RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#010, 2014-05-02 > #011, 2014-05-09 > #012, 2014-05-16 > #013, 2014-05-23 > #014, 2014-05-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 16-05-2014



ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2014-05-16 00:34:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1976, Տպվել է` 35, Ուղարկվել է էլ.փոստով` 31

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԴԵԼՖԻՆՆԵՐ ՍԵՎ ԾՈՎՈՒՄ

Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

Սան Դիեգո եւ Սեւաստոպոլ

Մոսկովյան «Իզվեստիա» թերթում օրերս հրապարակվեց Արսենիյ Պողոսյանի «ԱՄՆ-ը մարտական դելֆիններ է ուղարկում Սեւ ծով» հոդվածը: Հեղինակը մասնավորապես գրում է. «Սեւ ծովում ՆԱՏՕ-ի ամառային զորավարժություններին կմասնակցեն ամերիկյան ռազմական դելֆիններ: Այդ ծրագրերի մասին «Իզվեստիային պատմեց ԱՄՆ ծովուժի ներկայացուցիչ Թոմ Լապուցցան, որը ծովային կաթնասունների ծրագրի պատասխանատուն է: Նրա խոսքերովՙ ՆԱՏՕ-ի ամառային զորավարժանքներն առաջինն են, որոնց կմասնակցեն մարտական դելֆիններ: Առաջին անգամ բաց ծովում կարող են հանդիպել ամերիկյան եւ ռուսական մարտական դելֆիններ. հայտնի է, որ նման կենդանիներ վարժեցնում են միայն Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում»:

Այնուհետեւ նշվում է, որ 20 դելֆինների եւ 10 ծովառյուծների մասնակցությամբ անցկացվելիք զորավարժությունները տեւելու են 1-2 շաբաթ: Ամերիկյան ռազմական դելֆինները կփորձարկեն նոր հակառադար, որը նախատեսված է «թշնամու տեղորոշիչների ապակողմնորոշման համար, մինչ ծովառյուծներն ու դելֆինները փնտրում են ականներ եւ զինվորական ջրասուզակների»... Ամերիկյան դելֆինների սեւծովյան «այցելության» պատճառների եւ առիթի վերաբերյալ «Իզվեստիայի» թղթակցի հարցին ի պատասխանՙ ամերիկացի պաշտոնյան ասել է, թե զորախաղերն անցկացվելու են ծովային կաթնասունների վարժանքի ծրագրի շրջանակներում, որը ներառում է ռազմանավերի ու նավահանգիստների պաշտպանությունը, ինչպես նաեւ ականների հայտնաբերումը: Բացի դրանից, նախատեսվում է փորձարկել դելֆինների համար մշակված նոր զրահը, որը Հավայական համալսարանի բազայի վրա մշակվել է պրոֆիլային հետազոտական կենտրոնում:

«Իզվեստիան» գրում է, որ «կենդանիներին Ուկրաինա կհասցնեն ջրցող հատուկ լոգարաններով հանդերձավորված ինքնաթիռներով»: Նույն եղանակով դելֆիններին 2009 թ. հասցրել էին խաղաղօվկիանոսյան Նոր Կալեդոնիա կղզի, որտեղ զորավարժանքներ էին անցկացվում Երկրորդ աշխարհամարտի ժամանակներից մնացած ականների հայտնաբերման նպատակով:

Ամերիկյան ծովուժի ներկայացուցիչը քաջատեղյակ է, որ Ղրիմում նույնպես գոյություն ունի մարտական դելֆինների պատրաստման կենտրոն: «Ռուսական կենտրոնի մասին մենք պաշտոնական տվյալներ չունենք, եւ ես չեմ կարող ասել, թե մենք ինչպես ենք գնահատում ձեր դելֆինների հնարավորությունները: Որքան ինձ հայտնի է, Խորհրդային Միության ժամանակներում դուք բավական մեծ հաջողություններ եք ունեցել», հայտարարել է նա:

Հոդվածագիրը խոսում է նաեւ «բաց ծովում» ամերիկյան եւ ռուսական մարտական դելֆինների հանդիպման հնարավորության մասին, թեեւ մարտական դելֆիններին սովորաբար չեն նախապատրաստում երկարատեւ «ուղերթների» եւ ուրիշ դելֆինների դեմ ճակատամարտերի:

Սակայն հոդվածում բերվում են ոչ միայն ԱՄՆ ծովուժի ներկայացուցչի հայտարարությունները, այլեւ ԽՍՀՄ ծովուժի գիտահետազոտական կենտրոնի նախկին աշխատակից Վլադիմիր Գրիդինի, Կարադաղի բնական արգելոցի ծովային կաթնասունների լաբորատորիայի պետ Միխայիլ Գոլյակովի եւ այլոց մեկնաբանությունները: Թերթը հրապարակել է նաեւ չհաստատված լուր այն մասին, թե 2000 թվականին ղրիմյան որոշ մարտական դելֆինների մարզիչ Բորիս Ժուրիդի հետ Պարսից ծոցի պաշտպանության նպատակով իբր տեղափոխվել են Իրան եւ դարձել «իրանական վարձկաններ»:

1990-ական թթ. ինչպես Գրիդինը, այնպես էլ Պոլյակովը եւ Ժուրիդը զբաղվել են առեւտրային գործունեությամբ: Գրիդինի առեւտրային դելֆինարիումը փակվել է մի քանի տարի առաջ: Ինչ վերաբերում է գիտությունների դոկտոր Բորիս Ժուրիդին, նա իրոք աշխատել է իրանական Քիշ կղզում, բայց այնտեղ զբաղվել է առեւտրային նախագծով, այլ ոչ թե մարտական դելֆինների մարզումներով, ճշտում է newsru.co.il կայքէջը:

Նույն աղբյուրը անհասկանալի է համարում Սեւ ծովում մարտական դելֆինների մասնակցությամբ ԱՄՆ-ի զորավարժությունների անցկացումը: Սակայն մասնագետներից մեկը հատատում է, որ, չնայած պայմանների տարբերությանը, ամերիկյան դելֆինները կարող են արագորեն հարմարվել Սեւ ծովի ջրերին եւ արդյունավետորեն մասնակցել զորավարժանքներին:

Այս տարվա մարտի վերջերին ղրիմյան մարտական դելֆինների թեմային անդրադարձել էր ռուսական ՌԻԱ լրատվական գործակալությունը: Սեւաստոպոլի օվկիանարիումի մի անանուն աշխատակցի վկայակոչելովՙ ՌԻԱ-ն հաղորդել էր, որ «ղրիմյան մարտական դելֆիններն այսուհետեւ կծառայեն Ռուսաստանի ծովուժին»: Ընդսմին հայտարարել էր, որ նախատեսվում է դելֆինների մարզումներ սկսել «նոր ծրագրերովՙ ի շահ ռուսական նավատորմի»:

Գործակալության աղբյուրը նշել էր, որ «օվկիանարիումի ճարտարագետները նոր ծրագրերի համար նոր սարքեր են մշակում ջրի տակ դելֆինների առավել արդյունավետ օգտագործման նպատակով»: Դելֆիններին եւ ծովակատուներին կօգտագործեն խորտակված առարկաների եւ ռազմական տեխնիկայի որոնումների, ինչպես նաեւ մարտական լողորդների հայտնաբերման նպատակներով:

ՌԻԱ-ի հաղորդման մեջ նշվել էր, որ «անցյալում մարտական դելֆիններըՙ աֆալինները եւ ծովակատուները մարզվում էին ըստ խորհրդային ծրագրերիՙ ի շահ Ուկրաինայի ծովուժի»: Նաեւ ընդգծվել էր, որ ուկրաինացի զինվորականները այդ մարզումները վերսկսել էին ԽՍՀՄ-ի փլուզումից երկու տասնամյակ հետո միայնՙ 2012 թվականին: 2014-ի մարտին Ղրիմի ՌԴ կազմ վերադառնալուց հետո օվկիանարիումը եւ դելֆինները, բնականաբար, դարձան ռուսական:

Սեւաստոպոլի օվկաինարիումի ներկա վիճակին լավատեղյակ մասնագետներից մեկը newsru.co.il կայքէջի թղթակցին պատմել է, որ վերջին տարիներին օվկիանարիումի ֆինանսավորումը էապես կրճատվել էր եւ որ 2014 թ. մարտի 1-ին այն պետք է փակվեր: Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը գոյատեւման հնարավորություն ստեղծեց: «Ինչ վերաբերում է մարզումներին, դրանց հնարավորությունը տեխնիկապես առկա է: Ըստ որում, որոշակի խնդիրների լուծմանը կարել է մասնակից դարձնել նաեւ այլ ծովային կենդանիների, օրինակՙ ծովակատուների կամ երկարականջ փոկերի: Խորհրդային տարիներին եւս անցկացվել են նման գիտափորձեր: Սակայն Սեւաստոպոլի օվկիանարիումը ներկայումս նման կենդանիներ չունի. կան միայն դելֆիններ (աֆալիններ): Մարտական դելֆիններն առավել հաճախ գլուխ են հանում հետեւյալ առաջադրանքներից. առարկաների որոնում եւ դիվերսանտ լողորդի չեզոքացում: Դելֆինները կարող են մարտական հերթապահության կանգնել եւ զորամաս պաշտպանել. օրինակ, կարող են «փակել» ծովախորշի ելքը», մանրամասնել է վերոհիշյալ մասնագետը:

Ներկայումս աշխարհում հայտնի է մարտական դելֆինների պարտաստման երկու կենտրոնՙ Սան Դիեգո ռազմակայանը (ԱՄՆ՛ եւ Սեւաստոպոլը, թեեւ բացառված չէ նման կենտրոնների գոյությունը նաեւ ուրիշ երկրներում:

Իսրայելական լրատվամիջոցները դեռ 2007 թվականին գրել էին, որ ԱՄՆ ծովուժը հակաահաբեկչական պայքարին մասնակից է դարձրել հատկապես վարժեցված դելֆիններիՙ աֆալինների: Այն ժամանակ ԱՄն ծովուժի կաթնասունների հետազոտական բաժնի ղեկավար Մայք Ռոտն ասել էր, որ Սան Դիեգո ծովածոցի «Փոյնթ Լոմա» ռազմակայանում հատուկ պատրաստություն են անցնում մոտ 75 դելֆին եւ 25 ծովառյուծ, որոնց սովորեցնում են բացահայտել ահաբեկիչներին եւ օժանդակել ականազերծմանը: Նաեւ հաղորդվել էր, որ դելֆիններն ու ծովառյուծները փորձնական պարեկություն են արել Վաշինգտոնի նահանգի «Կիցապ-Բանգոր» ռազմակայանի ջրատարածքում:

Ամերիկյան ծովուժը Պարսից ծոցում դեռ 2003 թվականին մարտական դելֆիններին օգտագործել է իրական պատերազմի պայմաններում: Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնի վարչակարգի դեմ ԱՄՆ-ի ձեռնարկած ռազմական գործողության ժամանակ դելֆիններն ականներ էին որոնում: Հավանական է, որ ամերիկացի զինվորականներն այդ խելացի կենդանիների ծառայություններից օգտված լինեն նաեւ այլ գործողությունների ժամանակ: ՌԻԱ գործակալության վերոհիշյալ աղբյուրի խոսքերովՙ Սեւաստոպոլում դելֆինների մարտական ուսուցմամբ «սկսեցին զբաղվելՙ ի պատասխան Սան Դիեգոյի օվկիանարիումի ստեղծման»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 16-05-2014

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ