RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#010, 2014-05-02 > #011, 2014-05-09 > #012, 2014-05-16 > #013, 2014-05-23 > #014, 2014-05-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 16-05-2014



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2014-05-16 00:34:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 2824, Տպվել է` 32, Ուղարկվել է էլ.փոստով` 28

ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ

ՋՈՐՋ ՖՐԻԴՄԱՆ

«Stratfor» գլոբալ հետախուզության ընկերության «Ջեոպոլիտիքըլ Ուիքլի» շաբաթահանդեսում Ջորջ Ֆրիդմանը քննում է Ռուսաստանի դեմ ուղղված Ամերիկայի պատժամիջոցները, որոնք, ըստ նրա, անարդյունավետ են:


Մ. Նահանգները նոր պատժամիջոցներ սահմանեց ռուս յոթ կառավարական անդամների դեմ: Պատժամիջոցները հին գործելաոճ են, որոնք կախված իրենց «մշակման եղանակից», կարող են կամ անկանխատեսելի ազդեցություն ունենալ, կամ բոլորովին անարդյունավետ լինել: Ենթադրվում է, որ պատժամիջոցները սովորաբար կիրառվում են այն երկրների դեմ, որոնց գործողությունները անընդունելի են համարվում: Դրանք պատերազմից կամ հավանական պարտությունից խուսափելու միջոց են: Տնտեսական վնաս հասցնելով դրանք նպատակ են հետապնդում վարքագծի փոփոխություններ առաջացնել: Այդ պատճառով էլ դրանք պետք է լինեն խոցող, ցավալի, բայց ոչ այնքան խիստ, որ պատժամիջոցի ենթարկված երկիրը նախընտրի պատերազմել, քան տեղի տալ պատժամիջոցը կիրառող երկրի պահանջներին:

Երբ պատժամիջոցները արդյունավետ են

Երբ ճապոնացիները ներխուժեցին Հնդկաչին 1941-ի հուլիսին, Մ. Նահանգները, ի պատասխան, սառեցրեց Ճապոնիայի բոլոր ակտիվները: Միացյալ թագավորությունն ու Հոլանդական իսթ ինդիան (այժմյան Ինդոնեզիան) վարվեցին նույն ձեւով: Պատժամիջոցները բավական արդյունավետ էին, եւ Ճպաոնիան իրեն մեկուսացված զգաց միջազգային առեւտրաշրջանառությունից, կորցնելով ներմուծելի նավթի 90 տոկոսը: Ճապոնիան պետք է պատասխաներ, բայց Հնդկաչինից դուրս գալու փոխարեն, նա հարձակվեց Փըրլ Հարբորի վրա: Արժե Ճապոնիայի օրինակը հաշվի առնել: Մ. Նահանգները Ճապոնիային դրել էր մի կացության առաջ, երբ մի քանի ամիս անց նավթի պաշարների սպառումից հետո երկիրը դադարելու էր արդյունաբերական հզորություն լինելուց: Եթե ընդուներ Ամերիկայի պայմանները, անընդհատ կախվածության մեջ էր լինելու նրանից: Ճապոնիան չէր վստահում Ամերիկային, եւ գիտակցելով անգամ պատերազմի ռիսկերը, մերժեց տեղի տալ պատժամիջոցների առաջ:

Պատժամիջոցները արդյունավետ են գործում այն երկրների դեպքում, որոնք վրեժխնդիր լինելու տարբերակ չունեն: Իրանը հրաշալի օրինակ է: Առանց գործող միջուկային հարմարությունների նա ի վիճակի չէ պատերազմ մղելու: Ոչ էլ այլ կերպ վրեժխնդիր լինելու: Բայց նույնիսկ Իրանի դեպքում պատժամիջոցները այնքան արդյունավետ կարող են չլինել:

Որոշակիորեն ուղղորդված պատժամիջոցներ

Ռուսաստանի դեմ արդյունավետ պատժամիջոցներ սահմանելը շատ ավելի բարդ ու խրթին գործ է, որովհետեւ ռուսները հնարավորություն ունեն պատասխան ռազմական հարված հասցնելու: Նրանք նաեւ կարող են Ռուսաստանում արեւմտյան ակտիվները սառեցնել: Ռուսաստանում բազմաթիվ արեւմտյան ընկերություններ են գործում համապատասխան սարքավորումներով, գործարաններով, բանկային հաշիվներով, եւ այլն: Ավելին, Ռուսաստանը կարող է դադարեցնել էներգետիկ պաշարների Եվրոպա առաքումը, մատակարարումը: Խելամիտ կլինի՞ արդյոք Ռուսաստանի համար այս ձեւերից մեկով պատասխանելը: Կարեւոր հարց է իհարկե, բայց այն, որ այդ հնարավորությունը նա ունի, չպետք է մոռացության մատնվի:

Մասամբ այս նկատառումով է, որ Մ.Նահանգներն ու Եվրոպան խուսափել են պատժամիջոցներ սահմանել ամբողջական Ռուսաստանի դեմ, փոխարենը ընտրելով պատժամիջոցներ անհատների կամ որոշակի ընկերությունների դեմ: Մենք այս երեւույթը կարող ենք անվանել «որոշակիորեն ուղղորդված պատժամիջոցներ», որոնք նպատակ ունեն դիրքորոշման մեջ փոփոխություն առաջացնելու եւ ոչ թե վրեժխնդրության մղելու:

Իրաքի դեպքում ամբողջ երկրի դեմ սահմանված պատժամիջոցները մեծ վնաս հասցրեցին ժողովրդին, մինչդեռ որոշ սողանցքներից օգտվեցին առանձին ղեկավար անձնավորություններ: Այս փորձառությունն էլ հուշեց այն գաղափարը, որ ճիշտ կլիներ պատժամիջոցներն ուղղել ընդդեմ որոշակի ղեկավարների: Դրանով արեւմուտքը հույս ունի փոփոխություն առաջացնել Ուկրաինայի հարցում Ռուսաստանի որդեգրած քաղաքականության մեջ: Բայց այստեղ էլ կարեւոր հարցեր են առաջ գալիս:

Պատժամիջոցների սահմանափակումներ

Հարցերից առաջինը հետեւյալն է. ռուս ղեկավարներին իշխանությո՞ւնն է ավելի շատ հետաքրքրում, թե՞ փողը: 1990-ականներին փողը իշխանություն առաջ բերեց, բայց այժմ իրավիճակը տարբեր է: Իշխանություն ունեցողներն ու փող ունեցողները միեւնույն անձնավորություններն են: Այնպես որ, դժվար է պատկերացնել, որ մի քանի հոգու հարստությունը փրկելու համար Պուտինի վարչակազմը երբեւէ կփոխի իր քաղաքականւթյունը եւ այդպիսով կընդունի իր թուլությունն ու պարտությունը, որը իշխանության ղեկին կանգնած որեւէ մեկի համար ճակատագրական սխալ կլինի: Ավելին, ռուս ղեկավարները իրենց փողի մի մասը Ռուսաստանում են ի պահ դրել, որպեսզի խուսափեն արեւմտյան կառավարությունների կողմից դրանց առգրավումից:

Իհարկե Ռուսաստանից դուրս գումարներ կան, բայց դրանք բոլորը չեն եւ թիրախի տակ գտնվող մարդիկ մեկ օրից մյուսը չեն հայտնվի նպաստընկալների շարքերում: Նրանք հավանաբար անտարբերությամբ են վերաբերվելու պատժամիջոցներին: Նրանք գումարներ կկորցնեն վստահաբար, բայց իրենց դիրքորոշմամբ երկրի ներսում ձեռք բերած ժողովրդականությունը կհակակշռի դրան: Նրանք շուտով իրենց կորցրածը ետ կբերեն:

Երկրորդը միահյուսված ակտիվների հարցն է: Ռուս ղեկավարները ներդրումներ են կատարել այնպիսի ռուսական ընկերություններում, որոնք արեւմտյան ընկերությունների հետ համատեղ ձեռնարկություններ են: Արեւմտյան այս թնջուկը պատկերացնելու համար, ենթադրենք ռուսական Ռոսնեֆթն ու արեւմտյան նավթային մի ընկերության համատեղ ձեռնարկություն են ստեղծել: Ի՞նչ են անելու արեւմուտքում: Խլելո՞ւ են այդ ձեռնարկության ամբողջ ակտիվները, թե՞ միայն մի մասը: Ի՞նչ պարտավորություններ են դնելու մյուս բաժնետերերի վրա, ռուս թե օտար, որոնք պատժամիջոցների ցուցակում չեն: Կապիտալիզմի ներկա դարաշրջանում ներդրումների ճանապարհները կարող են խաչվել:

Չմոռանանք, որ Ռուսաստանը աշխարհի 8-րդ խոշոր տնտեսություն ունեցող երկիրն է, եւ նրա հարստությունը այնքան է միահյուսված պատժամիջոցների թիրախ դարձած անձնավորությունների հետ, որ խիստ բարդացնում է պատժամիջոցների արդյունավետ իրագործումը:

Երրորդ հարցը քաղաքական բնույթի է: Նախագահ Պուտինի ժողովրդականությունը Ղրիմիՙ Ռուսաստանին միավորումից հետո խիստ բարձրացել է: Ինչպես արեւմուտքում, այնպես էլ Ռուսաստանում օտար ճգնաժամերի ընթացքում վճռական գործելը մեծապես գնահատվում է, գոնե սկզբնական շրջանում: Պուտինի համար դժվար կլինի չպատասխանել պատժամիջոցներին, որովհետեւ եթե գործնական քայլեր չձեռնարկի, կկորցնի իր ժողովրդականության մի մասը:

Դիտավորյալ անարդյունավետ պատժամիջոցներ

Ի հավելումն վերոնշյալի, Մ. Նահանգները չի ցանկանում սպառնալ մի երկրի, որն ունի հսկայական ռազմական ուժ: Ոչ էլ ցանկանում է այնպիսի գործողություն ծավալել, որ Ռուսաստանին մղի Ուկրաինա ներխուժելու եւ ստիպելու Մ. Նահանգներին, որ կա՛մ հետ վերցնի պատժամիջոցները, կա՛մ էլ մասնակցի մի պատերազմի, որին պատրաստ չէ:

Մ. Նահանգները նաեւ խուսափելու է սխալմամբ ամերիկյան եւ եվրոպական ակտիվներ խլելուց, ակտիվներ, որոնք ռուսների կողմից դիտավորյալ տեղադրված են որպես խայծ ծառայելու համար:

Օբամայի վարչակազմը մի գլխավոր պատճառ եւս ունի խուսափելու արդյունավետ պատժամիջոցներից: Եթե տարիներ առաջ որեւէ մեկը ասեր, թե ամերիկա¬ռուսական հարաբերություններն այսօրվա աստիճանին կհասնեն, ծիծաղի առարկա կդառնար: Վստահ եմ դրանում: Օտար ներդրումները Ամերիկայի տնտեսության գլխավոր բաղադրիչներն են դարձել եւ անվանի քաղաքական գործիչները կապիտալի հիանալի աղբյուրներ են: Մ. Նահանգների հետ անընդհատ խնդիրներ ունեցող երկրների (Չինաստանի, Սաուդյան Արաբիայի, Հնդկաստանի) ղեկավարները հարկ եղած դեպքում մի լավ կկշռադատեն նախքան նոր ներդրումներ կատարելը: Եվ դեռ միայն այդ երկրները չեն, որոնք խնդիրներ ունեն Մ. Նահանգների հետ: Շատերը կան:

Այնպես որ, ամերիկյան պատժամիջոցների մարտավարությունը Ռուսաստանի քաղաքականության մեջ փոփոխություն մտցնելու նպատակ չի հետապնդում: Այն պարզապես ձեւացնում է, որ այդպիսի նպատակ է հետապնդում: Իրականում այն ուղղված է կոնգրեսի եւ պետքարտուղարության այն անդամներին, որոնք խնդիրը մեծացնում են եւ ազգային անվտանգության հարցերը կապում մարդու իրավունքների հարցի հետ: Այդ երկու կառույցներին պետք է ցույց տալ, որ մի բան արվում է, եւ նրանք էլ պետք է ձեւացնեն, որ հավատում են, որ իրոք մի բան արվում է, երբ իրականում ոչ մի բան չի արվում եւ չի կարող արվել: Ակտիվ գործողությունների պահանջներով փոթորկված մեր աշխարհում, խոհեմ ղեկավարները ավելի հաճախ նախընտրում են ձեւացնել, թե մի բան անում են, քան իրականում կատարել ինչ¬որ բան:

Geopolitical weekly, Թարգմ. Հ.Ծ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 16-05-2014

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ