RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-05 15:04:13Լիբանանի նախկին վարչապետի օգնության կոչ Բեյրութում տուժածների համար
2020-08-05 14:42:23Պայթյունի հնարավոր պատճառներ Բեյրութում
2020-08-05 13:57:51Պայթյունի հնարավոր պատճառներ Բեյրութում
2020-08-05 13:02:00Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 6 հայ. ԱԳՆ
2020-08-05 13:01:32Կորոնավիրուսի 288 նոր դեպք, 478 առողջացած, 2 մահ
#012, 2014-05-16 > #013, 2014-05-23 > #014, 2014-05-30 > #015, 2014-06-06 > #016, 2014-06-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 30-05-2014



ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Տեղադրվել է` 2014-05-30 00:51:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 2360, Տպվել է` 34, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

Երեկ, մայիսի 29-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ստորագրվեց Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը, իսկ ինքըՙ կազմակերպությունն իր աշխատանքը կսկսի 2015թ. հունվարի 1-ից: ԵԱՏՄ-ն պետք է դառնա Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի տնտեսական ինտեգրման նոր ձեւաչափ, որն արդեն այսօր ունի ընդհանուր մաքսային տարածք եւ գումարային առումով ապահովում է ԱՊՀ համախառն ներքին արդյունքի 85%-ը:

Եվրասիական ինտեգրման գործընթացի արդի մակարդակը

Ավելի վաղ, 20 տարի առաջ, 1994թ. մարտի 29-ին, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն առաջին անգամ առաջ քաշեց նոր ինտեգրացիոն միավորմանՙ Եվրասիական տնտեսական միության ստեղծման գաղափարը: Նրա համադրույթը հիմնված էր ընդհանուր պատմության, փոխադարձ տնտեսական ձգողականության, մշակույթների սերտ փոխկապակցվածության եւ մարդկային ձգտումների նմանության վրա, ինչն արդյունքում ժողովուրդներին տալու էր եւ այսօր տալիս է հնարավորություն կառուցելու միջազգային բազմակողմ կապերի նոր տեսակ:

Այս գաղափարը, որն այն ժամանակվա հետխորհրդային պետությունների քաղաքական գործիչների մեծ մասի կողմից չհասկացվեց եւ թերագնահատվեց, այսօր դարձել է շատ երկրների գործարար շրջանակների եւ հասարակական-հումանիտար մակարդակներում լայնորեն պահանջարկված: Ի հայտ եկան եւ այժմ հաջողությամբ գործում են բազմաթիվ համատեղ հարթակներ, որոնք ամրապնդում են եվրասիական ինտեգրումըՙ Զարգացման եվրասիական բանկը, Եվրասիական գործարար խորհուրդը, Եվրասիական մեդիա-ֆորումը, Համալսարանների եվրասիական ասոցիացիան եւ այլ կառույցներ:

Եվրասիական տնտեսական միության ստեղծումը կապված է առեւտրի ներդրումների եւ հումանիտար համագործակցության ոլորտներում հարեւանների ինտեգրման անհրաժեշտության հետ:

Խոսքն, առաջին հերթին, վերաբերում է տնտեսական ներուժի մերձեցմանը, առեւտրի փոխշահավետ ձեւերի օգտագործմանը: Եվրասիական տնտեսական միությունն, իսկապես, կարող է լինել հետաքրքրական պրագմատիզմի տեսանկյունից, քանի որ խոսքը դեպի ավանդական թիրախային շուկաներ նրա ապրանքների հասանելիության հնարավորության մասին է:

Որոշումները, որոնք հանգեցրին ինտեգրմանն, անհնար է մակերեսային կամ վաղահաս անվանել: Դրանք, կարելի է ասել, իմաստավորվել են թե հասարակությունների, թե իշխանության կողմից, իսկ գլխավորըՙ պայմանավորված են բոլոր անդամ պետությունների տնտեսական առարկայական կարիքներով, ընդհանուր հետաքրքրություններով, սպասելիքով, հույսերով: Փորձագետների մեծ մասը համակարծիք է, որ Եվրասիական միությունը արդեն իսկ գործող Մաքսային միության հետ միասին, ինչպես նաեւ ԱՊՀ տարածքում Միասնական տնտեսական տարածքի ստեղծման գործընթացների հետ ի վիճակի է պաշտպանել անդամ երկրները այն տուրբուլենտային (ինչպես արտահայտվել է Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը) գործընթացներից, որոնք տեղի են ունենում, այն էլ վերընթաց շարժումով, ժամանակակից համաշխարհային տնտեսության մեջ:

Տուրբուլենտային գոտու մեջ ընկած պետությունների (դա ավելի քան հասկանալի դարձավ) համար այդ տուրբուլենտությունից դուրս գալն ավելի լավ հնարավոր է միասին, օգտագործելով աշխատանքի միջազգային բաժանման, միջազգային արտադրական եւ գիտատեխնիկական կոոպերացիայի եւ մասնագիտացման հնարավորությունները, այսինքն այն ամենը, ինչն առավելություններ է տալիս այն երկրներին, որոնք միավորել են իրենց ռեսուրսներն ու ջանքերը:

Եվրասիական տնտեսական միության նախորդող հանդիսացած Եվրասիական տնտեսական ընկերակցության ստեղծումը իմաստավորված որոշում է, քաղաքականապես ճշգրիտ հաշվարկված եւ հիմնված այն բանի վրա, որ ինտեգրման տնտեսական ֆենոմենը երկրներին միայն բարիք է տալիսՙ բերելով նրանց նոր հնարավորություններ եւ ռեսուրսներ եւ որոնցով նրանք հնարավորություն ունեն բարձրացնելու սեփական ժողովրդի կենսամակարդակը, ամրապնդելու տնտեսական ներուժը, գիտատեխնիկական զարգացումը:

Վերջին շրջանում գործընկեր պետությունների առաջին դեմքերի ջանքերն ուղղված են այս գործընթացն արագացնելուն: Հաճախակի են դարձել հանդիպումները, որտեղ նրանք քննարկում են համապատասխան միջոցառումներ, իրագործվում են շատ կարեւոր քայլեր եվրասիական տարածքում ինտեգրման առաջխաղացման նպատակով: Առաջին հերթին, հետխորհրդային տարածքի պատմության մեջ առաջին անգամ ստեղծվել է վերազգային տնտեսական մարմինՙ Եվրասիական տնտեսական հանձնաժողով: Այս հանձնաժողովն, ըստ էության, վերոհիշյալ միության կառավարիչ մարմնի նախատիպն է:

Ինտեգրման գործընթացի ժամանակակից փուլի հիմնական պարամետրերն արդեն ֆիքսված են համապատասխան փաստաթղթերում: Այսինքն, հասկանալի է, որ այժմ այդ գործընթացների գլխավոր գործիքը դարձել է Մաքսային միությունը: Խոսքն առեւտրին վերաբերող արգելքների նվազեցման եւ փոխադարձ ներդրումների, աշխատուժի շարժունակության, ինչպես նաեւ միասնական չափորոշիչների (մասնավորապես տնտեսական) համակարգի ստեղծման ճանապարհով առաջ շարժվելու մասին: Եվ, իհարկե, ինտեգրացիոն խմբավորումների եւ պետությունների, որովհետեւ աշխարհը շարժվում է մայրցամաքային, գուցե եւ միջմայրցամաքային խմբավորումների ձեւավորման ուղղությամբ:

Ինտեգրացիոն գործընթացների համաշխարհային միտումները

Այսօր ինտեգրացիոն գործընթացներ են ծավալվում Եվրոպական միության եւ ՆԱՖՏԱ-ի (ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա) միջեւ: Եվրոպական միությունը եւ Չինաստանը աշխույժ խորհրդատվություններ են վարում ազատ առեւտրի գոտու կապակցությամբ, կա Trans-Pacific Partnership նախագիծը: Ընդհանուր առմամբ, դա օրախնդիր է, որովհետեւ ակնհայտ է, որ շատ հարցեր Առեւտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում լուծելը դարձել է բավականին բարդ, եւ ինտեգրման խորացման համար անհրաժեշտ է տարածաշրջանային մոտեցում:

Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա նրա մեջ մտնող պետությունների կողմից բոլորովին չարդարացված կերպով եզրակացություն արվեց, թե Մաքսային միությունը եւ ամբողջությամբ վերցրած Եվրասիական ինտեգրացիան Խորհրդային Միությունը վերականգնելու փորձ է: Դրա համար էլ, ՄՄ-ի կողմից արված համագործակցության բազմաթիվ առաջարկությունները, փորձը կիսելու խնդրանքները, ցավոք սրտի, Եվրոպայում անհրաժեշտ արձագանք չունեցան: Ընդհակառակը, Եվրոպական միությունը կարող էր ջանքեր գործադրել, որպեսզի փոխանցեր իր փորձը, օգներ Եվրասիական ինտեգրման գործընթացների կայացմանն այն նպատակով, որպեզսի ԵՄ-ն ունենար հուսալի գործընկեր Արեւելքում: Ցավոք սրտի, դա չարվեց, ինչը պայմանավորված է 20-րդ դարի ավանդական մտածողության հետ, երբ Ռուսաստանի մասնակցությամբ յուրաքանչյուր միավորումն ընկալվում է իբրեւ սպառնալիք արեւմտյան շահերին:

Չնայած դրան, հաջողությամբ գործում են Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը: Ռուսաստանը, Ղազախստանը եւ Բելառուսը կիրառում են Միասնական մաքսային օրենսգիրքը, համադրում են իրենց մակրոտնտեսական քաղաքականությունը: Միայն երեք անդամ-երկրների տնտեսությունների համախառն ծավալը կազմում է 2,2 տրիլիոն դոլար: 2013 թ. արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է մոտ 1,5 տրիլիոն դոլար: Ընդհանուր ՀՆԱ-ի աճի տեսքով հեռանկարային ինտեգրացիոն էֆեկտը 2030 թ. կարող է կազմել 900 միլիարդ դոլարի կարգի գումար: Խորհրդանշական է, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծման գաղափարի քսանամյակի տարում Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում է ստորագրվել նոր ինտեգրացիոն միավորման մասին պատմական պայմանագիրը:

Եվրասիական ինտեգրումը մասնակից երկրների համար ապահովում է ընդհանուր ռազմավարական առավելություն սպասվող Երրորդ գլոբալ ինդուստրիալ հեղափոխության նախաշեմին: Այն տեղի է ունենում աշխարհակարգի փոփոխության դրամատիկ գործողության պայմաններում, ինչը տանում է դեպի բազմաբեւեռայնություն: Ժամանակակից գլոբալ անկայունությունը ոչ միայն տնտեսության, այլեւ միջազգային իրավունքի, գլոբալ քաղաքականության ճգնաժամի արդյունք է: Այդ մարտահրավերները չեն հաղթահարում ոչ G8-ը, ոչ էլ G20-ը: Դրա համար էլ, 2012 թ. Ղազախստանի առաջնորդ Ն. Նազարբաեւն առաջ քաշեց G-Global նախաձեռնությունը, որն ինտերակտիվ կերպով պաշտպանեցին 160 երկրներ: G-Global-ը ներառում է 21-րդ դարում աշխարհի ֆունդամենտալ սկզբունքներըՙ Էվոլուցիա, արդարություն, հավասարություն, կոնսենսուս, գլոբալ հանդուրժողականություն եւ վստահություն, գլոբալ թափանցիկություն, կառուցողական բազմաբեւեռայնություն:

Եվրասիական տնտեսական միության քաղաքակրթական առաքելությունը

Եվրասիական տնտեսական միության ստեղծումը հասարակական լայն (այդ թվում գիտական հանրության) աջակցության պայմաններում դարձավ գործնական գործողությունների ռազմավարական ծրագիրՙ ԵվրԱզԷՍ, ԱՊՀ երկրների մեծ մասի մասնակցությամբ ազատ առեւտրի գոտի, Մաքսային միություն եւ Միասնական տնտեսական տարածք Ղազախստանի, Բելառուսի եւ Ռուսաստանի մասնակցությամբ:

Եվրասիական տնտեսական միության գլխավոր առաքելությունը 21-րդ դարի առաջին կեսին կայանում է այն բանում, որ դառնա աշխարհի առանցքային տնտեսական մակրոտարածքներից մեկը, եւ Եվրասիական ինտեգրումը պետք է ապահովի յուրաքանչյուր մասնակից երկրի մուտքը դեպի աշխարհի առավել զարգացած երկրների շարք: Եվրասիական տնտեսական միությունը պետք է ունենա ինդիկատորների համակարգ, որոնք կարող են չափել Եվրասիական ինտեգրման ազդեցությունը բնակչության կենսամակարդակի, տնտեսությունների արտադրողականության եւ մրցունակության աճի վրա: Եվրասիական ինտեգրման ամբողջ գործընթացը թե՛ գործառույթային իմաստով, թե՛ գործնականում պետք է ենթարկվի հենց այդ կարեւորագույն քաղաքակրթական առաքելության իրականացմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 30-05-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ