RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#010, 2014-05-02 > #011, 2014-05-09 > #012, 2014-05-16 > #013, 2014-05-23 > #014, 2014-05-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 16-05-2014



Տեղադրվել է` 2014-05-16 00:34:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 2002, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 27

ԱՅԴ ԱՆՈՒՆԸ ՋՆՋԵԼ ՉԻ ԼԻՆԻ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ժամանակին, սովետական դասագրքերում, ավելի կոնկրետ` երրորդ դասարանցիների համար նախատեսված` դեղին գույնի կազմով «Մայրենի»-ում մի պատմություն կար` «Այդ անունը ջնջել չի լինի» վերնագրով: Հերոսը (եթե ճիշտ եմ հիշում` հայ հեղափոխական Կամոն), բանտախցի պատին փորագրում է` «Լենին» անունը: Բանտի հսկիչը, տեսնելով գրությունը, կարգադրում է անմիջապես ջնջել, հերոսը փորձում է դա անել, բայց հասկանալի է, որ փորագրությունները չեն ջնջվում: Այստեղից էլ պատմության հեղինակի եզրակացությունը` «Այդ անունը (տվյալ պարագայում` Լենինի) ջնջել չի լինի»:

Ինչպես հետագայում ցույց տվեց խորհրդային երկրի պատմությունը, «այդ անունը» հնարավոր եղավ ջնջել եւ ոչ միայն բանտախցերի պատերից, այլեւ անգամ նախկին խորհրդային քաղաքների հրապարակներից, դրանց անվանումներից: Օրինակ, Երեւանի` այսօր Հանրապետության հրապարակը դադարեց կոչվել Լենինի հրապարակ, պրոլետարների առաջնորդի արձանները հանվեցին ոչ միայն Երեւանի հրապարակից...

Անցան տարիներ: Հիմա մենք ուրիշ երկրում ենք ապրում: Այստեղ հրապարակներն այլեւս` Հանրապետության են, Ազատության, Շառլ Ազնավուրի, Ֆրանսիայի, այստեղ անգամ Կոմայգին է իր բնույթը մի տեսակ փոխել... Հետեւաբար Լենին անունը ջնջել կարելի էր, առհասարակ, պատմական որեւէ ժամանակահատվածում անուն կարելի է ջնջել, պարզապես առաջ այդ անունը` Նժդեհն էր, հիմա` Լենինը:

Եւ ցանկացած փորձ` նորից գրելու հին անունները նվազագույնն արժանանալու է լայն ընդդիմության: Անաստաս Միկոյանն այդ անուններից է, ու, եթե նրա արձանի տեղադրումը այսքան քննադատություն չառաջացներ, եւ այսքան ընդվզում, ուրեմն ինչ-որ բան նորմալ չէր լինի, ու ինչն ամենակարեւորն էՙ մեր անկախությունը նոր հերոսներ եւ փառքի արժանացնելու նոր կերպարներ կերտած, փնտրած ու գտած չէր լինի:

Միսաք Մանուշյանը` բանաստեղծ, Ֆրանսիայի ազգային հերոս, ֆրանսիական Դիմադրության վառ ներկայացուցիչ, եւս մեր անկախության հերոսներից չէ, ինչպես եւ Միկոյանը: Բայց Մանուշյանն ի տարբերություն Միկոյանի մի առավելություն ունի (խոսքը նրանց մարդկային, քաղաքական-հասարակական կերպարների խիստ տարբերության մասին չէ), այս ժամանակի համապատկերում: Նա անկախության, ազատության խորհրդանիշ է, դիմադրության, ընդվզման կերպար, Միկոյանը` հակառակը: Պատմության ընթացքը ջնջել է Միկոյանի անունը, Մանուշյանինը` ոչ: Այս` մեզ հատկացված ժամանակահատվածի հերոսը առավելաբար Մանուշյանն է` ի տարբերություն Միկոյանի:

Մաշտոցը անքննելի հերոս է: Ի տարբերություն` Միկոյանի եւ Մանուշյանի, նա մեր հերոսն է, հենց մերը: Բայց Երեւանի Մաշտոցի պողոտային հարակից պուրակը, որքան էլ մենք ցանկանանք, ամենեւին էլ Մաշտոցի անվան չէ: Պուրակն ի՞նչ է, որ նրա անվան լինի... Եթե ես, օրինակ, մեր շենքի դիմաց թույլ չտամ խանութներ տեղադրել, հաղթանակ տանեմ այս հարցում, ապա մի ցուցանակի վրա գրեմ, թե մեր շենքը` «Պավլիկ Մորոզովի» անվան է եւ այդ ցուցանակը տեղադրեմ մեր շենքի դիմաց, դա ամենեւին չի նշանակի, որ մեր շենքն այսուհետ կանվանվի «Պավլիկ Մորոզովի անվան», թեկուզ, եթե մեր շենքի ողջ բնակիչները մեր շենքին հենց այդ անունով էլ ճանաչեն: Երեւանցիների մեծամասնությունն էլ Մաշտոցի պողոտան ճանաչում է որպես «Պրոսպեկտ», բայց դա չի նշանակում, որ պողոտայի անունը «Պրոսպեկտ» է: Հետեւաբար, Երեւանի Մաշտոցի պողոտային հարակից պուրակը մինչեւ վերջերս որեւէ անուն չուներ, հիմա այն` Միսաք Մանուշյանի անվան է: Դա չի կարող նշանակել, որ «այս իշխանությունները» փաստորեն չեզոքացրեցին քաղաքացիական ակտիվի պայքարն ու հաղթանակը` պուրակում, որովհետեւ Միսաքյանն ինքը պայքարի, դիմադրության, ճիշտ է` ֆրանսիական Դիամադրության, ընդվզման հերոս է: Դա չի նշանակում նաեւ, որ հայաստանյան քաղաքացիական ակտիվը այլեւս չի կարող պուրակն անվանել` Մաշտոցի պուրակ, որովհետեւ հաճախ մարդկանց պաշտոնական անունները այլ են լինում, իսկ նրանց բոլորովին այլ անուններով են ճանաչում:

Իշխանությունները, անգամ «այս», ոչ մի կերպ չեն կարող քաղաքացիներին արգելել շարունակել պուրակը կոչել` Մաշտոցի, ուրեմն ինչո՞ւ պետք է քաղաքացիներն արգելեն «այս իշխանություններին» պուրակը կոչել Միսաք Մանուշյանի անվան: Մանավանդ, որ Մեսրոպ Մաշտոցի անունը մեզ համար եզակի անջնջելի անուններից է, անգամ «այս իշխանությունների» համար, ահա այս անունն իրապես ջնջել չի կարելի:

Հ. Գ. - Երեւանի ավագանու անդամ, «Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչ Անահիտ Բախշյանի տեղեկացմամբ, քաղաքացիական նախաձեռնությամբ մայրաքաղաքի ավագանին շուտով կքննարկի` Լենինգրադյան-Իսակով նորակառուց պողոտան Մոնթե Մելքոնյանի անունով անվանակոչելու հարցը:

«Դեմ»-եր, գոնե առայժմ, չկան, իսկ սա նշանակում է, որ մենք անջնջելի անուններ ունեինք, ունենք եւ կունենանք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 16-05-2014

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ