RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#010, 2014-05-02 > #011, 2014-05-09 > #012, 2014-05-16 > #013, 2014-05-23 > #014, 2014-05-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 16-05-2014



Տեղադրվել է` 2014-05-16 00:34:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1814, Տպվել է` 36, Ուղարկվել է էլ.փոստով` 31

ՍՈՎՈՐԱԿԱՆ, ԹԵ՞ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ

Ա. Մ.

«Համահայկական» բանկի գաղափարից մնաց միայն անվանումը

Սիրիահայերի ներհոսքը Հայաստան հերթական անգամ օրախնդիր դարձրեց հարցը, թե ի՞նչ կարող ենք առաջարկել արտերկրի մեր հայրենակիցներին, եթե նրանք այս կամ այն պատճառով ցանկություն հայտնեն կամ պարտադրված լինեն մնալ հայրենիքում: Խոսքը ոչ թե առաջին անհրաժեշտության աջակցության մասին է, որ ցուցաբերվում է պետական մակարդակով, նաեւ հասարակական կազմակերպությունների կամ շարքային քաղաքացիների կողմից, այլ այն միջոցառումների, որոնք կնպաստեն նրանց այստեղ մնալուն: Դրա համար առաջնահերթը բնակարանային եւ աշխատանքի հարցերն են: Հասկանալի է, որ առանց բիզնես կառույցների դա անհնար կլինի իրագործել: Տարբեր մասնավոր ընկերություններ, բանկեր որոշակի քայլեր անում են սիրիահայերին աշխատանքի ընդունելու, նրանց հայաստանյան բիզնեսը անվճար գովազդելու համար, սակայն բացառապես սեփական նախաձեռնությամբ:

Տարիներ առաջ հայտարարվեց մի նախագծի` Համահայկական բանկի մասին, որը պետք է լիներ համահայկական նշանակության կառույց` նպաստելով համահայկական նշանակության ծրագրերի կյանքի կոչմանը: Համահայկական բանկն իսկապես ստեղծվեց, բայց ինչպե՞ս: Ո՞վ կարող է ասել, թե այն որեւէ համահայկական ծրագիր է ֆինանսավորել` սկսած Հյուսիս-հարավ մայրուղուց վերջացրած վերոնշյալ` սիրիահայերին գործարար աջակցություն տրամադրելուն:

2008-ից սկսած, Հայաստանի վարչապետի, Կենտրոնական բանկի նախագահի եւ այլ պաշտոնյաներ պարբերաբար խոսում էին համահայկական բանկի դերի եւ նշանակության մասին: Այն սովորական առեւտրային բանկերից տարբերվելու էր նրանով, որ այդ բանկում լինելու էր պետական մասնակցություն եւ այն ֆինանսավորելու էր, ինչպես արդեն նշվեց, համահայկական նշանակության ծրագրեր: Նախատեսված էր, որ Համահայկական բանկը ուղղակի եւ միջնորդավորված ձեւերով, մասնավորապես, պարտատոմսերի մեջ եւ կապիտալում մասնակցության ձեռք բերման միջոցով ներդրումներ պետք է իրականացներ: Բանկը նաեւ պետք է տրամադրեր սինդիկացված վարկեր, երաշխավորություններ, վենչուրային ներդրումներ կատարեր` վենչուրային ընկերության հիմնադրման կամ նրանում մասնակցություն ձեռք բերելու միջոցով:

Բանկը չպետք է իրականացներ բանկային հաշիվների բացում եւ սպասարկում, 100 մլն դրամից պակաս ավանդներ չպետք է ընդուներ եւ չպետք է զբաղվեր փոքր ծրագրերի ֆինանսավորմամբ: Համահայկական բանկի գործունեության հիմնական սկզբունքները պետք է լինեին առեւտրային, սակայն Հայաստանի Հանրապետությունում գործող առեւտրային բանկերի համար այն մրցակից չպետք է հանդիսանար: Ընդ որում` վերջիններս կարող էին մասնակից լինել համահայկական բանկի գործունեությանը եւ լինել դրա հիմնադիրների շարքում: Բանկն ունենալու էր բաց բաժնետիրական ընկերության կարգավիճակ, որի նախնական կապիտալը պետք է կազմեր շուրջ 100 մլն դոլար կամ 30 մլրդ դրամ: Համահայկական բանկի առնվազն 20 տոկոսի բաժնետերը պետք է լիներ պետությունը, մնացած մասի բաժնետերերը` միջազգային եւ հայաստանյան ֆինանսական կազմակերպությունները եւ մասնավոր ներդրողները: Բանկի խորհուրդը պետք է բաղկացած լիներ 15 անդամից, որոնցից 5-ը պետք է լինեին կառավարության ներկայացուցիչներ:

2011-ին Համահայկական բանկի մասին օրենք ընդունվեց, իսկ նրա գլխավոր գործադիր տնօրեն նշանակվեց Վահրամ Ներսիսյանցը` նախկինում Համաշխարհային բանկի ներկայացուցիչը Հայաստանում, ապա ՀՀ երեք նախագահների խորհրդականը: Դատելով նրանից, թե նախատեսվածի փոխարեն ինչ հիմնադրվեց, տպավորությունն այնպիսին է, որ Համահայկական բանկը ստեղծվեց Վահրամ Ներսիսյանցին բանկի կառավարիչ դարձնելու, այլ ոչ թե համահայկական նշանակության ծրագրերի իրականացման համար:

Նախ` բանկի կանոնադիր կապիտալը ոչ թե 30 մլրդ դրամ է, այլ 7,5 մլրդ դրամ: Միակ բաժնետերը, որը ներդրել է այդ գումարը` ՀՀ Կենտրոնական բանկն է: Միջազգային եւ հայաստանյան ֆինանսական կազմակերպությունները եւ մասնավոր ներդրողները, որոնք իրենց ներդրումները պետք է կատարեին կանոնադիր կապիտալը 30 մլրդ դրամ դարձնելու համար, պարզապես չկան, հետեւաբար եւ կանոնադիր կապիտալը 30 մլրդ դրամ չի դարձել: Հետեւաբար, նախատեսվածին հակառակ, չկան նաեւ Համահայկական բանկի այլ բաժնետերեր:

Համահայկական ոչ մի պետական ծրագիր Համահայկական բանկն առ այօսր չի ֆինանսավորել: Բանկի ֆինանսավորած ծրագրերն առանձնապես չեն առանձնանում այլ բանկերի կողմից ֆինանսավորվող ծրագրերից, այդ թվում նաեւ ոլորտների առումով` արտադրություն, առեւտուր, գյուղատնտեսություն, ծառայություններ, շինարարություն, առողջապահություն եւ այլն: Այս ամենից հետո ասել, թե բանկը մրցակից չի այլ բանկերի համար, ուղղակի զավեշտալի է:

Համահայկական բանկի սկզբնական գաղափարներից գործում են միայն հետեւյալները` բանկը չի ընդունում ավանդներ, չի սպասարկում բանկային հաշիվներ կամ քարտեր, չի տրամադրում կարճաժամեկտ եւ հիպոթեկային վարկեր:

Սակայն այսպես թե այնպես, հայկական մյուս բանկերը հազվադեպ են երկարաժամկետ վարկեր տրամադրում: Հետեւաբար այս առումով այլ բանկերի հետ մրցակցելու տեղ էլ չկա: Ինչ վերաբերում է հիպոթեկային վարկերին, ապա եթե Համահայկական բանկն իսկապես լիներ այնպիսին, ինչպիսին նախատեսվել էր, ապա հենց այսպիսի վարկեր տրամադրելով կարող էր լուրջ մասնակցություն ունենալ Հայաստանում մնալու ցանկություն ունեցող սիրիահայերի բնակարանային խնդրի լուծմանը:

Սինդիկացված վարկեր, երաշխավորություններ, պարտատոմսերի մեջ ներդրումներ, վենչուրային ներդրումներ` վենչուրային ընկերության հիմնադրման կամ նրանում մասնակցություն ձեռք բերելու միջոցով: Այս ամենը նույնպես` մնացած «համահայկականի» հետ մնացին օդում:

Համակահայկական բանկի խորհուրդը բաղկացած է ոչ թե 15 անդամից, այլ 5` մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ: Նրանց թվում կառավարության ներկայացուցիչներ չկան, ինչը եւս փաստում է, որ բանկն այլեւս նպատակ չունի համահայկական ծրագրեր իրագործելու: Այսինքն, կառավարության անդամների առկայության անհրաժեշտությունը բանկի խորհրդում այլեւս չկա:

Մի խոսքով, անհասկանալի մնաց, թե ինչո՞ւ եւ ի՞նչ կամ ո՞ւմ պատճառով «Համահայկական» անվանմամբ եւ համահայկական ծրագրերի ֆինանսավորման նպատակով ստեղծվելիք բանկը վերածվեց սովորական առեւտրային բանկի: Եթե խնդիրը միայն հնչեղ` «Համահայկական» անվանումով բանկն ունենալն ու նրա կառավարիչ Վահրամ Ներսիսյանցին նշանակելն էր, ապա կարող ենք փաստել, որ դա միակ նպատակն էր, որ իսկապես «հաջողությամբ» իրականացվեց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 16-05-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ