RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#011, 2014-05-09 > #012, 2014-05-16 > #013, 2014-05-23 > #014, 2014-05-30 > #015, 2014-06-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 23-05-2014



ՄԱՐԶԱԿԱՆ

Տեղադրվել է` 2014-05-23 00:54:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1908, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 25

ԲԵՌՆԱՐ ՇԱԼԱՆԴ. ԱՏՈՒՄ ԵՄ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ` ՏՂԱՆԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ

ԱՆԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ

«Ինձ համար շատ կարեւոր է խաղալ այս հավաքականի հետ: Ես նոր մարզիչ եմ եւ ունեմ շատ խաղերի եւ ժամանակի կարիք»,- ասաց Բեռնար Շալանդը:

Ֆուտբոլի հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն անցկացրեց գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի գլխավորությամբ:

Շվեյցարացի մասնագետը մարզչական նոր մեթոդներ կիրառեց աշխատանքում: Տղաները նախավարժանք կատարեցին, բռնոցի էլ խաղացին, հետո երկկողմանի հանդիպում անցկացրին. «Ես չեմ բացահայտել ֆուտբոլը, բայց ունեմ իմ գաղափարներն ու մտքերը, որոնք կիրառում եմ: Այս վարժությունների միջոցով ես ցանկանում եմ շեշտը դնել պրեսինգի վրա: Այն զարգացնել բոլոր գոտիներում` պաշտպանութան, կիսապաշտպանության, հարձակման, որպեսզի ավելի շատ տիրենք գնդակին»:

Տասը օրում երեք ընկերական խաղ: Հայ ֆուտբոլիսնտները պատրաստվում են ԱՄԷ-ի, Ալժիրի եւ Գերմանիայի ընտրանիների հետ հանդիպումներին: Իրաքի հետ հանդիպումը չկայացավ, քանի որ նրանք չէին կարող գալ Հայաստան: Փոխարենը այլ լուծում գտան ի դեմս ԱՄԷ- հավաքականի.

«Մենք ունենք երեք տարբեր մրցակիցներ: ԱՄԷ-ն չէի ասի հիանալի, բայց բավականին լավ թիմ է: Ալժիրը մասնակցում է Մունդիալ-2014-ին, ինչը վկայում է, որ նրանք եւս լավ թիմ ունեն: Ինչ վերաբերում է Գերմանիային, հավանաբար մենք գործ կունենանք աշխարհի առաջնության նոր չեմպիոնի հետ: Բայց Գերմանիայի ընտրանու նման ուժեղ թիմերի դեմ խաղերում չպետք է վախենանք: Այո՛, ես երբեք ֆուտբոլիստներին չեմ ասում, որ նման դեպքերում պետք է վախենալ: Մենք ունենք այնպիսի թիմ, որը գնդակ ունենալու դեպքում կարող է լուրջ հաջողությունների հասնել հարձակման գծում: Այնպես որ, պետք է պայքարենք եւ հասնենք ավելիին: Ես ատում եմ յուրաքանչյուր պարտություն, հույս ունեմ` տղաները նույնպես»:

Բեռնար Շալանդի թիմում նոր անուններ կան: Մասնագետը ցանկանում է փորձարկել բոլոր խաղացողներին: Մարզումից լավ տպավորություններ ունի: Ընդհանուր առմամբ գոհ է տղաներից. «Ես ընտրել եմ այս խաղացողներին, հետեւաբար վստահում եմ նրանց: Սա լավ հնարավորություն է փորձարկելու ֆուտբոլիստներին, տեսնելու նրանց գործի մեջ եւ հասկանալու` ովքեր են պատրաստ առաջին խաղին: Ձախ եզրի համար մենք շատ խաղացողներ չունենք, իսկ Գագիկ Դաղբաշյանն իրեն հիանալի է դրսեւորում Հայաստանի առաջնությունում: Արթուր Եդիգարյանը մեզ կարող է միանալ միայն Գերմանիայում: Պետք է դիտարկել նոր ֆուտբոլիստների: Դրա համար էլ հրավիրեցի Ռումյան Հովսեփյանին եւ Արթուր Յուզբաշյանին»:

Ինչ վերաբերում է մարտավարությանը, մարզիչը չի կարող ասելՙ խաղալու են մեկ, թե՞ երկու հարձակվողով: Կարեւորը տղաները լավ համագործակցեն միմյանց հետ. «Մենք չունենք մաքուր ընդգծված հարձակվողներ, բայց ունենք հարձակողական խումբ: Պետք է ամբողջ թիմով հարձակվենք եւ ամբողջ թիմով էլ պաշտպանվենք»:

Շալանդը հետեւում է ինչպես Հայաստանի առաջնությունում, այնպես էլ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հայ ֆուտբոլիստների խաղերին: Ասում է, որ դա իր աշխատանքն է: Պետք է ուսումնասիրի բոլորի խաղը: Ընտրական փուլը երկար է, կարող են լինել վնասվածքներ եւ որակազրկումներ, ուստի հավաքականը հնարավորինս շատ թեկնածուներ պետք է ունենա:

Մունդիալ-2014-ի ֆավորիտներն ինչպես միշտ Իտալիան, Իսպանիան եւ Բրազիլիան են, սակայն Բեռնար Շալանդն ունի իր ֆավորիտը. «Աշխարհի առաջնությանը պետք է նայենք մասնագիտական տեսանկյունից, վերլուծենք մրցակիցների խաղը: Մրցաշարում ես ունեմ իմ ֆավորիտը: Դա Չիլիի հավաքականն է: Տեսել եմ նրանց գործի մեջ, մեծ պոտենցիալ ունեն: Իհարկե, նաեւ Շվեյցարիայի հավաքականը»:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 27-ին, մայիսի 31-ին եւ հունիսի 6-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի համապատասխանաբար ԱՄԷ-ի, Ալժիրի եւ Գերմանիայի ընտրանիների հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 23-05-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ