RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#009, 2014-04-24 > #010, 2014-05-02 > #011, 2014-05-09 > #012, 2014-05-16 > #013, 2014-05-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 09-05-2014



ԵՌՅԱԿ ԱՆՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2014-05-09 01:19:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2435, Տպվել է` 43, Ուղարկվել է էլ.փոստով` 34

«ԹԲԻԼԻՍԻ- 2014». Ո՞ՒՄ «ՄԱՀՆ Է ԳՈՒԺՈՒՄ ԶԱՆԳԸ»

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Մայիսի 6-ի վաղ առավոտյան Իլհամ Ալիեւը Թբիլիսիում էր: Նախորդ օրը Վրաստանի մայրաքաղաք էր հասել Թուրքիայի նախագահ Գյուլը, որին հյուրընկալող կողմը ցուցաբերել էր չափազանց ջերմ վերաբերմունք: Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլին թուրք գործընկերոջ համար զբոսանք էր կազմակերպել Ռուսթավելի պողոտայում: Իսկ Իլհամ Ալիեւին ոչ ոք չէր ուղեկցել, երբ նա ծաղկեպսակ էր դրել «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիեւի արձանին կամ այցելել Թբիլիսիում «ադրբեջանական մշակույթի կենտրոն», կամ Socar- Georgia ի գրասենյակ:

Թե ինչո՞ւ էին Իլհամ Ալիեւին Թբիլիսիում մի քանի ժամ թողել մենակ, մինչ Թուրքիայի եւ Վրաստանի նախագահներն «անկեղծ բարեկամության եւ կատարյալ փոխըմբռնման մթնոլորտում» զբոսնում էին: Գուշակությունների տրվել, թերեւս, չարժե: Ավելի հետաքրքրական է, որ մայիսի 6-ի ժամը 10:30-ի սահմաններում Բաքվի կենտրոնը թողնում էր «օկուպացված քաղաքի» տպավորություն. սկսվել էր Nidai երիտասարդական շարժման մի խումբ ակտիվիստների դեմ «դատավարությունը», եւ ոստիկանությանը հրահանգված էր «ոչ ոքի չթույլատրել մոտենալու դատարանի շենքին»:

Բուն «դատավարությունը» դռնփակ էր, հրապարակված վճիռը, նույնիսկ Ադրբեջանի պարագայում, աննախադեպ դաժան. մի խումբ երիտասարդներ, որոնք բանակում մահվան դեպքերի առթիվ բողոքի ցույց էին անցկացրել անցյալ տարվա գարնանը, դատապարտվել են 6-8 տարվա ազատազրկման: Նախօրեին ամերիկյան Freedom House-ը նրանց հայտարարել էր «խղճի կալանավոր»: Nidai-ի ակտիվիստների դեմ «դատավճիռն», այսպիսով, Իլհամ Ալիեւի պատասխանն էր ամերիկյան իրավապաշտպան կազմակերպությանը:

Մայիսի 5-ին Բաքվի վերաքննիչ դատարանը բավարարել էր նախկին պատգամավոր Գյուլար Ահմեդովայի հայցը եւ նրան պայմանական ազատ արձակել` սահմանելով «3-ամյա փորձաշրջան»: Ահմեդովան մեղադրվում էր «խարդախությամբ ուրիշի ունեցվածքին տիրանալու» մեջ: Նրա դեմ քրեական գործ էր հարուցվել, երբ Ֆրանսիայում քաղաքական վտարանդու կարգավիճակով բնակվող` Ադրբեջանի հումանիտար համալսարանի նախկին ռեկտոր Էլշադ Աբդուլլաեւը հրապարակել էր տեսահոլովակ, որտեղ Ահմեդովան նրան 1 մլն. դոլարի դիմաց խոստանում է պատգամավորական մանդատ: Ըստ տեսահոլովակի, այդ գումարն Ահմեդովան պետք է փոխանցեր «Ռամիզ մուալլիմին»` Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւին:

Շատերն սպասում էին, որ նախագահական «ընտրություններից» հետո Մեհթիեւը կպաշտոնազրկվի, բայց դա տեղի չունեցավ: Գյուլար Ահմեդովայի «պայմանական» ազատ արձակումն, ընդհակառակը, վկայում է, որ իշխանության մեջ Մեհթիեւի դիրքերն անսասան են: Ավելին, մայիսի 5-ին Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել Ռամիզ Մեհթիեւի որդուն «արտահերթ կարգով գեներալ-մայորի զինվորական կոչում շնորհելու եւ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ նշանակելու» մասին: Ադրբեջանի ԱԻ նախարար Քյամալլեդդին Հեյդարովը համարվում է այդ երկրի ամենակոռումպացված պաշտոնյաներից մեկը, իսկ Ռամիզ Մեհթիեւը` իշխանության մեջ «մոսկովյան դրածո»:

Եթե դա այդպես է, նշանակում է, որ Իլհամ Ալիեւը Թբիլիսի ուղեւորվելուց եւ Թուրքիա- Ադրբեջան- Վրաստան բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցելուց առաջ որոշակի ուղերձներ է հղել ՌԴ նախագահին: Եւ, գուցե, այդ պատճառով է, որ գերադասել է մինչ եռակողմ հանդիպման մեկնարկն ունեցած ժամանակն անցկացնել «յուրայինների միջավայրում»` հոր անվան զբոսայգում, «ադրբեջանական մշակութային կենտրոնում» եւ Պետական նավթային ընկերության վրացական մասնաճյուղի նստավայրում:

Չափազանց ուշագրավ է նաեւ, որ Գյուլ- Ալիեւ- Մարգվելաշվիլի հանդիպման առթիվ տեղեկատվական հոսքերում ադրբեջանական աղբյուրները ոչինչ չեն ասել Իլհամ Ալիեւի քաղաքական բնույթի հայտարարությունների մասին: Փոխանցվել է միայն Թուրքիայի նախագահի հայտարարությունը, ըստ որի` «Ուկրաինայի հարցում Թուրքիան, Վրաստանը եւ Ադրբեջանը հանդես կգան միասնական դիրքերից` պաշտպանելով Ուկրաինայի ամբողջականությունը»: Ֆորմալ առումով ոչ ոք Ուկրաինայի ամբողջականությունը չի վիճարկում, եւ Գյուլի հայտարարությունն ավելի շատ նման է ոչինչ չասելուն:

Ադրբեջանական աղբյուրները, մինչդեռ, ավելի վաղ անոնսավորել էին, որ Թբիլիսիի հանդիպումը «կդառնա «Թեհրան- 43»` տարածաշրջանային չափերով»: Ի՞նչ են կողմերը պայմանավորվել Թբիլիսիում` գուշակել հնարավոր չէ. Բաքվի լրատվամիջոցները խիստ զգուշավոր են իրենց մեկնաբանություններում: Անգամ անզեն աչքով է տեսանելի, որ Իլհամ Ալիեւի աշխատակազմը խստորեն վերահսկում է, որպեսզի հանկարծ «ինչ-որ բան այնպես չստացվի»:

Վերլուծություններում գերիշխում է մի մտահոգություն` հնարավո՞ր է, որ Ռուսաստանը «Թբիլիսի-2014»-ը գնահատի իբրեւ իր դեմ ուղղված նախաձեռնություն: Vesti.az-ին տված հարցազրույցում վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն կարծիք է հայտնել, որ «ցավոք, Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի միավորումը մեկ դաշինքում նվազ հավանական է պարզապես այն պատճառով, որ թվարկված երկրների ղեկավարների հռչակած արտաքին քաղաքական նպատակները տարբեր են»: Որպես երկրորդ պատճառ վրացի վերլուծաբանը նշել է Ռուսաստանի հանգամանքը, «թեեւ դա, ավելի շուտ, կարեւոր է Բաքվի, քան Թբիլիսիի եւ Անկարայի համար»:

Նրա կարծիքով, երեք երկրների «ազգային շահերը համընկնում են, իսկ դա թույլ է տալիս ստեղծելու փոխշահավետ համագործակցության լայն դաշտ, սակայն Ադրբեջանն առայժմ բալանսավորվում է Անկարայի եւ Կրեմլի միջեւ»: Վրացի քաղաքագետը, թերեւս, ավելի ճիշտ կգտնվեր, եթե ասեր, որ Ադրբեջանը «խուսանավում է Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ»: Ուշագրավ է, որ Թբիլիսիի հանդիպման մասին տեղեկատվությանը զուգահեռ haqqin.az-ը մի հրապարակում է արել, որտեղ բացեիբաց ասվել է, թե ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի հանախագահ Ուորլիքի դեմ ադրբեջանական իշխանությունների արշավը «ԱՄՆ-Ռուսաստան լարվածության ուղղակի անդրադարձն է»:

Նույն տեղում ընդգծվել է նաեւ, որ Ադրբեջանը «վերջնականապես հրաժարվել է Եվրոմիության հետ ասոցիացման հեռանկարից եւ կարող է, ըստ անհրաժեշտության, դառնալ ոչ թե Ռուսաստանի մրցակիցը գազի եվրոպական շուկայում, այլ` նրա գործընկերը»: Ադրբեջանի նման երկրում, որտեղ մամուլը լիովին վերահսկվում է, այս կարգի ակնարկներ առանց բարձրագույն իշխանության հետ համաձայնության չեն հնչեցվում: Իսկ ահա Թբիլիսիի եռակողմ հանդիպման «հնարավոր արդյունքների» մասին խոսելով` քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն, որին դեպի Ռուսաստանն ունեցած «համակրանքի» մեջ դժվար է կասկածել, միանշանակորեն ասել է. «Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, եւ Թուրքիայի հետ որեւէ համաձայնություն ստորագրելով մենք հայտնվում ենք նրա ուղեգծում, իսկ դա ոչ մի կերպ չի կապվում չմիանալու շարժմանը մեր մասնակցությանը եւ դրանով իսկ, կամա, թե ակամա, մենք ներքաշվում ենք Ռուսաստանի հետ առճակատման մեջ»:

Այդ կերպ քաղաքագետը բացառել է, որ Թբիլիսիում հնարավոր է «տարածաշրջանային անվտանգության» ինչ-որ համաձայնություն կնքվի Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Contact.az-ի մեկնաբանի հայացքով` «Վրաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագիր ստորագրել, բայց առանց Թուրքիայի նա չի կարող դա անել»: Նա, միաժամանակ, խիստ զգուշավոր ակնարկել է, որ «չի բացառված, որ Թուրքիան արտաքին քաղաքականության առաջնահերթություններում սրբագրումներ անի»: Ռուս վերլուծաբաններից մեկն էլ vesti.az-ին ասել է, որ «տարածաշրջանային երկու գերտերություն կա` Թուրքիա եւ Ռուսաստան, Իրանը հաշվի մեջ չէ, նրա հետաքրքրությունները հարավում են»:

Տեսակետների ամփոփում է կարծես արել ամերիկացի փորձագետ Ալեքսանդր Մուրինսոնը, ըստ որի` Թուրքիա- Վրաստան- Ադրբեջան «եռանկյունին անվտանգության կարեւոր բաղադրիչ է, սակայն Թուրքիայի համար Մոսկվայի հետ փոխհարաբերություններն ավելի կարեւոր են»: Նկատի ունենալով Գյուլ- Ալիեւ- Մարգվելաշվիլի գագաթաժողովը, Մուրինսոնը պնդել է. «Կարելի է շարունակել հանդիպել, բայց Թուրքիան կախված է Ռուսաստանից գազի մատակարարումից, չխոսելով արդեն ատոմային էլեկտրակայանների կառուցման մասին... Թուրքիան հասկանում է, որ Ռուսաստանը կարող է ապակայունացնել ոչ միայն Կովկասը, այլ նաեւ Թուրքիան»:

Այս համապատկերի վրա գրեթե սենսացիոն է հնչել ավելի վաղ կալանավորված` «Զերկալո» թերթի մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովի փաստաբանի հայտարարությունը, թե, ըստ իր պաշտպանյալի, «նրա ձերբակալությունը եւ կալանավորումը կատարվել է ռուսաստանյան հատուկ ծառայությունների պատվերով, որոնք համագործակցել են թուրքական կողմի հետ»: Միրկադիրովը հայտնի է իր բազմաթիվ հրապարակումներով, որտեղ խիստ քննադատության են ենթարկված Ռուսաստանի նախագահ Պուտինը եւ Թուրքիայի վարչապետ Էրդողանը:

«Միրկադիրովի գործով իբրեւ վկա անցնող» Լեյլա Յունուսովան, «Թուրան» գործակալության խնդրանքով մեկնաբանելով Միրկադիրովի փաստաբանի հայտարարությունը, դժվարացել է «ուղղակի փաստեր վկայակոչել», բայց տեսակետ է հայտնել, որ «ընդհանուր տպավորությունը դա է»: Հայտնի լրագրող Քյամալ Ալին contact.az-ի համար հոդվածում «անձնական կարծիք է հայտնել, որ Ադրբեջանում սահմանափակվում են արեւմտյան դրամաշնորհներից սնվող լրատվամիջոցների հնարավորությունները»: Նա չի բացառել, որ «Միրկադիրովի գործով» հնարավոր է «վկայի կարգավիճակ տրվի նաեւ «Թուրան» գործակալության տնօրեն Մեհման Ալիեւին»:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ադրբեջանի դատախազությունը խուզարկություն է անցկացրել «Զեկալո»-ի խմբագրությունում, առգրավվել է գլխավոր խմբագիր Էլչին Շիխլինսկիի անձնական համակարգիչը, որտեղ «ամփոփված է թերթի եւ նրա խմբագրի հոր` Ադրբեջանի ժողովրդական գրող Իսմայիլ Շիխլիի արխիվը»: Խուզարկությունից հետո կալանք է դրվել թերթի բանկային հաշվի վրա, եւ «Զերկալո»-ն օրաթերթից վերածվել է շաբաթաթերթի:

Մայիսի 6-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանից «բացակայում է իրավապաշտպան Մեթանեթ Ազիզովան»: Դա չի խանգարել, սակայն, որպեսզի դատախազությունը հարցաքննի նրա ամուսնուն: Ադրբեջանական լրատվամիջոցներում «արեւմտյան գործակալների բացահայտման» թեման առաջին տեղում է: Արեւմուտքին քննադատելու հարցում կարծես մրցակցում են նույնիսկ պետական բարձրաստիճան պաշտոնյաները: Փոխվարչապետ, փախստականների եւ տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովն օրերս հայտարարել է. «ԱՄՆ-ը եւ Եվրոպան օգտագործում են մեր էներգակիրները, բայց ո՞րն է մեզ տված նրանց օգուտը»:

«Թբիլիսի 2014»-ը, ինչպես երեւում է, տարածաշրջանային «Թեհրան- 43» չի դարձել: Եռյակը չի համարձակվել Ռուսաստանի հետ գնալ բաց առճակատման: Բայց «Թբիլիսի 2014»-ը խոստացել է, որ «կդառնա Եվրոպայի էներգետիկ անվտանգության երաշխավորը»: Ամեն ինչ պարզ կլիներ, եթե միայն «Շահդենիզ- 2» գազային նախագծի 10 տոկոս բաժնետոմսերը չգտնվեին ռուսաստանյան «Լուկօյլ» ընկերության ձեռքին:

Բացառված չէ, որ «Եվրոպայի էներգետիկ անվտանգության» նախագիծն ի վերջո վերստին կախված կլինի ռուսաստանյան կողմի որոշումից: Եւ այդ ժամանակ Ադրբեջանը կհայտնվի խաղից դուրս վիճակում, որովհետեւ Եվրոպայի համար ավելի հեշտ ու նախընտրելի կլինի պայմանավորվել Ռուսաստանի, քան թե` անկանխատեսելի Ադրբեջանի հետ: Կամ էլ Ռուսաստանը պայմաններ կթելադրի Ադրբեջանին: Ոչնչացնելով «արեւմտյան ազդեցության գործակալներին»` Իլհամ Ալիեւն ուժեղացնում է իշխանության մեջ «Կրեմլի դրածոների» դիրքերը:

Ստեփանակերտ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 09-05-2014

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ