RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#009, 2014-04-24 > #010, 2014-05-02 > #011, 2014-05-09 > #012, 2014-05-16 > #013, 2014-05-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 09-05-2014



Տեղադրվել է` 2014-05-09 01:19:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2210, Տպվել է` 44, Ուղարկվել է էլ.փոստով` 32

ՍԵՊԵՐ ԵՎ ՍՐԲԵՐ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Կանցնեն շատ տարիներ, եւ Արցախն ազատագրած բազմաթիվ հայ գնդապետներ, զինվորներ, բժիշկներ, կանայք, երեխաներ, հայեր, ինչ-որ պատի տակ կհիշեն այն օրը, երբ Երեւանում որոշում կայացվեց կանգնեցնել Անաստաս Միկոյանի արձանը: Գուցե այդ արձանը չկանգնեցվի էլ, բայց այս արձանը կանգնեցնելու որոշման օրը, կհիշենք: Սա պատմական օր էր:

Ես չգիտեմ, Հայաստանի ո՞ր բնակավայրում է կանգնեցվել Արցախի հերոսամարտում զոհված զինվորի արձան, հուշարձան չէ, գնդապետ-գեներալի չէ, զինվորի, շարքային զինվորի արձան: Ես չգիտեմ, թե ինչո՞ւ մինչեւ օրս Հայաստանի որեւէ բնակավայրում չկա, օրինակ, Իսրայել Օրիի արձանը, ով միայնակ պետության գործառույթներ էր իր վրա վերցրել եւ փորձում էր լուծել ժամանակի ազգային-պետական հարցերը: Չգիտեմ նաեւ, թե ինչո՞ւ մինչեւ հիմա Հայաստանում կանգնեցված չէ «Հայոց արքայական ազգատոհմեր» համալիր հուշարձանը, որտեղ` կողք-կողքի կանգնած, կամ նստած կլինեն հայոց արքաները` բոլոր տոհմերից գոնե մեկական ներկայացվածությամբ:

Բայց, ամենակարեւորը, ես չգիտեմ, թե գիշերները, երբ Երեւանում կանգնած բոլոր արձանները «կենդանանան», ո՞ւմ կողքով է քայլելու Անաստասը, ո՞ւմ ձիու քայլքին զուգընթաց, ո՞ւմ կիսանդրու լուռ ժպիտին է արժանանալու, ո՞ւմ հետ է զրուցելու ջերմ, ազգային-պետական թեմաներով: Բայց ենթադրում եմ, որ հաջորդ օրն առավոտյան Անաստասն էլ քաղաքում կանգնած չի լինի, որովհետեւ այս քաղաքում Վարդան Մամիկոնյան, Հովհաննես Բաղրամյան, Հայկ նահապետ, Վահագն աստված կա, Սասունցի Դավիթ կա, եւ բացի Հայկից ու Վահագնից` մյուսները, ի դեպ, ձիով են. մեծ տերերի մեծ ձիերը: Թումանյանն անպայման մի բան կասի, Սարոյանը կմիանա, Տերյանը կթախծի, Չարենցը իր ամբոխներին կհիշի` խելագարված, «Տղամարդիկ» կծխեն եւ ձյուն կգա, ու, չնայած օթերեւութաբանները դա կպայմանավորեն մթնոլորտային ինչ-ինչ հանգամանքներով, բայց «մենք բոլորս կհասկանանք, թե ինչու հենց այդ օրը քաղաքում ձյուն եկավ»: Անաստասը կա՛մ կհեռանա, կա՛մ կհեռացնեն, եթե ստոր դավաճան է` կհեռացնեն, եթե մի քիչ ազգային-պետական է, կհեռանա, ինքնակամ, ամոթով, զղջումով... Որովհետեւ արձանը սրբի պես մի բան է, քանի որ Միկոյանը սրբի պես մի բան չէ:

Բայց, միեւնույն է, կանցնեն շատ տարիներ եւ Արցախն ազատագրած բազմաթիվ հայ գնդապետներ, զինվորներ, բժիշկներ, կանայք, երեխաներ, հայեր, ինչ-որ պատի տակ կհիշեն այն պատմական օրը, երբ Երեւանում որոշում կայացվեց կանգնեցնել Անաստաս Միկոյանի արձանը: Որովհետեւ Արցախն ազատագրողը` իր տեսակով, կերպով, բնավորությամբ ուրիշ է, Արցախը հանձնողը` ուրիշ, որովհետեւ Միկոյանը Արցախը հանձնել է, առնվազն չի ընդվզել դրա հանձնման փաստից: Չէ՞ր կարող, կգնդակահարեի՞ն, բա ո՞ւր մնաց Միկոյանի` «երրորդ համաշխարհային պատերազմ կանխած դիվանագիտությունը», ո՞ւր մնաց, եւ ինչո՞ւ էր պետք Ստալինի եւ Օրջոնիկիձեի հետ նրա անձնական ջերմ, ընկերական հարաբերությունները, ուրեմն այդ ամենը պետք էր ոչ թե հայազգի Միկոյանին, այլ պարզապես ԽՍՀՄ պետական գործիչ Անաստատ Միկոյանին, իսկ դրանք տարբեր բաներ են, իրարամերժ բաներ:

Նրա արձանը տեղադրելու որոշման կայացումը պատմական է, որովհետեւ Արցախի ազատագրումից 22 տարի անց, այսօր փաստորեն, մենք գրեթե սրբացնում ենք Արցախը հանձնողներին, հետեւաբար, կանցնեն տարիներ եւ Արցախն ազատագրած գնդապետները,...

Բայց մի բան էլ կա. Միկոյանի արձանը տեղադրելուն կողմ են արտահայտվում Ռուսաստանի հետ այս կամ այն կերպ կապված գործիչները, մարմինները, պետական կամ հասարակական կառույցները, նրանց աշխատակիցները: Իրենց իրավունքն է, իրենց հիշողությունը, անշուշտ, բայց Միկոյանի արձանի տեղադրման որոշումը, առավել եւս նրա կանգնեցված արձանը ոչ մի կապ չունի եւ չի ասոցիացվում հայ-ռուսական հարաբերութունների հետ, ավելինՙ սեպ է այդ հարաբերություններում խրվող: Որովհետեւ, մեղմ ասած, երկիմաստ, իրարամերժ կերպարներով ազգամիջյան բարեկամությունները չեն ամրապնդվում. Միկոյանը Հայաստանում լայն խմբերի համար ընկալելի չէ` իբրեւ հերոս, գրեթե սուրբ, ճիշտ հակառակը: Ուրեմն նրանով հայ-ռուսական հարաբերություններում սեպ է խրվում:

Այնինչ, Երեւանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը Մոսկվայում հրատարակվող հայկական ռուսալեզու` -ի հետ զրույցում հայտարարել է. «Վստահ եմ, որ Ռուստաստանը պետք է ավելի ակտիվորեն հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին: Այս առումով որեւէ կասկած չկա: Սակայն հավանաբար պետք է նաեւ այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում»:

Այս փաստացի սպառնալիքին կանդրադառնանք, անշուշտ, բայց ոչ այսօր. այսօր Արցախի ազատագրման օրն է. դա ոչ մի կապ չունի Անաստատ Միկոյանի, հայ-ռուսական հարաբերությունների հետ, գուցե այդ պատճառով էլ սուրբ է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 09-05-2014

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ