RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-12-03 16:49:29Թուրքիայի ԱԳՆ. Համաձայնագիրը կարող է դրականորեն ազդել Հայաստանի հետ հարաբերությունների վրա
2020-12-03 14:20:12«Ազգային օրակարգը» պահանջում է քրեական գործ հարուցել Փաշինյանի նկատմամբ
2020-12-02 00:14:47Բաքուն հաստատեց իր մտադրությունը՝ փոխանակել գերիներին «բոլորին բոլորով» սկզբունքով
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
#012, 2014-05-16 > #013, 2014-05-23 > #014, 2014-05-30 > #015, 2014-06-06 > #016, 2014-06-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 30-05-2014



Տեղադրվել է` 2014-05-30 00:51:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 2318, Տպվել է` 33, Ուղարկվել է էլ.փոստով` 21

ՆՈՐՄԱԼ ԲԱՆ ԲԵՐԵՔ ԽՄԵԼՈՒ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Աստանայում ստորագրվեց Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը

Աստանա մեկնած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Եվրասիական տնտեսական միության, այսպես կոչված` հիմնադիր խորհրդի նիստին, որտեղ պայմանագիր է ստորագրվել այդ միության ստեղծման վերաբերյալ, չի մասնակցել: Հետեւաբար Հայաստանը այդ միության հիմնադիրներից մեկը չէ, ու երբ հայտնվի այդ միությունում, ապա պարտավորվելու է առաջնորդվել նախագահներ` Պուտինի, Նազարբաեւի ու Լուկաշենկոյի` երկար բանակցված ու փոխզիջումային պայմանագրի սկզբունքներով:

Հիշյալ եռյակի նիստից հետո նրանց են միացել նաեւ Աստանայում գտնվող Հայաստանի ու Ղրղզստանի նախագահները, եւ տեղի է ունեցել նորաստեղծ Եվրասական տնտեսական միության ու նրա հավանական նոր անդամների (Հայաստանի եւ Ղրղզստանի) համատեղ նիստ, որի ընթացքում էլ Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Խնդրում եմ Հայաստանին մինչեւ այս տարվա հունիսի 15-ը ժամանակ հատկացնել` Եվրասիական տնտեսական միությանը մեր երկրի անդամակցության նպատակով»: Հայաստանի նախագահի այս խնդրանքինՙ նախագահ Նազարբաեւը պատասխանել է. «Եթե բոլոր առեւտրային հարցերը լուծվեն, ապա հունիսին կստորագրվի Հայաստանի հետ պայմանագիրը»: Նախագահ Պուտինն իր հերթին ասել է, թե ինքը «Ընդունում է առաջարկությունը», հավանաբար` ե՛ւ Սերժ Սարգսյանի` ժամանակ խնդրելու ե՛ւ Նազարբաեւի` «բոլոր առեւտրային հարցերը լուծելու»: Ապա նախագահ Լուկաշենկոն հայտարարել է. «Երբ Հայաստանը իրագործի Միությանը միանալու բոլոր պայմանները, նոր միայն կարելի է ստորագրել Հայաստանի հետ պայմանագիրը»:

«Բոլոր պայմաններ» ասվածը չի մանրամասնվում, միայն ենթադրելի է, որ եթե Լուկաշենկոն իր այս հայտարարությունն արել է Նազարբաեւի ասածից հետո, կնշանակի այդ «բոլոր պայմանները» միայն առեւտրային հարցեր չեն:

Ուրեմն արձանագրենք. Հայաստանին չհաջողվեց դառնալ Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամ, որովհետեւ մեր երկիրն այդ միությանը միանալու նպատակով դեռ հարցեր ունի, եւ ոչ միայն առեւտրական:

Դրանցից մեկը, գուցե միակը, բայց ամենակարեւորը, բարձրաձայնել է Ղազախստանի նախագահը` համատեղ նիստի ընթացքում: Նազարբաեւը, թերեւս տանտիրոջ իրավունքով հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նամակ է հղել Եվրասիական տնտեսական միություն, որպեսզի Հայաստանին այդ միություն ընդունեն` ՄԱԿ-ում Հայաստանի ճանաչված սահմաններով, այսինքն` առանց Արցախի, այսինք` Հայաստան-Արցախ սահմանին մաքսակետերի տեղադրմամբ: Նազարբաեւը ընդգծել է, որ «Պետք չէ գրգռել մեր մյուս ընկերոջը` Ադրբեջանին», եւ, որ, կամ հետեւաբար` «այդ հարցը դեռ կքննարկենք հունիսին»: Նշանակում է սա Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու «բոլոր պայմաններից» մեկն է, չնայած, որ Հայաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասերյանը հինգշաբթի օրը, բյուջետային քննարկումների ժամանակ, պատասխանելով այս կապակցությամբ ԱԺ պատգամավորներից մեկի հարցին, ասել է, թե «Նազարբաեւի հայտարարությունները` Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու հետ կապված, չեն վերաբերում կոնցեպտուալ հարցերին, իսկ Հայաստանի միանալն էլ այդ միությանը ձգձգվում է, որովհետեւ կան զուտ տեխնիկական հարցեր, կարեւոր-առանցքային հացերի շուրջ արդեն փոխհամաձայնությունները ձեռք բերված են»:

Ինչեւէ, հունիսը դեռ առջեւում է, ու կարիք չկա իրադարձությունները փորձել հասկանալ նախքան այդ իրադարձությունների պատահելը:

Եղածներից արձանագրենք, որ ստեղծելով Եվրասիական տնտեսական միությունը, ինչի ստեղծման վերաբերյալ պայմանագրի շուրջ Մոսկվան, Աստանան ու Մինսկը աշխատում են դեռեւս 2011-ի նոյեմբերից, վերջին երկուսին հաջողվել է ստիպել այսօր միջազգայնորեն խոցելի Մոսկվային այդ պայմանագրից հանել դրա քաղաքական բաղադրիչը, ինչը, ըստ Ղազախստանի ԱԳ-ի` նախքան Աստանայի գագաթաժողովը հրապարակած հայտարարության` «խոչընդոտում էր Միության անդամ երկրների ինքնիշխանությանը, ինչը անթույլատրելի է»: Հիմա, փաստորեն, նույն Ղազախստանի նախագահի խոսքերով, հաջողվել է ստեղծել մի պայմանագիր, որը կայացել է փողզիջումների հիման վրա եւ բավարարում է Միության անդամ բոլոր կողմերին: Այն ըստ էության բացառապես տնտեսական միության մասին պայմանագիր է, հետեւաբար, գոնե այս պահին, գոնե դե յուրե, Եվրասիական տնտեսական միությունը զուտ տնտեսական միություն է: Ըստ պայմանագրի, կողմերը պարտավորվել են` «ապահովել ազատ` ապրանքային, աշխատուժի, կապիտալի շրջանառություն, իրականացնել համաձայնեցված քաղաքականություն` տնտեսության առանցքային ճյուղերում` էներգետիկայում, արդյունաբերությունում, գյուղատնտեսությունում, տրանսպորտում»:

Հայաստանն այս միությանը պետք է միանա, եւ մեր երկիրն այս միությանը միանալու հետ կապված տակավին խնդիրներ ունի: Ինքը` Սերժ Սարգսյանն իր ելույթում հայտնել է, թե` «կարծում եմ 2-3 օրվա ընթացքում կարելի է փոխընդունելի որոշումներ ընդունել` կապված Հայաստանի անդամակցության հետ»: Սա նշանակում է, որ Միությանը մեր երկրի անդամակցության հետ կապված որոշումները պետք է ոչ թե ձեռք բերվեն Հայաստանի ներսում, ասենք, օրենսդրական փոփոխությունների արդյունքում, այլ Միությանն արդեն իսկ անդամակցած երկրների հետ փոխընդունելի որոշումների արդյունքում: Այսինքն, Հայաստանի անդամակցությունը` Միությանը, միայն Հայաստանի ցանկությունից չէ կախված, եւ Հայաստանը կանդամակցի Միությանը միայն փոխընդունելի որոշումներ կայացնելուց հետո: Հազիվ թե ոչ կոնցեպտուալ, ոչ առանցքային, միայն տեխնիկական հարցերի պարագայում հենց փոխընդունելի որոշումների անհրաժեշտություն լիներ, հետեւաբար Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ճանապարհին մենք դեռ ունենք չլուծված հենց առանցքային հարցեր:

Նախագահ Պուտինի խոսքերով` «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը անհրաժեշտ է ստորագրել ամենամոտ ապագայում»: Աստանայում հատուկ հյուրի կարգավիճակով մեկ այլ երկրի` Ղրղզստանի` Միությանն անդամակցելու վերաբերյալ Պուտինը հայտարարել է. «Ղրղզստանը հնարավորություններ ունի միանալու մեր Միությանը»:

Նիստից հետո, ԶԼՄ-ների հետ զրույցում, Ռուսաստանի նախագահը, ներկայացնելով գործընկերների հետ ունեցած հանդիպմանը քննարկված հարցերը, հայտնել է. «Պայմանավորվեցինք Վիետնամի հետ ակտիվացնել բանակցություններն ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ, ամրապնդել գործակցությունը ՉԺՀ-ի հետ, այդ թվումՙ ապրանքների ու ծառայությունների վերաբերյալ մաքսային տեղեկատվության փոխանակման ոլորտում, ինչպես նաեւ ձեւավորել փորձագիտական խմբեր, որոնք կզբաղվեն Իսրայելի եւ Հնդկաստանի հետ առեւտրի արտոնյալ ռեժիմների մշակմամբ»:

Նույն, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, տեսնելով, որ իրենց` նախագահների համար սեղանին դրված են ջրով լցված բաժակներ, ասել է. «Ինչպես հասկացա, ջուր եք բերել, իսկ չէի՞ք կարող բաժակներում նորմալ բան լցնել»:

Լուկաշենկոն, անշուշտ, սա ասել է, առանց որեւէ քաղաքական ենթատեքստի: Մենք էլ հաղորդում ենք` առանց քաղաքական ենթատեքստի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 30-05-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ