RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#009, 2014-04-24 > #010, 2014-05-02 > #011, 2014-05-09 > #012, 2014-05-16 > #013, 2014-05-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 09-05-2014



ՁԵՎԵՐ

Տեղադրվել է` 2014-05-09 01:19:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2024, Տպվել է` 36, Ուղարկվել է էլ.փոստով` 37

ՁԵՎԸ, ՈՐ ԿԵՐԵԼ Է ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ... ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕՐԻՆԱԿՈՎ

ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Միջազգային շատ կառույցներ կան, որ ավելի հաճախ տարբեր գերտերությունների, լոբբիստական կազմակերպությունների, երբեմն անգամ անհատների շահերին են ծառայում. Բայց ոչ այն նպատակներին ու խնդիրներին, որոնց համար ստեղծվել են: Միավորված ազգերի կազմակերպությունը հրաշալի մի կառույց կլիներ, եթե ավելի հաճախ ոչ թե առեւտրային հարթակ դառնար տարբեր շահեր հետապնդող երկրների համար, այլ զբաղվեր հենց այն հարցերով, որոնք լուծելու կամ գոնե լուծմանը նպաստելու առաքելություն ունի:

Գործառնական առումով ավելի հաճախակի խափանվող մի կառույց էլ վերջին շրջանում դարձել է Եվրոպայի խորհուրդը, որտեղ լոբբիստական դրսեւորումները մոռացնել են տվել ինչպես մարդու իրավունքները, այնպես էլ իրավունքի գերակայությունն ու ժողովրդավարությունը: Ով ասես մարդու իրավունքներից չի խոսում Եվրոպայի խորհրդում, իսկ Խորհրդարանական վեհաժողովում ընդհանրապես մարդու իրավունք առնել-ծախելը սովորական երեւույթ է:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում երկրները նախագահում են հերթով, ու մայիսի 14-ից նոյեմբերի 13-ը հերթականն այդ շարքում Ադրբեջանն է, որին արդեն հանձնել են նախագահությունը Վիեննայում մայիսի 6-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստի ավարտին: Նախագահող Ավստրիան այդպիսով ավարտեց ԵԽ նախարարների կոմիտեում նախագահությունըՙ այն հանձնելով Ադրբեջանին:

Մինչ այդ էլ հերթական անգամ քննադատություն է հնչել Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերի առնչությամբ նույն Եվրոպայի խորհրդի կողմից, թե խոսքի ազատությանն ու հավաքներ անցկացնելու իրավունքների առնչությամբ վիճակը վատթարանում է, լրագրողների եւ այլ կերպ իրականությունը հասկացող-ներկայացնողների ձերբակալությունները շարունակվում են` ամենախիստ մեղադրանքներով:

Պետության մոտեցումներին չհամապատասխանող դատողություններ անողներին Ադրբեջանում ընտրովի քրեական հետապնդման են ենթարկում, այլ տեսակետ արտահայտողները ամենալուրջ խնդիրների առաջ են կանգնում:

Այս ամենը մի կողմ թողած` Ադրբեջանը արդեն իսկ ներկայացրել է իր նախագահության առաջնահերթությունները, որոնք, անկեղծ լինելու պարագայում, կարելի է համեստ որակել. ի տարբերություն շատ այլ նախագահությունների` Ադրբեջանի պարագայում փորձ իսկ չի արվել գլխից վերեւ թռչելու, այլ ընտրվել են համեստ, ընդհանրական թեմաներ: Ճիշտ է, այդ թեմաների պարագայում էլ Ադրբեջանն ինքն ավելի շատ անելիք ունի, քան այդ մասին նախագահողի դիրքերից խոսելու, բայց դա տվյալ դեպքում երկրորդական է: Էլի լավ է, որ ոչ մի փորձ չի արվում գոնե ներկայացված ծրագրային մակարդակում գործելու այն մոտեցումներով, որոնցով «ձկնկիթային» դիվանագիտության ջատագովը հարցեր է լուծում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում:

Միեւնույն ժամանակ, զավեշտն իր բաժինն ունի ադրբեջանական առաջնահերթություններում: Երբ այդ երկրում լրագրողներին հետապնդում ու ձերբակալում են կոռուպցիան բացահայտող նյութերի հրապարակման համար, պարզվում է, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիետում նախագահող Ադրբեջանը կոռուպցիայի դեմ պայքարն այնքան է կարեւորում, որ հունիսի 30-հուլիսի 1-ին Բաքվում կազմակերպելու է այդ թեմայով բարձրաստիճան մասնակցությամբ համաժողով:

Ինչպես ասում են` փող Ադրբեջանն ունի, ուրեմն եւ այսօրինակ միջոցառումներ, որպիսիք Ադրբեջանում ծրագրել են անցկացնել ոչ ավել, ոչ պակաս մոտ 10 հատ, կլինեն հարուստ ու ճոխ ներկայացված` բովանդակության հետ առանց որոշակի առնչության:

Որ Ադրբեջանն իր նախագահության վեց ամսում ուզում է պայքարել կոռուպցիայի դեմ, սոցիալական կայունության ու խոցելի խմբերի համար մարդու իրավունքների հասանելիության հարցերով զբաղվել` թող հաջողի: Բայց երբ Ադրբեջանի նման երկրի կողմից հայտարարվում է մշակութային բազմազանությամբ աչքի ընկնող հասարակության համախմբման, «Ոչ ատելություն սերմանելուն» ԵԽ ակցիային աջակցության կարեւորության, հետն էլՙ թե կարեւոր է ունենալ ժողովրդավար քաղաքացիներ ու սեփական իրավունքներն իրացնող երիտասարդություն` զարմանք ասելը քիչ է:

Որպես արդեն Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում նախագահած երկիր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 30-ին ՀՀ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել էր Ադրբեջանի ապագա նախագահությանը: Պատգամավոր Թեւան Պողոսյանին հետաքրքրել էր, թե վերջին օրերին Ադրբեջանում մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են ձերբակալությունների, մեղադրանքների ու ծեծկռտուքի ֆոնին արդյոք Հայաստանը չի՞ պատրաստվում բարձրաձայնել այս խնդիրը եւ ի՞նչ գործողություններ է ծրագրում իրականացնել:

Նալբանդյանի արձագանքի համաձայն, այդ մասին բարձրաձայնել են հենց ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաները: Վերջին շրջանում, ըստ արտգործնախարարի, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը երկու հայտարարություն է արել, որ հիմնարար ազատությունների, հատկապես խոսքի ազատության եւ ընդհանրապես մարդու իրավունքների ոլորտում վիճակը Ադրբեջանում վատթարանում է:

«Հայատյացության, անհանդուրժողականության, խտրականության դրսեւորումները Ադրբեջանում սովորական երեւույթ են դարձել: Ես կարծում եմ, որ նման երկրի ոչ միայն նախագահությունը Եվրոխորհրդում, այլ նաեւ անդամակցությունը պատիվ չի բերում այդ կազմակերպությանը», հայտարարել էր Նալբանդյանը:

Այս ամենը վկայում է, որ Եվրոպայի խորհրդում, ինչպես մի քանի այլ ընդգրկուն, աճած-սերտաճած, երբեմն էլ գերաճ տված կառույցներում, ձեւը կերել է բովանդակությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 09-05-2014

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ