RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#010, 2014-05-02 > #011, 2014-05-09 > #012, 2014-05-16 > #013, 2014-05-23 > #014, 2014-05-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 16-05-2014



ՄԱՐԶԱԿԱՆ

Տեղադրվել է` 2014-05-16 00:34:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 2189, Տպվել է` 36, Ուղարկվել է էլ.փոստով` 29

ՍՈՒՐԵՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ. «ՆԱԽԿԻՆՈՒՄ ԴԺՎԱՐՈՒԹՅԱՄԲ ԷԻՆ ԸՆԿԵՐԱԿԱՆ ԽԱՂԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ ՈՒԺԵՂ ԹԻՄԵՐԻ ՀԵՏ»

Ինչպես հայտնի է, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 31-ին եւ հունիսի 6-ին ընկերական հանդիպումներ է անցկացնելու համապատասխանաբար Ալժիրի եւ Գերմանիայի հավաքականների հետ: Այդ առիթով հավաքական հրավիրված նոր ֆուտբոլիստների, ազգային հավաքականի մարզչի, ինչպես նաեւ հարակից թեմաների շուրջ «Ազգ»-ի թղթակիցը զրուցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանի հետ: Մասնագետի կարծիքով, բարձր խաղամակարդակ ունեցող հավաքականների հետ ընկերական հանդիպումները վկայում են մեր ֆուտբոլի առաջընթացի մասին: Նախկինում նման հանդիպումներ կազմակերպելը շատ դժվար էր:


- Պարոն Բարսեղյան, Բեռնար Շալանդը ազգային հավաքական է հրավիրել արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներին: Հայտացուցակում նոր անուններ կան: Ովքե՞ր են նրանք եւ ի՞նչ սպասելիքներ կան:

- Այդ ֆուտբոլիստների հնարավորությունների ու խաղամակարդակների մասին ես այդքան տեղեկություն չունեմ: Գուցե մարզիչը տեղակ է այդ մասին, կամ էլ հրավիրել է, որ տեսնի նրանց հնարավորությունները` հետագայում հիմնական կազմում օգտագործելու համար:

- Ինչպիսի՞ մարզիչ է Բեռնար Շալանդը Հայաստանի հավաքականի համար:

- Այն մարդը, որի հետ չես շփվել, չգիտես ինչպիսին է նրա աշխատանքային գործունեությունը... դժվարանում եմ նմանատիպ հարցերի պատասխանել: Թե ինչպիսի ֆուտբոլային փիլիսոփայություն ունի Բեռնար Շալանդը, ցույց կտա ժամանակը, հավաքականի խաղամակարդակն ու արդյունքները: Եթե ֆեդերացիան հրավիրել է Շալանդին, ապա ղեկավարությունը տեսել է մարզչի դրական կողմերը: Բայց, բոլոր պարագաներում, այդ մասին կվկայեն հավաքականի խաղամակարդակն ու արդյունքները:

- Ի՞նչ կտան Ալժիրի եւ Գերմանիայի ազգային ընտրանիների հետ խաղերը:

- Ուրախ եմ, որ այսօր Գերմանիայի ընտրանու նման բարձր խաղամակարդակ ունեցող հավաքականը ցանկացել է մեր հավաքականի հետ ընկերական խաղ անցկացնել: Եթե մենք հետադարձ հայացք գցենք, կտեսնենք, թե ինչ դժվարությամբ էին ընկերական խաղեր կազմակերպվում ավելի ուժեղ թիմերի հետ նախկինում: Իսկ այսօր մենք ունենք այդ հնարավորությունը, ինչը խոսում է մեր ֆուտբոլի առաջընթացի մասին: Ալժիրի հավաքականն էլ համարվում է առաջատար, քանի որ մի քանի անգամ մասնակցել է աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին:

- Ի՞նչ կարծիք ունեք «Եվրո-2016»-ի ընտրական փուլում Հայաստանի մրցակիցների մասին: Ի՞նչ շանսեր ունեն մերոնք այդ մրցաշարում:

- Գրեթե 5 տարի է վիճակահանությունը շատ հավասար է բաշխում թիմերին: Բացառություն չեն կազմում 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի ենթախմբերը: Չի կարելի ասել, որ այսօր գոյություն ունեն գերֆուտբոլային պետություններ եւ գրեթե բոլոր հավաքականները իրենց խաղամակարդակով մոտենում են միմյանց: Ուրեմն բնական է, որ այդ ենթախմբերի կազմերը երկրորդական բնույթ ունեն: Բայց եթե նայենք նախկին արդունքներին, հասկանալի է, որ պորտուգալացիները, դանիացիները, թեկուզեւ սերբերը, այսպես ասած պետք է թելադրեն իրենց կամքը: Իրենք ավելի շանսեր ունեն հաջորդ փուլ դուրս գալու: Բայց այդ առումով ես չեմ ցանկանում մեր հավաքականի շանսերը նվազեցնել, որովհետեւ նախորդ տարվա խաղամակարդակը ցույց տվեց, որ մերոնք հնարավորություն ունեն հաջող հանդես գալու, ինչու չէՙ դուրս գալու հաջորդ փուլ: Համենայնդեպս ես լավատես եմ:

- Ի՞նչ մակարդակի է ասյօր Հայաստանի առաջնությունը:

- Դժվարանում եմ պատասխանել, որովհետեւ երկակի բնույթ է կրում: Ինչո՞ւ է առաջնության խաղամակարդակը ցածր, նույնիսկ չի համապատասխանում մեր հավաքականի մակարդակին: Դա էլ իր բացատրությունն ունի. չէ՞ որ հավաքականի ֆուտբոլիստների 70-80 տոկոսը արտերկում են հանդես գալիս, որոնց տեխնիկատակտիկական հնարավորությունները, ինչպես նաեւ խաղամակարդակն ավելի բարձր են: Վերադառնալով ազգային առաջնությանը ես կարող եմ մի բան ասել` մեր ակումբների ղեկավարներն ինչ-որ տեղ երիտասարդացման փուլն են ընտրել, այդ պատճառով էլ գուցե ժամանակավորապես խաղամակարդակն ընկել է: Այդ հարցի վերաբերյալ այլ կարծիք էլ ունեմ: Այսօր ակնառու առաջատար չկա մեր առաջնությունում: Բոլոր թիմերը գրեթե հավասար են: Նույնիսկ եթե «Ուլիսը» խաղային մակարդակով զիջում է` դա էլ չի կարելի հաստատակամորեն ասել: Գուցե դա կախված է ակումբի գործունեության այլ հանգամանքներից: Նայեք վերջին տուրերի արդյունքները: Առաջատարները կորցնում են միավորներ: Եթե «Արարատը» 7-8 միավոր առաջ էր, իսկ այսօր մի քանի միավորով հետ է մնացել, դա ցույց է տալիս, որ իսկապես թեժ պայքար է ընթանում մեր առաջնությունում: Եթե խաղային մակարդակը համեմատենք միջազգային ստանդարտին համապատասխանող չափանշների հետ` ճիշտ է, մենք զիջում ենք, սակայն առաջվա նման թելադրող թիմ չկա մեր առաջնությունում, ոնց որ վերջին տարիներին «Փյունիկն» էր: Թիմերի խաղամակարդակը հավասարվել է:

- Ձեզ համար անակնկա՞լ էր «Բանանցի»` Հայաստանի չեմպիոն դառնալը:

- Չէինք սպասում «Բանացի» չեմպիոնությանը: Դրան նպաստեցին նաեւ վերջին տուրերում «Արարատի» դժգույն ելույթները: Այնուամենայնիվ, «Բանացն» էլ ավելի թարմացած եւ երիտասարդ կազմով էր խաղում, ինչպես մեր մյուս թիմերը, որոնց կազմում 5-6 խաղացողներ երիտասարդներ են: Ես պատահական չնշեցի, որ մեր թիմերը սերնդափոխություն են ապրում: Երեւի մենք պետք է համակերպվենք, եւ կգա ժամանակ, որ թիմերի խաղամակարդակը կբարձրանա:

- Այսինքն երիտասարդներին ներգրավելը լավ չէ՞:

- Իհարկե լավ է: Ես կողմնակից եմ, որ օտարերկրացիներ քիչ հրավիրեն: Կամ էլ հրավիրեն նրանց, ովքեր կարող են եղանակ սեղծել, եւ մեր ֆուտբոլիստները կկարողանան որոշ բաներ ընդօրինակել նրանցից: Կուրորեն օտարերկրացիներ բերելուն դեմ եմ: Մեկ-մեկ նրանց անվանում եմ «կիսաֆաբրիկատներ»: Իսկ երիտասարդացնելն այնքանով է լավ, որ ժամանակի ընթացքում նրանք ձեռք կբերեն ֆուտբոլային փորձ, որը կօգնի ազգային ֆուտբոլի մակարդակը բարձրացնելուն, ինչպես նաեւ հավաքականում ընդգրկվելու համար:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք Աբրահամ Խաշմանյանի հեռացումը «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնից:

- Դա ոչ ֆուտբոլային քայլ էր: Գուցե ես ֆուտբոլային մասնագետ եմ, այդ պատճառով եմ այսպես կարծում: Նմանատիպ իրավիճակ եղել է նաեւ Մադրիդի «Ռեալում», երբ այդ ակումբը գլխավորում էր հայնտի մարզիչ Ֆաբիո Կապելոն: Ինչպես գիտենք` «Ռեալը» համարվում է «Արքայական ակումբ», որին համակրում է Իսպանիայի թագավորը: Նույնիսկ նա մի առիթով ասել է, թե երբ եք հեռացնելու խորամանկ Կապելոյին: Այնուամենայնիվ, ակումբի ղեկավարությունը սպասեց առաջնության ավարտին: Այդ մրցաշրջանում «Ռեալն» անգամ չեմպիոն դարձավ: Հետո նոր հրաժեշտ տվեցին Կապելոյին: Իսկ «Արարատի» ղեկավարության արարքը ես չեմ կարողանում բացատրել: Ի՞նչ նկատառումներ են ունեցել: Ես լսել եմ Աբրահամ Խաշմանյանի ելույթը, սակայն ակումբի ղեկավարներինը` ոչ: Ամեն դեպքում, ես գտնում եմ, որ նրանք շտապել են:

- Ո՞ր երկրի հավաքականին եք երկրպագելու աշխարհի առաջնությանը:

- Որպես պրոֆեսիոնալ մարզիչ ես ոչ մի թիմի չեմ երկրպագում, բացի մեր ազգային հավաքականից եւ իմ թիմից, եթե ունենում եմ: Չնայած այօր ակտիվ գործունեություն չեմ ծավալում, բայց ես մինչեւ հիմա ինձ համարում եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլային մարզիչ, եւ կարծում եմ` ինձ դեռ չեմ սպառել:

- Մոտ ժամանակներս հնարավո՞ր է որեւէ ակումբ գլխավորեք:

- Հնարավոր է, եւ ես ուրախ կլինեմ այդ առումով, քանի որ, նորից եմ կրկնում, ես ինձ որպես մարզիչ չեմ սպառել: Ինչ թիմ էլ առաջարկեն, ես միանգամից կհամաձայնվեմ, նույնիսկ վազելով (ծիծաղում է), որովհետեւ առանց ֆուտբոլի ինձ համար շատ դժվար է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 16-05-2014

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ