RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2014-05-16 > #013, 2014-05-23 > #014, 2014-05-30 > #015, 2014-06-06 > #016, 2014-06-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 30-05-2014



Տեղադրվել է` 2014-05-30 00:51:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 2079, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ՄԵԼԻՔ-ԱԴԱՄՅԱՆՈՎ ՉԱՆՑՆԵԼՈՒ ՎՏԱՆԳՆԵՐԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Քաղաքական դաշտն անցնում է ցանցային-հորիզոնական կառավարման մոդելի, երբ դերակատարները դառնում են ընդգրկուն հաստատությունները, ժամանակի թելադրանքը նվազեցնում է անհատի, նույնիսկ` ամենավառ անհատի դերը եւ մեծացնում խմբերի ու ներգրավման նշանակությունը: Սա ասում էր Սերժ Սարգսյանը, ՀՀԿ 15-րդ համագումարում հնչած իր ելույթում` նշելով, որ Հակաստանի յուրաքանչյուր քաղաքացու ինքնադրսեւորման աստիճանը բարձրացնելու ամենաարդյունավետ ճանապարհն է որեւէ մեծ խումբ-կուսակցությունում ընդգրկվելը, եւ դա շարունակվելու է խրախուսվել: Ավելի պարզ ասած` ով մի բանի է ուզում հասնել, պետք է անցնի Մելիք- Ադամյանով, այսինքն` իշխող եւ ամենամեծ խումբ-կուսակցություն ՀՀԿ-ի անդամ դառնա:

Մի կողմ թողնենք դասագրքային ճշմարտությունները, թե, իրոք, անհատի դերը սկզբունքի առումով նորմալ պետությունում պետք է նվազի, քանի որ մեր երկրում ճիշտ հակառակն է, անգամ հսկայածավալ կուսակցությունները մեկ անձի շուրջ կառուցված կազմակերպություններ են ու հազիվ թե այս առումով առաջիկա տասնամյակում բան փոխվի:

Գանք Մելիք-Ադամյանով անցնելուն: Երբ նման կարգի մտքեր արտահայտում է Էդուարդ Շարմազանովը, նրան կարելի է հասկանալ` երիտասարդ կուսակցականը ողջ էությամբ պատրաստ է կրծքով պաշտպանել հարազատ կուսակցությունը, ու անգամ ամենապրոֆեսիոնալ մակարդակում երբեք չի մոռանում դա անել: Սակայն ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, բարեբախտաբար, միայն ՀՀԿ-ականների նախագահը չէ, այլ երկրում դեռեւս առկա բոլոր մյուս հայերինը եւս, որոնց մի զգալի եւ որակյալ շերտ այդպես էլ որեւէ կուսակցության չի վստահում, ընդհանրապես` կուսակցական պոպուլիզմից շատ հեռու է եւ համալրված է փայլուն մասնագիտական կարողություններ ունեցող մարդկանցով: Այ, այդ շերտի ու դրան համարժեք այլ անկուսակցական շերտերի նախագահը եւս Սերժ Սարգսյանն է, հասարակությունը նրանից ավելի լայն սպասումներ ունի, եւ եթե բոլոր ապակուսակցական մարդիկ ուզում են իրենց ընտրվելու, պաշտոն կամ մասնագիտական լավ աշխատանք ունենալու սահմանադրական իրավունքն իրացնել, ստացվում է, որ նրանք միայն մի ճանապարհ ունեն դա անելու` պետք է մտնեն նախագահի ասած մեծ ու կազմակերպված կուսակցություններ: Բայց չէ՞ որ շատ լավ հայեր, վերջին տարիներին մեր կուսակցությունների ծավալած անարդյունք եւ նվազագույն օգտակարության գործակից ունեցող գործունեության ֆոնին` հաճախ խորշում են կուսակցականության գաղափարից: Երկրի նախագահն, այդպիսով, փաստորեն այդ մարդկանց շրջանցելու ակամա հրահանգ է իջեցնում իշխող կուսակցությանը, մի գործելակերպ, որը, միեւնույն է, ներքին կարգով մինչեւ այսօր եւ միշտ էլ գործել է: Ստացվում է, որ ապակուսակցական մարդիկ ոչ մի շանս չունեն:

Հապա մի տեսեք` տեղերում ո՞վքեր ունեն հողատարածքներ, ավտոլվացման կետեր, տաքսի ծառայություններ, խանութներ կամ պաշտոններ` տեղական ինքնակառավարման մարմիններում, նախ եւ առաջՙ հանրապետականները: Սա մի՞թե նշանակում է քաղաքական համակարգի արդիականացում: Կամ հասարակության մեջ համերաշխության սերմանում: Տեսեք` ովքե՞ր են ջրի երեսին անգամ մշակույթում եւ արվեստում` ՀՀԿ-ամերձները:

Ամեն մեկը չէ, որ համաձայն է կուսակցականության ներկա բուրգային ու ոչ ժողովրդավարական համակարգին, երբ բոլորի փոխարեն հաճախ վճռում է մի խումբ մարդիկ, մնացյալը ֆորմա է, իսկ այդ մի խումբ մարդիկ հաճախ ոչ մասնագիտական ու ոչ էլ մարդկային որակներով չեն փայլում, ու նույնիսկ` համակարգի բոլոր այլ հիվանդություններով են վարակված: Բացի այդ` խելացի եւ զարգացած մարդիկ հաճախ կամաչեին դատարկախոս եւ քծնող մարդկանց հետ նույն կառույցում լինել: Խոսքն այն մասին չէ, որ համատարած այդպես է, բայց մեր նկարագրածը զգալի տեղ ունի:

Իսկ ձերբազատվել մաղձից` արդյո՞ք կարող է նաեւ նշանակել չտեսնելու տալ արատավոր երեւույթը, կամ տգետ եւ ապաշնորհ մարդկանց առաջքաշումը, որովհետեւ սովորաբար կուսակցական ֆունկցիոներին շատ տեղին ու ճշմարտացի քննադատելիս` պատասխանը նախագահի խոսքից այդ կարգի մեջբերումներով է, թեՙ մաղձից չեք ազատվում:

Որ ասվում է, թե ձեւավորվել է քաղաքական ուժերի շատ հետաքրքրական եւ հարուստ խճանակար, ու այնտեղ դատարկ տարածություններ չկան, մենք կարծում ենք, որ այդ խճանկարը աչք ու ականջ հոգնեցրեց` նոր ուժերի ճանապարհը փակելով, իսկ որ ավելի կարեւոր է` դատարկ է հայերի անկուսակցական, նորմալ, չքծնող ու բացառապես իր գործին նվիրված մարդկանց տարածքը, որոնք խորհրդարանից նույնպես բացակա են; Ու միգուցե Գոշ գյուղի բնակիչ Արծրուն Հովսեփյանը, որի մասին ասում էր նախագահը, այն տեսակն է, որը հարմար չի համարում դիմել գործնական ու պրոֆեսիոնալ որակներով իրենից շատ հետ մնացող կուսակցական տեղական ֆունկցիոներին: Սա ոչ թե մեկ մարդու, մեկ տարածքի, այլ համակարգային խնդիր է, ու գալիս է նրանից, որ տեղերում կուսակցական ֆունկցիոներները, ինչու չէ` կուսակցության ներկայացրած ղեկավարները նախ ջոկվում են ոչ թե հանուն համագյուղացիների կամ հասարակության համար աշխատելու որակների, այլ սեփական կուսակցությանը ընտրություններում ձայն բերելու: Բացի այդ` երբ դեպի վեր ես նայում, ու տեսնում` Շմայսին, Սուրիկ Խաչատրյանին, ընդհանրապես այս որակի շատությանը կուսակցություններում, առհասարակ տվյալ կուսակցություն մտնելու ցանկությունը կորչում է:

Իսկ որ ասվում է, թե կուսակցությունը դառնում է այն կարեւոր խողովակներից մեկը, որով երիտասարդները հատկապես կարող են հասնել ինքնադրսեւորման ավելի բարձր աստիճանի, իրենց ունակությունները հասցնել հասարակական տարբեր ոլորտներ, սա կարող է միայն խթանել ՀՀԿ կամ մեկ այլ կուսակցություն մտնելուն` որպես բիզնես- նախագծի նայելու այսօրվա առկա մտայնությունը, քանի որ շատ դեպքերում ոլորտների իսկապես շնորհալիներն ու տաղանդավորները երբեք խմբային մտածողություն չունեն, նրանք ցանկանում են ինքնադրսեւորվել իրենց անհատական տաղանդով, մինչդեռ առկա մտայնությունն ու դրա խթանումը խանգարում են իսկական տաղանդներին` ծառայելու հասարակությանը, կուսակցություն էլ կարող են հոսել սովորաբար ամբիցիոզ եւ միջին կարողություններով մարդիկ: Բոլոր դեպքերում Սահմանադրությամբ չի ամրագրված, որ ես իմ շնորհքը կարող եմ իրացնել միայն իշխող կուսակցություն մտնելով, սահմանադրությունը երաշխավորում է Հայաստանի բոլոր քաղաքացիների իրավունքների իրացումը, իսկ սահմանադրության երաշխավորն է` Հայաստանի նախագահը, որ, այո, նաեւ իշխող կուսակցության նախագահն է:

Այնպես որ ստացվում է` Մելիք- Ադամյանով չանցնելու վտանգները մեր կյանքում բազմաթիվ են. չես կարող մասնագիտության մեջ առաջ գնալ, կուզես տաղանդից փայլիր` կվերցնեն անտաղանդ ՀՀԿ-ականին, իսկ քեզ մոտիկ չեն գա: Իշխանության, եւ որ նույնն է` իշխող կուսակցությանը քննադատողները չեն ստանա կոչումներ, պարգեւներ, պաշտոնի մասին առհասարակ կարող ես մոռանալ: Ընդհանրապես` բոլոր խողովակները քիչ բացառություններով ՀՀԿ-ականներին են: Կյանքը բազմաթիվ օրինակներ էր տալիս մեզ այդ վերաբերմամբ, սակայն գոնե ելույթների ու գաղափարախոսության առումով պետք է այլ բան ասվի` հասարակության բոլոր անդամների հանդեպ արդարացիության սկզբունքը ներառելով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 30-05-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ