RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ՊԱՑԻԵՆՏՆԵՐ

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2014-04-24 > #010, 2014-05-02 > #011, 2014-05-09 > #012, 2014-05-16 > #013, 2014-05-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 09-05-2014



69 ՏԱՐԻՆԵՐԻ ՀԵՌՎԻՑ

Տեղադրվել է` 2014-05-09 01:19:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2971, Տպվել է` 37, Ուղարկվել է էլ.փոստով` 31

ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԵՐՕՐՅԱ ՀՆՉՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

Հայրենական պատերազմում տարած Մեծ հաղթանակի օրը մենք նշում ենք Ուկրաինայի, Բելառուսի եւ Բալթյան երկրների ազատագրման 70-ամյակը: Եկող տարի նշվելիք Մեծ հաղթանակի 70-ամյակին ընդառաջ այս տարին նվիրված է այդ պատմական իրադարձությունների արժեւորմանը եւ միաժամանակ տեղեկատվական առիթ է քննարկելու այն դրամատիկ օրերին գործած սխրանքի մերօրյա հնչողությունը: 10 օր առաջ Կուրսկ քաղաքում հավաքվել էին նախկին Խորհրդային Միության բոլոր հանրապետություններից հավաքված պատերազմի վետերաններ, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, արվեստագետներՙ ընդամենը ավելի քան 500 մարդ: Այս մեծ միջոցառման նպատակը այսօրվա սերունդներին փոխանցելն էր Ուկրաինայի եւ Բելառուսի ազատագրման հոբելյանի պատմական խորհուրդը, իսկ քաղաքական իմաստով փորձել դրական տոնայնություն ներմուծել ուկրաինական ներքաղաքական լարվածությանը: Թե որքանով հաջողվեց այդ վերջին խնդիրը, շատ դժվար է ասել, սակայն մայիսի 9-ին ընդառաջ հետխորհրդային պետությունների ներկայացուցիչների, այդ թվում Հայաստանի պատվիրակների համատեղ ակտիվ մասնակցությունը լուրջ տեղեկատվական առիթ էր քննարկելու նաեւ մերօրյա սերունդների վերաբերմունքը այդ պատմական իրողություններին:

Հայերիս ներդրումը Ուկրաինայի եւ Բելառուսի ազատագրության գործում

Պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյանը 44 տարի շարունակ աշխատել է նախկին ԽՍՀՄ, այժմ ՌԴ պաշտպանության նախարարության կենտրոնական արխիվում եւ փորձել է վերականգնել Հայրենական պատերազմում հայերի մասնակցության բոլոր դրվագները: Ըստ նրա հետազոտությունների, այդ պատերազմին մասնակցել է մոտ 600 հազար հայ, որից 300 հազարըՙ Խ. Հայաստանից: Ավելի քան 200 հազար հայեր զոհվել են ճակատամարտերում: Խ. Միության հերոսի կոչում է շնորհվել 106 հայի: 26 հայ ռազմիկներ դարձել են Փառքի շքանշանի լրիվ ասպետներ: Մարտերին մասնակցել են ավելի քան 10 հազար հայ կանայք: Պատերազմին մասնակցել են 68 հայ գեներալներ: Հետպատերազմյան տարիներին գեներալի, ծովակալի եւ փոխծովակալի կոչումներ են շնորհվել եւս 88 պատերազմի մասնակից հայերի:

14 ամիս

1943թ. օգոստոսին Կուրսկի ահեղ ճակատամարտի արդյունքում ազատագրվեց Խարկով քաղաքը: Այդ ազատագրումով ավարտվեց Կուրսկի ճակատամարտը: Միայն Ուկրաինայի ազատագրումը պահանջեց 14 ամիսների ընթացքում մի քանի ռազմաճակատների համատեղ ուժերով համառ հարձակողական մարտեր: 1944թ. հոկտեմբերին այդ հսկայածավալ օպերացիան ավարտվեց հաջողությամբ եւ խորհրդային զորքերը հասան ԽՍՀՄ պետական սահմանին: Նշանավոր Դնեպրի ճակատամարտում 5 հայեր արտակարգ սխրանքների համար պարգեւատրվեցին Խ. Միության հերոսի կոչումներով: Արժանահիշատակ է գեներալ-լեյտենանտ Սարգիս Մարտիրոսյանը, որի կորպուսը առաջինը մտավ Կիեւ եւ որը դարձավ Կիեւի առաջին պարետը: Մի քանի հազար հայեր պարգեւատրվել են շքանշաններով եւ մեդալներով, այդ թվումՙ հետմահու: Արժանահիշատակ է նաեւ հայկական 409-րդ գվարդիական Կիրովոգրադյան հրաձգային դիվիզիան, որը 1944թ. մարտի 29-ին առաջիններից մեկը պարգեւատրվեց Բոգդան Խմելնիցկու երկրորդ աստիճանի շքանշանով: Այդ դիվիզիան էր, որը առաջիններից մեկը հասավ խորհրդային պետական սահմանին:

Հայերը, որոնք հնագույն ժամանակներից ապրել են Ուկրաինայի տարածքում, հակաֆաշիստական դիմադրությանը մասնակցող մյուս ազգերի ներկայացուցիչների հետ փառավոր էջեր են գրել պարտիզանական պատերազմի պատմության մեջ: Այսպես, հայկական երկու պարտիզանական ջոկատներՙ «Հաղթանակ» եւ Անաստաս Միկոյանի անվան, արտակարգ հերոսություններ են գործել պարտիզանական բրիգադների կազմում:

Մի քանի տվյալ Բելառուսի ազատագրության պատմությունից, եւ կրկին Կլիմենտ Հարությունյանի ուսումնասիրությունների հիման վրա: Բելառուսի ազատագրման մարտերին մասնակցել են ավելի քան 50 հազար հայեր, նրանցից 15 հազարը զոհվել է մարտերում: 1944թ. գարնանը եւ ամռանը ծավալվել են Բելառուսի ազատագրման համար գլխավոր մարտերը: Օգոստոսի 29-ին այստեղ եւս վերականգնվել է խորհրդային պետական սահմանը: 11 հայ Խ. Միության հերոսի կոչմանն է արժանացել այդ մարտերում գործած սխրանքների համար: Նրանցից հատկապես արժանահիշատակ է Բելառուսական ռազմաճակատի 13-րդ բանակի 15-րդ հրաձգային կորպուսի 4-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Ղազարյանի անունը: Բելառուսի ազատագրման հերոսական պատմության մեջ ոսկե տառերով է գրված առաջին Մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար, այն ժամանակ բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանի անունը: Այդ նրա գլխավորած Գորոդոկյան հարձակողական գործողության արդյունքում խորհրդային զորքերը ջախջախեցին ֆաշիստների դիմադրությունը Նեւելից արեւմուտք եւ հարավ-արեւմուտք: Հայ եւ բելառուս պատմաբանների համատեղ ջանքերով վեր են հանվել ավելի քան հազար հայերի անուններ, որոնք կռվել են պարտիզանական բրիգադներում եւ ջոկատներում:

Մեծ Հայրենականի կապը մեր օրերի հետ

Այսօրՙ Մեծ հաղթանակի 69-րդ տարեդարձի օրերին, մի նոր ջրբաժան է առաջացել պատմական հիշողության այդ դրվագի արժեւորման կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ: Վերոհիշյալ ջրբաժանի մի կողմում մարդիկ են, ովքեր աշխարհահայացքային վերաբերմունք ունեն Մեծ հայրենականի հիշողության եւ դասերի հարցում: Այդ կողմի մարդիկ հստակ հասկանում են, որ պատմական այդ իրողությունը թելադրում է նույն ճակատագիր ունեցած ազգերի համախմբում, միասնական պայքար թշնամու դեմ հանուն ընդհանուր արժեքների պաշտպանության եւ որ այդ համատեղ կեցվածքը մարդկանց համախմբում է եւ դարձնում է դիմադրության ունակ: Ջրբաժանի մյուս կողմում նրանք են, ովքեր փորձել եւ փորձում են ներշնչել, թե դա պարտադրված պատերազմ էր եւ գլոբալ ցնցումների ջրաղացքարերի արանքում հայերը աղացվել են այնպես, ինչպես մյուս հարկադրված ժողովուրդները: Այս տեսակետի կողմնակիցները եւ նրանց տեսանելի ու անտեսանելի հովանավորենրը հատկապես ԽՍՀՄ փլուզումից հետո փորձել են ներշնչել ժողովուրդներին, որ հիշելու առանձնապես բան չկա, էլ չենք ասում հպարտանալու: Ես այդպիսի մարդկանց տեսել եմ տարբեր ազգերի լիբերալների ու «ազատամիտների» շրջանում եւ շատ լավ հասկանում եմ, թե ինչու են նրանք որդեգրել այդ կեցվածքը: Նսեմացնելով Մեծ հայրենականի պատմական նշանակությունըՙ ժամանակակիցներիս ներշնչել այն զգացումը, թե այդ գլոբալ առճակատումը իրականում մեր գործը չի եղել եւ չէ, նրանք փորձում են նոր պատմությունը գրել մաքուր էջիցՙ ամբողջությամբ այն հարմարեցնելով մեր ժամանակների քաղաքական կոնյունկտուրային: Նրանց գործը դժվար է այնքան ժամանակ, քանի դեռ ողջ են Մեծ հայրենականի վերջին վետերանները, քանի նրանց զավակների ու թոռների հիշողության մեջ թարմ են ահեղ պատերազմի մասին հիշողությունները: Եթե նորանկախ Հայաստանում մենք մոռանայինք Մեծ հայրենականի դասերն ու անցած բան համարեինք մեր պապերի սխրանքը, Արցախյան ազատամարտում հայկական կազմակերպված դիմադրությունը եւ հաղթանակն ուղղակի անհնար կլինեին: Մանավանդ բուն Լեռնային Ղարաբաղում:

Ուկրաինայում ծավալված վերջին քաղաքական իրադարձությունների ֆոնին, մեր նշանավոր վերլուծաբաններից մեկի դիպուկ դիտարկմամբ, ձեւավորվեց հակառուսական իշխանություն: Պաշտոնական Մոսկվայի եւ պաշտոնական Կիեւի հարաբերություններում առաջին անգամ հետպատերազմյան պատմության մեջ առաջացավ խորը ճեղքվածք: Նաեւ դա հիմք է տվել մեր հայտնի վերլուծաբան Գագիկ Հարությունյանին խոսելու «Սառը պատերազմ-2»-ի մասին: Արեւելասլավոնական քաղաքակրթական դաշտում առաջացավ ներքին ճեղքվածք, որը հանգեցրեց Ուկրաինայի տարբեր մասերի միջեւ թաքցված հակասությունների սրմանն ու մերկացմանը: Ֆաշիստական լծից ազատագրման 70-ամյակի տարում երկու հարեւան պետություններըՙ Ուկրաինան եւ Բելառուսը բոլորովին տարբեր կացությամբ են ներկայանում եւ դիմագրավում են միմյանց բոլորովին ոչ նման մարտահրավերների:

Որքանո՞վ են կենսունակ Մեծ հաղթանակի դասերը

Եվրասիական ինտեգրացիայի գործընթացի կողմնակիցները իրավացիորեն կարծում են, որ Հայրենական մեծ պատերազմում տարած պատմական հաղթանակն այսօր հետխորհրդային տարածքի ժողովուրդներին համախմբող ամենավառ համատեղ հիշողությունն է: Այս գաղափարի կողմնակիցներն անհանգիստ են, որ եթե չգործադրվեն լրացուցիչ ջանքեր եւ մեր երիտասարդ ու պատանի սերունդները չտեղեկացվեն Մեծ հաղթանակի մանրամասների մասին, ասենք, մեկ սերունդ հետո, պատմական այդ իրադարձության կենսական նշանակությունը կարող է թուլանալ եւ մարել: Ես եւ իմ շատ վերլուծաբան գործընկերներ հետխորհրդային պետություններում համոզված ենք, որ այդ հիշողությունը արժե վառ պահել եւ փոխանցել հաջորդ սերունդներին եւ դրա համար չարժե խնայել ջանքեր: Շատ կարեւոր է, որ արժանի հակահարված տրվի բոլոր այն փորձերին, որոնք ուղղված են Մեծ հաղթանակի հիշողության նսեմացմանը, ինչպես նաեւ տարբեր երկրներում կատարվող փորձերինՙ ռեւիզիայի ենթարկել Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության դասերն ու արդյունքները: Աշխարհաքաղաքական եւ քաղաքակրթական այն բախումը, որի ականատեսներն ենք մենք այսօր, մեծ գայթակղություն է, իբր վերաիմաստավորելու եւ իբր այսօրվա աչքերով նայելու 70-ամյա պատմության դրվագներին: Իրականում, սակայն, այդ կոչերը ոչ այլ ինչ են, եթե ոչ գաղափարախոսական դիվերսիաՙ թուլացնելու համար միասնական հիշողությամբ համախմբված տարբեր ազգերի ներկայացուցիչներին: Մոսկվայի Կարմիր հրապարակում այսօր անցնող պատերազմի ողջ վետերանների կերպարը շարունակում է ուսուցանել, որ մենք անպարտ ենք եղել, երբ համախմբվել ենք ընդհանուր թշնամու դեմ պայքարում: Թե ինչպես այս ճշմարտությունը կբեկվի կոնկրետ քաղաքական իրողություններում, շարունակում է հետաքրքրել Մեծ հաղթանակի հիշողությունը վառ պահողներին ու դրա հակառակորդներինՙ նրանց մտքերում, խոսքերում ու գործերում:

Նկար 1. 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի շտաբում հրամանատար մարշալ Բաղրամյանը եւ շտաբի պետ Կուրասովը ճշտում են տեղանքի քարտեզը: 1944 թ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 09-05-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ