշումը շեշտող պաստառներ են, Արցախի անկախության տարեկից երիտասարդությունն այլ վիճակ չգիտե, բացի անկախ երկրում ապրելու վիճակից, սեփական երկրի օրակարգի հրամայականների հետ հաշվի նստելուց:

Սակայն զինադադարի քսանամյակն անտես չեն արել նաեւ ղարաբաղյան կարգավորման միջազգային կողմերը, հատկապես նրանցից ամերիկյան կողմը:

Փաստորեն ամերիկացի փորձագետ Բրենդ Շաֆեի` մի փոքր ավելի վաղ արված հղումը, թե մայիսի սկզբին Օբամայի վարչակարգը ղարաբաղյան կարգավորման նոր փորձ կձեռնարկի, այնքան էլ տեսական չէր եւ առարկայացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությամբ, որ նա արել է «Կարնեգի» հիմնադրամում ունեցած իր ելույթի ընթացքում, հանդես գալով որպես ԱՄՆ կառավարության ներայացուցիչ: Սա չի կարելի զուտ անձի կամ մեկ շրջանակի դիտարկումներ համարել` նկատի ունենալով տվյալ անձի տիրապետած մանդատը եւս: Հավանաբար ուորլիքյան հայտարարությունը ավելի շատ սեփական նպատակներին ուղղված ամերիկյան բարձրաձայնում է` տրամադրություններ շոշափելու եւ Կովկասում մեծ ազդեցություն ունեցող եւ նույն մանդատն ունեցող մյուս երկու երկրների, հատկապես Ռուսաստանի` ամերիկյան նախաձեռնողականության հանդեպ հակազդեցության աստիճանը ստուգելու, ինչու չէ` նաեւ ուկրաինական զարգացումների անցանկալի երանգների դիմաց ինչ-որ կովկասյան զարգացումներ հակադրելու համար: ԱՄՆ-ը հավանաբար ուզում է մեր տարածաշրջանում նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը գոնե ղարաբաղյան կարգավորման առումով : Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի այն բացատրությունը, թե Ուորլիքն ուզում է նոր լիցք հաղորդել բանակցություններին, եւ դա ԱՄն քաղաքականությունն արտահայտելու ձեւ է, պետք է կարդալ այսպես` մենք այստեղ ենք, հանկարծ չմոռանաք դա ու շատ մի տրվեք Ռուսաստանին: Ընդհանրապես` չէինք ուզենա, որ մեր փորձագիտական շրջանակները որպես վերջնագիր ընդունեին մոտեցումը, սա հերթական փորձն է` հերթական անգամ կարգավորմանն ուղղված ջանադրության պատրանքը ստեղծելու: Եւ ընդամենը: Այդպիսի շատ տեսակետներ են հնչել ու անցել, բայց եւ` այս մեկը հնչում է ուկրաինական զարգացումների ֆոնին, եւ հարցը լուծելու մանդատն ունեցող պետություններից մեկի ներկայացուցչի միջոցով, դա է առանձնահատկությունը, ու թերեւս գուցե նաեւ` վտանգը: Ընդհանրապես զգուշանալը եւ ուզած փաստարկին հակափաստարկ մատուցելու ամբիոններն օգտագործելը բնավ էլ չի խանգարի: Չնայած` մեր քաղաքական դաշտը, փորձագիտական շրջանակները, էլ չասած իրավասու ատյանները մի տեսակ ծուլորեն են արձագանքում հայտարարությանը կամ չեն շտապում արձագանքել հակափաստարկներով:

Այն, ինչ ասում է Ուորլիքը` մինչեւ այժմ հնչած բոլոր առաջարկների համայնապատկերն է կարծես: Զարմանալին այլ բան է` կարծես Կազանը բնավ չի եղել 2011-ին, եւ Ադրբեջանը չի տապալել բանակցությունները այնտեղ եւ այլ առիթներով, կամ ղարաբաղյան պատերազմում հաղթող կողմը հայերը չեն եղել: Որովհետեւ երբ պատերազմում մի կողմը հաղթում է, նրան չեն հավասարեցնում պարտվող կողմին եւ խոսում «գրավյալ» տարածքների վերադարձից, թեկուզեւ` «փոխընդունելի» բառն օգտագործելով, եւ ինչո՞ւ պետք է պարտված կողմին վերադարձվեն Արցախի անվտանգության երաշխավոր տարածքները` դրա դիմաց երբեք, եւ այժմ էլ ուորլիքյան վեց բաղադրիչում խաղաղության առարկայական որեւէ երաշխիք չի տրվում: Իսկ Լաչինի` Հայաստանը Արցախին կապող եւ Արցախի կենսագրծունեության երաշխավոր այդ շրջանի նեղացումը մինչեւ երթուդարձի համար անհրաժեշտ ճանապարհի, ցույց է տալիս, թե որքան են օտարները հեռու հինախնդրի կենսական մասն ընկալելուց: Կամ ո՞ր ներքին տեղահանվածները պետք է վերադառնան, արդյո՞ք Բաքվից, Շահումյանից, Գետաշենից տեղահանված հայերն էլ` չէ որ մենք էլ, ուրեմն կպահանջենք մեր փախստականների վերադարձը Բաքու, քանի որ 1989-1990 թվականներին հազարավոր հայերի իրենց տներից արտաքսեցին: Այս բոլոր առաջարկներն էլ բազմիցս հնչել են, դրանցից մի մասի հետ հայկական կողմը համաձայն չէ, իսկ մի մասի հետ` Ադրբեջանը. վերջինս ոչ միայն համաձայն չէ, այլեւ իր ագրեսիվ պահվածքով հաճախ ցույց է տալիս, որ ընդհանրապես հեռու է ողջամիտ պահվածքից:

Ժամկետային անհստակ պատկրացումները Ուորլիքի նշած վեց բաղադրիչում ցույց են տալիս, որ իրականում առաջարկողներն իրենք էլ դեռ չեն կողմնորոշվել` ինչը, ե՞րբ եւ ի՞նչպես են ուզում, ուղղակի ամերիկյան կողմին պետք է ինչ -որ պատճառով առաջ ընկնել մյուս համանախագահողներից: Եւ նորից հարցերի հարց է (եղել է, մնում է եւ դեռ երկար մնալու է) խաղաղության երաշխավորի հարցը` ովքեր կամ ո՞ր պետության ուժերը պետք է խաղաղպահի դերը ստանձնեն, ի՞նչ ձեւաչափով, որ գծով, որ ընդունելի լինի հայկական կողմի համար, ի՞նչ է այդ ոչինչ չասող միջանկյալ կարգավիճակը: Ընդհանրապես որեւէ բանակցային փաստաթղթի բուն փաթեթը սովորաբար ոչ թե մեկ մարդ ու անգամ պետություն է ձեւավորում, այլ մանդատն ունեցող բոլոր պետությունների եւ բոլոր բանակցող կողմերի համախումբը` բանակցությունների արդյունքում, ինչը մինչեւ հիմա տեղի չի ունեցել, քանի որ կողմերի մոտեցումները միմյանցից շատ հեռու են: Ուզած փոխզիջումի սահմանը ոչ թե կարող է հայտարարվել ի սկզբանե, այլ գտնվել հենց բանակցելու արդյունքում:

Իսկ ի՞նչ ունենք մենք` ամեն օր պատերազմից զառանցող Ադրբեջան, որն ի դեպ Ուորլիքին հայանպաստ է անվանում եւ խոսում նրան կամ Մինսկի խմբի ձեւաչափը փոխելու անհրաժեշտությունից, ներքին եւ արտաքին լսարաններին ուղղված հայտարարությունները կառուցում բազմակի ստանդարտներով: Եւ պատահաբար իր սահմանը հատած եւ հիշողությունը կորցրած հայ ծերունու հետ խոսում խոշտանգումների լեզվով:

Իսկ տարածաշրջանի օգուտները ղարաբաղյան կարգավորումից, որի մասին Ուորլիքն է խոսում, նախ պետք է բխեն հաղթող հայկական կողմի շահից:

Արժե Ուորլիքին ուղղել Արցախի ԱԳՆ արձագանքն իր հայտարարությանը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը պետք է կենտրոնացվեն այնպիսի մեխանիզմների մշակման վրա, որոնք առկա իրողությունների հիման վրա պայմաններ կապահովեն ԽՍՀՄ փլուզման եւ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում ստեղծված երկու անկախ պետությունների` ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի խաղաղ գոյակցության համար: Եւ նույնպես` իր իսկ պետության մեջ գործող Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տնօրեն Արամ Համբարյանի արձագանքը, թե «օգտագործելով խորապես հրահրող եւ ակնհայտորեն ոչ ճիշտ տերմինը («օկուպացիա»), առաջարկված ծրագիրը կոչ է անում Լեռնային Ղարաբաղին եւ Հայաստանին` Բաքվի ագրեսիայի պատերազմի զոհերին, ռազմավարական անվտանգության ուղղակի զիջումների գնալու, խիստ ռազմատենչ Ադրբեջանի` դյուրությամբ փոխվող խոստումներին ի պատասխան»:

Հավանաբար ազդեցությունների վերաբաժանման համար մեծ խաղացողների միջեւ Եվրոպայում սրված պարզաբանումները ուկրաինական սրացումների տեսքով այժմ փորձ է արվելու տեղափոխել նաեւ այլ տարածքներ ու այլ սրացումների, ու այս իմաստով ղարաբաղյան հակամարտությունը եւս կարող է հարմար դիտվել: Մնում է սպասել, թե դրան ինչպես կարձագանքեն մյուս խաղացողները:

Համենայնդեպս` միանշանակ է, որ Հայաստանը չի կարող թույլ տալ Ղարաբաղը քաղաքական շահարկման առարկա դարձնել մեծ խաղերում, իսկ մեր իշխանությունների կամ ընդհանրապես մեր քաղաքական ուժերի համար պետք է կարծել, որ Ղարաբաղյան թեման սեփական նպատակներոով շահարկելը մնացել է անցյալում: Հուսանք: Քանի որ բազմաթիվ ներքին մարտահրավերներ ունեցող Հայաստանի համար անընդունելի է Ղարաբաղյան հակամարտության լուծման աննպաստ լուծման գնով ինչ-որ հարց լուծելը: Իսկ Ղարաբաղի ռազմական պաշտպանության առումով Ռուսաստան-ԱՄՆ տարածաշրջանային մրցակցության ֆոնին որեւէ հզոր պետության օժանդակություն փնտրելը կարող է արժենալ Հայաստանի ինքնիշխանությունը: Իսկ մենք փաստորեն կարող ենք դիտարկել, որ բավական երկար անդորրից հետ ղարաբաղյան կարգավորումը նորից դառնում է երկու հզոր տերությունների` միմյանց դեմ պայքարելու խաղաքարտ, հղի, ինչու չէ, նաեւ պատերազմի վերսկսմամբ, որ առանց աչք թարթելու կարող են հրահրել մեծ պետությունները: Եթե ժամանակին չկանխենք նկրտումները: Այնպես որ` չպետք է ինչ- որ հայտարարությունից խուճապի մատնվել, այլ հանգիստ, հավասարակշռված առաջ տանել բոլոր այն մոտեցումները, որոնք բխում են Հայաստանի եւ Արցախի անվտանգությունից:

Արցախի վերաբերյալ առաջարկներ անող միջազգայիններին էլ խորհուրդ կտայինք դիտել Ստեփանակերտյան այսօրվա կադրերը, որտեղ երեւում են իրենց ընտրած ուղուն վստահ, սեփական պետությունը կառուցող մարդկանց ներշնչված դեմքերը, լսել նրանց ասած խորիմաստ խոսքերը:

Նկար 1. 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի շտաբում հրամանատար մարշալ Բաղրամյանը եւ շտաբի պետ Կուրասովը ճշտում են տեղանքի քարտեզը: 1944 թ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 09-05-2014

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ